Tag Archives: Եվրամիություն

Քեթրինն է գալիս: Երկա՞ր ժամանակով

15 Նյմ

Եվրամիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար բարոնուհի Քեթրին Էշթոնը այսօր սկսում է իր տարածաշրջանային այցը: Նա Հայաստան կգա նոյեմբերի 17-ին: Իսկ մինչ այդ այսօր կլինի Վրաստանում, վաղը՝ Ադրբեջանում: Երեք կանգառներում էլ տիկնոջ աշխատանքային ընթացակարգը գրեթե նույնն է: Երևանում Էշթոնը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Արդեն հաղորդվել է այն մասին, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն գալիք խորհրդարանական ընտրությունները, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ներքաղաքական իրադրությունը, տարածաշրջանային հարցերը և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունները: Վերջին երկուսը միշտ էլ եվրոպացիների ամենանախընտրելի թեմաների շարքում են:
Բարձրաստիճան հյուրի նախնական տրամադրվածության մասին առայժմ միայն ենթադրություններ կարելի է անել, թեև մի հարցում նա պատճառներ ունի գոհ չլինելու մեր երկրից: Բանն այն է, որ օրեր առաջ Հայաստանը մերժեց Էշթոնի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու առաջարկը: Քեթրին Էշթոնը նման առաջարկ արել էր երկու երկրներին միաժամանակ: Բաքվում դա ընդունել էին, իսկ ահա Երևանում ցանկություն չէին ունեցել երկխոսել Իլհամ Ալիևի հետ: Սակայն միամտություն կլինի այս մերժումը պայմանավորել միայն Ալիևի անձով: Մեծ հաշվով Հայաստանը մերժել էր Եվրամիության միջնորդությանը՝ հասկացնել տալով, որ ներկա պահին չի զգում այդպիսի միջամտության կարիք: Միայն կարծես թե Եվրոպայում այնքան էլ հակված չեն հանգիստ ընդունել այդ հրաժարումը: Եվ նույնիսկ Ռուսաստանի արձագանքը Էշթոնի մոտակա ուղևորությանը, ինչը հազիվ թե հնարավոր լինի անվանել բարյացկամ, դարձյալ ի զորու չէ կասեցնելու այս նոր ընթացքը, որը Մոսկվայում մեկնաբանում են ոչ այլ կերպ, քան մի քայլ, որով Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից: Իսկ եթե ասվածին էլ գումարենք շրջանառվող այն լուրերը, որ նաև Միացյալ Նահանգներն է պատրաստ Ռուսաստանի ձեռքից վերցնել Ղարաբաղյան գործընթացում գլխավոր միջնորդի դերակատարությունը, ապա Էշթոնի այցելության հարուցած բարդությունների թիվն էլ ավելի կշատանա:
Ինչո՞վ է արտահայտվում և ինչո՞վ է պայմանավորված Եվրոպայի դժգոհությունը: Սովորաբար նրանք այդ մասին այնքան էլ բացահայտ չեն խոսում՝ սահմանափակվելով ընդհանուր կարգի ձևակերպումներով: Բայց բոլորովին վերջերս Երևանում գտնվող Եվրախորհրդարանի անդամ Քրիստիան Վիգենինը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին հետևյալն ասաց. «Մենք կարծում ենք, որ Եվրամիությունը պետք է ավելի շատ ներգրավվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում… Մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը որևէ արդյունքի չի հանգեցրել երկար տարիների ընթացքում, և այդ առումով պետք է ինչ-որ բան տեղի ունենա, ինչ-որ բան փոխվի»: Անհաջողության պատճառները փնտրելով ոչ թե հակամարտող կողմերի կարծր դիրքորոշումների, այլ միջնորդների գործունեության մեջ, եվրոպացի խորհրդարանականը անմիջապես հավելեց, որ Եվրախորհրդարանում այդ խնդրի շուրջ քննարկումներ են տեղի ունեցել և, մասնավորապես, առաջարկվել է ֆրանսիացի համանախագահին փոխարինել ԵՄ ներկայացուցչով: «Բացառված չէ, որ այդ ներկայացուցիչը լինի Քեթրին Էշթոնը: Պետք է նոր խաղացողներ ներգրավել այդ գործընթացում»,-ասել էր Քրիստիան Վիգենինը:
Իհարկե, կարելի է իսկույն նկատել, որ նրա առաջարկում ոչ մի նոր բան ըստ էության չկար: ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում փոփոխություններ կատարելու մասին խոսակցություններ տարվում էին դեռևս հունիսից, երբ ասվում էր, որ եթե Կազանում գումարված եռակողմ բանակցություններում հաջողություններ չգրանցվեն, Մինսկի խումբը գուցեև վերանայի իր մոտեցումները, նոր ձևաչափ առաջարկի, ուր ԵՄ-ն կարող է ավելի մեծ դերակատարություն ունենալ: Իսկ ինչ վերաբերում է ֆրանսիացի համանախագահի փոփոխությանը, ապա դա էլ ավելի վաղ քննության առնված նյութ էր: Սակայն այժմ մենք տեսնում ենք, որ վերադասավորումների հեռանկարը նախատեսում է ոչ միայն առանձին անձանց փոխարինում, այլ առաջարկում է այնպիսի որակական տեղաշարժ, ինչը կարող է էապես անդրադառնալ միջնորդ կառույցի թե գործունեության և թե պահանջների վրա: Ստացվում է, որ Մինսկի խումբը այսօր դիտարկվում է, ոչ այնքան որպես երեք երկրների ներկայության արտահայտիչ, որքան ավելի տարողունակ մի բան: Եվ այս պարագայում խիստ ընդգծվում է դժգոհությունն այն առթիվ, թե ԱՄՆ-ը և Ռուսաստանն ինքնին խոշոր ուժային կենտրոններ են` ներկայացված ԵԱՀԿ-ում, մինչդեռ Եվրամիությունը, որպես առանձին միավոր, այդ կառույցում մինչ այժմ ներկայացված չէ: Հենց այդ բացը լրացնելու համար Եվրոպան «մարտադաշտ» է նետում իր ծանր հրետանին՝ Քեթրին Էշթոնին:
Եթե մի պահ պատկերացնենք, որ հիշյալ մտադրությունները խիստ իրական են, ապա այդ դեպքում եվրոպացիները հարկադրված են լինելու հաղթահարել միանգամից երկու լուրջ պատնեշ: Նախ, հայտնի է, որ բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխության համար անհրաժեշտ է բոլոր մասնակիցների համաձայնությունը: Ու եթե Բաքվում վաղուց էին երազում դրա մասին, ապա Երևանում դեռևս ոչ մի լավ բան չեն ակնկալում փոփոխություններից: Մյուս կողմից միամտություն կլինի մտածել, թե Մոսկվան այդքան հեշտությամբ կհեռանա ԼՂ գործընթացից կամ «տարածքներ» կզիջի բանակցային սեղանի շուրջ: Գլխավոր միջնորդի բեռը հանձնելով ԱՄՆ-ին կամ ԵՄ-ին, Ռուսաստանն այդ դեպքում պիտի հրապարակավ խոստովանի, որ իր հնարավորությունները Կովկասում սահմանափակ են: Իսկ դա նույնն է, թե Արևմուտքին առիթ տալ՝ այսուհետ անտեսել նրա կարծիքը նաև մյուս հարցերում:
Ինչ վերաբերում է Էշթոնին, ապա վերջինս դեռ Կովկաս չհասած՝ արդեն թույլ է տվել այն նույն վրիպումը, ինչն իրենց ժամանակին արել են բազմաթիվ եվրոպացի պաշտոնյաներ: Ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, Էշթոնը ասաց հետևյալը. «Եկել է ղարաբաղյան հակամարտության հարցով որոշման ձեռք բերման ժամանակը: Ցավոք, Կազանում տեղի ունեցած բանակցություններին ակնկալվող բեկումը տեղի չունեցավ: Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները չկարողացան օգտվել հնարավորությունից, որպեսզի հասնեն փոխզիջման: Կողմերը պետք է կրկնապատկեն ջանքերը, որպեսզի համաձայնության հասնեն մինչև տարեվերջ»: Սա նշանակում էր, որ 2012-ին Հայաստանում, իսկ հետո նաև՝ Ադրբեջանում տեղի ունենալիք ընտրությունները կարող են դանդաղեցնել բանակցային գործընթացը: Միայն թե Էշթոնը հաշվի չէր առել այն ճշմարտությունը, որ ժամկետներ սահմանելիս դեռ ոչ ոք հաջողության չի հասել և Ղարաբաղի հարցը չի հանդուրժում այդ կարգի սահմանափակիչ ժամկետային գրաֆիկներ:
Առաջիկա երեք օրերին սպասելով Քեթրին Էշթոնի կովկասյան հյուրախաղերի արդյունքներին, հիշեցնենք նաև, որ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում դեկտեմբերի 6-7-ը կայանալու է ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդաժողով, որի ընթացքում քննարկման առարկա է դառնալու ձգձգված հակամարտությունների կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը: Խորհրդաժողովին կմասնակցեն ԵԱՀԿ անդամ 56 պետությունների ԱԳ նախարարները: Սպասվում է, որ ներկա կլինի նաև ԵՄ Արտաքին և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: Եվ նա այս անգամ կունենա որոշակի տպավորություններ ու ասելիքներ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Հայաստանի երկու «ոչ»-ը և մեկ «այո»-ն

3 Հկտ

Եվրամիությունում նախագահող երկրի` Լեհաստանի մայրաքաղաքում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքից և Ասոցացման համաձայնագրի բանակցություններում գրանցված դրական տեղաշարժերից Հայաստանն ընդհանուր առմամբ գոհ էր: Արևելյան գործընկերության պատմության մեջ երկրորդ մեծամասշտաբ գագաթնաժողովը (առաջինը տեղի էր ունեցել Պրահայում, 2009 թվականի մայիսին), որին մասնակցում էին Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարներն ու գործընկերության ծրագրում ընդգրկված վեց երկրների ներկայացուցիչները, ավարտվեց ամփոփիչ հռչակագրի ընդունմամբ: Այն սահմանում էր, որ այսուհետ Եվրամիությունն ավելի տարբերակված մոտեցում կցուցաբերի գործընկեր երկրների նկատմամբ: Դա խոստում էր այն մասին, թե այն երկրները, որոնք կիրականացնեն իրապես լուրջ տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ, կկարողանան ավելի արագ և խորը ինտեգրվել Եվրամիությանը: Միաժամանակ հռչակագրում նշվում էր լիակատար հավասարության ու հակամարտությունների խաղաղ կագավորման մասին, ինչը մեր տեսանկյունից ևս խրախուսելի էր` հաշվի առնելով ղարաբաղյան խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը:
Սակայն եթե փորձենք իրերը կոչել իրենց անուններով, ապա առաջին հերթին հարկ է նկատել, որ ընդունված փաստաթուղթը ուներ դեկլարատիվ բնույթ: Ինչ վերաբերում է Ղարաբաղի ճակատագրին, ապա այս պարագայում նույնպես հազիվ թե խելամիտ է ԵՄ-ի կողմից ակնկալել լուծման արդյունավետ «դեղամիջոցներ», քանի որ գեղեցիկ ցանկությունների առկայությամբ հանդերձ եվրոպացիները դեռևս հակամարտությունների նկատմամբ միասնական դիրքորոշում ու գործողությունների կոնկրետ ծրագիր չեն մշակել, իսկ այդ հանգամանքն արդեն բավական է, որպեսզի նրանց յուրաքանչյուր հայտարարություն ընկալվի ոչ այլ կերպ, քան մերկապարանոց: Այս տեսանկյունից դիտելու դեպքում գագաթաժողովի վերաբերյալ դրական արձագանքները և, ի մասնավորի՝ Հայաստանի «այո»-ն կարող է բացատրվել սոսկ այն բանով, որ Եվրոպան եթե չի էլ օգնում, ապա գոնե չի փորձում խանգարել: Ու եթե նրանք այսօր ջանում են ավելացնել իրենց մասնակցության չափաբաժինը մեզ համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներում, ապա սա ևս հնարավոր է անցկացնել նույն տրամաբանության պրիզմայով:
Քաղաքական վերլուծաբաններն այս օրերին համոզված պնդում են, թե իբր ոչ պաշտոնապես ընդունված է Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը դասել Արևելյան Եվրոպայի շարքին, այսինքն, եթե այս երկրներն ընդգրկվում են եվրոպական տարածության մեջ, ապա ենթադրվում է, որ դա դրականորեն կանդրադառնա հարավկովկասյան հակամարտությունների կարգավորման հեռանկարների վրա: Բայց եվրոպացիները հարկ չեն համարում հաշվի առնել այն փաստը, որ Կովկասն իր հերթին որոշակի վերաբերմունք ունի ինչպես Եվրոպայի, այնպես էլ նրանց վերաբերմունքի նկատմամբ: Կովկասն այլևս նախկին միամիտը չէ և հրաշալի հասկանում է, որ իր տարածքը եվրոպացիներին նախ և առաջ հետաքրքրում է էներգետիկ նախագծերի իրականացման տեսակետից: Իսկ երբ մոլորակի որևէ կետում խոսք է գնում էներգակիրների մասին, ապա անմիջապես երկրորդ պլան են մղվում այնպիսի արժեքներ ու հասկացություններ, ինչպիսինք են, ասենք, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները կամ հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Ահա հենց այս ուղղորդված շահագրգռվածության ֆոնի վրա էլ խոսել համահավասարության մասին՝ այլևս լուրջ դիտվել չի կարող: Այն, որ Ադրբեջանի տնտեսական պոտենցիալն անպայման կխաղա իր դերը վճռորոշ պահերին, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Միայն այս հանգամանքով կարելի է բացատրել, թե ինչու, կանխագուշակելով դեպքերի նման զարգացումը, Վարշավայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անհրաժեշտ համարեց հայտարարել, որ թե եվրոպական, թե տարածաշրջանային մակարդակում համագործակցության պատրաստակամություն կարող է լինել միայն այն պայմանով, որ ԵՄ ծրագրերը ապահովեն տարածաշրջանի երկրների հավասար զարգացումը` արտոնյալ պայմաններ չստեղծելով առանձին երկրների համար:
Հռչակագրում տեղ գտած դրական նոտաներն ու ոգևորությունը որոշակի վերապահումներով ընդունեցին նաև տնտեսագետները: Վերջիններս շարունակում են մնալ այն կարծիքին, որ իրատես լինելու դեպքում Հարավային Կովկասի ինտեգրման գործընթացում հազիվ թե կարելի է մեծ առաջընթաց ակնկալել, իսկ կիրառվող քայլերի արդյունավետությունն էլ քիչ հավանական է մոտ ապագայում: Ինչ վերաբերվում է ազատ առևտրի գոտիների ստեղծմանը, ապա Հայաստանից կպահանջվի շատ ջանքեր գործադրել ամբողջությամբ մենաշնորհացված շուկայի ձևափոխման համար, որից հետո միայն բանակցությունները կարող են անցնել գործնական փուլ:
Վարշավյան գագաթնաժողովի ընթացքը առանձնացավ երկու աղմկահարույց դրվագներով՝ բացահայտելով ինչպես այդ նախագծի խոցելի կետերը, այնպես էլ ի ցույց դնելով առկա հակասությունների ամբողջ «պոտենցիալը»: Դրանցից առաջինը վերաբերում էր Բելառուսին, ով հայտնվել էր «Արևելյան գործընկերության» անառակ որդու կարգավիճակում: Բայց երբ գագաթնաժողովը ցանկացավ դատապարտող հռչակագիր ընդունել այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման փաստերի վերաբերյալ, հանկարծ պարզվեց, որ փաստաթուղթը պատրաստ են ստորագրել միայն ԵՄ անդամ երկրները, իսկ ահա Հայաստանը՝ Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի ու Ուկրաինայի հետ միասին հրաժարվեցին բացահայտ կերպով դատապարտել Բելառուսին: Նման միասնական «ոչ»-ը ի ցույց դրեց գործընկերության ևս մի էական կողմը՝ այն, որ նախկին ԽՍՀՄ տարածքի երկրները շարունակում են պահպանել ընդհանուր շահերի որոշակի շրջանակ և այդ թելերը մի հարվածով ոչնչացնելու միտումները դատապարտված են ձախողման:
Հայաստանի մյուս «ոչ»-ը հնչեց այն ժամանակ, երբ լեհական կողմը փորձ արեց իր հովանու ներքո գումարել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի նախագահների հանդիպում: Ավելի ուշ Բաքվի ներկայացուցիչը պիտի ասեր. «Եվրամիության նախաձեռնությամբ պետք է հանդիպում տեղի ունենար Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Մենք համաձայնել էինք: Սակայն, ցավոք, Հայաստանը, ի լուր ողջ աշխարհի հայտարարելով, թե իբր Ադրբեջանը ցուցադրում է ոչ կառուցողական դիրքորոշում, հրաժարվեց դրանից»:
Իրականության մեջ Հայաստանի մերժումը միայն Բաքվի պահվածքով չէ, որ պայմանավորված էր: Պաշտոնական Երևանն իր այս քայլով ցուցադրեց, որ առայժմ չի ցանկանում տեսնել կարգավորման այլ միջնորդների, քան նրանք, որոնք գործում են: Իսկ եթե ասվածին հավելենք նաև այն փաստը, որ նախօրեին հնչել էր Ռուսաստանի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը, ապա պատկերն առավել հստակ կներկայանա: Այս արձագանքում Մոսկվան ասում էր, որ «Արևելյան գործընկերության» շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները չպետք է խանգարեն ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում նմանատիպ գործընթացներին: Հայաստանն այդ առումով հավելյալ հիշեցման կարիք թերևս չէր զգում: Առ այսօր հայերը հավատարիմ են մնացել ռուսական գծին և եվրոպական հեքիաթային ապագա նրանց չի կտրում իրական հողից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ