Tag Archives: ՖՅՈԴՈՐ ԴՈՍՏՈԵՎՍԿԻ

ՖՅՈԴՈՐ ԴՈՍՏՈԵՎՍԿԻ

24 Փտր

Մարդն առեղծված է. պետք է նրան բացահայտել: Ու եթե քո ողջ կյանքն անցկացնես այդ գաղտնիքը բացահայտելու համար, ապա մի ասա, որ ժամանակ ես վատնել: Ինձ զբաղեցնում է այդ առեղծվածի բացահայտումը, քանի որ ցանկանում եմ մարդ լինել: Աստվածը, բնությունը, հոգին, սերը… Դրանք սրտով է պետք ճանաչել և վերապրել, այլ ոչ թե մտքով: Միտքը ծնունդ է առնում հոգու մեջ: Միտքը զենք է, մի մեքենա, որ գործում է հոգևոր ուժով ու նրա պարտադրանքով:Vladimir Favorsky, Woodcut of Fyodor Dostoevsky, 1929

ՖՅՈԴՈՐ ԴՈՍՏՈԵՎՍԿԻ

21 Փտր

Հիմարություն, հիմարություն, հիմարություն ու էլի հիմարություն: Ես ուղղակի ու անխղճորեն (և շեշտում եմ, որ անխղճորեն) երկու խոսքով բացատրեցի նրան այն ժամանակ, որ երիտասարդության մեծահոգությունը հրաշալի է, բայց գրոշ չարժե: Ինչու՞ չարժե: Քանի որ էժան է ձեռք բերվում, ուրեմն և ապրված չի, դրանք բոլորը «կյանքի առաջին տպավորություններ են», այսպես ասած, բայց բեր մի գործի մեջ տեսնենք ձեզ: Էժան մեծահոգությունը միշտ հեշտ է, ու թե կյանքդ իսկ տաս, դարձյալ էժան է, քանի որ դա արյան եռք է լոկ և ուժերի ավելցուկ, գեղեցկության ինչպիսի կրքոտ ցանկություն: Ոչ, մեծահոգության դժվարին մի սխրանք գործեք հապա, լռիկ, անաղմուկ, առանց շուքի, զրպարտվելով, սխրանք, որում շատ զոհաբերություն կա և ոչ մի կաթիլ փառք, որում դուք, լուսավոր մարդ, բոլորի առջև որպես սրիկա եք ներկայացվում, երբ ամենաազնիվն եք աշխարհում բոլոր մարդկանցից. հապա մի այդ սխրանքը փորձեք, դե, օ, ոչ, կհրաժարվեք, իսկ ես, ես ամբողջ կյանքս հենց այն եմ արել, որ կատարել եմ այդ սխրանքը…

ՖՅՈԴՈՐ ԴՈՍՏՈԵՎՍԿԻ

11 Նյմ

ԳՐՈՂԻ ՕՐԱԳԻՐԸ
ՌՈՒՍ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ Է ՀԱՍՈՒՆԱՑԵԼ` ԻՐ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՂՋԱՄԻՏ ՁԵՎՈՎ ԸՄԲՌՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Թեև անհեթեթ կթվա, բայց թուրքերի չորսդարյա կեղեքումն Արևելքում, մի կողմից, այնտեղ անգամ օգտակար էր քրիստոնեությանը և ուղղափառությանը, բացասաբար, իհարկե, բայց և նպաստելով նրա ամրապանդմանը, և որ գլխավորն է` նրա միավորմանը, միասնությանը, ճիշտ այնպես, ինչպես երկդարյա թաթարշչինան ժամանակին նպաստել էր եկեղեցու ամրապնդմանը նաև մեզ մոտ` Ռուսաստանում: Արևելքի ճնշված ու տանջահար քրիստոնյա բնակչությունը Քրիստոսի և նրա հավատի մեջ էր տեսնում իր միակ մխիթարությունը, իսկ եկեղեցու մեջ` իր ազգային դեմքի և ինքնության միակ ու վերջին մնացուկը: Դա վերջին միակ հույսն էր, խորտակված նավից մնացած միակ տախտակը, քանի որ եկեղեցին, այնուամենայնիվ, պահպանում էր այդ բնակչություններին որպես ազգություն, իսկ հավատն առ Քրիստոս խոչընդոտում էր նրանց, այսինքն, գոնե նրանց մի մասին ձուլվել հաղթողների հետ միասին` մոռանալով իրենց ցեղն ու նախկին պատմությունը: Այս ամենը զգում ու լավ հասկանում էին իրենք` կեղեքված ժողովուրդները և ավելի սերտ էին համախմբվում խաչի շուրջ: Մյուս կողմից` Կոստանդնուպոլսի նվաճումից ի վեր ողջ հսկայածավալ քրիստոնեական Արևելքն ակամա ու հանկարծ իր աղերսող հայացքը հառեց թաթարական ստրկությունը նոր-նոր թոթափած հեռավոր Ռուսաստանին և կարծես նրա մեջ կանխատեսեց նրա ապագա հզորությունը, ի փրկություն իրեն` ապագա համամիավորիչ կենտրոնը: Իսկ Ռուսաստանն անհապաղ և առանց տատանվելու ընդունեց Արևելքի դրոշը և Ցարգրադի երկգլուխ արծիվն ավելի բարձր դրեց իր հնամենի զինանաշանից և դրանով կարծես պարտավորություն ստանձնեց ողջ ուղղափառության առջև. պահպանել այն և նրա հավատավոր ողջ ժողովրդին վերջին կործանումից: Միևնուն ժամանակ, նաև ողջ ռուս ժողովուրդն ամբողջապես հաստատեց Ռուսաստանի ու իր ցարի նոր նշանակությունը ողջ Արևելյան աշխարհի գալիք ճակատագրում: Այդ ժամանակվանից ի վեր ժողովուրդն իր ցարի գլխավոր սիրված անունը ամուր ու անշեղ կնքեց և մինչև օրս էլ տեսնում է «ուղղափառ», «ուղղափառ ցար» խոսքի մեջ: Իր ցարին այդպես անվանելով` նա կարծես այդ անվանման մեջ ընդունում էր նաև նրա կոչումը` ուղղափառության և ողջ քրիստոնեության, նրա հավատավորի պահապանի, միավորողի, իսկ երբ հնչի Աստծո կամքը, նաև մուսուլմանական բարբարոսությունից ու արևմտյան հերետիկոսությունից ազատագրողի կոչումը: Երկու դար առաջ, և հատկապես սկսած Պետրոս Մեծից, Արևելքի ժողովուրդների հավատալիքներն ու հույսերը սկսեցին իրականանալ արդեն գործնականում. Ռուսաստանի թուրն արդեն մի քանի անգամ շողաց Արևելքում` ի պաշտպանություն նրա: Ինքնին հասկանալի է, որ Արևելքի ժողովուրդները ևս չէին կարող Ռուսաստանի ցարի մեջ չտեսնել ոչ միայն ազատարարին, այլև իրենց ապագա արքային: Բայց այդ երկու դարում նրանց մոտ էլ հայտնվեց եվրոպական լուսավորությունը, եվրոպական ազդեցությունը: Ժողովրդի բարձրագույն լուսավորյալ հատվածը` նրա մտավորականությունը, ինչպես մեզ մոտ, այնպես էլ Արևելքում, աստիճանաբար ավելի անտարբեր դարձավ ուղղափառության գաղափարի հանդեպ, անգամ սկսեց մերժել, թե այդ գաղափարի մեջ է նոր, մեծ կյանքի վերակենդանացումն ու հարությունն ինչպես Արևելքի, այնպես էլ Ռուսաստանի համար: Ռուսաստանում, օրինակ, նրա կրթված դասի մի մեծ հատված դադարեց և նույնիսկ հետ սովորեց այդ գաղափարի մեջ տեսնել Ռուսաստանի գլխավոր կոչումը, ապագայի պատգամն ու կենսական ուժը. ի հակադրություն դրա` սկսեցին այդ ամենը գտնել նոր վկայություններում: Եկեղեցում, ինչպես Արևմուտքում, շատերն սկսեցին տեսնել միայն անկենդան ֆորմալիզմ, հատուկություն, ծիսականություն, իսկ անցյալ դարավերջից` անգամ նախապաշարմունք և կեղծ բարեպաշտություն. ոգու, գաղափարի, կենդանի ուժի մասին մոռացվեց: Ի հայտ եկան արևմտյան բնույթի տնտեսական գաղափարներ, ի հայտ եկան քաղաքական նոր ուսմունքներ, ի հայտ եկավ նոր բարոյականություն, որ փորձում էր շտկել նախորդին և բարձր դառնալ նրանից: Ի հայտ եկավ, ի վերջո, գիտություն, որ չէր կարող անհավատություն չմտցնել նախկին գաղափարների մեջ… Արևելքի ժողովուրդների մեջ սկսեցին արթնանալ, բացի այդ և գլխավորապես, ազգային գաղափարներ. հանկարծ թուրքական լծից ազատվելով` Ռուսաստանի լծի տակ ընկնելու երկյուղ առաջացավ: Փոխարենը, մեր հասարակ, բազմամիլիոն ժողովրդի ու նրա ցարերի մեջ Արևելքի և Քրիստոսի եկեղեցու ազատագրման գաղափարը չի մեռել երբեք: Անցած ամառ ռուս ժողովրդին համակած շարժումն ապացուցեց, որ ժողովուրդը չի մոռացել ոչինչ իր հին հույսերից ու հավատալիքներից, և մեր մտավորականության հսկայական հատվածին այնքան զարմացրեց, որ նա պարզապես չհավատաց այդ շարժմանը, թերահավատորեն ու ծաղրանքով վերաբերվեց դրան, սկսեց բոլորին հավատացնել և առաջին հերթին` իրեն, որ այդ շարժումը հորինել և սարքել են անվայելուչ մարդիկ, որ ցանկանում էին առաջ մղվել լավ տեղ զբաղեցնելու համար: Իսկապես, ո՞վ կարող էր մեր ժամանակներում, մեր մտավորականության մեջ, բացի նրա` ընդհնաուր բազմությունից առանձնացված ոչ մեծ խմբից, ենթադրել, որ մեր ժողովուրդն ի վիճակի է գիտակցաբար ըմբռնել իր քաղաքական, սոցիալական ու բարոյական կոչումը: Ինչպե՞ս կարելի է նրանց թույլ տալ, որ այդ կոպիտ, սև մասսան, մինչև վերջերս` դեռ ճորտ, իսկ այժմ` հարբած օղիով, իմանար ու վստահ լիներ, որ իր կոչումը Քրիստոսին ծառայելն է, իսկ իր ցարինը` Քրիստոսի հավատի պահպանությունն ու ուղղափառության ազատագրումը: «Թող որ այդ մասսան միշտ անվաներ ոչ այլ կերպ, քան քրիստոնեություն (գյուղացիություն), բայց չէ՞ որ նա, այնուամենայնիվ, պատկերացում չունի ո´չ կրոնի, ո´չ անգամ Քրիստոսի մասին, նա ամենասովորական աղոթքները չգիտի»: Ահա թե ինչ են ասում սովորաբար մեր ժողովրդի մասին: Ո՞վ է ասում: Դուք կարծում եք` գերմանացի պաստո՞րը, որ մեզ մոտ մշակում է շտունդան, թե՞ եկվոր եվրոպացին, քաղաքական թերթի թղթակիցը, կամ կրթված մի ինչ-որ բարձր հրեա նրանցից, որ չեն հավատում Աստծուն, և որոնք հանկարծ մեզանում հիմա այնքան շատ են բազմացել, կամ, ի վերջո, մեկն արտասահմանում հաստատված այն ռուսներից, ովքեր Ռուսաստանն ու նրա ժողովրդին պատկերացնում են միայն հարբած կնկա կերպարով, շտոֆը ձեռքին: Օ~, ոչ, այսպես է մտածում մեր ռուսական ու ամենալավ հասարակության հսկա հատվածը. և նրանք չեն էլ կասկածում, որ թեև մեր ժողովուրդն աղոթքներ չգիտի, բայց քրիստոնեության էությունը, բայց նրա ոգին ու ճշմարտությունը պահպանվել ու ամրացել են նրա մեջ այնպես, որ գուցե, աշխարհի ոչ մի ժողովրդի մեջ, չնայած նույնիսկ նրա թերություններին: Ի դեպ, աթեիստը կամ հավատի հարցում անտարբեր ռուս եվրոպացին չի էլ հասկանում հավատն այլ կերպ, քան ֆորմալիստիկայի և կեղծ բարեպաշտության ձևով: Իսկ ժողովրդի մեջ նրանք կեղծ բարեպաշտություն հիշեցնող ոչինչ չեն տեսնում, դրա համար էլ եզրակացնում են, որ նա հավատի մեջ ոչինչ չի հասկանում, աղոթում է, երբ իրեն պետք է, տախտակին, իսկ խորքում անտարբեր է, և նրա ոգին սպանված է ֆորմալիստիկայից: Նրանք նրա մեջ քրիստոնեության ոգի ընդհանրապես չնշմարեցին, գուցե նաև նրա համար, որ իրենք այդ ոգին վաղուց արդեն կորցրել են, անգամ չգիտեն էլ, թե որտեղ է այն գտնվում, որտեղ է փողփողում: Այդ «անբարո» և մութ մեր ժողովուրդը, սակայն, սիրում է խոնարհին ու խենթին. իր բոլոր ավանդություններում ու ասքերում նա պահպանում է այն հավատը, որ թույլն ու նսեմացյալը, հանուն Քրիստոսի անարդար ու իզուր հանդուրժողը կբարձրացվի անվանիներից և ուժեղներից վեր, երբ կգա դատաստանն ու կհաստատվի Աստծո կամքը: Մեր ժողովուրդը սիրում է նաև պատմել իր մեծ, ողջախոհ ու խոնարհ քրիստոնյա հսկայի` Իլյա Մուրոմեցի ամենափառ ու մեծ կյանքի մասին, որը ճշմարտության նվիրյալն էր, աղքատների ու թույլերի ազատարարը, խոնարհ էր, ոչ փառասեր, հավատարիմ ու սրտով մաքուր: Եվ ունենալով, մեծարելով ու սիրելով նման հսկային` արդյո՞ք մեր ժողովուրդը չէր հավատում Արևելքում խոնարհ ժողովուրդների ու մեր եղբայրների հաղթանակին: Մեր ժողովուրդը հարգում է իր մեծ ու հնազանդ ճգնավորներին ու մենակյացներին, սիրում է պատմել իր երեխաներին քրիստոնյա մեծ նահատակների պատմությունները: Այդ պատմությունները նա սերտել է ու գիտի, և ես ինքս էլ առաջին անգամ ժողովրդից լսեցի դրանք, որ պատմվում էին հուզիչ անկեղծությամբ և պատկառանքով, որոնք մնացին սրտիս մեջ: Բացի այդ, ժողովուրդն ամեն տարի ինքն է իր միջից առանձնացնում մեծ ապաշխարողներին` «Վլաս»-երին, որոնք, բաժանելով իրենց ողջ ունեցվածքը, խանդաղատանքով գնում էին ճշմարտության, աշխատանքի ու աղքատության խոնարհ ու մեծ սխրանքի… Բայց ռուս ժողովրդի մասին, ի դեպ, հետո. երբևէ նա կհասնի այն բանին, որ կսկսեն հասկանալ նաև նրան և, ծայրահեղ դեպքում, ուշադրություն կդարձնեն նրան: Կհասկանան, որ նա էլ ինչ-որ բան նշանակում է: Կհասկանան վերջապես, այն կարևոր հանգամանքը, որ ռուսական պատմության մեջ դեռևս ոչ մի անգամ մեծ կամ անգամ փոքր-ինչ կարևոր պահերին առանց նրա չի եղել, որ Ռուսաստանը ժողովրդական է, որ Ռուսաստանը Ավստրիա չէ, որ մեր պատմական կյանքի յուրաքանչյուր նշանակալի պահի բանը միշտ գլուխ է եկել ժողովրդական ոգով ու մոտեցմամբ, ժողովրդի ցարերով` նրա հետ բարձրագույն միասնությամբ: Այս չափազանց կարևոր պատմական հանգամանքը սովորաբար մեզանում գրեթե միշտ անուշադրության է մատնվում մեր մտավորականության կողմից և հիշվում է միշտ ասես հանկարծ, երբ վրա է հասնում պատմական ժամկետը: Բայց ես շեղվեցի, ես սկսեցի խոսել Կոստանդնուպոլսի մասին…

%d bloggers like this: