Tag Archives: Ֆրանսիա

Ճչում է նա, ում վերքն առավել ցավոտ է

23 Դկտ

Եղավ այն, ինչ ենթադրվում էր դեռ շաբաթներ առաջ: Կողմերից յուրաքանչյուրը կատարեց իր խոստումը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծը, իսկ Թուրքիան հայտարարեց Փարիզի դեմ կիրառվելիք պատժամիջոցների մասին։ Արդեն երեկ միջազգային մամուլը հեղեղված էր այդ մասին ահազանգող հոդվածներով: «Թուրքիան սպառնում է Ֆրանսիային», «Թուրքիան ավելացնում է ճնշումը Ֆրանսիայի վրա», «Ֆրանսիան ու Թուրքիան վիճում են օրինագծի շուրջ», և նման վերնագրերով նյութերը ի հայտ էին բերում իրավիճակի լրջությունն ու լարման աստիճանը: Իսկ երբ վրա հասավ աղմկելուց գործին անցնելու ժամանակը, առաջին պատասխան քայլը կատարեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հրապարակ հանելով իրենց մտադրությունների ողջ փաթեթը:
Ի դեպ, Էրդողանը վշտանալու միանգամից մի քանի առիթներ ուներ: Մասնավորապես նրան խորապես վիրավորել էր այն փաստը, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը հայկական բանաձևն ընդունել էր այն օրը, երբ 1979-ին Փարիզում ԱՍԱԼԱ-ի կողմից սպանվեց թուրք դիվանագետ։ Սակայն հերոսաբար մի կողմ թողնելով հույզերը, նա արտասանեց արդեն պատրաստի խոսքերը. «Մենք խստորեն քննադատում ենք այս որոշումը։ Ցավոք, այս ամենը Սարկոզիի քաղաքական նկրտումների հետ էր կապված։ Հիմա ես հարցնում եմ՝ Ֆրանսիայում խոսքի ազատություն կա՞։ Եվ պատասխանում եմ՝ ոչ։ Նրանք վերացրեցին ազատ քննարկելու մթնոլորտը»,- ասաց Էրդողանը ու հավելեց, թե այս որոշումը վերքեր բացեց Փարիզի հետ հարաբերություններում, որոնք բուժելը դժվար է լինելու:
Իհարկե, մեծ վերքեր բացելու սովոր ժողովրդի զավակը պիտի իմանա, թե դրանցից որոնք են բուժվող և որոնք՝ ոչ: Միայն թե այժմ ոչ թե բժշկության, այլ պատասխան հարված հասցնելու ժամն էր, և Էրդողանը հրապարակեց այն 8 հիմնական պատժամիջոցների ցանկը, որոնք Թուրքիան կիրառվելու է Ֆրանսիայի դեմ: Ըստ հաջորդականության դրանք ներկայացնում էին այս պատկերը.
1. Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը ետ է կանչվում Անկարա։
2. Չեղյալ է հայտարարվում քաղաքական, զինվորական ու տնտեսական համատեղ գործունեություններում, կրթության և մյուս ոլորտներում կադրերի փոխանակումը։
3. Չեղյալ են համարվում զորավարժությունները։
4. Դադարեցվում է Ֆրանսիայի հետ ցանկացած քաղաքական շփում։
5. Ֆրանսիական ռազմական օդանավերն ամեն անգամ Թուրքիայի օդային տարածքից օգտվելու դեպքում պետք է առանձին-առանձին թույլտվություն ստանան։
6. Եվրամիության հետ տարվող ծրագրերում հրաժարվելու է համագործակցել Ֆրանսիայի հետ։
7. Արգելվելու է ֆրանսիական նավերին խարիսխ գցել Թուրքիայի նավահանգիստներում։
8. Թուրքիան չի մասնակցի 2012-ին նախատեսված Ֆրանսիա-Թուրքիա տնտեսական համաժողովին։
Ահա այսպես՝ մեկը մյուսի ետևից այրելով բոլոր կամուրջները, պաշտոնական Անկարան պատրաստվում է հետայսու Ֆրանսիային ( իսկ մեծ հաշվով՝ Եվրոպային) ցույց տալ, թե որքան տխուր է լինելու աշխարհը առանց Թուրքիայի ընկերակցության: Իսկ կամուրջներ հրկիզելու մոլուցքով միայն իշխանությունները չէ, որ տառապում են: Օրինակ, Թուրքիայի առևտրականնների և արհեստավորների միությունը կոչ է արել 82 այլ միությունների և 13 ֆեդերացիաների՝ խանութների դարակներից իջեցնել ֆրանսիական ապրանքները։ Իսկ Թուրքիայի վարորդների ու ավտոսեփականատերերի ֆեդերացիան Ֆրանսիայի ընդունած որոշումը քննադատող 100 հազարավոր բրոշյուրներ է տպագրելու, որոնք կփակցվեն տաքսիներում ու հասարակական տրանսպորտում։
Առայժմ դժվար է ասել, թե նման հակաքայլերը որքանով կարող են վնասել ֆրանսիական տնտեսությանը կամ երկրի վարկը: Սակայն մի բան հայտնի է. Թուրքիայի ու Ֆրանսիայի միջև ապրանքաշրջանառությունը 2010-ին կազմել է 12 մլրդ եվրո։ Այդ թիվն ընթացիկ տարում կարող էր հասնել մինչև 14 մլրդ-ի, ընդ որում, ֆրանսիական անմիջական ներդրումները Թուրքիայում կազմում են 10 մլրդ եվրո։ Եվ եթե նույնիսկ ընդունենք, որ թուրքական բոյկոտը ֆրանսիական խոշոր ընկերություններին կարող է ոչ շահեկան դրության մեջ դնել, ապա չպետք է նաև մոռանալ, որ, ինչպես ասում են, դանակը երկու սայր ունի: Շատերն արդեն իսկ անհիմն են համարում Թուրքիայի սպառնալիքները՝ ելնելով այն իրողությունից, որ Ֆրանսիան համարվում է թուրքական ապրանքների 5-րդ ներմուծողը և 6-րդ արտահանողը Թուրքիա: Նման հարաբերակցության պայմաններում պիտի որ չափազանց դժվար լինի միանշանակ պնդել, թե տուժողը կողմերից միայն մեկն է լինելու: Այդ փաստն արդեն իսկ իր ապացույցն է գտնում այն անհանգստությամբ, որ ունեն բազմաթիվ թուրքական ընկերությունների ղեկավարներ: «Թուրքիայի տնտեսությունը արտահանման ուղղվածություն ունի և արտասահմանյան իր գործընկերների դիվերսիֆիկացիայի կարիքն է զգում` արտադրության ու աշխատատեղերի պահպանման համար»,- նշել է Թուրք գործատուների ասոցիացիայի նախագահ Ումիթ Բոյները: Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան Թուրքիայի արտասահմանյան չորրորդ գործընկերն է: Թուրքիան 2010թ. 5,4 մլրդ եվրոյի արտադրանք է արտահանել Ֆրանսիա, և այդ երկիրը հազիվ թե հեշտությամբ համակերպվի այն մտքի հետ, որ պիտի զրկվի նման սպառողից այն դեպքում, երբ տնտեսագետներն առանց այդ էլ 2012թ. տնտեսական ակտիվության նվազում են կանխատեսել:
Եվ մինչ գործարարները հաշվում ու վերահաշվում են իրենց հնարավոր կորուստները, Թուրքիայի իշխանությունները շարունակում են մանևրել հուզական դաշտում: Օրինակ, կառավարությունը սպառնում է, թե Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի երկրներում բարձրաձայնելու է «Ֆրանսիայի կողմից իրագործված ցեղասպանությունների հարցը», իսկ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը հայտարարել է, որ իրենք Անկարայում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց կկանգնեցնեն Ալժիրում ֆրանսիացիների վայրագությունների մասին պատմող հուշարձան։
Այսպիսի քայլերը հազիվ թե բավարարեն թուրք հասարակությանը, որն այսօր կբոյկոտի, իսկ վաղն իր կաշվի վրա կզգա դրա հետևանքները: Սակայն իրադարձություններից առաջ չընկնենք և հիշենք նաև, որ հայկական օրինագիծը դեռ պիտի քննարկման դրվի Սենատի Վերին պալատում: Ակնակալվում է, որ դրա վերջնական ընդունումը տեղի կունենա փետրվարին, նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ: Ենթադրվում է նաև, որ այդ ընթացքում Թուրքիան կջանա աննախադեպ ճնշումներ բանեցնել Ֆրանսիայի դեմ: Այս պարագայում բոլորովին կարիք չկա լիովին բացառել նաև այն հնարավորությունը, որ Սենատը կարող է չընդունել օրինագիծը: Չմոռանանք, որ պատգամավորների շրջանում խնդրի մասին տարակարծություններ կան, թեև ընդհանուր կարծիքն այն է, որ պետք չէ խնդիրներ ունենալ Թուրքիայի հետ, միաժամանակ պետք է գոհացնել հայ համայնքին: Այս հնարավորության կապակցությամբ և մեկնաբանելով բրիտանական The Guardian-ում ներկայացված այն տեսակետը, թե կարճ ժամանակ է մնացել մինչև նախագահական ընտրություններ, ու Սենատը չի հասցնի ընդունել օրինագիծը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչները պատասխանել են. «Այո, ժամկետը կարճ է, Սենատի նիստերը մինչև փետրվարի կեսն են լինելու: Արդեն սենատոր Կալտենբախի կողմից լսումներ են նախաձեռնվել, և հավանաբար նա ու մյուսները կներկայացնեն օրինագիծը Սենատին: Կարծում ենք` քիչ է հավանականությունը, որ չընդունվի»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Չարչրկված օրինագծի վերջին վերադարձը

12 Դկտ

Ֆրանսիայի Ազգային ժողովի սահմանադրական օրենքների, օրենսդրության ու հանրապետության ընդհանուր կառավարման հարցերով հանձնաժողովն ընդունեց Վալերի Բուայեի և նրա գործընկերների` քաղաքական մեծամասնական «Ժողովրդական շարժում միության» (UMP) և Նոր կենտրոնի կուսակցության անդամների կողմից ներկայացրած օրինագիծը, որը պատիժ է սահմանում Հայոց ցեղասպանության ուրացման համար: Օրինագիծը ստորագրեցին 40 պատգամավորներ: Ըստ այդմ, մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք կկիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածի տակ կդնեն Հայոց ցեղասպանության փաստը, որը Ֆրանսիան օրենքի մակարդակով ընդունել է 2001-ի հունվարի 29-ին: Այս առթիվ Բուայեն հայտարարեց. «Մենք կգնանք մինչև վերջ, և Ֆրանսիան ավելի քան երբեք կդրսևորվի իբրև մարդու իրավունքների երկիր»։
Գուցե թե Բուայեն ինչ-որ բան գիտի, եթե այդքան վստահաբար է խոսում: Մեզ ընդամենը հայտնի է այն, որ հոկտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ընդգծեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը ու նախազգուշացրեց, որ իր երկիրը մինչև տարեվերջ կարող է ընդունվել օրենք, ըստ որի այդ իրադարձությունների հերքումը կհամարվի հանցագործություն: Սրա հետ մեկտեղ մեզ հայտնի է նաև, որ այս տարվա մայիսի 4-ին նույն Ֆրանսիայի Սենատը երեք ժամ տևած քննարկումներից հետո մերժեց Եղեռնի հերքումը քրեականացնող օրինագիծը: 196 սենատոր դեմ քվեարկեցին, ինչի արդյունքում նախագիծը դուրս մնաց Սենատի օրակարգից: Ի դեպ, այդ օրերին ևս կային մարդիկ, ովքեր արտասանում էին Բուայեի խոսքերին մոտ մտքեր…
Սակայն արժե դիտարկել ներկա իրավիճակի այն նրբերանգները, որոնք փոքր-ինչ այլ ընթացք են խոստանում այս խնդրի ճակատագրին: Նախ արձանագրենք, որ օրինագիծը հանձնաժողովում անցավ հենց այն ժամանակ, երբ Մարսելում էր գտնվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս ոչ միայն հարկ համարեց ընդգծել, որ օրինագծի ընդունումը ընդգրկվում է բարեկամական հարաբերությունների նույն շրջանակում, ինչն առկա է հայ-ֆրանսիական առնչություններում, այլև ուղղակի և անուղղակի ձևերով ֆրանսահայերին կոչ արեց առաջիկա նախագահական ընտրություններում քվեարկել Նիկոլա Սարկոզիի օգտին: Այլ կերպ դժվար է մեկնաբանել Սարգսյանի ելույթի այն հատվածը, որտեղ նա ասում էր. «Ես ուզում եմ իմ հայրենակիցներին հավաստիացնել, որ Ֆրանսիայի նախագահ պարոն Նիկոլա Սարկոզիի վերջին այցը Երևան, իրոք, պատմական այց էր, և աշխարհի որևէ երկրի ղեկավար մեր ժողովրդի ցավերի` կապված հենց հայ-թուրքական հարաբերությունների հետ, ցեղասպանության հետ, որևէ մեկն այդպիսի խոսքեր չէր արտաբերել երբեք, և մենք ուղղակի պետք է երախտապարտ լինենք այս չքնաղ երկրի իմաստուն նախագահին»:
Մինչ կներկայանար չքնաղ երկրին շնորհակալություն հայտնելու առիթը, այդ ընթացքում կատարվածից զայրացած Թուրքիայի ԱԳ նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ դժգոհություն հայտնելով օրինագծի կապակցությամբ: «Ֆրանսիայի իշխանությունները գիտեն այս լուրջ խնդրի վերաբերյալ մեր երկրի զգայունությունը։ Այն շրջանում, երբ Թուրքիա-Ֆրանսիա համագործակցության հնարավորությունները կարող են մտնել զարգացման կայուն փուլ, նման նախաձեռնությունները բացասաբար կանդրադառնան ընթացքին։ Հետևանքների համար պատասխանատվությունը կրելու է այդ ամենը նախաձեռնող կողմը։ Ֆրանսիայից մեր սպասելիքն այն է, որ նա աջակցություն ցուցաբերի Թուրքիայի ու Հայաստանի միջև պատմության հետ կապված անհարթությունը երկխոսության միջոցով կարգավորմանը»,-ասվում էր թուրքական կողմի հայտարարության մեջ։
Ինչ խոսք, հեքիաթներն այն մասին, թե կան հայ-թուրքական հարաբերություններ և դրանք կարող են խաթարվել, հազիվ թե համոզիչ հնչեն Փարիզի համար: Իր հերթին Երևանի համար նույնքան պարզ է, որ ցանկացած երկրի կողմից Հայոց ցեղասպանության հարցի ճանաչումը միշտ էլ եղել է Թուրքիայի հետ հարցերը լուծելու միջոց, և Ֆրանսիան այս շարքում բացառություն չէ: Բավական է միայն հիշել Իսրայելի օրինակը, որը Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից անմիջապես հետո բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, սակայն հենց որ կացության չնչին հարթեցում գրանցվեց, նրանք նույն արագությամբ հարցի քննարկումը Կնեսեթում հետաձգեցին անորոշ ժամանակով: Իսկ ի՞նչն է խանգարում ֆրանսիացիներին վարվել հրեաների պես: Ըստ էության, ոչինչ: Եթե այսօր Թուրքիայի համար մի ցավոտ օրինագիծ Ազգային Ժողով է մտել, կնշանակի կա խնդիր, և այդ խնդրում Ֆրանսիան դեռ իր ցանկացածը չի ստացել Թուրքիայից: Առաջիկա շաբաթները բավարար ժամանակահատված են, որպեսզի Ֆրանսիան սպասի Թուրքիայի արձագանքին և ըստ այդմ կայացնի իր որոշումը: Միևնույն ժամանակ՝ չմոռանալով նախընտրական շրջանի առանձնահատկությունները, չի կարելի լիովին բացառել, որ այդ գործոնը ուժեղ գտնվի նախորդից, այսինքն՝ նույնիսկ Թուրքիայի կողմից Ֆրանսիայի ցանկությունը կատարելու պարագայում նախագիծն ընդունվի: Մի խոսքով, տվյալ իրավիճակում մեր ցանկություններն ու ջանքերը ոչ մի էական նշանակություն ունենալ չեն կարող, և գլխավոր ընտրությունը Ֆրանսիայինն է. այնտեղ պիտի որոշեն, թե ի՞նչն է առաջնային` կամ Սարկոզիի շահերը, կամ Թուրքիայի հետ հարաբերությունների պահպանումը:
Այս իմաստով խիստ հատկանշական էր Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի հայտարարության հետ կապված պատմությունը: Երբ Ժյուպեն Անկարայում նշել էր, թե «Փարիզը պատրաստ է հյուրընկալել հայերի ու թուրքերի հանձնախմբերին, որոնք կքննարկեն 1915-ի ցավալի իրադարձությունները», դիվանագետի այս մտքերը խիստ վրդովմունք էին առաջացրել հայերի շրջանում, ինչին ի պատասխան պաշտոնական Փարիզի ներկայացուցիչը նկատել էր. «Ճիշտ է, Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն չպետք է անտեսել Թուրքիայի դերը տարածաշրջանում ու նրա հարաբերությունները Եվրոպայի հետ»:
Այո, դա իսկապես չի անտեսվելու: Իսկ ինչ վերաբերում է չարչրկված օրինագծի վերջին վերադարձին, ապա Ֆրանսիայի Ազգային ժողովի օրենսդիր հանձնաժողովի նախագահ Ժան-Լյուկ Վարսմանը հնարավոր է համարել, որ այն խորհրդարանի ստորին պալատի քննարկմանը ներկայացվի դեկտեմբեր ամսվա ընթացքում։ Ուրեմն մինչև տարեվերջ մենք հնարավորություն կստանանք իմանալու մեզ հուզող մի շարք հարցերի պատասխանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Սառը, շատ սառը, ամենասառը…

24 Նյմ

Հայ-թուրքական ներկա հարաբերությունների անհասկանալի բնույթը, ինչը նույնիսկ թույլ չի տալիս պատասխանել այն պարզագույն հարցին՝ դրանք կան, թե՞ չկան, իր անկայունությամբ հանդերձ շարունակում է ոչ միայն զբաղեցնել առճակատող կողմերին, այլև ժամանակ առ ժամանակ մատուցել այնպիսի թարմ տեղաշարժեր, որոնք ստիպում են կամա թե ակամա վերադառնալ այդ նյութին: Վերջին օրերի ընթացքում միանգամից մի քանի առիթներ ներկայացան հարևան երկրին վերհիշելու համար: Նախ հայտնի դարձավ, որ հաստատվել ու օրենքի ուժ է ստացել Սլովակիայի Ազգային խորհրդին ներկայացված Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացում ենթադրող օրինագիծը, ինչը հաճելի անակնկալ էր շատերի համար: Դրանից անմիջապես հետո տեղեկություն տարածվեց այն մասին, որ նույն ճանապարհն են բռնել նաև ֆրանսիացիները, և Ֆրանսիայի Սենատի օրակարգ է վերադարձել համանման մի օրինագիծ՝ դարձյալ քրեական պատասխանատվություն նախատեսող: Կարծես այսքանը քիչ էր, օվկիանոսի մյուս կողմից էլ Միացյալ Նահանգների հայամետ կոնգրեսականները վերստին հաստատեցին իրենց աջակցությունը Հայաստանի նկատմամբ և հատկապես նշեցին, որ «շատ կարևոր է, որպեսզի ԱՄՆ-ն համապատասխան դիվանագիտություն ցուցաբերի Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար: «Հուսով ենք, որ ամերիկյան ղեկավարության մասնակցությամբ կարգավորումը կարող է լինել շուտով»,-ասում էին նրանք:
Սակայն առավել նշանակալի իրադարձություններից մեկն, անկասկած, Երևանում կայացած հայ-թուրքական գործարար համաժողովն էր, որին մասնակցում էին գործարար շրջանակների ու հասարակական կառույցների գրեթե 100 ներկայացուցիչներ, իսկ նրանցից 50-ը ժամանել էին Թուրքիայից: Մասնակիցները չմոռացան այդ հանդիպումը բնութագրել որպես համագործակցության համեստ փորձ՝ թուրք քաղաքական գործիչներին սթափեցնելու համար, որպեսզի նրանք հրաժարվեն իրենց կարծրատիպերից, ինչն էլ լրջորեն զայրացրեց պաշտոնական Անկարային: Այլ կերպ դժվար է բացատրել նրանց հապշտապ արված հայտարարությունը, որ տարածվեց համաժողովի փակումից անմիջապես հետո՝ նպատակ ունենալով սառը ջուր լցնել Երևանում հավաքվածների ոգևորության վրա: Թուրքիայի ԱԳ նախարարությանը հատկապես խոցել էր Հայաստանի ու Թուրքիայի ձեռնարկատերերի միջև համագործակցության մասին պայմանագիր կնքելու փաստը։ Եվ ահա ԱԳՆ մամլո ծառայությունը տեղեկացնում էր, որ թուրք բիզնեսմենների այցը Հայաստան և փաստաթղթի ստորագրումը եղել է առանց թուրքական կառավարության գիտության: «Թուրքիայի կառավարությունը չի ճանաչում Երևանում կայացած գործարար ֆորումում Թուրքիայի ու Հայաստանի ձեռնարկատերերի միջեւ կնքված պայմանագիրը»,- ասված էր արտաքին գերատեսչության տարածած զայրալից տեքստում։
Բայց արի ու տես, որ դա ոչ մեկին առանձնապես չվշտացրեց: Գործարարներն անմիջապես պատասխանեցին, որ արտգործնախարարության բացասական հայտարարությունը որևէ կերպ չի կարող անդրադառնալ պայմանագրով նախատեսված քայլերի իրականացմանը այն պարզ պատճառով, որ կողմերը հասարակական կազմակերպություններ են և այդ բնույթի սպառնալիքները չեն կարող ազդել նրանց համագործակցության վրա:
Թվում էր՝ հենց այսքանով էլ կարելի էր փակված համարել հայ-թուրքական առնչությունների թեման, եթե Մեծ Բրիտանիայի թագուհու հրավերով Լոնդոնում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Թեմզայի ափին չհիշեր հարևան Հայաստանին և հարկ չհամարեր այդ մասին իր նորագույն տպավորությունները կիսել լրագրողների հետ: Առաջին հերթին Գյուլն անդրադարձել էր հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրին, ինչի առիթով ասել էր, թե դժվար խնդիրները մեկ քայլով չեն լուծվում։ «Հայ-թուրքական հարաբերություններն այնքան սառած են, որ փչելով չեն հալչում։ Արձանագրությունների ստորագրման պահը լավ ժամանակաշրջանն էր, սակայն, ըստ իս, կային չհամաձայնեցված բաներ։ Այս գործում տարածաշրջանում բոլորն իրենց շահերն ունեին»,-նշել էր նա և ապա հավելել, թե հայ-թուրքական արձանագրությունները դեռ ամբողջովին չեն մահացել։
Շփումների ջերմաստիճանի մասին մրսած մարդու տեսանկյունից դատող նախագահը թերևս ճիշտ կաներ, եթե սանդղակի վրա սառնության չափորոշիչը հստակեցնելուց առաջ նաև բացատրեր, թե այդ ե՞րբ են երկու երկրների հարաբերությունները եղել ջերմագին ու եթե նույնիսկ եղել են, ապա ի՞նչ պատճառով դրանք սառցակալեցին:
Գյուլի փոխարեն այս անգամ էլ պարզաբանումը հնչեց Երևանից: Իշխող կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց, որ եթե Թուրքիայի նախագահին տաքություն է պետք, ապա նրա երկիրն առաջին հերթին պիտի վերացնի Հայաստանի շրջափակումը, քանզի պաշտոնական Անկարայի կողմից իրականացվող քաղաքականությունը լրջորեն վնասում է տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:
Թուրքիան, իհարկե, ոչ սահման կբացի, ոչ էլ արձանագրություն կստորագրի: Ի դեպ, այս փաստը օրերս հաստատեց նաև Թուրքիայի խորհրդարանի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքիրը, որը Բաքվում հավաստիացրեց եղբայր ադրբեջանցիներին, թե «թուրք -հայկական հարաբերությունների կարգավորման մասին այդ երկրների ստորագրած Ցյուրիխյան արձանագրությունները չեն վավերացվի»: Իրականում Բոզքիրի պնդումները սոսկ սիրաշահության համար չէին հնչում: Ակնհայտ է, որ Թուրքիայի քաղաքական շրջանակներում դեռևս գոյություն ունի լուրջ հակազդեցություն, և ոչ այդ երկրի նախագահը, ոչ վարչապետը չեն կարող այլ բան ասել (կամ անել), քան իշխող տրամադրությունն է թելադրում: Այս իմաստով միանգամայն հասկանալի ու բնական է հնչում նաև Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի խիստ քննադատությունը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին՝ պատմության հետ առերեսվելու կոչի առնչությամբ։ Կուսակցապետն Էրդողանին ուղղված իր քննադատության մեջ հայտարարել էր, թե Թուրքիայի վարչապետի և Հայկական սփյուռքի մտածելակերպի աշխարագրությունը նույնն է։ «Եթե մոտ ապագայում Թուրքիայի վարչապետը Հայոց ցեղասպանության հարցը դնի թուրք ժողովրդի օրակարգում, բոլորովին չեմ զարմանա»,-ասել էր Քըլըչդարօղլուն։ Ու եթե այս մտայնության դիրքերից գնահատելու լինենք կացությունը, ապա նույնիսկ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքերում կարելի է գտնել անկեղծության եզակի նմուշ, ով Financial Times-ին տված հարցազրույցում խոստովանել էր, որ Հայաստանի հետ լարվածության աճը օրակարգում չի դրված:
Այո, օրակարգում կարող է նման հարց չլինել, քանի որ այն լիուլի գոյություն ունի իրականության մեջ: Եվ այդ իսկ պատճառով երկու երկրների հարաբերությունները այլ կերպ չես անվանի, քան սառը: Չափազանց սառը…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԲՐԻՋԻՏ ԲԱՐԴՈ

10 Նյմ

Ամենալավ օրն իմ կյանքու՞մ: Դա կատարվեց գիշերը…
Աշխարհն այնքան փոքր է, որ ի վերջո մենք բոլորս էլ կհանդիպենք անկողնում: Բայց մի՞թե դուք կարծում եք, որ երբ գիշերը միայնակ պառկում ես անկողնում, ապա միտքն այն մասին, թե քեզ սիրում է աշխարհի կեսը, կարող է մխիթարել քեզ: Աշխարհի կեսը ոչինչ է: Որքան շատ եմ ես ինձ մեղավոր զգում տղամարդու հանդեպ, այնքան ավելի շատ ուշադրություն եմ հատկացնում նրան: Ուզենք, թե չուզենք՝ կանայք հանդիսանում են այն բանի արտացոլանքը, ինչ նրանց դարձնում են տղամարդիկ: Որքան ավելի շատ են կանայք ձգում ազատագրվել, այնքան նրանք ավելի դժբախտ են դառնում: Ավելի լավ է լինել անհավատարիմ, քան լինել հավատարիմ՝ առանց այդպիսին լինելու ցանկության…
Երբ դը Գոլն ասում է, որ Ֆրանսիան ինքն է, նա ճիշտ է ասում: Բայց նա մոռանում է իմ մասին: Ես նույնպես Ֆրանսիան եմ, թեև բոլորովին այլ սեռի:

Ի՞նչ է ուզում մեզնից Ֆրանսիան

1 Հկտ

Ավարտվեց նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա: Պատվո պահակազոր, նվագախումբ, բարձր կարգի ընդունելություն, ջերմ խոսքեր: Ֆրանսիացիները ոչինչ չխնայեցին Հայաստանի նախագահին հավուր պատշաճի հյուրընկալելու և բարեկամ երկրի տպավորությունը վերահաստատելու համար: Միայն թե այս հանդիսավորության ու շքեղության արտաքին փայլերն այլևս ոչ մեկին չեն զարմացնում, երբ էականն այն է, թե ի՞նչ կարելի է ակնկալել նման շփումներից և ո՞րն էր այցի հիմնական արդյունքը, ինչը այդպես էլ տեղ չզաղեցրեց պաշտոնական հաղորդագրությունների էջերում:
Գաղտնիք չէ, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում: Այդ երկիրն էական դերակատարություն ունի մեզ համար կենսական նշանակություն ներկայացնող հիմնախնդիրներում, իսկ այս պարագայում պարզապես կայուն հարաբերությունների պահպանումը քիչ է: Պահանջվում է մի փոքր ավելին՝ խոսքը գործի վերածելու, ներդրված ջանքերի պտուղները ճաշակելու համար: Ու երբ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեն ասում է, թե այնպիսի միջխորհրդարանական հարաբերություններ, ինչպիսիք առկա են Հայաստանի ու Ֆրանսիայի միջև, ֆրանսիական խորհրդարանը քիչ երկրների հետ ունի, երբ նույն շեշտադրումով հավաստիացումներ են շռայլում այդ երկրի վարչապետն ու Փարիզի քաղաքապետը, դրանք լսելը հաճելի է և շոյում է մեր ինքնասիրությունը: Սակայն մեծ քաղաքականությունը հաճոյախոսությունների փոխանակման թատերաբեմ չէ, իսկ Հայաստանի կարգի երկրներն իրենք քաղցը չեն կարող հագեցնել միայն գեղեցիկ բառեր ճաշակելով:
Ա. Սարգսյանի այցի օրերին շատերը հիշեցին, որ ամիսներ հետո Ֆրանսիայում կայանալու են նախագահական ընտրություններ, իսկ հոծ ու բավականին ակտիվ հայկական համայնքի ձայները պակաս նշանակություն չունեն թեկնածուների համար: Այս տեսանկյունից ամենևին պատահական չէր, որ հատկապես այդ օրերին Փարիզի հայաշատ թաղամասերից մեկում` Ալֆորվիլում նախագահական ընտրություններում թեկնածու Ֆրանսուա Հոլանդը որոշեց հանդիպել տեղի հայերի հետ ու հայտարարել, թե Ֆրանսիայի Սենատի նոր ձախական մեծամասնությանը պատրաստվում է առաջարկել «ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման» օրինագիծը: Հոլանդը հիշեցրեց, որ նմանօրինակ խոստում դեռևս 2007-ին տվել էր ներկայիս նախագահ Նիկոլա Սարկոզին, որն այդպես էլ չի կատարել իր խոստումը:
Նմանօրինակ հիշեցումները նույն հաջողությամբ կարող են վերագրվել նաև Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, որտեղ Ֆրանսիան, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, այնուհանդերձ բավական զուսպ կեցվածքի կրողն է, ինչը տվյալ պարագայում մեզ համար այնքան էլ նպաստավոր չէ, թեև լուրջ դժգոհությունների պատճառներ ևս չունենք: Ու երբ այսօր որոշ վերլուծաբաններ հակված են պնդելու, թե առաջիկայում Ֆրանսիան կարծես թե հավակնում է առաջապահ դիրքեր ստանձնել ինչպես Հարավային Կովկասում ընդհանրապես, այնպես էլ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում մասնավորապես, ապա այդպիսի հեռանկարը բուռն ոգևորությունից առաջ պահանջ ունի լուրջ քննության:
Երկու երկրների փոխկապակցվածության հաջորդ հարթությունը տնտեսության ոլորտն է: Այս դեպքում մենք սովորաբար սիրում ենք արձանագրել, որ Ֆրանսիան Հայաստանում ներդրումների ծավալով երկրորդ երկիրն է, որ այդ ներդրումները միայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել են գրեթե 700 միլիոն, որ Հայաստանում գործում են ֆրանսիական կապիտալով 155 ընկերություններ և այլն: Այո, փաստ է, որ այսօր ֆրանսիական ներդրումներ ունենք բազմաթիվ ոլորտներում` հեռահաղորդակցություն, խմիչքների արտադրություն, բանկային գործ, դեղագործություն, բժշկություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն: Փաստ է նաև այն, որ Փարիզում նախագահ Սարգսյանը քննարկեց երկու երկրների հնարավոր համագործակցությունը Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման շուրջ, ինչը թերևս այնքան էլ դուր չգա Ռուսաստանին, որը մեր հանրապետությունում իր սեփական էներգետիկ շահերն ու ծրագիրը ունի և հազիվ թե հաճույքով համակերպվի երրորդ դերակատարի ներկայությանը: Ամեն դեպքում, պետք է ենթադրել, որ փոփոխությունների հավանականությունը խիստ մեծ է, իսկ դա կարող է առավել ընդգծված ներկայանալ ոչ հեռու ապագայում:
Ինչպես արդեն հայտնի է, հոկտեմբերի սկզբին տարածաշրջանային այցով Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան է այցելելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Վերջինս արդեն հայտարարել է, թե ինքն անհամբերությամբ է սպասում Հայաստան կատարելիք իր պետական այցին, և այցի ձևաչափն ինքնին միտված է ցուցադրելու երկու երկրների հարաբերությունների բացառիկ ջերմությունը: Սակայն կարծում ենք, որ նշված ձևաչափը նաև այլ բնույթի միտումներ և հակումներ է դրսևորելու, որոնցից մեկի ականատեսը դարձանք բոլորովին վերջերս: Խոսքն այն մասին է, որ համաշխարհային քաղաքական դաշտում շատերի համար աննախադեպ ակտիվության նշաններ ցուցադրող Փարիզն ամենայն հավանականությամբ պատրաստվում է առանձնահատուկ դեր հատկացնել նաև Հայաստանին՝ նկատի ունենալով Ֆրանսիայի վերաբերմունքի կոշտացումը Իրանի հարցում: Երբ ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն Իրանին սպառնաց պատերազմ սկսել, եթե այդ երկիրը չդադարեցնի միջուկային ծրագրի իրագործումը, սա չնախատեսված դեմարշ էր բոլոր առումներով: Միջազգային փորձագետները շտապեցին հասկանալ այդ հանկարծական բռնկումի դրդապատճառները, նույնիսկ մտքեր հնչեցին այն մասին, թե Ֆրանսիայի ակտիվությունը կարելի է բացատրել Վաշինգտոնի վարչակազմի կողմից հռչակված ավելի «պասիվ» արտաքին քաղաքական կուրսով, ինչն էլ դրդել է ֆրանսիացիներին «դատարկ չթողնել սուրբ տեղը»: Հիշեցին Լիբիայում Ֆրանսիայի գրանցած հաջողությունը, որը կարող էր ոգևորել նրանց: Հիշեցին նաև, որ հիմա Փարիզում սկսել են ավելի հաճախ խոսել Սիրիայի և Իրանի մասին: Մի խոսքով, ամեն բան փոխկապակցված է, իսկ ղարաբաղյան գործընթացում Մոսկվայի հաշտարար առաքելության ձախողումից հետո ի՞նչն է խանգարում Սարկոզիին ստանձնել «առաջին ջութակի» դերը, առավել ևս, որ նա արդեն նման մի փորձ ունի՝ վրաց-ռուսական պատերազմի ժամանակ: Այս իմաստով Իրանի հետ սահմանակից ու բարեկամ Հայաստանը ֆրանսիական նոր նկրտումների համատեքստում կարող է օժտվել որոշակի առաքելություններով: Մնում է միայն հասկանալ, թե Հայաստանին ինչ կարող է տալ այդ արտոնությունը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

«Наверно завтра или послезавтра…»

13 Սպտ

Հայաստանում Սարկոզի անունով մարզ չկա, ինչպես Ժակ Շիրակի դեպքում էր, բայց այս հանգամանքը չի խանգարի, որպեսզի Ֆրանսիայի նախագահին մեր երկրում ընդունեն նույնքան գրկաբաց, որքան նրա նախորդին: Մնում է միայն համոզվել, թե արդյո՞ք նա պատրաստվում է ժամանել Հայաստան և երբ: Բանն այն է, որ հավատարիմ մնալով տարօրինակ ու անհասկանալի օրինաչափությանը, մենք կրկին այս մասին իմանում ենք վերջինը, այն էլ՝ օտար աղբյուրներից: Մինչ արտգործնախարարությունը՝ բերանը ջուր առած, չհիմնավորված լռություն է պահպանում, այդ ընթացքում լրատվամիջոցներում մեկը մյուսին են հաջորդում տեղեկություններն այն մասին, թե հոկտեմբերի 7-9-ը Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Այս ամսաթիվն, ինչ խոսք, խիստ պայմանական է, քանի որ որևէ ծանրակշիռ ապացույց չունի: Իսկ եթե նաև հիշենք, որ Սարկոզիի այցելությունը մեր երկիր արդեն մի քանի անգամ հետաձգվել է, ապա յուրաքանչյուր շրջադարձ միանգամայն հնարավոր է դառնում: Ամեն դեպքում ստիպված ենք ականջ դնել նաև վրացական աղբյուրներին, որոնք գրեցին, թե բարձրաստիճան հյուրը այցելելու է Վրաստան, ապա գալու է Հայաստան և կարճատև այց է ունենալու նաև Ադրբեջանում: Դրա մասին հայտնեց Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավան։ Վրացի դեսպանի խոսքերով, Սարկոզիի այցը Հարավային Կովկաս կլինի «շատ կարևոր», սակայն վրացական տարբերակում նույնպես ասվում էր, որ հստակեցված չեն այցի ժամկետները։ Պակաս անորոշ չէր նաև Բաքվի տեղեկությունը: Ադրբեջանցիները գրեցին, որ Սարկոզին իրենց մոտ կլինի հոկտեմբերի առաջին տասնօրյակին, ծրագիրն ու կոնկրետ ժամկետը դեռ գտնվում են մշակման փուլում և հայտնի կդառնան ավելի ուշ։ Նույնիսկ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, որին վկայակոչել էր «Nouvelles d’Armenie» հանդեսը, նոր լույս չսփռեց այս խորհրդավոր ուղևորության մանրամասների վրա: Իսկ այն ամենը, ինչ մնաց ենթադրությունների դաշտում, դարձավ շատ ավելի տարողունակ ու բազմաշերտ: Օրինակ, Թբիլիսին պատրաստվում է բանակցությունների ժամանակ պնդել ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման Մեդվեդև-Սարկոզի ձախողված պլանի կատարման խնդիրներին վերադառնալու անհրաժեշտությունը: Գալով Հայաստանին ու Ադրբեջանին, այստեղ կռահելն առանձնապես դժվար չէ: Հաշվի առնելով Ֆրանսիայի ունեցած միջնորդական դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, կարելի է միանշանակ ասել, որ ի թիվս այլ հարցերի՝ Ֆրանսիայի նախագահը հիմնավորապես քննարկելու է այս թեման: Նման համոզվածության են մղում նաև վերջին շրջանում լայն տարածում գտած այն տեղեկությունները, թե իբր պաշտոնական Փարիզը պատրաստվում է վերանայել իր մասնակցության որակն ու կարգավիճակը: Նմանատիպ լուրերի շարքում առանձնակի արձագանքի արժանացավ անանուն դիվանագիտական աղբյուրից քաղված այն «արտահոսքը», թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների որոշմամբ յուրահատուկ փոփոխություն կարող է տեղի ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորված «ռոտացիայի» շրջանակը, այսուհետ առաջատար միջնորդի գործառույթները Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևից կարող են անցնել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին։ Այս տեղեկությանը գումարված էր նաև լրացուցիչ ենթադրություն առ այն, որ Մադրիդյան սկզբունքների իրագործման փոխարեն կարող են գործի դրվել «խաղաղության հարկադրման» միջազգային նոր մեխանիզմներ։ Դրանց թվում նշվում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի տարածքում «ՄԱԿ-ի ենթամանդատային տարածքի» ձևավորումը, որին հաջորդելու է միջազգային խաղաղապահների տեղակայումը։
Կարծես եղածը քիչ էր, հաջորդ քայլը դարձավ այն, որ լուրեր տարածվեցին, թե կարող է փոփոխության ենթարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմը: Սակայն վերջին «նորամուծությունը» շատ արագ հերքվեց, քանի որ ընդամենը մի քանի օր առաջ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն տարածեցին, ուր նշված էր, որ «համանախագահող երկրների կառավարությունները կշարունակեն բարձր մակարդակով իրենց ներգրավածությունը հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաեւ կավելացվեն ջանքերը` հրադադարը պահպանելու և Հիմնարար սկզբունքների շրջանակում համապարփակ խաղաղության հասնելու համար»։ Այնսինքն՝ կազմն առաջվանն է, ծրագրերն՝ անփոփոխ:
Ինչ վերաբերում է Սարկոզիի դերակատարությանը, ապա դժվար է նրան համարել ԼՂՀ-ի ճակատագրով մտահոգված կամ ամենաակտիվ միջնորդներից մեկը: Մինչ այժմ նա հետևողականորեն իր ստորագրությունն է թողել բոլոր համատեղ հայտարարությունների ներքո և ընդամենը այդքանը: Բացառություն կազմեց այս տարվա հունիսին նրա ուղերձը՝ հասցեագրված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Դա Կազանի եռակողմ հադիպումի նախօրեին էր: Այն ժամանակ Սարկոզին գրում էր, որ եկել է պահը ամրագրելու այն սկզբունքները, որոնց հիման վրա կարող են այնուհետև ծավալվել կարգավորման բուն բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի խոսքով, պատմության ընթացքում լինում են պահեր, երբ պետության ղեկավարներն իրենց ժողովրդին պետք է ցույց տան խիզախության, իմաստնության ու խաղաղության ճանապարհը: Եվ ահա Սարկոզին կարծում էր, թե վրա է հասել հենց այդ պահը: «Իմացեք, որ բոլոր դեպքերում ես՝ որպես բարեկամ և ինձ հետ է Ֆրանսիան, որն իրեն համարում է քույրը Հայաստանի, հղում ենք Ձեզ այս վճռորոշ հանդիպման հաջողության ամենաանկեղծ մաղթանքներ: Իմ երկիրը ջանք չի խնայի սատարելու Ձեզ այդ ճանապարհին»,- հուզախառ հնչերանգներով իր ուղերձն էր եզրափակել Ֆրանսիայի նախագահը: Թե ինչ եղավ այնուհետև, արդեն հայտնի է: Եվ այժմ նա թերևս պատրաստվում է տեղում հստակեցնել պատմական պահի հնարավորությունները:
Այն, որ Սարկոզին կժամանի տարածաշրջան, կասկածից վեր է: Այդ մասին են վկայում նաև վերջերս Ֆրանսիայի ու Ռուսաստանի ԱԳ և պաշտպանության նախարարների կայացած բանակցությունները, որոնց ընթացքում անդրադարձ է եղել Ղարաբաղի խնդրին: Միևնույն ժամանակ օրերս Սերժ Սարգսյանն ընդունեց Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Թիերի Մարիանիին: Հանդիպմանը զրուցակիցները ընդգծեցին, որ առաջիկայում նախատեսվող Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների փոխայցելությունները կարևոր նշանակություն կունենան երկկողմ հարաբերությունների խորացման և առավել ամրապնդման համար: Սովորաբար նման ժլատ խոսքերի թիկունքում է քողարկվում այն ողջ ծանրությունը, որն անբաժան է բարդ հարցերի շուրջ ուժեղների ու թույլերի երկխոսությունից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

1956: ԵՐԵՎԱՆ: ՑՈՒՅՑԵՐ

8 Փտր

Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Քրիստիան Պինոի անունը հայաստանցուն քիչ բան է ասում, եթե հաշվի չառնենք մի մոռացված փաստ: Պինոն 1956 թ, մայիսի 22-ին պաշտոնական այցով եղել է Երևանում` առիթ տալով այն տարիների համար աննախադեպ տարերային ցույցերի: Ցուցարարները հիմնականում ներգաղթած ֆրանսահայերն էին, որոնք ԱԳ նախարարից խնդրում էին. «Փրկեք մեզ, փրկեք մեզ, ուզում ենք մեկնել, կեցցե Ֆրանսիան»: Այս անսպասելի միջադեպը այն ժամանակ լայն արձագանք գտավ ֆրանսիական և ամերիկյան մամուլում: Փոխարենը «Սովետական Հայաստան» օրաթերթը մի պարզ թղթակցություն հրապարակեց Ք. Պինոնի այցի մասին` ոչ մի բառ չհիշատակելով «անկարգությունների» մասին: Այդ օրերին ԱԳՆ մի բարձրաստիճան պաշտոնյա, հանդես գալով սփյուռքահայ մամուլում, գրում էր, թե ցույցերը ինքնաբուխ էին և հնարավոր էին դարձել խրուշչևյան վարչակարգի մեղմացած քաղաքականության շնորհիվ: Ֆրանսահայ ներգաղթածների թիվը Հայաստանում 7000 էր: Նրանց մեծ մասը ցանկանում էր վերահաստատվել Ֆրանսիայում, վիզա ստանալ: Մոսկվայում ֆրանսիական դեսպանատանը հրահանգվել էր լրջորեն զբաղվել այդ հարցով: Ամենատարբեր ատյանների դռները ծեծելուց ու բողոքներից հետո մեծ թվով մարդկանց հաջողվեց հեռանալ Հայաստանից, թեև ստեղծվում էին բազմաթիվ արգելքներ, ամբողջ թափով գործում էր ՊԱԿ-ի խափանարար ձեռքը: Տարօրինակ է, որ մինչև այժմ էլ այս դեպքերի մասին Հայաստանում որևէ փաստացի և մանրամասն հրապարակում դեռ չի եղել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Զայրացած Ազնավուրը և ուրացող Սարկոզին

26 Հնվ

Աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրն այնուամենայնիվ որոշեց իր ուժերը փորձել քաղաքականության ասպարեզում և վերջին օրերին մի քանի աղմկահարույց հայտարարություններ արեց: Դրանք բոլորն էլ այս կամ այն կերպ առնչվում էին հայ-թուրքական հարաբերություններին, միայն թե հատկանշական էի նրանով, որ այս անգամ խիստ կտրական էին և նույնիսկ ինչ-որ չափով ագրեսիվ: Թե ինչով է պետք բացատրել Ազնավուրի նման հանկարծակի ելույթը, և արդյո՞ք սա կարելի է դիտարկել նոր ամպլուայում հայտ ներկայացնելու տեսանկյունից, դժվար է ասել: Բայց որ դրանք անարձագանք ու անհետևանք չեն մնա, նույնիսկ երգիչն ինքը կասկած չունի:
Ելույթ ունենալով Երուսաղեմի համալսարանի սահմանած միջազգային մրցանակի հանձնման արարողության ժամանակ, Ազնավուրը դառը խոսքեր արտասանեց թուրքերի հասցեին, հայտարարեց, թե միայն վերջին տարիներին է ի հայտ եկել Թուրքիայի «քարանձավային հակասեմիտիզմը», այդ երկիրը ակնհայտ հակահրեական դիրք է զբաղեցրել բոլոր մերձավորարևելյան խնդիրներում, որից անմիջապես հետո Իսրայելին կոչ արեց պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Այս ելույթից չէր անցել երկու օր, երբ շանսոնյեն հարկ համարեց երկրորդ անգամ նույն հարցի առնչությամբ հրապարակային ելույթ ունենալ, բայց արդեն իր դժգոհության նետերն ուղղելով Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ: Le Dauphiné Libéré պարբերականին տված հարցազրույցում Ազնավուրն առանց հավելյալ նրբանկատության նախագահին մեղադրեց այն բանի համար, որ վերջինս ուրացել է ընտրություններին ժամանակ տված իր խոստումները: Երգչի խոսքը վերաբերում էր նրան, որ Սարկոզին 2007թ. ապրիլի 24-ին խոստացավ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին աջակցել ցեղասպանության քրեականացման մասին օրինագծի ընդունման հարցում, սակայն արդյունքում ոչինչ չարեց: Եվ այժմ Ազնավուրը կարծում է, որ ուրացողի հետ հաշվեհարդարի իր մեթոդն ունի: «Նա ճիշտ չէ, քանի որ Ֆրանսիայի հայ համայնքը թուրքական համայնքի համեմատ ներկայացնում է մարդկանց զգալի քանակ: Հայ ժողովուրդը պատասխանատու է և համարձակ: Այն արյուն է տվել իր երկրի համար: Առաջին անգամ եմ ես խոսում այս մասին, բայց եթե նախագահը չփոխվի` ես կօգտվեմ նրա ձայներից, երբ գա ժամանակը»,- սպառնաց Ազնավուրը: Երգչի հաշվարկն այս դեպքում պարզ է. «Հայկական ծագում ունեցող յուրաքանչյուր ֆրանսիացի կաջակցի ինձ: Եթե այսպես շարունակվի, ես ամբողջովին կնվիրվեմ այս գործին: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց ես ունեմ զգալի քաղաքական ուժ: Ես գիտեմ, որ վտանգում եմ իմ կյանքը` ասելով սա: Բայց իմ տարիքում, վերջիվերջո, ինչ է նշանակում կյանքը ռիսկի տակ դնել»,- իր միտքն այս խոսքերով ամփոփել է 86-ամյա դիվանագետ-արվեստագետը:
Հավանաբար Ֆրանսիայում ևս նախագահի հետ առճակատման մեջ մտնելը լի է բազում վտանգներով: Սակայն Ազնավուրը կարծում է, որ ռիսկն արդարացված է և այդ քայլը պիտի դառնա իր պատասխանը WikiLeaks կայքէջի հերթական բացահայտմանը, ինչի շնորհիվ հասարակությանը հայտնի դարձավ, որ Նիկոլա Սարկոզին Թուրքիային խոստացել է հայերի ցեղասպանության հերքման համար պատասխանատվություն սահմանող օրինագիծը «թաղել Սենատում»: Մնում է տեսնել, թե երկուսից ո՞ր մեկն առաջինը ձեռնամուխ կլինի «հուղարկավորման» արարողությանը:
Եթե Սարկոզիին ինքնավստահություն կարող է ներշնչել իր զբաղեցրած դիրքը, ապա Ազնավուրը հրաշալի գիտի, որ Ֆրանսիայի հերթական նախագահական ընտրությունները 2012-ին են, ու Սարկոզիի մասնակցության հավանականությունը չափազանց մեծ է: Եվ ահա երգիչը նախագահին մեկ անգամ ևս հիշեցնում է այդ երկրում 500 հազար հայերի գոյության հանգամանը, ինչը թափանցիկ ակնարկ է այն մասին, որ Սարկոզին ընտրությունների ժամանակ կարող է կորցնել հայ էլեկտորատի աջակցությունը:
Թուրքական մամուլի, մասնավորապես Milliyet և Hurriyet թերթերի կողմից Շառլ Ազնավուրի մարտահրավերը բնութագրվեց որպես շանտաժ: Մի պահ թուրքերը հավանաբար մոռացել էին, որ իրենց երկրի ողջ արտաքին քաղաքականությունն է կառուցված այդ մեկ հատիկ բառի վրա, և նրանք Ազնավուրից շատ ու շատ առաջ պաշտոնական Փարիզի հետ բազում առիթներով երկխոսել են հենց այդ «հզոր» զենքի լեզվով: Սակայն փոխարենը գոնե կարող էին վերհիշել այն մասին, որ Ազնավուրն անձամբ մասնակցում էր թուրք-հայկական արձանագրությունների ստորագրման արարողությանը, ինչի առթիվ 2009-ի աշնանը ասում էր. «Ես կարծում եմ, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հնարավոր են շատ լավ հարաբերություններ, եթե լինի բոլորի համաձայնությունը: Ինչպես ասում է առածը` պետք չէ վաճառել արջի մորթին նրան սպանելուց առաջ: Ես շատ ուրախ կլինեմ, որ սահմանը բացվի, սակայն պետք չէ սխալվել, նման բաները հեշտ չեն արվում, երկու կողմերում էլ մարդիկ կան, որոնք դա չէին ցանկանա»: Նույն տարվա նոյեմբերին նա արդեն հայտարարում էր, որ Արևմտյան Հայաստանի հողերը պետք է վերադարձվեն հայերին: Այժմ նա այդ մասին դարձյալ հիշեցնում է Անկարային, ինչպես որ փորձում է Սարկոզիին բացատրել այն հանրահատ ճշմարտությունը, որ Ֆրանսիայի համար հայերը մշտապես համարվել են «օրինակելի սփյուռք» և այդ հողում ապրող ժողովուրդը ավելի մոտ է հայերին, քան թուրքերին:
Ի դեպ, Ազնավուրի այս ելույթները առիթ տվեցին հիշելու մեկ այլ բան ևս: Դեռ բոլորովին վերջերս նրա հասցեին թերահավատ կարծիքներ էին հնչում և տխուր կանխատեսումներ էին արվում, որ Ազնավուրը որևէ դեր չի խաղա ու չի կարող խաղալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներում: «Ընդհակառակը, պաշտոնական ստատուսն ավելի կկրճատի նրա գործողությունների և հեղինակության շառավիղը, քան կար, երբ ազատ արվեստագետ էր… Մինչ օրս Շառլը որևէ հայտարարություն կամ դեմարշ այդ ուղղությամբ չի արել: Համենայնդեպս, դրանք հայտնի չեն: Սա խոսում է նրա ապաքաղաքական դիրքորոշման մասին»,- գրում էր դիվանագիտական կոչումով օժտված մեկը: Այս անբարեհույս գուշակության նվազագույնը կեսը ներկա պահին արժեզրկվեց: Մնում է լինել համբերատար և սպասել մյուս կեսի ճակատագրին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: