Tag Archives: ՖՐԻԴՐԻԽ ՆԻՑՇԵ

ՖՐԻԴՐԻԽ ՆԻՑՇԵ

16 Հնվ

Այն, ինչը մենք ճանաչում ենք որևէ մարդու մեջ՝ դա էլ բորբոքում ենք նրա մեջ: Իսկ ով մարդու միայն ցածր հատկություններն է ճանաչում՝ տիրապետում է նաև դրանց խթանիչ ուժին և դրանք հասցնում է պարպման։ Քո մերձավորների գրգիռները քո դեմ՝ քո ճանաչողության քննադատությունն են՝ ըստ բարձրության և ցածրության։

Մարդիկ, որ անվստահ են իրենք իրենց հանդեպ, ավելի շատ ուզում են սիրված լինել, քան սիրել, որպեսզի մի անգամ` թեկուզ և մի պահ, հավատան իրենք իրենց։nicshe

ՖՐԻԴՐԻԽ ՆԻՑՇԵ

20 Ապր

ՎԱՍՆ ՆՈՐ ԿՈՒՌՔԻ

Ինչ-որ տեղ դեռ ժողովուրդներ ու նախիրներ կան, սակայն ոչ մեզ մոտ, իմ եղբայր, այստեղ կան պետություններ:
Պետությու՞ն: Ի՞նչ բան է այդ: Դե լավ, հիմա ականջ դրեք, քանզի այժմ ես իմ խոսքը պիտի ասեմ ժողովրդոց մահվան մասին: Պետություն է կոչվում ամենապաղը բոլոր պաղ ճիվաղներից: Նա նաև պաղ է ստում, և սողում է սուտը նրա բերանից. «Ես` պետությունս, ժողովուրդն եմ»:
Սուտ է: Արարողները նրանք էին, որ ժողովուրդներին արարեցին և նրանցից կախեցին հավատ ու սեր. այսպես ծառայեցին նրանք կյանքին: Ավերիչներ են նրանք, ովքեր թակարդներ են դնում բազմաց համար և դրանք պետություն են կոչում: Նրանք սուր և հարյուր ցանկություն են կախում նրանցից:
Ուր դեռ ժողովուրդ գոյություն ունի`այնտեղ պետությանը չի հասկանում նա և ատում է նրան որպես չար մի հայացք և բարքերի ու իրավունքների դեմ գործված հանցանք:
Այս նշանն եմ ես ձեզ տալիս, ամեն մի ժողովուրդ չարի և բարու իր լեզվով է խոսում բարքերի և իրավունքների մեջ: Սակայն պետությունը ստում է բոլոր լեզուներով չարի և բարու, և ինչ էլ որ խոսի` ստում է նա, ու ինչ էլ որ անի` գողացել է նա: Նրա մեջ կեղծ է ամեն ինչ. գողացված ատամներով է կծում նա` կծանը: Կեղծ է նույնիսկ փորոտիքը նրա:
Չարի և բարու լեզվաշփոթ` այս նշանն եմ տալիս ես ձեզ, հանց պետության նշան: Արդարև, կամք առ մահ` սա է իմաստն այդ նշանի: Արդարև, մահվան քարոզիչներին է պետությունը նշան անում:
Բյուր-բյուրավորներն են ծնվում, պետությունը հորինված է ավելորդների համար: Հապա նայեք` ինչպես է նա իրեն գրավում նրանց` բյուր-բյուրավորներին: Ինչպես է կլլում, ծամում ու որոճում նրանց: «Երկրի երեսին չիք ոչինչ ինձնից մեծ, ես եմ կարգավորող մատն Աստծո»,- այսպես է ճիվաղը մռնչում: Եվ լոկ երկարականջներն ու կարճատեսները չեն, որ ծնկի են իջնում:
Ախ, ձեր մեջ էլ, մեծ հոգիներ, նույնիսկ ձեր մեջ է նա փսփսում մռայլ սուտն իր: Ախ, նա ջոկում է սրտերը հարուստ, որոնք սիրով շռայլում են իրենց: Այո, նա ձեզ է ջոկում, դուք հաղթողներդ հին աստծո: Հոգնեցիք դուք պայքարելիս, և արդ հոգնությունը ձեր այդ նոր կուռքին է ծառայում: Հերոսներ ու պատվավորներ է կամենում նա իր շուրջ շարել, կուռքը այդ նոր: Նա բարի խղճի արեգակի տակ է սիրում իրեն արևին տալ, հրեշն այդ պաղ: Ամեն ինչ նա ուզում է ՁԵԶ տալ, եթե ԴՈՒՔ պաշտեք նրան,- կուռքը այդ նոր: Այսպես գնում է նա իր համար ձեր առաքինությունների փայլը և հայացքը հպարտ ձեր աչքերի: Նա ձեր խայծով կամենում է հրապուրել բյուր-բյուրավորներին Այո, դժոխային արվեստի մի գործ է ահա հայտնաբերված, մահվան մի ձի, որ զնգզնգում է աստվածային պատիվների հեծելասարքով: Այո, մահն է արդ հայտնաբերված բազմաց համար, որ ինքն իրեն որպես կյանք է փառաբանում, արդարև, ինչ սրտառուչ ծառայություն մահվան բոլոր քարոզիչների համար:
Ես պետություն եմ կոչում, ուր բոլորը` լավ թե վատ, թույն են խմում, պետություն, ուր բոլորը` լավ թե վատ, կորցնում են իրենց, պետություն, ուր դանդաղ ինքնասպանությունը բոլորի «կյանք» է կոչվում…

ՖՐԻԴՐԻԽ ՆԻՑՇԵ

22 Հկտ

«Ընկե՛ր, ամենը, ինչ դու սիրում էիր, հիասթափեցրեց քեզ. հիասթափությունը ի վերջո դարձավ քո սովորությունը, և քո վերջին սերը, որը ղու կոչում ես «սեր ճշմարտության» հանդեպ, միգուցե հենց սերն է հիասթափության հանդեպ»։
Որքան ավելի ազատ և ուժեղ է անհատը՝ այնքան խստապահանջ է դառնում նրա սերը, ի վերջո նա տենչում է գերմարդ դառնալ, քանզի ողջ մնացյալը չի հագեցնում նրա սերը։
Զույգ սեռերի փոխադարձ հարաբերությանը նման ինչ-որ բան կա նաև առանձին մարդու մեջ, այն է՝ կամքի և մտքի հարաբերությունը (կամ, ինչպես ասում են, սրտի և գլխի) — դրանք տղամարդն ու կինն են. նրանց միջև բանը միշտ սերն է, բեղմնավորումը, հղիությունը։ Եվ լա՛վ հիշեք, սիրտը այստեղ տղամարդն է, իսկ գլուխը՝ կինը։
Արարել, այդ նշանակում է՝ քեզանից ինչ-որ բան դուրս անել, քեզ ավելի դատարկ, ավելի աղքատ և ավելի սիրող դարձնել։ Երբ Աստված արարել էր աշխարհը՝ Նա այդժամ ավելին չէր, քան դատարկ գաղափար — և սեր արարյալի հանդեպ։
Երբ մենք հագենում ենք մեզնից և այլևս ի զորու չենք սիրել մեգ՝ ապա, իբրև նախապահպանություն, հարկավոր է խորհուրդ տալ սեր առ մերձավորը, այնքանով, որքանով մերձավորները մի ակնթարթում կստիպեն մեզ համոզվել որ նաև մենք ենք «սիրո արժանի»։
Դուք սիրահարված եք վերամբարձ բառերին, ինչպես գույնզգույն մորթիներին, և միայն ստի գորգերի վրա եք դուք կարողանում քայլել հաստատուն քայլքով, դուք, քնքուշնե՜ր։
Սիրո մեջ խղճուկությունը սիրով ծպտվում է արժանի սիրո բացակայությամբ։
Անպայմանական սերը պարունակում է նաև խոշտանգվելու տենչը. այդժամ այն ընդդեմ ինքն իրեն է, և տրվելու պատրաստակամությունից ի վերջո վերածվում է անգամ ինքնաոչնչացման ցանկության. «Խորտակվի՜ր այս ծովում»։
Սիրելու-ցանկությունը մատնում է ինքնագոհությունն ու գերհագեցումը քեզնով, սիրված-լինելու-ցանկությունը, սակայն, կարոտը քո հանդեպ, ինքնա-սիրությունը։ Սիրողը բաշխում է իրեն. նա, ով ուզում է սիրված լինել, ձգտում է նվեր ստանալ ինքն իրեն։
Սերը հնազանդության պտուղն է. սակայն սերունդներ են ընկած պտուղի և արմատի միջև, իսկ ազատությունը սիրո պտուղն է։
Կյանքի հանդեպ սերը գրեթե հակադրությունն է Երկարակեցության հանդեպ սիրո։ Ամենայն սեր մտածում է ակնթարթի և հավերժության մասին,- բայց բնավ «տևականության»։
Քո գրգիռին անուն տալ՝ արդեն մի քայլ է գրգիռի սահմաններից դուրս։ Խորագույն սերը, օրինակ, իրեն անվանել չգիտի և, թերևս, հարց է տալիս՝ «ես արդյո՞ք ատելություն չեմ»։
Սկզբում մի փոքրիկ նախանձ — և այնուհետև մեծ սե՞ր։ Այդպես լուցկու հատիկի շփումից առաջանում է բռնկումը։
Մեր բերած զոհաբերությունները սոսկ ապացուցում են, թե որքան անարժեք է դառնում մեզ համար ցանկացած այլ բան, երբ մենք ինչ-որ բան սիրում ենք։
Դժբախտ սիրահարի դժբախտությունը դադարում է ոչ թե փոխադարձ սիրով, այլ ավելի-շատ-սիրով։
Մենք ամենաշատը ատում ենք ոչ թե այն, ինչը խանգարում է մեզ սիրված լինել, այլ այն, ինչը մեզ խանգարում է անմնացորդ սիրել։
«Ես զայրանում եմ. որովհետև դու անարդար ես» — այսպես է մտածում սիրողը։
Փոխադարձ սիրո պահանջը սնափառություն է և զգայականություն։
Զարմանալի է՝ ինչ հիմարության ասես որ զգայականությունը սիրո միջոցով չի կարող տանել, այն հանկարծակի ամբողջովին զրկվում է ողջ լավ ճաշակից և այլանդակը անվանում է գեղեցիկ, հենց որ սերը համոզում է դրան։
Իսկապես արդարացի մարդիկ ընծաներ չվերցնող են. նրանք ամեն ինչ հետ են վերադարձնում։ Այդ պատճառով սիրահարների համար նրանք զարհուրանք են։
Միշտ ետ վերադարձնել, ոչ մի ընծա չընդունել, բացի իբրև պարգև և նշան, որ մենք դրանցով ճանաչում ենք իսկապես սիրողներին և դա փոխհատուցում ենք մեր սիրով։
Գործառույթ-դառնալու-կամեցում. սիրո կանացի իդեալը։ Տղամարդկային իդեալը ձուլումն է և տիրացումը կամ կարեկցանքը (տառապող Աստծո պաշտամունք)։
Կինը չի ուզում իրեն խոստովանել, թե նա իր սիրեցյալի մեջ որքան է սիրում տղամարդուն (հենց տղամարդուն), այդ պատճառով նա նրա մեջ աստվածացնում է «մարդուն» — իր առջև և ուրիշների։
Երկու ճանապարհ կա ձեզ տառապանքից փրկելու համար, արագ մահը և երկար սերը։

%d bloggers like this: