Tag Archives: ՖԻՑՋԵՐԱԼԴ

ՖՐԵՆՍԻՍ ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴ

12 Փտր

Կյանքն առավել լավ ես տեսնում, եթե նրան դիտում ես միակ պատուհանից: Բարդ է ոչ թե կյանքը, այլ այն ուղղորդելու և վերահսկելու խնդիրը:
Եթե հաջողության ես հասել, եթե իրոք արժանի ես դարձել դրան, ապա սոսկ սեփական անհատականությամբ անգույն կյանք կունենաս: Դու պետք է փրկարար պատճեններով պաշտպանվես ինքդ քեզնից, պետք է շտապով ստեղծես դրանք այն ամենից, ինչ կա ձեռքիդ տակ՝ ոգելից խմիչք, բորսային գործարք, կարգ ու կռիվ, գռեհկություն, թռչունների ոչնչացում, կին, կեղծիք: Կարևոր չէ, թե ինչ, միայն թե պարտակես այն, որ լոկ դու ունես և ուրիշ ոչ ոք: Համենայն դեպս, պետք է այսպես կարծես: Նկատի ունեցիր. եթե թողնես, որ ձեռք տան քո «ես»-ին, կկործանես այն: Պետք է միշտ գաղտնի պահես քո ներքին հնարավորությունները, թաքցնես դրանք լկտի աչքերից ու անմաքուր ձեռքերից… Դժբախտությունն այն է միայն, որ մեր պաշտպանական դիմակավորումը մեզնից ուժեղ է դուրս գալիս:

ՖՐԵՆՍԻՍ ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴ

24 Օգս

Ոմանք հակված են չափազանցնելու իրենց հարաբերություններն այլոց հետ: Չգիտես ինչու, նրանց թվում է, թե իրենք յուրաքանչյուրի մոտ հարուցում են համակրանքի ու հակակրանքի բարդ գամմաներ: Երիտասարդ տարիքում, երբ մարդն առավել տպավորվող է, ես մի անգամ հորիցս խորհուրդ լսեցի, որը ընդմիշտ դրոշմվեց իմ հիշողության մեջ. «Եթե դու երբևէ ցանկանաս դատապարտել ինչ-որ մեկին,-ասաց նա,- հիշիր, որ աշխարհում ոչ բոլորն են տիրապետում այն առավելությանը, որ ունեցել ես դու»: Տասնութ տարեկանում մեր համոզմունքները նման են լեռան, որի բարձրունքից նայում ենք աշխարհին, քառասունհինգ տարեկանում՝ քարանձավի, որտեղ թաքնվում ենք աշխարհից:
Երբ ցանկանում ես հեռանալ մի բանից, ինչը քեզ ցավ է պատճառել, թվում է՝ ավելի հեշտ կլինի, եթե վերստին կրկնես արդեն անցած ճանապարհը: Անվիճելի է, որ ամբողջ կյանքը դանդաղ փլուզման ընթացք է, սակայն կյանքի այն հարվածները, որոնք դառնում են այդ ընթացքի դրամատիկ գագաթնակետերը, սարսափելի, անսպասելի հարվածներ են՝ հասցված դրսից (կամ թվում է, թե դրսից),- նրանք որոնց մասին հիշում ես, նրանք, որոնց մասին հոգու թուլության պահերին գանգատվում ես ընկերներիդ մոտ,- նման հարվածները և դրանց հետևանքները գիտակցվում են ոչ միանգամից…

ՀԵՄԻՆԳՈՒԵՅԻ ՆԱՄԱԿԸ ՖԻՑՋԵՐԱԼԴԻՆ

17 Մյս

«Ճգնաժամի սարսափելի այդ վիճակը, երբ համոզված չես` քեզ մոտ լավ է ստացվում կամ վատ, հայտնի է «Արվեստագետի պարգև» անունով: Բոլորի մոտ էլ ծաղկման շրջանն անցնում է. չէ որ մենք դեղձենիներ չենք, բայց դա բոլորովին էլ չի նշանակում, թե դու սկսում ես փտել…. Պարզապես երբ գործերը վատ են և քեզ բոլորովին էլ անօգնական ես զգում, հարկավոր է ոչ թե ընդհատել, այլ շարունակել. միայն այդպես կարելի է վեպ գրել` միշտ առաջ ու առաջ…
…Այդ արձակը ոչ մեկի կողմից և երբեք չի գրվել: Բայց հնարավոր է այն գրել, և առանց որևէ աճպարարության, առանց որևէ շառլատանության: Առանց այն ամենի, ինչը փչանում է ժամանակի ընթացքում: Դրա համար չափից ավելի գործոնների առկայություն է պահանջվում: Նախ և առաջ հարկավոր է տաղանդ, մեծ տաղանդ: Այնպիսին, ինչպիսին Քիփլինգն էր: Հետո ինքնակարգապահություն: Հետո հարկավոր է պարզ պատկերացում ունենալ այն մասին, թե ինչ կստացվի այդ ամենից. և հարկավոր է ունենալ խիղճ, այնպես բացարձակ անփոփոխ, ինչպես մետր- էտալոնը Փարիզում, որպեսզի հեռու մնաս կեղծիքից: Հետո` գրողից պահանջվում է խելք և անշահախնդրություն և ամենագլխավորը` երկարակեցություն: Փորձեցեք այդ ամենը միավորել մի մարդու մեջ և այդ մարդուն ստիպեք հաղթահարել բոլոր այն ազդեցությունները, որոնք ծանրանում են գրողի վրա: Նրա համար ամենադժվարը (չէ՞ որ ժամանակն առաջ է թռչում) երկար ապրելն ու աշխատանքը ավարտին հասցնելն է: Բայց ես կուզենայի, որ մենք կարողանայինք կարդալ նրա գրքերը:
… Եթե ամբողջ կյանքում հետևողականորեն խուսափել ես մահից, բայց մյուս կողմից, նրան թույլ չես տվել ծիծաղել քեզ վրա և զննել ես նրան, ինչպես զննում են գեղեցիկ պչրուհուն, ապա կարելի է ասել, որ դու զննել ես նրան, բայց դա չի նշանակում, որ դու փնտրել ես նրան…»:

%d bloggers like this: