Tag Archives: ԽՈՒԱՆ ԽՈՍԵ ԱՐԵՈԼԱ

ԽՈՒԱՆ ԽՈՍԵ ԱՐԵՈԼԱ

14 Օգս

Այն բանի համար, որպեսզի միայն գեղեցկությունը տեսնես, պետք է ամբողջովին երես թեքել իրական աշխարհից: Կյանքը գեղեցիկ է իր ներքին գեղեցկությամբ, բայց նրա արտաքին կողմը կազմված է բազմաթիվ տգեղ ու կեղտոտ բաներից:

Ես ուզում եմ, որ դու աշխարհը տեսնես այնպիսին, ինչպիսին դիտարկում եմ ես. իբրև մի հսկայական փորձարկում: Դրա արդյունքներն այնքան էլ հստակ չեն, ու ես խոստովանում եմ, որ մարդիկ կործանել են ավելին, քան ենթադրում էի: Կարծում եմ, նրանց համար դժվարություն չի ներկայացնի ընդհանրապես ամեն ինչի վերջը տալ: Եվ այդ բոլորը մի փշուր ազատության շնորհիվ, որից նրանք հիմարաբար օգտվեցին:juan-jose-arreola

ԽՈՒԱՆ ԽՈՍԵ ԱՐԵՈԼԱ

18 Մյս

AUTRUI

Երկուշաբթի. Այդ անծանոթը առաջվա պես հետապնդում է ինձ: Ինձ թվում է նրան կոչում են Autrui: Ես անգամ չեմ էլ հիշում, թե երբվանից եմ դարձել նրա զոհը: Երեւի թե ծննդյան օրից, ես նույնիսկ չէի նկատել: Ավելի վատ ինձ համար:

Երեքշաբթի. Այսօր թափառում էի քաղաքի թաղամասերով եւ հանկարծ նկատեցի, որ իմ երթուղու ուղղությունը բավական տարօրինակ դարձավ: Փողոցները վերածվեցին լաբիրինթոսի, անկասկած, ըստ Autrui-ի կամքի: Եվ, ի վերջո, ես հայտնվեցի փակուղում:

Չորեքշաբթի. Ինձ կյանքի համար հատկացված է ինչ-որ խղճուկ թաղամասի խիստ սահմանափակ մասը: Անօգուտ է այստեղից դուրս գալ փորձելը: Autrui-ն թաքնված է յուրաքանչյուր անկյունում, պատրաստ փակելու ելքերն առ բազմամարդությունը:

Հինգշաբթի. Ես մշտապես վախենում եմ թշնամուս հետ առանձին եւ դեմ առ դեմ հանդիպելուց: Նույնիսկ փակվելով իմ վանդակում, անկողին մտնելու պատրաստ, ես զգում եմ, որ հանվում եմ Autrui-ի հայացքի ներքո:

Ուրբաթ. Ողջ օրը ես տանն անցկացրի, որեւէ բանի անընդունակ: Գիշերն իմ շուրջ ինչ-որ օղակ հայտնվեց, աղոտ մի շրջանագիծ, հազիվ թե ավելի վտանգավոր, քան սովորական տակառագոտին:

Շաբաթ. Արթնանալով, հայտնաբերեցի, որ գտնվում եմ վեցկողմանի ըստ իմ չափի արկղում: Ես չհանդգնեցի պատերին ձեռք տալ, քանի որ զգում էի` դրսում ես կտեսնեի նույն վեցանիստը: Անտարակույս, կալանավորմամբ ես պարտական եմ Autrui-ի մութ խաղերին:

Կիրակի. Զմռսված իմ դամբանում, ես հետզհետե քայքայվում եմ: Ինձանից տարածվում է դեղնավուն երանգով կպչուն շարավը: Օ՜, երբեք չէի կամենա ճաշակել այդ մեղրը…
Իհարկե, ոչ ոք, ի բացառյալ Autrui-ի:

Autrui՝ ֆր. ուրիշ, օտար:
Թարգմ. Վ. Ֆերեշեթյան