Tag Archives: Ֆյոդոր Սոլոգուբ

ՖՅՈԴՈՐ ՍՈԼՈԳՈՒԲ

6 Մյս

ԵՐԵՔ ԹՈՒՔ

Գնում էր մարդը, ու երեք անգամ թքեց: Նա գնաց, թուքը մնաց:
Եվ մի թուքն ասաց.
— Մենք այստեղ ենք, իսկ մարդը չկա:
Իսկ մյուսն ասաց.
— Նա գնաց:
Եվ երրորդը.
— Նա հենց այն բանի համար էր եկել. որ մեզ այստեղ տնկի: Մենք մարդու կյանքի նպատակն ենք: Նա գնաց, իսկ մենք մնացինք:

ՖՅՈԴՈՐ ՍՈԼՈԳՈՒԲ

8 Նյմ

Գերեվարված մահը

Վաղնջական ժամանակներում ապրում էր մի խիզախ ու անհաղթ ասպետ: Պատահեց մի անգամ, որ նա գերեվարեց մահվանը: Բերեց նրան իր ամրակուռ ամրոցը եւ նստեցրեց զնդանում: Մահը ոչինչ, նստած է իր համար, իսկ մարդիկ դադարեցին մահանալ: Ասպետը հրճվում եւ մտածում է.
— Հիմա լավ է, բայց տագնապալի, նրան հսկել է պետք: Ավելի լավ կլիներ իսպառ ջնջել:
Միայն թե ասպետն արդար էր, չէր կարող նրան առանց դատի սպանել: Ահա եկավ նա զնդանի մոտ, կանգնեց պատուհանիկի մոտ ու ասաց.
— Մահ, ես ուզում եմ գլուխդ կտրել, դու աշխարհում շատ չարիք ես գործել:
Սակայն մահը լռում ու լռում է: Ասպետն էլ ասում է.
— Ահա, քեզ ժամանակ եմ տալիս, պաշտպանվիր, թե կարող ես: Ի՞նչ կասես քեզ արդարացնելու համար: Իսկ մահը պատասխանում է.
— Ես քեզ ոչինչ չեմ ասի, բայց այ, թող կյանքը խոսի ինձ համար:
Եվ տեսավ ասպետը, կանգնած է նրա կողքին կյանքը, պարարտ ու շառագունած, բայց եւ՝ այլանդակ: Եվ սկսեց նա էնպիսի գեշ ու սրբապիղծ խոսքեր ասել, որ խիզախ ու անհաղթ ասպետը սրսփաց ու փութաց զնդանը բացել:
Գնաց մահը, եւ մարդիկ դարձյալ մահանում էին: Իր ժամին մահացավ եւ ասպետը, եւ երկրի երեսին ոչ մեկին նա չասաց այն, ինչ լսել էր կյանքից` այլանդակ ու պիղծ կնկանից:

ՖՅՈԴՈՐ ՍՈԼՈԳՈՒԲ

23 Հկտ

Մուրճն ու շղթան

Ամուր մուրճը, հիասքանչ մտադրություններով համակված, լավագույն երկաթից սարքված, զրուցում էր երկաթե ժապավենի հետ, որը պառկած էր սալի վրա: Նրանք խոսում էին երկրային անկատարությունների մասին` չար վիրավորանքների, որոնցով ոմանք անարգում են մյուսներին:
— Կապանքները` բարբարոսության ամոթալի մնացուկն է,- ասում էր մուրճը, եւ համոզում էր երկաթին երբեք շղթա չդառնալ:
Լսելով նրան տաք զնդանի վրա, քուրայի հրի ներքո, երկաթը փափկում ու հալչում էր: Բայց ահա հաղթակազմ դարբինը մուրճը բարձր թափահարեց ու ծանր իջեցրեց այն երկաթի վրա: Ալ կայծերը դեսուդեն թռան, եւ խեղճ ժապավենը տնքաց:
— Ինչպե՞ս, դու ինքդ վճռեցիր ինձ խփե՞լ,- հարցրեց նա:
— Այո ես քեզ խփում եմ, իսկ դու կդիմանաս: Այդպես է կարգը, եւ ես քեզանից բարձր եմ կանգնած շրջապատում, որպեսզի քեզ խփեմ:
Մուրճը հուժկու իջնում էր երկաթյա ժապավենի վրա, ծանրակշիռ արտաբերելով.
— Դաժանության կարիք չկա, անարգելի են դաժանները:
Երբ երկաթից ձուլեցին ամրակուռ եւ երկար շղթայի օղակները, մուրճը քամահրանքով շրջվեց:
— Բոլոր ուրացողներն այդպիսին են,- ասաց նա,- փափուկ հանց մոմ, ի վերջո, նրանք չեն ամաչում կապանք ծառայելուց:
Իսկ շղթան լռիկ զնգում իր կուռ շղթաներով ու շշնջում էր.
— Այդպես էլ պետք է լինի, այդպես է ամեն ինչ կարգաբերված: Եվս մի քանի հարված իմ օղակներին, եւ ես հաճույքով կպատեմ նզովյալ աքսորյալի մարմինը:

%d bloggers like this: