Tag Archives: Արմինե Սարգսյան

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

26 Հնվ

25/01/2011
«ԾԵԾՎԱԾ, ԿԱՂԱՊԱՐԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԵՌԸ ՄԵԶ
ՄՇՏԱՊԵՍ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»

Լույս է տեսել գրող, գրականագետ, հրապարակախոս ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆԻ «Չարենցի կրակոցը» փաստագրական վեպը: «Մի դեպքում ուղղակի կարելի է ասել, որ գիրքը Չարենցի մասին է,- ասում է հեղինակը,- իսկ այլ դեպքում` որ սա գիրք է սիրո, մեղանչումի, հատուցման ու մարդկային ողբերգության մասին»:
Հովիկ Չարխչյանը հեղինակ է նաև «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» երկհատոր կենսապատումի, «Սևակի մահվան առեղծվածը» ուսումնասիրության, «Սիրում եմ քեզ», «Սպարապետ» ժողովածուների:
-Չարենցը հակասական, աղմկահարույց կերպար է, ինչ-որ առումով` չբացահայտված: Այդուհանդերձ, գիրքը, որի վրա աշխատել եք շուրջ վեց տարի, կարծում եմ, առավել լուրջ նպատակներ պետք է ունենա, քան նոր առեղծվածներ առաջ քաշելը:
-Ինձ համար միշտ հրապուրիչ է եղել չարենցյան թեման: Սակայն այդ հրապուրանքն ինքնանպատակ չէ: Թե՛ այս դեպքում, թե՛ նախկինում եղած բազմաթիվ հրապարակումներում խնդիր եմ ունեցել անդրադառնալու գրողի կյանքի և ստեղծագործության հանիրավի շրջանցված, անհայտ էջերին, ընթերցողին մասնակից դարձնելու այն պրպտումներին, որոնք նոր երանգ ու միտք կհաղորդեն Չարենցի բարդ, հակասական վերելքներով ու վայրէջքներով լի կյանքի ճանաչմանը: Հատկապես կարևոր էր ընտրել Չարենցի կյանքի այնպիսի դրվագ, որն առավելապես կբացահայտեր նրա մարդկային էությունը, ճակատագրային շրջադարձերի պահին նրա անհատական ու քաղաքացիական կեցվածքը, զգացմունքային այն ներաշխարհը, որից ոչ միայն ապրումներ, այլև տողեր պիտի ծնվեին: Եվ, ըստ իս, նման բնորոշ ժամանակահատված կարելի է համարել 1926-27 թվականները, երբ Չարենցի կյանքում մեկը մյուսին հաջորդող իրադարձություններն ստեղծում էին լարվածության առավելագույն աստիճան, անելանելի կացությունները ելքեր էին պարտադրում, հակադիր բևեռները ծնում էին դրամատիկ իրավիճակներ: Իսկ երբ նաև տեսնում ես, որ հատկապես այս` առաջին հայացքից հանրածանոթ ու շատերի կողմից շարադրված պատմություններում չափազանց շատ են անպատասխան հարցերը, չբացահայտված փաստերը, թերասացությունները, գրելու պահանջը դառնում է հիմնավորված:
-Սիրո հանրահայտ պատմությունն ի՞նչ նոր լույս է սփռել Չարենց-առեղծվածի վրա: Ո՞րն է գլխավոր ասելիքն ու նպատակը:
-Տեսնել, դիտարկել, քննել Չարենցի անձը, նրա գործն ու վաստակը նոր լույսի տակ, նոր տեսանկյունից, նոր հայացքով, այդ ամենը զուգորդել այն ժամանակահատվածի հետ, որում նա ապրել է, գնահատել ներանձնային հարաբերությունների անդրադարձը մարդու կայացման, ինքնադրսևորման պարագայում: Ծեծված, կաղապարային պատկերացումների բեռը մեզ մշտապես խանգարում է բացահայտելու ճշմարտությունը, ըմբռնելու դեպքերի տրամաբանությունն այնպես, ինչպիսին եղել է իրականության մեջ: Հին նյութն այժմ պահանջում է թարմ աչք, թարմ հպում, առավել խորքային ու հոգեբանական վերլուծություն: Իսկ վեպի սյուժետային զարգացումը լիովին նպաստում է դրան` ձևավորելով հետաքրքիր, բազմաճյուղ պատում:
-Ինչո՞վ է առանձնանում գիրքը, ի՞նչ կարող է տալ սովորական ընթերցողին, չարենցասերին, նաև ուսումնասիրողներին:
-Առանձնանում է առաջին հերթին ժանրային առումով: Ցավոք, փաստագրական վեպը մեր գրականության մեջ մեծ տարածում չունի, մինչդեռ հեղինակին կարող է լայն հնարավորություն տալ` համատեղելու գեղարվեստական խոսքը վերծանման գրավիչ պրոցեսի հետ: Իսկ «Չարենցի կրակոցը» գրքում տեղ գտած յուրաքանչյուր փաստ, իրադարձություն, դրվագ ունեն իրենց նախահիմքը, հավաստի սկզբնաղբյուրն ու պատմական արժանահավատությունը, միևնույն ժամանակ չպարտադրելով ոչ մի պայմանականություն, ոչ մի պրոզայիկ դատողություն: Այս իմաստով գիրքը կարող է օգտակար սկզբնաղբյուր լինել ուսումնասիրողների և չարենցասերների համար, բայց կարող է նաև նույնչափ հաճելի զրուցընկերը դառնալ յուրաքանչյուր շարքային ընթերցողի:
-Արձագանքներն ինչպիսի՞ք են, կա՞ն բացահայտումներ, որոնք կարող են աղմուկի, դժգոհությունների պատճառ դառնալ:
-Առայժմ արձագանքներից դժգոհելու պատճառներ չունեմ: Նախ իմացա, որ գրախանութներին հանձված առաջին խմբաքանակն ամբողջովին սպառվել է, իսկ դա արդեն լավ նախանշան է: Ընթերցողների փոխանցած կարծիքները նույնպես հիասթափվելու առիթներ դեռ չեն տվել: Կարծում եմ` աղմուկից խուսափել այս անգամ էլ չի հաջողվի, ինչպես եղել է իմ նախորդ գրքերի դեպքում: Բանն այն է, որ ես երբեք չեմ փորձում շրջանցել, այսպես կոչված, «նրբանկատ» թեմաները, փաստերը, որոնց մասին շատերը հարկ կհամարեին պարզապես լռել կամ չտեսնելու տալ: Փոխարենը ջանացել եմ դրանք առավելագույնս մատուցել նոր տեսանկյունից` առանց ավելորդ նատուրալիզմի և գռեհկության` առայսօր անհայտ փաստերի ու վկայությունների հիմնավորմամբ:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ