Tag Archives: Ֆրենսիս Բեկոն

ՖՐԵՆՍԻՍ ԲԵԿՈՆ

20 Հնս

ԻՆՔՆԱՍԵՐ ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մրջյունն ինքնին իմաստուն արարած է, բայց այգում կամ բանջարանոցում՝ վնասակար: Ճիշտ այդպես էլ չափազանց ինքնասեր մարդիկ վնաս են հասցնում հասարակությանը: Ընտրիր խելամիտ հավասարակշռությունը ինքնասիրության և հասարակական պարտքի միջև. քեզ հավատարիմ եղիր այնքան, որ հավատարմադրուժ չգտնվես ուրիշների, հատկապես արքայի ու հայրենիքի հանդեպ: Սեփական անձը մարդկային ձգտումների համար ողորմելի նպատակ է և ամբողջովին գետնաքարշ: Քանզի միայն երկիրն է հաստատուն ամրակցված սեփական կենտրոնին, մինչդեռ երկնքին ազգակից բոլոր մարմինները պտույտ են գործում այլ մարմինների շուրջ՝ նրանց օգուտ բերելով…
Եսասեր իմաստնությունը եղկելի է իր բոլոր տարատեսակներով: Դա փլուզվելու դատապարտված տունը լքող առնետների իմաստնությունն է. փորսուղին իր իսկ բնից դուրս քշող աղվեսի իմաստնությունը, կոկորդիլոսի իմաստնությունը, որն արցունք է թափում իր զոհին խժռելուց առաջ: Նկատենք, սակայն, որ նրանք, ում Ցիցերոնը «Պոմպեոսի» մասին հիշելիս անվանում էր sui amantes, sine rivali (իրեն սիրահարված և մրցակից չճանաչող- լատ.), հաճախ դժբախտ են լինում, հանուն իրենց ամեն ինչ զոհաբերելով՝ հենց իրենք են վերջիվերջո զոհը դառնում փոփոխական ֆորտունայի, որն իրենց եսասեր իմաստնությամբ ջանում էին տեղում գամված պահել:

ՖՐԵՆՍԻՍ ԲԵԿՈՆ

14 Մրտ

Բարեկամության գլխավոր արգասիքը թեթևացնելն ու ազատագրելն է գերլեցունությունից ու լարվածությունից, որոնք հարուցում ու պատճառում են ամեն տեսակ կրքեր: Մենք գիտենք, որ խցանման ու շնչարգելակման ախտերն ամենավտանգավորն են մարմնի համար: Նույնն է նաև հոգու պարագայում… Ոչ մի դեղամիջոց այնպես չի թեթևացնում սիրտը, ինչպես իսկական ընկերը, որի հետ կարող ես կիսել քո վիշտը, ուրախությունը, երկյուղանքը, հույսերը, կասկածները, դիտավորություններն ու այն ամենը, ինչ կուտակվել ու ճնշում է սիրտդ: Դա մի տեսակ քաղաքացիական խոստովանանք է կամ մեղաց թողություն…
Պյութագորասի ասացվածքը՝ «Սիրտդ մի կրծիր», փոքր-ինչ մթին է, բայց ճիշտ իմաստ ունի: Եթե կտրուկ արտահայտվենք՝ իհարկե, նա, ով չունի բարեկամներ, ում առաջ կարող է բացվել, սեփական սրտի հաննիբալ է: Սակայն մի բան կա, որ միանգամայն հրաշալի է… Երբ քո Ես-ը բացում ես ընկերոջդ առաջ՝ դա հանգեցնում է երկու հակադարձ արդյունքի. կամ կրկնապատկվում է ուրախությունդ, կամ վիշտդ է կիսվում:

ՖՐԵՆՍԻՍ ԲԵԿՈՆ

13 Դկտ

Նոր օրգանոն

Մարդու բանականությունն ամեն ինչ ընդգրկում է, որպեսզի հիմնավորի և համաձայնեցնի այն բանի հետ, ինչն ինքը մի անգամ ընդունել է` արդյոք այն պատճառով, որ դա ընդհանուր հավատի առարկա է, թե այն պատճառով, որ դա իրեն դուր է գալիս: Ինչպիսին էլ որ լինեն հակառակը վկայող հանգամանքների ուժն ու թիվը, բանականությունը կամ չի նկատում, կամ անտեսում է դրանք, կամ էլ մեծ ու կործանարար կանխակալ հավատով մերժում և հերքում է դրանք` բացառությունները նկատելու միջոցով, ձգտելով, որ նախկին եզրակացությունների հավաստիությունն անսասան մնա: Ուստի և ճիշտ է պատասխանել մեկը հետևյալ դեպքում. երբ նրան տաճարում ցույց են տվել այն մարդկանց պատկերները, որոնք ուխտելու շնորհիվ փրկվել են վտանգավոր նավաբեկությունից, ապա նա, պատասխանելով այն հարցին, թե ինքն արդյո՞ք այժմ ընդունում է աստվածների հզորությունը, իր հերթին հարցրել է. «Իսկ որտե՞ղ են նրանց պատկերները, ովքեր ուխտելուց հետո զոհվել են»: Այդպիսին է գրեթե բոլոր նախապաշարմունքների` աստրոլոգիայի, երազների, նախանշանների, աստծո կանխորոշումների և նման բաների հիմնավորումը: Նրանք, ովքեր իրենց սփոփում են նմանօրինակ սին բաներով, նկատում են այն դեպքը, որը կատարվել է, և անուշադրության են մատնում այն, ինչ հուսախաբել է, թեև վերջինս ավելի հաճախ է լինում:

ՖՐԵՆՍԻՍ ԲԵԿՈՆ

29 Նյմ

Ծնողների և երեխաների մասին

Ծնողների ուրախությունները ծածուկ են այնպես, ինչպես նրանց դառնությունները և վախերը. նրանք չեն կարողանում բացահայտ դրսևորել առաջինները և չեն ցանկանում հայտաբերել երկրորդները: Երեխաները հոգսերը դարձնում են ավելի հաճելի, իսկ դժբախտությունները, ընդհակառակը, ավելի դառն. նրանք ավելացնում են կյանքի դժվարությունները, բայց և մեղմացնում մահվան մասին խորհրդածությունը: Տեսակի շարունակումը հատուկ է բոլոր կենդանիներին, իսկ հիշողության, արժանիքների և ազնվաբարո գործերի պահպանումը բնորոշ է միայն մարդուն: Չէ՞ որ, անշուշտ, յուրաքանչյուրին պետք է հայտնի լինի, որ ամենաազնվաբարո գործերն ու նախաձեռնությունները ծագում են այն մարդկանցից, ովքեր երեխա չունեն, և ձգտում են սերունդներին իրենց ոգու պատկերները թողնել, քանի որ արդեն չի հաջողվել իրենց մարմնի նկարագրերը նրանց թողնել. այնպես որ սերնդի հոգսն ավելի ուժեղ է նրանց մոտ, ովքեր ժառանգ չունեն: Նրանք, ովքեր առաջինն են հռչակավոր դարձնում իրենց տոհմը, ավելի ներողամտորեն են վերաբերվում իրենց զավակներին՝ համարելով նրանց ոչ միայն իրենց տոհմի, այլ նաև իրենց գործի շարունակությունը, այսինքն` ոչ միայն երեխաներ, այլ նաև ստեղծագործություններ:
Ծնողների վերաբերմունքն իրենց երեխաների նկատմամբ, եթե նրանք մի քանիսն են, շատ դեպքերում միանման չէ, իսկ երբեմն ծնողները, հատկապես` մայրը, սիրում են նաև անարժաններին: Սողոմոնը մի անգամ ասել է. «Խելացի որդին ուրախացնում է հորը, իսկ հիմարը` վշտացնում մորը»: Երեխաներով լի տանը կարելի է տեսնել, որ ավագներից մեկին կամ երկուսին հարգում են, իսկ ամենափոքրերին` երես տալիս, սակայն ամենալավ մարդիկ հաճախ ձևավորվում են հենց միջնեկներից, որոնց կարծես թե մոռանում են: Երեխա պահելիս ծնողների ժլատությունը վնասակար սխալ է. այն երեխաներին անազնիվ է դարձնում, մղում խորամանկությունների, ստիպում ընկնել վատ շրջապատ և հարկադրում ավելի շատ տրվել շռայլության, երբ հարստանում են: Եվ դրա համար էլ լավագույն արդյունքը ձեռք է բերվում այն ժամանակ, երբ ծնողներն ավելի շատ մտածում են երեխաների մոտ իրենց հեղինակության, քան քսակի մասին:
Մարդիկ (ծնողներ, դպրոցի ուսուցիչներ և ծառաներ) մանկության տարիներին եղբայրների միջև մրցակցություն առաջացնելու և դրան աջակցելու հիմար սովորություն ունեն, իսկ դա բազմիցս հանգեցրել է վեճերի, երբ նրանք չափահաս են դարձել, և խախտել ընտանիքների անդորրը: Իտալացիները համարյա տարբերությւն չեն դնում իրենց երեխաների և եղբոր ու քրոջ որդիների կամ մյուս արյունակից հարազատների միջև. նրանց համար միևնույն է՝ նրանք իր սեփական մարմնի արգասիքն են, թե ոչ, քանզի պատկանում են նույն տոհմին:
Եվ եթե ճիշտն ասենք, բնության մեջ էլ շատ նման բան է կատարվում, ընդ որում այն աստիճանի, որ երբեմն, պատահում է, տեսնում ենք երեխայի, ով ավելի նման է քեռուն կամ այլ հարազատի, քան իր ծնողին: Թող ծնողները կանխապես ընտրեն զբաղմունք և կարիերա, որոնց, իրենց կարծիքով, պետք է նվիրվեն երեխաները, քանի որ այդ ժամանակ նրանք ավելի ենթարկվող են, և թող ծնողները շատ չղեկավարվեն իրենց երեխաների հակումներով՝ համարելով, որ նրանք ավելի լավ կկապվեն այն բանին, ինչին ավելի շատ են տրամադրված: Ճիշտ է, եթե երեխաները դրսևորում են ինչ-որ բացառիկ ձիրքեր կամ ընդունակություններ, ապա ճիշտ կլինի չընդդիմախոսել նրանց, բայց սովորաբար լավ է հետևյալ պատվիրանը` Optimum elige, suave et facile illud faciet consuetude» («Ընտրիր լավագույնը, իսկ սովորությունը այն հաճելի և թեթև կդարձնի»): Կրտսեր եղբայրները սովորաբար ավելի հաջողակ են, բայց հազվադեպ կամ երբեք այնտեղ, որտեղ ավագ եղբայրները զրկված են ժառանգությունից:

ՖՐԵՆՍԻՍ ԲԵԿՈՆ

24 Հկտ

Մարդկային բնության մասին

Բնությունը մարդու մեջ հաճախ թաքցված է, երբեմն` ճնշված, բայց հազվադեպ՝ ոչնչացված: Բռնադատումը ստիպում է բնությանը դաժանորեն վրեժխնդիր լինել իր համար, խրատները փոքր-ինչ զսպում են նրա պոռթկումները, և միայն սովորությունն է կարող նրան վերափոխել ու հնազանդեցնել: Ով ձգտում է հաղթել իր մեջ բնությանը, թող իր առջև չդնի ոչ չափազանց բարդ, ոչ էլ շատ հեշտ խնդիրներ, քանզի առաջին դեպքում կընկճվի հաճախակի անհաջողություններից, իսկ երկրորդ դեպքում շատ քիչ հաջողություններ կունենա, չնայած հաճախ կհաղթի: Եվ թող սկզբում թեթևացնի իր գործը այն լողորդի նման, ով ապավինում է լողապարկերին կամ եղեգնի խրձերին, իսկ մի քիչ հետո, ընդհակառակը, դնի իրեն դժվարին պայմաններում, ինչպես վարվում են պարողները, երբ վարժություններ են անում ծանր կոշիկներով: Քանզի լրիվ կատարելության համար պետք է, որ նախապատրաստությունը ավելի դժվար լինի, քան ինքը` գործը:
… Եվ թող ոչ ոք լիովին չհավատա իր բնության դեմ տարած հաղթանակին, քանզի բնությունը կարող է երկար ժամանակ իրեն զգալ չտալ և կրկին վերակենդանանալ առիթի կամ գայթակղության դեպքում: Այդպես եղավ կատվից կնոջ փոխակերպված եզովպոսյան կույսի հետ. ի~նչ վայելչորեն էր նա նստել սեղանի մոտ, քանի դեռ նրա կողքով չվազեց մուկը: Դրա համար էլ թող մարդը կա՛մ բոլորովին խուսափի գայթակղությունից ու փորձությունից, կա՛մ ավելի հաճախ ենթարկվի նրանց, որպեսզի նրանց նկատմամբ անզգայուն դառնա:
Մարդու բնությունն ավելի հեշտ է ի հայտ բերել մենության ժամանակ, քանզի այդ ընթացքում նա իրենից դեն է նետում ողջ ցուցադրականը, կրքի պոռթկման ժամանակ, քանզի այդ ընթացքում մոռանում է իր կանոնները, ինչպես նաև նոր հանգամանքներում, քանզի այդ ժամանակ նրան լքում է սովորության ուժը:Երջանիկ են նրանք, ում բնությունն իրենց զբաղմունքների հետ համաձայնության մեջ է. այլ կերպ նրանք կարող են ասել. «Multiim incola fuit anima mea» («Երկար է ապրել իմ հոգին». Հին Կտակարան, Դավթի սաղմոս, 119), երբ հարկադրված են զբաղվել այնպիսի բաներով, որոնց նկատմամբ հակումներ չունեն: Զբաղվելով գիտություններով՝ թող մարդը ժամեր նշանակի այն բաների համար, ինչին իրեն հարկադրում է, իսկ այն բաների համար, ինչ ներդաշնակ է իր բնությանը, թող չմտահոգվի և հատուկ ժամանակ հատկացնի, քանզի նրա մտքերն իրենք դրանց կանդրադառնան, որքանով թույլ կտան ուրիշ գործերը և զբաղմունքները:
Յուրաքանչյուր մարդու մեջ բնությունը դուրս է գալիս կա՛մ որպես հացազգի, կա՛մ որպես մոլախոտ. դե, թող նա ժամանակին ջրի առաջինները և քաղհանի երկրորդները: