Tag Archives: ֆոբիա

ԽՈՒԼԻՈ ԿՈՐՏԱՍԱՐ

16 Փտր

… Մարդուն իսկապես ճանաչելը մի խնդիր է, որը, թերեւս, ավելի դժվար է, քան Լուսին թռչելը: Արի տեսնենք, թե ո՞վ եմ ես: Կա «եսը», ինչպիսին գիտակցում եմ ես ինքս: Բայց չէ՞ որ կան և այլ մակարդակներ, անհատի ձեւավորումը, ենթագիտակցականի եւ անգիտակցականի ամբողջությունը: Ես առաջինը չեմ, ով չգիտի իր խորքային շերտերը, այնպես որ, երբեմն հասու եմ լինում ինքս ինձ, շնորհիվ այն բանի, որ գրում եմ: Արդեն գրվածի հիման վրա, ինքս իմ մեջ, ինչ-որ բաներ եմ բացահայտում: Այնպես որ, կարծում եմ, նրբանկատ ընթերցողը կարող է ինչ-որ չափով ճանաչել ինձ, և նույնիսկ բավական լավ, հենց իմ տեքստերով: Կարող է ճանաչել, ասենք, իմ ախտաբանական հատկանիշները, ինչ-որ հիվանդագին, արգելված մի բան` դա դրսևորվում է պատմվածքներում, որոնք երևան են հանում իմ սևեռուն գաղափարները, ֆոբիաները, բարդույթները: Երբ ինչ-որ մեկը «Գազանանոցը» կարդալուց հետո ինձ ասաց. «Բայց չէ՞ որ քեզ հուզում է ինցեստի խնդիրը, այդ թեման քեզ հանգիստ չի տալիս», ես շատ զարմացա, որովհետև գիտակցաբար որևէ նման բանի մասին չէի մտածել: Բայց չէ՞ որ, իսկապես, եթե վերլուծենք «Գազանանոցի» պատմվածքները, կարելի է հայտնաբերել ինցեստի թեմայի սևեռուն կրկնությունը: Եվ ահա, երբ ինձ այդ մասին ասացին, ես սկսեցի խորհրդածել ու եկա այս եզրակացությանը` այո, ինցեստի խնդիրը կապված է իմ երազների հետ` քրոջս հետ կապված երազների: Ես միայն մի քույր ունեմ: Մենք երբեք միմյանց չենք հասկացել: Եվ ահա թե ինչն է հետաքրքիր, ես ու քույրս համարյա թե չէինք շփվում: Մենք` հանց գիշեր ու ցերեկ, և ի վերջո նույնիսկ ատեցինք միմյանց: Հիմա, երբ մենք տարիներով չենք տեսնվում, հարաբերություններն ավելի սրտամոտ են: Բայց մենք միմյանցից շեշտակի տարբերվում ենք: Եվ չնայած դրան, ես հաճախ էի հուզված արթնանում, որովհետև երազում քրոջս հետ էի…
… Անշուշտ, ես ընդհանրապես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց խաղի: Բայց խաղալն ինձ համար չի նշանակում՝ այս ու այն կողմ տանել խաղալիք գնացքը: Խաղը կարևոր նշանակություն ունի մարդու կյանքում: Եթե մարդ ուզում է երաժշտություն լսել` նա նվագում է, եթե ուզում է նկարել` նա նկարում է, եթե ուզում է զբոսանքի գնալ` նա խաղում է: Ահա դա խաղային պլանն է: Այն ամենը, ինչ ուղղակիորեն կապված չէ աշխատանքի, պարտավորությունների և պարտքի հետ: Այն ամենը, ինչ այդ շրջանակներից դուրս է, ինձ համար խաղ է: Մարդը խաղացող կենդանի է: Եվ եթե մարդուց խլես այդ հնարավորությունը, ավելի ճիշտ, ոչ թե խլես (դա անհնար է), այլ ուղղես դեպի ինչ-որ նեղ հորձանուտ, օրինակ, թույլատրես զբաղվել ֆիգուրատիվ նկարչությամբ, և արգելես աբստրակտը, կարելի է և կործանել մարդուն: Ոչ մի դեպքում… Ռոմանտիկները համարում էին, թե գրելը մեծ տառապանք է: Ինձ համար գրելը խաղային աշխարհի մասն է: Եվ վիթխարի հաճույք, և վիթխարի աշխատանք: Դու նզովում ես աշխարհի երեսին ամեն ինչ, ուժասպառվում և հոգիդ հանում ես և դրանից վիթխարի հաճույք ես ստանում…

%d bloggers like this: