Tag Archives: Ֆինանսական

Օտարի առուն վարար չի լինում

15 Փտր

Արդեն որերորդ անգամ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փորձ է անում կրճատել Հայաստանին հատկացվելիք ֆինանսական օգնությունը: Գուցե նա իրավացի է այնչափով, որչափով իրեն թելադրում է սեփական երկրի շահը: Բայց նույնիսկ այդ պարագայում որոշումը հիմնավորում է պահանջում՝ հենց թեկուզ վերոնշյալ շահի պարզաբանումը: ԱՄՆ տնտեսական աջակցության հիմնադրամի (ESF) շրջանակներում Վաշինգտոնի վարչակարգը պատրաստվում է 2013-ի ֆինանսական տարում Հայաստանին տրամադրել 27,2 մլն դոլար, որը մոտ 12,8 մլն դոլարով կամ 32 տոկոսով պակաս է 2012 թ. Կոնգրեսի հաստատած 40 մլն դոլարից: Հաղորդագրության համաձայն, այդ 27,22 մլն դոլարը կուղղվի Հայաստանի տնտեսական աջակցությանը: Դրանից զատ 2,5 մլն դոլար մեզ կտան Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագծով ու ևս 2,82 մլն դոլար՝ նարկոտրաֆիկի դեմ պայքարի շրջանակներում վերահսկողությանը և օրենսդրությանը:
Հայաստանը դեռևս որևէ կերպ չի արձագանքել այս նախագծին, իսկ ահա ամերիկահայ կառույցները շտապել են իրենց վերաբերմունքն արտահայտել փաստի առթիվ՝ տեղեկացնելով, որ «տխուր են, սակայն զարմացած չեն»:
Սակայն Հայաստանում գուցե թե գտնվեն մարդիկ, ովքեր վշտանալու հետ մեկտեղ նաև զարմանալու պատճառներ կունենան: Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Միացյալ Նահանգները կրճատում է մի երկրին հատկացնելիք օգնության ծավալը, որը արդեն քանի տարի գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակման մեջ, իսկ Վաշինգտոնը մեկ անգամ չէ, որ հրապարակավ դատապարտել է մեր հարևանների քայլը: Այս դատապարտումների տրամաբանությամբ պիտի որ անհնար դառնար օգնության նվազումը, բայց, ինչպես տեսնում ենք, անհավանական ոչինչ չկա:
Հայաստանում զարմանք ապրելու առիթ պիտի ունենան նրանք, ովքեր երկար ժամանակ մեզ համոզում էին, թե Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում ամերիկյան առաքելություններին և Վաշինգտոնի սատարած տարածաշրջանային նախաձեռնություններին մեր խաղաղապահ ստորաբաժանումների մասնակցությունը միայն ու միայն լավ վերաբերմունքի և առատ օժանդակության նախադրյալներ կստեղծի: Բայց, խնդրեմ, ոչինչ էլ չեղավ: Ավելի ճիշտ եղավ հակառակը:
Գուցե ոմանք առարկեն և ասեն, թե այս նվազումը պայմանավորված է ոչ միայն Հայաստանի նկատմամբ վերաբերմունքով, այլ համընդհանուր է՝ բոլոր երկրների համար: Կամ գուցե կարծիքներ հնչեն, թե ԱՄՆ-ն ընդհանրապես կրճատել է արտաքին օգնության ծավալները: Երկու դեպքերի համար էլ պիտի պատասխանենք, որ դրանք, ցավոք, այդպես չեն: Եկող տարի ԱՄՆ-ը ժողովրդավարությանը և արտասահմանյան երկրների տնտեսություներին աջակցելու համար կծախսի շուրջ 7,3 մլրդ դոլար: Համեմատության համար ասենք, որ ընթացիկ տարում նույնը կազմել էր 6,256 մլրդ դոլար, իսկ անցյալ տարի՝ 9,171 մլրդ դոլար: Ինչպես տեսնում ենք, որևէ անկման մասին խոսք լինել չի կարող:
Իսկ թե ինչ տրամաբանությամբ է կատարվելու բաշխումը և ում է տրվելու առաջնությունը, դրա մասին էլ կարող ենք իմանալ՝ լսելով նախագահ Օբամայի մտքերն այն մասին, թե նա ինչու՞ է ավելացրել, օրինակ, Թուրքիայի բաժնեմասը: Համաձայն ամերիկացի նախագահի, Թուրքիան կարևոր դերակատարում ունի համաշխարհային քաղաքական գործընթացներում և մեծ նշանակություն ունի ԱՄՆ-ը արտաքին քաղաքական նպատակների իրագործման համար: Բնականաբար, Հայաստանն այսպիսի առանձնաշնորհ չունի՝ նույնիսկ անկախ այն բանից, որ երկար ժամանակ Վաշինգտոնը խրախուսում էր հայ-թուրքական արձանագրությունները և պնդում, թե հակված է երկու երկրների սառեցված հարաբերությունների կարգավորմանը: Միայն թե նրա գործողություններն ու ապագայի ծրագրերը կարծես թե այլ բան են հուշում:
Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը, ապա Օբաման այս տարի առաջարկել է Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման և Միջազգային ռազմական կրթության և ուսուցման շրջանակում Հայաստանին ու Ադրբեջանին հավասարաչափ օգնություն տրամադրել` համապատասխանաբար 2.7 միլիոն և 600,000 դոլար: Կարծես թե ի վերջո նրանք գիտակցեցին, որ գոնե հավասարակշռությունը պահպանել է անհրաժեշտ: Միայն թե այստեղ էլ պատկերն այնպես վարդագույն չէ, ինչպես պիտի թվա առաջին հայացքից: Բանն այն է, որ 2013թ. բյուջեի նախագծում չի խոսվում Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության մասին:
«Մենք գնահատում ենք Ադմինիստրացիայի որոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարությունը պահպանելու վերաբերյալ, բայց, նկատի առնելով Թուրքիայի կողմից Հայաստանի 20-ամյա շրջափակումը և անվտանգության նկատմամբ սպառնալիքները Հայաստանի և ԼՂՀ-ի հասցեին Ադրբեջանի շարունակվող ռազմատենչ հռետորության պատճառով, ֆինանսավորումը պետք է պահպանվի գոնե 2012 թվականի մակարդակով»,- կատարվածն այսպես բնութագրեց Ամերիկայի Հայկական Ասամբլեայի գործադիր տնօրեն Բրայան Արդոնին: Իսկ կոնգրեսական Ադամ Շիֆն իր հերթին հայտնեց, որ պատրաստվում է աշխատանքներ կատարել գործընկերների հետ՝ Ղարաբաղի համար կայուն ֆինանսավորման հասնելու նպատակով:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Առուն չթռած «հոպ» մի ասա

4 Օգս

Ոչ ԱՄՆ-ն է պարտավոր մեզ պարբերաբար ֆինանսական օգնություն ցուցաբերել և ոչ էլ մենք իրավունք ունենք «մունաթ» գալ նրա վրա քիչ տալու կամ ընդհանրապես չտալու համար: Եվ եթե այսօր անդրադառնում ենք հիշյալ խնդրին, ապա միայն դեպքերի ընթացքին հետևելու և դրանց տրամաբանությունը ընկալելու նպատակով: Իսկ զարգացումների ժամանակագրությունն այսպիսին էր. Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան արտաքին հատկացումների հարցերով ենթահանձնաժողովը հուլիսի 27-ին որոշեց 2012 թվականի համար Հայաստանին տրամադրել 40 միլիոն դոլարի օժանդակություն: Սրա հետ մեկտեղ օրինագիծը չէր նախատեսում հումանիտար օգնության տրամադրում Լեռնային Ղարաբաղին, չնայած այն բանին, որ նախկինում Կոնգրեսի որոշմամբ Ղարաբաղին հատկացվում էր մինչև 10 մլն դոլար: Նման շրջադարձի համար անմիջապես բացատրություն գտնվեց: Գումարի բացակայությունը արդարացվեց այն փաստով, որ վերջերս ԱՄՆ-ի արտաքին պարտքի շեմը փոփոխելու, բյուջեի մեծ ճեղքվածքի, ծախսերը նվազեցնելու պլանների հետևանքով կրճատվել էին Միացյալ Նահանգների արտաքին հատկացումների ծավալները, և Ղարաբաղն էլ հայտնվել էր դրա հարվածի տակ:
Սակայն ստեղծված իրավիճակի գիտակցումն այլ բան էր, անհրաժեշտությունը` մեկ այլ բան: Ու երբ կոնգրեսական Ֆրեն Փալոուոնը ամերիկահայերի խնդրանքով ու հորդորով նամակ էր հղում Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեի ղեկավարությանը` մտահոգություն հայտնելով այդ փաստի առնչությամբ, նա ևս հրաշալի գիտեր հնարավորությունների շեմի մասին: Այդ իսկ պատճառով էլ կոնգրեսականը խոսում էր ոչ միայն այն մասին, որ շատ տարիների ընթացքում առաջին անգամ ենթահանձնաժողովը հրաժարվել էր մարդասիրական օգնություն հատկացնել Լեռնային Ղարաբաղին, այլ նաև այն հետևանքների վերաբերյալ, որոնց կարող էր հանգեցնել նման մերժումը: Սա նախ և առաջ հակասում էր կոմիտեի պրակտիկային: Իսկ բացի այդ, ինչպես նշում էր Փալոուոնը, «կասկած չկա, որ Լեռնային Ղարաբաղը այն բանի վառ վկայությունն է, թե ինչպես կարող է հակամարտությունից ժողովրդավարություն ու առաջընթաց ծնվել: ԱՄՆ դերը այդ գործընթացում դժվար է գերագնահատել: Այժմ, ինչպես երբեք, կարևոր է, որպեսզի ԱՄՆ հավատարիմ մնա խաղաղության հաստատմանը տարածաշրջանում ու սատարի Ղարաբաղին»:
Պետք է նկատենք, որ ԼՂՀ-ի խնդիրն անմիջականորեն դիտարկվում էր Հայաստանին ու Ադրբեջանին հատկացվելիք օժանդակության համատեքստում: Իսկ այստեղ նույնպես ամեն բան չէ, որ հարթ էր: Խոսքն առաջին հերթին վերաբերում էր օրինագծով նախատեսված արտաքին ռազմական ֆինանսավորմանը, որի շրջանակներում առաջարկվում էր Հայաստանին ու Ադրբեջանին 3-ական միլիոն դոլար հատկացնել ու հավելյալ 450 հազար էլ` Ադրբեջանին` միջազգային ռազմական կրթության համար: Այսինքն հանձնաժողովը Հայաստանին նույն դասընթացների համար գումար չէր նախատեսել, մինչդեռ նախորդ տարի ամբողջովին պահպանվել էր երկու երկրներին հատկացվող ռազմական օգնության հավասարությունը, մի համաձայնություն, որը ձեռք էր բերվել դեռևս 2001 թվականից:
Սակայն վերադառնանք Ղարաբաղի խնդրին, քանի որ բավական էր տեղեկանալ ֆինանսական օժանդակության բացակայության մասին, երբ Ադրբեջանում անմիջապես հիացական ու խրախուսիչ բացականչություններ հնչեցին այս առիթով ու կատարվածը գնահատվեց դրական երևույթ: Բաքվում շտապեցին այն հաստատ համոզմունքն արտահայտել, թե իբր ԱՄՆ արդեն գիտի, որ նախկինում հատկացված միջոցները ծախսվել են ոչ խաղաղ նպատակների, այլ անջատողականություն ու ատելություն սերմանելու համար: Ադրբեջանցիների բազում հրապարակումներ հագեցած էին մոտավորապես այս կարգի ձևակերպումներով. «Միջազգային հանրությունը հասկանում է Հայաստանի և Ղարաբաղի քաղաքականության իսկական էությունը ու տեսնում է, որ այն չի ծառայում խաղաղության հաստատմանը»: Իբրև սրա հիմնավորում, հարևան երկրում պնդում էին, թե իբր Ղարաբաղին հատկացվելիք հումանիտար օգնության ծախսման հաշվետվություն չի ներկայացվել և միլիոնանոց միջոցները մսխվում են վարչակազմի շահերի համար:
Բայց հետո կատարվեց անսպասելին: Անսպասելի` մեզ համար, քանի որ այն, ինչը հայտնի դարձավ, ադրբեջանցիների դեպքում պարզապես հարված էր գոտկատեղից ներքև: Տեղեկություն տարածվեց, որ նախկին պնդումներն այնքան էլ իրական չէին ու Կոնգրեսի ենթահանձնաժողովը փաստորեն հաստատել էր Ղարաբաղին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու իր մտադրությունը: Բանն այն է, որ ենթահանձնաժողովի որոշման մեջ նշված էին եղել չափազանց սահմանափակ թվով երկրների տրամադրվող գումարների չափերը։ Մյուսներին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաև Ադրբեջանին հատկացվելիք գումարի չափը չէր նշվել` թողնելով այդ հարցի որոշումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի հետագա քննարկումներին: Ընդ որում, Ղարաբաղի մասով ենթահանձնաժողովը հույս էր հայտնել, որ տրամադրվող ֆոնդերը կբավարարեն ԼՂ հակամարտության տուժածների մարդասիրական կարիքները` արդեն իսկ ցուցաբերված ծրագրային կարողությունների շրջանակներում։ Մի խոսքով, ենթահանձնաժողովը արդեն իսկ հստակորեն արտահայտել էր իր որոշումը Ղարաբաղին օգնություն հատկացնելու վերաբերյալ, պարզապես դեռևս չէր հստակեցրել գումարի չափը:
Իսկ ահա Ադրբեջանի վիճակը շատ ավելի աննախանձելի էր: Բանն այն է, որ նրա մասին ոչ մի բառ չէր
հիշատակվում, և եթե վաղը Բաքվին ոչ մի սենթ էլ բաժին չհասնի, դա արդեն մեծ անակնկալ համարվել չի կարող: Ի դեպ, սա միանգամայն տրամաբանական քայլ պիտի լինի: Իսկ ինչու՞ օգնել մի երկրի, որը կարծես թե միջոցների պակաս չի զգում և դեռ ամեն առիթով շեփորում է իր անսահման կարողությունների մասին: Մյուս կողմից էլ ծիծաղելի է, որ միլիարդանոց բյուջեներից մեծ-մեծ բրդող Ադրբեջանը ահաբեկված է Ղարաբաղի համար նախատեսված 10 միլիոն օգնությունից, որն, ի դեպ, բոլորովին էլ չի ծախսվելու ռազմական կամ պաշտպանական նպատակների համար:
Այս բոլոր հարցերն իրենց պատասխանը պիտի ստանային երեկ: Օգոստոսի 3-ին օրինագիծը պետք է քննարկվեր Արտաքին հատկացումների հանձնաժողովում: Սակայն քննարկումը հետաձգվեց: Ասենք, իրականում հանձնաժողովի որոշումը երկարատև գործընթացի միայն մի փուլն է։ Այնպես որ հարկ չկա առուն չթռած «հոպ» ասել: Ժամանակը ցույց կտա, թե վերջնագիծը ովքեր կհատեն: Եվ հիմա տպավորությունն այնպիսին է, որ էականն արդեն համարվում է ոչ այնքան փողը, որքան այն, թե ում անունը կհայտնվի ցուցակում: Ի վերջո, նաև դրանով է կանխորոշվում գերտերության վերաբերմունքն ու քաղաքականությունը մեր տարածաշրջանում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Փող, զենք և դժգոհություն

17 Փտր

Ժողովրդական իմաստությունը մեզ թելադրում է չհաշվել նվեր տված ձիու ատամները: Ընդհակառակը, բարեկիրթները նույնիսկ շնորհակալ են լինում ընծայի համար, քանի որ նվիրատուն ամենևին էլ պարտավոր կամ հարկադրված չէր ինչ-որ բան հանձնել անհատույց: Սակայն քաղաքականությունը կարծես թե ընդհանուր ոչինչ չունի լավ դաստիարակության հետ, և այստեղ ոչ միայն ատամներն են հաշվում, այլև հաշվելու ենթակա ամեն բան: Ընդ որում, դա արվում է ոչ այնքան մաթեմատիկական կանոնների պահպանման, որքան այդ կանոնները սեփական մտադրություններին ծառայեցնելու նպատակով:
Հենց այսպիսի կողմնորոշում ուներ ԱՄՆ Կոնգրեսը, երբ օրերս քննարկման դրեց 2011 ֆինանսական տարվա ֆինանսավորումների հարցը, իսկ երկրի նախագահ Բարաք Օբաման իր հերթին օրենսդիրներին ներկայացրեց առաջարկներ 2012թ. բյուջեի վերաբերյալ: Ահա այդ ժամանակ էլ նա այլ երկրների շարքում հիշատակեց նաև Հայաստանի անունը` տեղեկացնելով, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է 40 միլիոն դոլարի չափով օգնություն տրամադրել մեր երկրին: Նախատեսված գումարը ճիշտ այնքան է, որքան այս տարի, ու կարծես թե ամենևին էլ քիչ չէ: Թվում էր, շնորհակալությունից բացի հայկական կողմից այլ բան պետք չէր սպասել: Սակայն հաջորդ պահին պարզվելու էր, որ հնչեցված բառերի հեղեղում բացակայելու էր հատկապես այդ միակը` երախտիքի բառը:
Հայտնի բան է, որ մենք կդադարեինք ինքներս մեզ նման լինել, եթե անմիջապես եղածը չհամեմատեինք մեր հարևանների ստանալիք միջոցների հետ և ուշադրություն չդարձնեինք հարակից մանրամասներին: Եվ հենց այդ մանրամասների մեջ էլ գտնվեցին անհամապատասխանության այն «բացիլները», որոնք հարուցեցին դժգոհության վարակը: Ի՞նչ էր այս անգամ առաջարկում Օբաման մեր և դրկից երկրների համար: Նախ ասենք, որ ամերիկացիները եկող տարի պատրաստվում են դադարեցնել «Համաշխարհային առողջապահություն» և «Երեխաների փրկություն» ծրագրերի գծով Հայաստանին տրամադրվող օգնությունը: Դա նախկինում կազմել է տարեկան 400 հազար դոլար և, ինչ խոսք, ցավալի է, որ շարունակություն չի գտնելու: Բայց սրանց մասին որևէ տրտունջք, ափսոսանքի խոսք չհնչեց միայն ու միայն այն պատճառով, որ Ադրբեջանը նույնպես զրկվել էր հիշատակված երկու ծրագրերի օժանդակությունից:
Պայթյունի համար առիթը պիտի դառնար Օբամայի հաջորդ առաջարկը` կապված առանձին երկրներին տրամադրվելիք ռազմական օգնության հետ: Այս մասով ԱՄՆ նախագահն առաջարկեց Հայաստանին հատկացնել 3,45 մլն դոլար` արտաքին ռազմական ֆինանսական օգնության ու միջազգային ռազմական կրթության համար: Երբ հայերը դա համեմատեցին ադրբեջանցիներին տրամադրվելիք գումարների հետ, պարզվեց, որ մերը 450 հազարով քիչ է, քան Բաքվի բաժինը: Ու հենց այստեղ էր սկսվեց փոթորիկը:
Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակն անմիջապես իր խորը մտահոգությունը հայտնեց, որ ռազմական բնագավառի օգնության ծավալներում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարակշռություն չի պահպանվել: «Նախագահի առաջարկում ռազմական օգնության հավասարակշռության նժարը թեքված է Բաքվի կողմը` չնայած նոր պատերազմ սկսելու ադրբեջանական առաջնորդների աճող սպառնալիքներին, որը կքանդի Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացը», — ասվում էր Հայ դատի գրասենյակի կողմից տարածած հաղորդագրությունում։ Այս անհանգստությանը ձայնակցող մյուս հայկական կառույցները ևս այն համոզմանն էին, որ Ադրբեջանին ավելի շատ ռազմական օգնություն ցուցաբերելը սխալ ազդակ կարող է հաղորդել այդ երկրի կառավարությանը, նպաստել այն բանին, որպեսզի այդ երկիրը շարունակի իր ռազմատենչ հայտարարություններն ու Հայաստանին ուղղված սպառնալիքները:
Եթե նույնիսկ ընդունենք, որ մեր հայրենակիցների մտահոգությունները միանգամայն արդարացված են, ամեն դեպքում չենք կարող նաև չասել, որ նրանց չափազանցված աղմուկը որևէ արդյունքի չի հանգեցնի: Ի վերջո, Վաշինգտոնը միշտ էլ կարող է պատասխանել, որ դրանք իր փողերն են, և ինչպես կցանկանա` այնպես էլ կտնօրինի: Եվ հետո լուրջ չէ այն փաստարկը, թե Ադրբեջանը հենց այդ կես միլիոնի հույսին էր մնացել, որպեսզի հաջորդ պահին սանձազերծեր նոր պատերազմ Հայաստանի դեմ: Բացի այդ, հիշեցնենք նաև, որ ԱՄՆ հայկական կառույցները իրենց լոբբիստական աշխատանքների ընթացքում բազմիցս դիմել են ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին` առաջարկելով զրոյի իջեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օժանդակությունը, բայց, ինչպես տեսնում ենք, մեր ցանկությունները չեն համապատասխանում նրանց պատկերացումների հետ:
Կես միլիոնանոց տարբերության մասին այս աղմուկն այնքան բարձ էր հնչում, որ դրա ստվերում մնաց շատ ավելի նշանակալից մի զանազանություն: Բանն այն է, որ եկող տարի Միացյալ Նահանգները պատրաստվում է Ադրբեջանի տնտեսական օգնության չափաբաժինը կրճատվել 25 տոկոսով` 22,12 միլիոնի փոխարեն տրամադրելով ընդամենը 16,6 միլիոն դոլար: Այն, որ Ադրբեջանը նախկինից 6 միլիոնով պակաս տնտեսական օգնություն պիտի ստանա, դա, ոչինչ, կարելի է: Իսկ որ ընդամենը կես միլիոն դոլարով ավելին է նրան հատկացվելիք ռազմական օժանդակությունը, սա արդեն մեզ համար տիեզերական մասշտաբների աղետի պես մի բան է:
Մինչդեռ եթե կա մի հարց, որի շուրջ իսկապես արժեր մտահոգվել, դա այն է, որ Օբամայի վարչակազմի նոր առաջարկները որևէ կերպ չեն պատրաստվում խթանել հայ- ամերիկյան առևտրային կապերը, այնինչ նախկինում ԱՄՆ նախագահը խոստումներ էր շռայլում, թե հնարավորություններ կստեղծվեն ընդլայնել երկու երկրների տնտեսական կապերը` մասնավորապես ազատ առևտրի, երկակի հարկման, առևտրի ու ներդրումների մասին շրջանակային համաձայնագրերի միջոցով: Իսկ նման պայմանավորվածությունները ի զորու էին նպաստելու աշխատատեղերի ստեղծմանը հատկապես Հայաստանում: Սակայն ո՞վ է մեղավոր այս բացթողումի համար: Մի՞թե դարձյալ Օբաման: Իսկ այն հանգամանքը, որ կապերի խորացման համար նախ անհրաժեշտ է բարենպաստ միջավայր ու մթնոլորտ ձևավորել օտարերկրյա ներդրողների համար, շուկան դարձնել հրապուրիչ, օրենքը` գերակա, վերստի՞ն ամերիկացիների հոգսն է:
Այս տեսանկյունից բոլորովին էլ պատահական չէր, որ Սպիտակ տան վարչակազմը բավական պատկառելի գումարներ է առաջարկում տրամադրել մեր հարևան Վրաստանին: Պաշտոնական Թբիլիսիին տրամադրվելիք տնտեսական օժանդակության ծավալը Կոնգրեսի կողմից հաստատվելու դեպքում 2012 թվականին կկազմի 66 միլիոն դոլար: Եվս 18 միլիոն կհատկացվի ռազմական օժանդակության ծրագրի շրջանակներում, իսկ Վրաստանի առողջապահական համակարգին ամերիկյան հատկացումները գալիք տարի կազմելու են 850 հազար դոլար: Ահա թե ով է Վաշինգտոնի համար նախընտրելի գործընկերը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: