Tag Archives: դիսիդենտություն

ԴԻՍԻԴԵՆՏ. ՄԱՐԴԸ, ՈՐ ԱՐԹՆԱՑՆՈՒՄ Է

16 Նյմ

ՈՉ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԿԱՐԾՈՒՄ ԵՆՔ

Երբեմն պատահում է նաև այնպես, որ մեր կամոք կամ մեր կամքից անկախ վերադառնում են երևույթներ, որոնք վաղուց պիտի իրենց տեղը զբաղեցնեին պատմության գզրոցներում: Սկզբում մենք որոշակի կասկածանքով ու զգուշավորությամբ ենք վերաբերվում նրանց «երկրորդ գալստյանը», սակայն հետզհետե գիտակցում ենք այդ անխուսափելի անհրաժեշտությունը, քանի որ եթե հնձում ես այն, ինչ ցանել ես, ապա արդյունքը պիտի պատշաճեր նետված սերմերի պարունակությանը: Եվ հիմա, վերստին մեր բառապաշար ներմուծելով վերապրուկ մի հասկացություն, ինչպիսին կարող է ներկայանալ «դիսիդենտ» բառը, առաջին հերթին փորձում ենք ըմբռնել հարկադիր շրջադարձի շարժառիթը, քանզի խնդիրները սոսկ բառային արտահայտությամբ չեն բացատրվելու, այլ այն հանգամանքների կապակցմամբ, ինչը հնարավոր է դարձնում հայտնության հրամայական պահանջը:
«Ամեն նոր լավ մոռացված հինն է» ասույթը միանգամայն համապատասխան է դիսիդենտություն հասկացությանը: Դիսիդենտ կոչումը՝ ժողովրդի խիղճը համարվելու այդ յուրահատուկ «բրենդը», որ հաճույքով ու պատվով կրում էին արդարության ճակատի վետերանները, այսօր էլ դեռ շնորհում են աշխարհի տարբեր անկյուններում ազատության ու իրավունքների համար պայքարող գործիչներին: Սկսենք ամենատարրականից՝ այն բացատրությամբ, որ դիսիդենտ բառն առաջացել է լատիներեն dissidens՝ «անհամաձայն» բառից: Սա այն անհատն է, որի քաղաքական հայացքներն էականորեն տարբերվում են երկրում հաստատված պաշտոնական դիրքորոշումից: Բայց սա սոսկ պարզունակ ձևակերպումն է, մինչդեռ նոր՝ վերանայված տարբերակների համաձայն, դիսիդենտն այն մարդն է, ով ինքնահաստատման է գնում շրջապատում գերիշխող պայմանների ժխտման ճանապարհով: Այսինքն՝ նա ոչ թե վերջնականապես հերքում ու մերժում է առկա վիճակը, այլ բացառում է իր մասնակցությունը տվյալ պրոցեսներին: Դա այն քաղաքացին է, ով ասում է այն, ինչ մտածում է, և դա անում է հետևողականորեն, գուցե երբեմն նաև՝ ըստ նպատակահարմարության, սակայն միշտ պատրաստ է պատասխան տալու իր ասած ճշմարտությունների համար: Դիսիդենտը նա է, ով ճանաչում է որոշակի, պաշտոնական, բոլորի կողմից ընդունելի կարգը, սակայն դրանով հանդերձ ունի միանգամայն այլ հայացքներ ու «աղանդավորական» շեղումներ: Դիսիդենտությունը ոչ մասնագիտություն է, ոչ էլ ձիրք կամ ընդունակություն: Այն առաջ է գալիս այն ժամանակ, երբ մարդու առջև ընտրություն կատարելու խնդիրն է ծառանում: Եվ դա ինքնաբուխ ընտրություն է, որը հետո միայն ձեռք է բերում ուղղորդված ոճավորումներ:
Շատ դեպքերում դիսիդենտը նույնացվում է «այլախոհ», «իրավապաշտպան», «լիբերալ» կամ «քաղբանտարկյալ» տերմինների հետ՝ առաջնորդվելով վերջիններիս գործառույթների և համոզմունքների ընդհանրություններով: Սակայն սա երևութական նմանություն է, մինչդեռ բուն էության մեջ դիսիդենտությունը բավական ընդարձակ ու խոր դիապազոն ունի՝ կրելով անհատականության այն բնորոշիչները, որոնք նրան հաղորդում են իր ինքնատիպությունը:
Այլախոհություն եզրույթը (և մյուսները՝ նույնպես) լավագույն դեպքում դիսիդենտության մասնակի արտահայտությունը կարող է համարվել, քանի որ եթե տրոհենք բառն իմաստային բաղադրիչների, ապա կտեսնենք, որ դրանում արտասովոր ոչինչ չկա: Այլ կերպ խորհելու կարողությունը կամ անհրաժեշտությունը շատերին է տրված, մինչդեռ դիսիդենտ են համարվում եզակիները: Եվ հենց այստեղ է պետք որոնել հիմնական տարբերությունը: Մեծ սխալ է դիսիդենտության հիմքում փնտրել մեկ ընդհանուր գաղափարական ենթատեքստ, մի խումբ մարդկանց համախմբող ծրագիր, քաղաքական պլատֆորմ: Եթե մոտեցումն այդ տեսանկյունից լինի, այդ դեպքում կստացվի, որ յուրաքանչյուր ընդդիմադիր միավոր կամ կուսակցություն արդեն իսկ դիսիդենտական ամբողջություն է: Սակայն չէ՞ որ դա այդպես չէ: Կան նուրբ, հստակ ու ընդգծված տարբերակումներ, որոնցից հիմնականը թերևս հետևյալն է. ընդդիմությունը իշխանություն ձեռք բերելու կամ իշխանափոխության խնդրում շահագրգռված կողմ է, մինչդեռ դիսիդենտը եզակի դեպքերում է այդ նպատակը համարում գլխավոր: Իր հայացքների ու համոզմունքների դրսևորման պարագայում նա նույնիսկ կարող է պասիվ գտնվել կամ ինքնակամ նեղացնել դրանց շրջանակը՝ հանգեցնելով այս կամ այն մասնավոր դեպքերի հանդեպ անհանդուրժողականության: Ստացվում է, որ դիսիդենտը ոչ թե այն անհատն է, ով պահանջ ունի հեղափոխական շարժերի կամ արյունահեղության, այլ նա, ով ձգտում է իրականություն դարձնել հասարակության աշխարհընկալման փոփոխությունը: Սակայն, որքան էլ պարադոքսալ հնչի, նա, պայքարելով երկրորդի համար, իրականում նպաստում է առաջինի իրագործմանը: Եվ դա կատարվում է այն պարզ պատճառով, որ (թող այս միտքը փոքր-ինչ չափազանցված չհնչի), հանրային գիտակցության տրանսֆորմացիան կյանքի է կոչվում հատկապես դիսիդենտական ազդեցության ներքո: Նա ծնում է այն, ինչը վաղը ձեռք է բերելու սեփական գիտակցություն ու շարժվելու ունակություն: Բայց նա միայն երկունքի պատասխանատուն է: Դիսիդենտը ոչ թե գործիքն է, այլ, նախևառաջ, իր միջավայրի ու այնտեղ ծավալվող տեղաշարժերի արտացոլանքը: Դիսիդենտի ուժը ոչ նրա ֆիզիկական կարողությունն է, ոչ էլ հետևորդների ահռելի թվաքանակը: Նա ուժեղ է իր ճշմարտությամբ, իր արդարությամբ, իր ներքին ազատությամբ, որովհետև այդ մարդիկ, ըստ իրենց համոզմունքների, միշտ գիտեն, թե ինչն է լավը և ինչը՝ վատ: Դիսիդենտն այն մարդն է, ով արթնացնում է հասարակությանն իր թմբիրից:
Դրսևորման այս բազմաճյուղ տարողունակությունն էլ համարենք այն պատճառներից մեկը, ինչի համար առայսօր այդ ֆենոմենի համար չկա մեկ ընդհանուր բանաձևում: Եվ մինչ բազմաթիվ ու տարատեսակ սահմանումները գալիս են լրացնելու մեկը մյուսին, իսկ բառարանային մեկնաբանությունների և հանրային գիտակցության մեջ նստվածք տված պատկերացումների տարբերությունը պահպանվում է, դիսիդենտական գործունեության սահմանազատված մոդելը, դիսիդենտն իբրև տեսակ դիտարկելու հասարակագիտական ֆորմուլան շարունակում է բացակայել:

ՄԻ ՔԻՉ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Դիսիդենտության մասին զանազան բնորոշումների թվում տեղ է գտել նաև այս մեկը, որի համաձայն՝ երևույթը պետք է դասել հավերժական ֆենոմենների շարքին: Ինչ խոսք, կարելի է ժամանակը անքանակորեն հետ տանել՝ մի դեպքում առաջին դիսիդենտ հռչակելով Քրիստոսին (ինչպես նպատակաուղղված պնդում են ոմանք), մեկ այլ պարագայում տուրք տալ պատմությանն ու արձանագրել, թե դրանցից առաջինը Սոկրատեսն էր, որ դեպի մահ գնաց հանուն իր համոզմունքների: Հետո կարելի է խճճվել ինկվիզիցիայի ծննդից մինչև ֆրանսիական հեղափոխությունը ծավալվող դարերի մեջ ու գտնել դիսիդենտի էությանը համապատասխանող այս կամ այն անունը, նրան հռչակել նախակարապետ ու ռահվիրա:
Բայց եթե անձերի խնդրում համաձայնությունը բացակայում է, ապա անվան հարցում կա ընդհանրություն, ինչն իրականում այնքան էլ հավերժական չէ: Պատմությունը վկայում է, որ բառը ծագել է 18-րդ դարում, Լեհաստանում: Ի սկզբանե դիսիդենտ համարվել են կաթոլիկ կամ բողոքական եկեղեցիների դավանանքից շեղվող քրիստոնյաները: Սակայն կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի հոգևոր պարեգոտը փոխարինվեր քաղաքացիական հագուկապով: Հետայդու նման տիտղոսակիրներ էին դառնում բոլոր նրանք, ովքեր հանդգնում էին հակադրվել պետական կարգին ու իշխանությունների գործելակերպին:
Դիսիդենտությանը նոր շունչ ու ոգի հաղորդեցին բոլշևիկները: Եթե ստալինյան բռնապետության շրջանում յուրաքանչյուր այլակարծություն մահվամբ էր հատուցվում, ապա խրուշչովյան «ձնհալի» տարիները ավետեցին շարժման ոսկեդարը: Անհատի պաշտամունքի դատապարտումը, ճամբարներից բռնադատվածների ու քաղբանտարկյալների վերադարձն իրենց հետ բերեցին ազատության այն չնչին մասնաբաժինը, որ միանգամայն բավարար եղավ խթանելու համարձակ, որոնող միտքը, վերագնահատելու «ամենաթանկ կապիտալի»՝ մարդու իրական արժեքը: Դրանք այն տարիներն էին, երբ ընդարձակվում էր շփման դաշտը: Բնակարաններում հայտնվել էր հեռուստացույցը, շատերը թեև թաքուն, բայց լսում էին «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները, երկիր էին ներթափանցել արևմտյան մշակույթի տարրերը: Քաղաքացիական դիրքորոշման արտահայտչաձևերը գտնում էին նորանոր եղանակներ, սակայն միշտ չէ, որ դրանք համահունչ էին իշխանության որդեգրած կուրսին: Եվ այժմ արդեն (ու ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև նախկին սոցճամբարի երկրներում) դիսիդենտ պատվավոր անունով էին կնքվում 50-ականների կեսերից մինչև 80-ականների վերջերն իրենց իրավունքների ու ազատությունների համար պայքարողները: Ճիշտ է, Արևմուտքն ամեն գնով փորձում էր հանձին նրանց տեսնել հակակոմունիստական բարիկադների վրա մարտնչող նվիրյալների, ավտորիտար և տոտալիտար ռեժիմների դեմ միայնակ ոտքի ելած հերոսների, սակայն ճշմարտությունն այն էր, որ խորհրդային դիսիդենտների պայքարը ոչ այնքան կոմունիստական գաղափարախոսության դեմ էր, որքան դրա իրականացման ձևերի ու իրականացնողների: Համենայն դեպս, համակարգի ժխտման կամ տապալելու կոչեր չէին հնչում, կար ընդամենը կործանված գաղափարների ու իդեալների համար ցավ, կար բողոք ու ընդվզում կուսակցական-պետական գործիչների վարած քաղաքականության դեմ: Եվ վերջապես, դրանք այն անհատներն էին, ովքեր հակադրվում էին ոչ միայն վարչակազմին, այլև ընդհանրապես՝ գերիշխող մտայնություններին, որ տարածված էին իրենց նմանների շրջապատում: Դա ոչ թե քաղաքական պայքար էր, այլ պայքար ազատ մտքի իրավունքի համար:
Դիսիդենտության ակտիվության տարիներին՝ 1970-ականներին, շարժման հիմնական կարգախոսներն էին՝ հասարակական կյանքի դեմոկրատացում, իրավական պետություն, հրապարակայնություն, արմատական տնտեսական բարեփոխումներ: Նախընտրելի գործունեության ձևեր էին դիտվում գաղտնի հավաքները, անլեգալ գրականության տարածումը (Սամիզդատ-ինքնահրատների միջոցով), նյութական ու բարոյական աջակցությունը հալածվածներին ու հետապնդվողներին և (շատ հազվադեպ) ելույթներն ու ցույցերը: Խորհրդային Միությունն այժմ արդեն ոչ միայն զարգացած սոցիալիզմի, այլև Սախարովի, Սինյավսկու, Գինզբուրգի, Դաշկովի, Օկուջավայի, Վիսոցկու ու Գալիչի ժամանակների երկիրն էր: Այս անհատները միանգամայն նոր որակ ու գիտակցության շերտեր ներմուծեցին ըմբռնումների դաշտ՝ աբստրակտ կշռադատության շարժը հակադրվելով ճահճին:
«Կլասիկ» դիսիդենտները սիրում էին իրենց մասին ասել, որ իրենք իշխանության բժիշկներն են: Այդ մարդիկ ունեին իրենց բարոյական կոդեքսը և սկզբունքները: Օրինակ, դրանցից մեկի համաձայն, դիսիդենտը չէր համագործակցի իշխանության հետ, եթե նույնիսկ դրանով մարդու կյանք էր փրկելու: Դիսիդենտը ավտոկրատիայի զարգացման որոշակի փուլում այլևս չէր կարող լինել քաղաքական գործիչ, նույնիսկ ընդդիմության շարքերում, այսինքն՝ նա բացառում էր շփումն ամեն կարգի կառույցների ու հասարակական մարմինների հետ, քանի որ դա նույնպես դիտվում էր համագործակցություն: Հենց այդ «կլասիկներն» էին, որ հասարակությանն առաջարկեցին վարքի նոր՝ անհատական ու սոցիալական մոդելը և 1960-70-ական թթ, հենց նրանք կազմեցին այն միջուկը, որի շուրջ սկսեցին ձևավորվել դիսիդենտական առաջին խմբակները:
Փաստացի իրական դիսիդենտների թիվն այնքան էլ մեծ չէր: Սակայն իշխանություններն այդ պիտակը փակցնում էին աջ ու ձախ, քանի որ Խորհրդային երկրում ցանկացած ազգային, կրոնական, ժողովրդավարական գործունեություն, խղճի ու մտքի ազատ դրսևորում որակվում էր ոչ այլ կերպ, քան դիսիդենտություն, իսկ պատժվողներին հասարակությունը տալիս էր «խղճի կալանավորներ» անունը:
«Դիսիդենտ» արտահայտությունը 60-ական թվականներից ներթափանցեց նաև հայոց իրականության ու բառապաշարի մեջ: Առայսօր էլ շարունակվում է բանավեճն այն մասին, թե իրականում ովքեր էին ազգային գաղափարախոսության ու պահանջատիրական նկրտումների շուրջ համախմբված այն անհատները, որոնք ձևավորում էին անլեգալ խմբեր ու կուսակցություններ: Արդյո՞ք կարելի է նրանց ևս անվանել դիսիդենտներ, թե՞ նրանք ուղղակի ազգայնական-անկախական պատկերացումներով առաջնորդվող երիտասարդներ էին, ովքեր թեև համակրում ու հարում էին այլախոհների մարտական շարքերին, սակայն իրավունքների և ազատությունների մասին նրանց պատկերացումները, այդուամենայնիվ, հեռու էին լիբերալ մտածողության ակունքներից: Ավելի ուշ՝ 1990-ականների կեսերին, երբ կարծես թե եկել էին ժամանակներն այդ մարդկանց վաստակն արժևորելու և գնահատելու համար (ինչպես դա արվեց նախկին սոցճամբարի երկրներում), հանկարծ պարզվեց, որ ոչ միայն չկար նման շահագրգիռ ցանկություն, այլև նույնիսկ վերջիններիս գործունեության վարկաբեկման փորձեր արվեցին՝ շրջանառության մեջ դնելով վարկածներ, համաձայն որոնց՝ ընդհանրապես հայկական այլախոհական դպրոց գոյություն չի ունեցել, այդ մարդկանց հնարել է ՊԱԿ-ը, իսկ ոմանք էլ գործել են Արևմուտքի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ:
Խորհրդային դիսիդենտական շարժումը սպառեց իրեն Գորբաչովյան վերակառուցման ու պլյուրալիզմի շրջանում: Երկաթե վարագույրի վերացումն ազդարարեց նրա բուն առաքելության ավարտը: Եվ թվում էր, թե դրանից հետո «դիսիդենտ» եզրը, իր բառարանային իմաստը պահպանելով հանդերձ, կորցնելու էր նախկին սուր շեշտադրումը: ԽՍՀՄ-ի փլուզումից ու նորանկախ հանրապետությունների հռչակումից հետո առաջ եկավ ահռելի տարբերություն նախկինի ու ներկայի միջև: Այժմ մարդկանց արտոնված էր ազատ մտածել, արտահայտվել ու գրել, և դրանց համար նրանք առանձնապես մեծ վտանգների չէին ենթարկվում: Կար ընդդիմություն համակարգի ներսում, որը գնում էր ընտրությունների, պայքարում էր իշխանության համար, տեղեր էր զբաղեցնում օրենսդիր ու գործադիր մարմիններում: Կար նաև ընդդիմություն, որ այդ համակարգից դուրս էր, սակայն նրա պայքարը ևս քաղաքական, իրավական ու սոցիալական հարթության վրա էր՝ պայմանավորված իրավիճակային վայրիվերումներով և դրանց թելադրանքով: Եվ ուրեմն այսուհետ դիսիդենտներն անելիք չունեին, քանի որ, համաձայն ընդունված կարծրատիպի, նրանք կարող էին դրսևորվել միայն այն միջավայրում, որտեղ կային արգելքներ ու հետապնդումներ: Ավելի պարզ արտահայտված՝ եթե բացակայում է բռնատիրությունը, ինքնըստինքյան վերանում է նաև դիսիդենտական շարժը:
Սակայն, ինչպես պարզ դարձավ կարճ ժամանակ անց, այս դեպքում էլ գործեց «նյութի պահպանման օրենքը»՝ ոչինչ չէր անհետանում, այլ մի ձևից փոխարկվում էր մեկ այլ ձևի: Նոր ժամանակները նոր հավելումներ բերեցին: Եվ բազմաբևեռացման պայմաններում հին ձևակերպումների շարքում արդեն կարելի էր տեսնել նաև այս մեկը. «Դիսիդենտ՝ նշանակում է ապակենտրոն»:
Տարիներ շարունակ համակարգային երևույթ համարված գործունեության կարգն այժմ կարիք ուներ հաղթահարելու իր ադապտացման շրջանը: Տրամաբանությունը նրա համար միանգամայն այլ զարգացում էր հուշում՝ համակարգային երևույթը վերաձևելով իրավիճակային երևույթի: Իսկ նման անցումի պարագայում «հնարավո՞ր է մերօրյա դիսիդենտություն» հարցի պատասխանը միանշանակ էր՝ հնարավոր է: Հնարավոր է, քանի որ աշխարհը փոփոխվում է, կյանքն ընթացքի մեջ է, բայց մարդկային միտքը չի կորցրել դիմադրողականությունը: Ու քանի դեռ կա այս հակամետ կեցվածքը, այն կունենա իր անհամաձայնության տարատեսակ ձևերը, իր ամեն կարգի մարտահրավերները նոր միջավայրին, նոր հարաբերություններին, նոր պահանջներին: Կայուն է նպատակը՝ պայքար ամեն կարգի հոռի երևույթների և իրավունքների ոտնահարման դեմ: Տարբեր է մոտեցման ձևը: Դիսիդենտն այժմ էլ նախկինի պես տեսնելու է լարվածության լիցքաթափման մի ելք և մի միջոց՝ ինդիվիդուալ հակազդեցություն, սկզբունքային անհնազանդություն: Եվ դա կենսագործելի է քաղաքացիական ակտիվության միջոցով՝ բարոյապես ու սոցիալապես ակտիվ մարդկանց հետ համագործակցելու գնով:

Ի՞ՆՉՆ Է ԾՆՈՒՄ ԴԻՍԻԴԵՆՏՈՒԹՅՈՒՆԸ

Անհնար կլինի լիովին ըմբռնել դիսիդենտի ու դիսիդենտության դրսևորման շարժառիթները, եթե այն չդիտարկվի մարդ-համակարգ փոխհարաբերության համատեքստում: Եթե ընդունում ենք, որ ազատությունը բացարձակ անհատական կատեգորիա է, ապա այդ դեպքում անհատի դերի գնահատման խնդրում մեր մոտեցումները պետք է խարսխվեն այն իրողության վրա, որ յուրաքանչյուր «մենք» կազմված է բազում «ես»-երից: Ուրեմն անհատի ազատության դեմ բռնության գործադրումը կհամարվի բռնություն բոլորի հանդեպ: Իսկ ո՞վ է ներկայացնում այդ կաշկանդիչ ուժը: Իհարկե, կառավարող համակարգը, նույն այն պետությունը, որը կոչված է պաշտպանել քաղաքացու ազատությունը և այդ նպատակի անվան տակ գործադրում է որոշակի սահմանափակումներ: Սակայն հենց այս կապվածության փխրուն հողի վրա էլ վաղ թե ուշ ի հայտ է գալիս երկու կողմերի անհամաձայնությունը: Իսկ եթե կառավարման «չափավորումները» վերածվում են հարկադրանքի ու ապօրինությունների, դիմադրողականության ուժը նույնպես մեծանում է՝ հրապարակ նետելով ինչպես ակտիվ ախոյաններին (որոնց անվանենք հեղափոխականներ), այնպես էլ «պասիվ» ընդդիմախոսներին՝ դիսիդենտներին, քանի որ վերջիններիս կարևորագույն բնորոշումներից մեկն էլ ուժային դիմադրությանն անմասնակից լինելն է: Կարիք չկա վերջիններիս թվացյալ կրավորական-հայեցողական պահվածքի մեջ պիղատոսության տարրեր որոնել. «Ես մասնակից չեմ, ես ձեռքերս լվանում եմ»: Այդ երևութական չեզոքության գաղտնիքն այն է, որ ներգործության ուժի սնուցման աղբյուրը ոչ թե գաղափարական դիսիդենտությունն է, այլ դիսիդենտական գաղափարները:
Երբ ռուս հայտնի փիլիսոփա Բերդյաևն ասում էր, թե ռուսական հեղափոխությունը նախապատրաստեցին երեք մարդ՝ Տոլստոյը, Դոստոևսկին ու Գոգոլը, նա նկատի ուներ ոչ թե ցուցապաստառներով փողոց դուրս եկած դասականներին, այլ վերջիններիս մտքի ներգործությունը հասարակական գիտակցության վրա: Կնշանակի՝ հիշատակված գրողներն ինչ-որ առումով դիսիդենտներ էին, որոնք թեև չէին նախապատրաստել այդ հեղափոխությունը, որոնք նույնիսկ չգիտեին ու գուցե թե չէին էլ ցանկանում այդ բանը, սակայն անուղղակի մասնակցություն ունեցան մեծ ցնցումին:
Այսօր որոշ տեսաբաններ այն կարծիքին են, որ մեր օրերում երկու կարգի դիսիդենտներ են լինում՝ սովորական դիսիդենտը և դիսիդենտ-լուսավորիչը, որը փորձում է գերազանցապես հենվել ժողովրդի վրա, կրթել նրան և համախմբել իր դրոշի ներքո: Դավանանքի իմաստով նա լիբերալ արժեքների պաշտպան է, ամեն կարգի ազատությունների կողմնակից, ռեժիմի մեղմացման ջատագով, և այդ ամենով հանդերձ ընդգծված նախանձախնդրություն (չասենք՝ հակվածություն) է հանդես բերում քաղաքակրթության հռչակած արժանապատվության սկզբունքի հաստատման համար: Եվ հենց այս կետում է, որ մենք առնչվում ենք նոր ժամանակների դիսիդենտի կամ, այսպես կոչված, նեոդիսիդենտի որակական այն տեղաշարժի հետ, ինչը բնորոշում է ներկա օրերի նրա գործունեության անհրաժեշտությունը: Ու եթե անհրաժեշտություն է ծագում պատասխանելու այն հարցերին, թե այսօր մեզանում կա՞ դիսիդենտություն ու եթե կա, ապա ինչպե՞ս և (որն առավել կարևոր է) ինչո՞ւ է այն երևան գալիս հատկապես այս օրերին, երբ դրա համար շատ ավելի «բարենպաստ» ժամանակներ ու հնարավորություններ են եղել, ապա սրանց արձագանքն այժմ հստակ է ու միանշանակ: Բարեբախտաբար, թե դժբախտաբար, այո, այն կա: Ասում ենք՝ դժբախտաբար, քանի որ դիսիդենտությունն իբրև մտածումի և գործունեության ձև մեծ հաշվով վատ երևույթ է, այն փլուզող, ավերիչ հատկություններ ունի, օժտված է տեղաշարժերի խթանման լիցքերով՝ անկախ դրանց հետևանքներից: Իսկ ինչ վերաբերում է դրա պատճառներին, ապա այստեղ արդեն վերստին խոսք պիտի գնա հին, բարի ժամանակների բախման մասին, բախում, որն այսօր պարզապես փոփոխել է իր մարտավարությունը, մեկ այլ բնութագիր է ձեռք բերել, իսկ մնացած ամեն բան առաջվանն է:
Այսպիսով, միշտ և բոլոր ժամանակներում վարչակարգից է կախված եղել՝ կլինե՞ն դիսիդենտներ, թե՞ ոչ: Իշխանությունն ինքն է ծնում նրանց, երբ վտանգում է հիմնարար արժեքները, սակայն փորձում է ներկայացնել այն որպես պատշաճ: Այսինքն, երբ մտածող մարդը տեսնում է օբյեկտիվ իրականության մեջ մի բան, իսկ նրան պաշտոնական գաղափարախոսությունը հրամցնում է մեկ այլ, բացարձակ տարբեր բան, դա առաջացնում է մտածող մարդու ըմբոստությունը: Խաբվածությունը բերում է վիրավորանքի, իսկ դա արդեն բավարար է դիսիդենտի ձևավորման համար: Իսկ վարչակարգի համար դրանից ձերբազատվելու միակ ճանապարհը ճշմարտության հետ ազնվորեն ու խելամիտ վարվելու հմտությունն է:
Եթե ընդդիմադիր հանրության կամ քաղաքական ուժերի դժգոհությունն իշխանությունների համար որոշ առումով կարող է դիտվել իբրև ծանոթ, շոշափելի ու առարկայական ախոյանի դիմակայում (ինչին հակադարձելու ձևերը մշակվել ու կիրառվում են), ապա փլուզումը ներսից՝ սա արդեն դիսիդենտների ձեռքի գործն է: Սա մի ներգործություն է, որ ավելի շատ հիշեցնում է ոչ թե գոյապայքար, այլ ինքնաոչնչացման օժանդակություն:

ՀԱՅ ԴԻՍԻԴԵՆՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ

Վերջիվերջո, այս ընդարձակ ներածություն-ծանոթությունը մեկ հիմնական նպատակ էր հետապնդում՝ պարզաբանել հայկական դիսիդենտության դրսևորումների յուրահատկությունները՝ պահպանելով կապը անցյալի և ներկայի միջև, ինչը որքան էլ առաջին հայացքից աննշմարելի է, բայց և այնպես արտացոլում է մեր հանրությանը խիստ բնորոշ գծերից մի քանիսը:
Հայ դիսիդենտ-ազգայնականներին արդեն առիթ ունեցանք թռուցիկ կարգով անդրադառնալու: Եթե ջանանք առավելագույնս բծախնդիր գտնվել՝ սահմանազատելու համար նախկինը ներկայից, ապա թերևս ասենք, որ հայկական նորօրյա դիսիդենտության մասնակի ձևավորումը թե անհրաժեշտության և թե ժամանակային առումով համընկավ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու տարիներին, բայց սպառնում է ամբողջապես դրսևորվել Սերժ Սարգսյանի կառավարման օրոք: Սա, ինչ խոսք, դիպվածային կամ պատահական համընկնում չէ: Բանն այն է, որ նախորդ վարչակարգերի օրոք դիսիդենտական տրամադրությունները եթե նույնիսկ եղել են սաղմնային վիճակում, ապա իրենց համար ինքնադրսևորման հաստատուն հող չեն գտել մի պարզ պատճառով. ՀՀՇ-ական իշխանություններն առանձնապես չէին տառապում ընդգծված ազգային սնափառությամբ կամ հայկական տարրի բացառիկ լինելը շեշտելու սևեռումներով, կամ իրենց ամեն մի արածը չէին ներկայացնում իբրև ինչ-որ տիեզերական ձեռքբերում, մի բան, ինչը սկզբունքորեն սխալ մոտեցում չէր: Իսկ Քոչարյանը, եթե նույնիսկ մեղանչում էր ազատությունների սահմանափակման կամ իշխանության գերազանցման իմաստով, դրա հետ մեկտեղ նպաստելով վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և դաշնակցության ձեռամբ նժդեհականության գաղափարների ներթափանցմանը, ապա գոնե կարողանում էր ապահովել 13 տոկոս տնտեսական աճ՝ իբրև սփոփանք ու հատուցում մնացյալ կորուստների դիմաց:
Նոր վարչախմբի գալու հետ չփոխվեց դրա կազմը, սակայն փոխվեց կարևորագույն մի բան՝ հայացքը իրերի ու երևույթների հանդեպ: Սկիզբ դրվեց մի հիվանդագին մտայնության, որ աստիճանաբար հղկվում, նոր ձևեր է ձեռք բերում: Ի՞նչն է դա, որ այդքան հեշտությամբ կարող է մտածող, գիտակից մարդկանց ի վերջո հանել ափերից՝ անկախ այն բանից, թե քաղաքական որ դաշտն են նրանք ներկայացնում և ինչ բարոյական արժեքներով են առաջնորդվում:
Խոսքն իշխանության ինքնամատուցան այն ամբողջության մասին է, որը կազմված է երեք հիմնական բաղադրիչներից՝ բացառիկության մոլուցքը, օֆիցիոզի ու օբյեկտիվ իրականության ընդգծված տարբերությունը և գլոբալ, առարկայական նորամուծությունների հանդեպ ոչնչով չհիմնավորված մղումը:
Առաջին հայացքից սա նույնիսկ կարող է աբսուրդային դատողության տպավորություն թողնել, սակայն միայն բարեբախտություն կլիներ, եթե դա մոտ լիներ իրականությանը: Ամեն բան անհամեմատ ավելի լուրջ է ու շարունակական:
Երկրի ծայրաստիճան թշվառ վիճակի պայմաններում վարչակարգը ձևավորել է երևութական մի պատկեր, որտեղ իշխում են ամենօրյա կեղծ-շքերթային տրամադրությունները, հնչում են նորանոր ձեռքբերումների մասին հանդիսավոր զեկույցներ, մշակվում են Հայաստանը «գերազանցության կենտրոնի» վերածելու և «միասնական հայկական աշխարհ» ստեղծելու կասկածելի ու ծիծաղելի նախագծեր, խոսում են տնտեսական ներուժի և «հայկական միտքը» Ադրբեջանի նավթադոլարներին հակադրելու հաղթական հնարավորությունների մասին, կտրվում են ժապավեններ (անգամ ավտոկայանատեղիի բացումն է համարվում լրջագույն ձեռքբերում, համենայն դեպս, եթե այդպես չլիներ, երկրի նախագահը չէր մասնակցի դրա արարողությանը), իսկ պետական քարոզչամեքենան ու նրանց սպասարկու ԶԼՄ-ները կաշվից դուրս են գալիս վառ գույներով մատուցելու այդ մշտնջենական խնջույքը՝ ժանտախտի ժամանակ: Այս գունազարդող և ուռճացնող ծառայության առաջամարտիկը դարձյալ Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագիրն է, որտեղ վերջին կադրային փոփոխություններից հետո (երբ նախագահը փորձեց ամրապնդել իր ներկայությունն այդ հարկի տակ՝ քարոզչության ղեկը հանձնելով իր նախկին մամլո քարտուղարին), նոր դավանանք է սահմանվել՝ լինել «պապից առավել կաթոլիկ»: Սակայն «Հայլուրն» իր նվիրվածությամբ հանդերձ առայժմ կարող է հպարտանալ ընդամենը մեկ նվաճումով՝ պաշտոնական պրոպագանդայի ավանդական ոճն ու ձևը հասել են զզվանք հարուցելու աստիճանի:
Ահա այսպիսին է իրավիճակը պաշտոնական գաղափարախոսության և քաղաքական ղեկավարության կողմից աղավաղված իրականությունը մատուցելու ասպարեզում: Իսկ օբյեկտիվ իրականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանի ամենակոռումպացված, ամենաթույլ ու անարդար երկիրն է, որտեղ կան ԳԱԻ և այլ ռեպրեսիվ պետական մեքենաներ, որտեղ քաղաքական էլիտան բնակչությանը դիտում է որպես եկամտի և ընտրաձայների աղբյուր, որտեղ տասնյակ հազարավոր գյուղացիական ընտանիքներ հայտնվել են գրավադրվածի կարգավիճակում մի քանի բանկի ձեռքում՝ պետության բացարձակ անգործության պայմաններում, որտեղ օրվա հացը դարձել է ռազմավարական խնդիր, որտեղ քաղաքացիների մեծամասնությունը հաճույքով կլքեր հայրենիքը, եթե դրա հնարավորությունն ունենար: Նմա՞ն է սա արդյոք խորհրդային ժամանակներին, երբ խոսում էին 20 տարուց կոմունիզմի հաղթանակի մասին, աշխարհի ամենաարդար սոցիալական պետության մասին, ամենահզոր տնտեսության և շատ այլ երևութային բաների մասին: Իհարկե, այո: Եվ հենց սա՝ պաշտոնական գաղափարախոսության և օբյեկտիվ իրականության միջև առկա տարբերությունն ու հակասություն է հանդես գալիս իբրև դիսիդենտության աղբյուր: Այսինքն, երբ մտածելու ունակությամբ օժտված մարդը լսում է պետության կողմից այն, ինչը չի տեսնում իրականության մեջ, նա սկսում է ըմբոստանալ և ի վերջո բռնում է դիսիդենտության ճանապարհը: Նա սկսում է խորշել իր պետությունից, իսկ հետո արդեն ատել այն: Ինչո՞վ է դա հղի:
ԽՍՀՄ ճակատագիրը ցույց տվեց, թե նման վիճակն ինչի կարող է հանգեցնել: Նախ և առաջ՝ անտարբերության: Երբ պետությանը վտանգ է սպառնում, դիսիդենտը չի սատարում նրան, ընդհակառակը՝ լավագույն դեպքում մնում է անտարբեր, վատագույն դեպքում՝ նպաստում է պետության կործանմանը: Օրինակ, Սախարովն ու իր համախոհները ոչինչ չարեցին ԽՍՀՄ-ի փլուզումը կանխելու համար, թեև տերության կործանումը նրանց պլանների մեջ չէր մտնում: Սակայն նրանք այդ քայքայիչ գործընթացին մասնակցեցին ընդամենը դիտորդի կարգավիճակով:
Իսկ Հայաստանի ներկա իշխանություններն այս բորբոքված կրակը գոնե փոքր-ինչ մեղմելու փոխարեն հերթական յուղն են լցնում դրա վրա՝ խոսելով մեր երկրի ու ազգի բացառիկ դերի, համաշխարհային առաքելության, եզակի հնարավորությունների մասին: Վարչապետը խոստանում է Հայաստանը դարձնել մոլորակի պորտը, «սիլիկոնյան դաշտեր» է նախագծում ու կենսամակարդակի բում է կանխատեսում՝ Թայվանի տնտեսական հրաշքից էլ զորեղ: Սփյուռքի նախարարն անկեղծորեն հավատում է «հայկական գենի իմացականության դարավոր ներուժին ու կենսաուժին», գիտնականները բանուգործ թողած ուսումնասիրություններ են կատարում այդ գենը գտնելու համար, որպեսզի ստանան գենոտիպի արդյունքները, իսկ հետո… հետոն դեռ պարզ չէ: Բոլորի օրինակով ու ոգևորությամբ երկրի նախագահը վերջերս գնաց բացելու աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որ պիտի մեր փրկությունը դառնա, և այնտեղ մի բոցաշունչ ճառ արտասանեց մրցունակ, ամենակարող Հայաստանի մասին, երկիր, որի «Տաթևի վանքն իր ժամանակի ամենամրցունակ ճարտարապետական լուծումներից է, Տաթևի համալսարանը ամենամրցունակ գիտական օջախներից է եղել, իսկ սուրբ Գրիգոր Տաթևացին իր ժամանակին աշխարհի ամենամրցունակ մտածողներից մեկն է եղել…»: Խեղճ Տաթևացի…
Ի դեպ, «մրցունակ մտածող» հասկացությունը նորույթ է աշխարհում, և պետք է ենթադրել, կամ ՀՀ նախագահի համար ճառ գրողներն են զուրկ հասկացական ապարատից, կամ այս անգամ էլ որոշել են ստեղծել մարդկությանն անհայտ հասկացություններ:
Սակայն ի՞նչ կապ ունի այս բոլորը դիսիդենտության հետ և, ընդհանրապես, որտե՞ղ են մեր օրերի հայ դիսիդենտները, ովքե՞ր են նրանք, անուններն ասեք,- միանգամայն իրավացիորեն կարող է պահանջել ընթերցողը՝ այս անաչառ հարցադրումով էլ հենց մատը դնելով բուն զարկերակի վրա:
Բանն էլ հենց դա է, որ հայկական նոր դիսիդենտությունն այս անգամ կարող է ինքնատիպ լինել առավել, քան երբևէ: Եթե մենք առաջնորդվում ենք այն ճշմարտության գիտակցմամբ, որ դիսիդենտություն ասվածն առաջին հերթին միտք է ու վերաբերմունք, ապա այդ դեպքում նա անձնագրային տվյալների անհրաժեշտություն չունի: Դիսիդենտությունը չափիչ սարք է մթնոլորտի համար, որտեղ կամ կա շնչելու օդ, կամ հեղձուկ է: Եվ երբ երկրում գերիշխող մտայնությունը սկսում է շնչասպառ անել, երբ հարուցում է արհամարհանք (եթե ոչ՝ արգահատանք), այդ ժամանակ դիսիդենտների կարելի է ամենուր հանդիպել: Այն կարող է իր սերմը նետել նույնիսկ իշխանության վերին օղակներում, ձեռք բերել համակիրներ, ովքեր թեև ակներևաբար չեն ընդվզում, բայց և չեն աջակցում բարձրաստիճան յուրայիններին: Գուցե նրանք դեռ լիովին բացահայտվելու պահանջ չեն զգում, սակայն կան, շարունակում են մտածել, շարունակում են լուռ պայքարը հարմարվողականության դեմ, և հենց միայն դրա գոյությունն իր ներսում լուրջ վտանգներ է պարունակում:
Առկա դիսբալանսի խախտումը և խոսքի ու գործի հարաբերակցության աղճատումն է, որ ծնունդ է տալիս դիսիդենտությանը, ինչպես ասվեց վերևում: Եթերն ու միջավայրը զավթած «աննախադեպ»-երի հեղեղը, «ամենամրցունակ»-ների շարանը, «մենք բացառիկ ենք»-ից մինչև «մեր դեմ խաղ չկա»-ն ընկած տարածությունը լցնող ինքնագովության ալիքները մի օր կարող են մեզ քշել, բերել ու մոտեցնել ճգնաժամային սահմանագծին: Իսկ բոլոր կարգի ձախողումների ու դժվարությունների շարքում երկրի նախագահին ու իշխանություններին այժմ միայն դա է պակասում՝ դիսիդենտության լիակատար դրսևորումը հանձին նրանց, ովքեր տեսնում են ու գիտակցում այն ամենն, ինչ կատարվում է իրենց շուրջը ոչ միայն այսրոպեական տպավորությամբ, այլև հետևությունների ու վերլուծումների շղթայի մեջ:
Իհարկե, դիսիդենտները Սերժ Սարգսյանին ու նրա թիմին հակադրվող ամենամեծ վտանգն ու ուժը չեն ներկայացնում, եթե հնարավորությունների առումով նրանց համեմատենք քաղաքական այնպիսի «շնաձկների» հետ, ինչպիսիք են ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, Քոչարյանին հավատարիմ խմբերն ու անհատները և, ի վերջո, ներքին ընդդիմությունը, որոնք առայժմ բավարարվում են կաշեպատ դռների հետևում դժգոհ քրթմնջոցով, սակայն պահը ներկայանալու դեպքում պատրաստ են առաջինը հարվածել թիկունքից: Եղածներին գումարենք նաև նրանց, որոնց պատեհապաշտությունը բերել է իշխանական կուսակցություններ ու նախագահի շրջապատ, սակայն առաջին իսկ վտանգի ու ահազանգի դեպքում պատրաստ են անմիջապես մենակ թողնել իրենց հովանավորին, ինչպես եղել է շատ անգամներ: Բայց Սերժ Սարգսյանի համար ամենամեծ դառնությունը վրա կհասնի այն մարդկանց կորստից հետո, որոնց ձայները նրան բերեցին նախագահական նստավայր: Իրականում դրանք ոչ քաղաքական հիերարխիայի հիմնասյուներն էին, ոչ էլ օլիգարխիկ վերնախավի կնքահայրերը, այլ այն նվիրված մասսան, որ հավատում էր, թե երկրում կկատարվի սպասված փոփոխությունը, որ գնահատելին կվերադարձվի իր դիրքերը, որ արժեք կունենա ոչ թե գրպանի, այլ մտքի բովանդակությունը:
Այժմ վերջիններիս հիասթափությունը միայն մի ճանապարհ ունի՝ բեռնվել այն նույն անտարբերությամբ ու ցավով, որ հատուկ է դիսիդենտներին, համալրել հենց այդ միջավայրը, ինչի գոյության ու հնարավոր վերադարձի մասին մոռացել են այլ հոգսերով ու երազանքներով ապրող վերևներում:
Իսկ եթե մեր օրերում կա թերահավատությունն այն բանի, որ մեկ-երկու դիսիդենտի առկայությունը երբեք էլ եղանակ չի ստեղծի, ապա միշտ էլ հարկ է հիշել, որ խոսքն այս դեպքում ոչ թվաքանակի և ոչ էլ նրանց կարողության սահմանների մասին է, այլ դիսիդենտություն երևույթի հարուցիչի, որն ընդունակ է ամեն ինչի, ընդ որում՝ ամենաանսպասելիի:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ