Tag Archives: Ֆելինի

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

22 Ապր

1987 թվական, մայիս. Համամիութենական 20-րդ կինոփառատոնը Թբիլիսիում: Ներկայացված է Ֆրունզե Դովլաթյանի «Մենավոր ընկուզենին» երկսերիանոց կինոնկարը:

Սերգեյ Փարաջանովին մենք հանդիպում ենք ֆիլմի ցուցադրման ժամանակ: Փարաջանովը հայկական պատվիրակությանը և մի խումբ մասնակիցների մեկ-երկու օր հետո հրավիրում է իր տուն` Դովլաթյանի ծննդյան 60-ամյակը նշելու:

Ընդունելությունը սկսվում է Կոտե Մեսխի փողոցից… Զրույցներ, բանավեճեր, հարցազրույցներ… Ինչ ասես կա: Մթնոլորտը լրջացնում է Փարաջանովը: Նա դիմում է Ֆրունզե Դովլաթյանին, արժեքավորում նրա ստեղծած ֆիլմերը և սենյակի անկյունում գտնվող սնդուկից հանում է մի թիկնոց:

— Այս թիկնոցը ես կարել եմ բանտում,- ասում է նա,- Ֆելինիի համար… Հույս ունեմ, որ օրերից մի օր այս երկիրը ինձ թույլ կտա հանդիպելու նրան և նվերը հանձնելու: Թիկնոցը կրելու առաջին պատվին արժանանում է Ֆրունզե Դովլաթյանը: Ծնունդդ շնորհավոր,- Փարաջանովը մոտենում է Դովլաթյանին, նրա ուսերին գցում թիկնոցը և գրկախառնվում…

Եվ ես շտապեցի այդ պահը վավերացնել Փարաջանովի բակի յուրօրինակ աստիճանների վրա:

 

Ռոբերտ ՄաթոսյանUNKNOWN_PARAMETER_VALUE-28

ՁԵՌՔԸ՝ ՍՐՏԻՆ

3 Սպտ

Այս մարդն այնքան դիմակ ունի, որ մեծ ջանք է պետք հասկանալու, թե դրանցից որն է սերտաճել դեմքին: Սակայն այդ ջանքը ապարդյուն է. նրա դեմքն անթեղված է խորքում: Շշմեցնող խոսքեր, արտասովոր հագուստներ, արտառոց վարք, որոնք ցնցում են «ողջամտության» խնկարկուին՝ լինի պաշտոնակատար, թե անգամ արվեստաբան:
Անցյալ տարիների մեջ մեր ձանձրալի գոյությունը նա պայթեցնում էր իր համարձակ գեղարվեստական ֆիլմերով, շատերին և մի քանիսին ծանոթ իր կոլաժներով, քչերին հայտնի իր գրական ստեղծագործություններով: Կյանքի ականապատված դաշտով նա գնում էր ոչ թե ականորսիչը ձեռքին, այլ նռնակներով ծանրաբեռ, որ պայթյունը խլացուցիչ լինի: Նա զոհվում և վերածնվում էր, կրկին զոհվում ու կրկին վերածնվում: Բայց նրա մահերից և աներևութացումներից հետո մնում էին նրա ֆիլմերը, որոնք ապրում էին առանց նրա՝ ուղենշելով աշխարհընկալման գեղարվեստական նոր (ամեն ֆիլմում՝ նոր) ուղղություններ՝ «Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը», «Սուրամի բերդի առասպել»…
Ոչ ոք չգիտի, թե որքան բան կկարողանար անել Սերգեյ Փարաջանովը, և դեռ որքան բան կանի, քանի որ ոչ ոք, այդ թվում նաև ինքը, չգիտի, թե ինչի վրա կանգ կառնի արվեստագետի և հրաշագործի իր հայացքը: Նա մի կողմ կթողնի գործերը, որպեսզի իր ձեռքով միջնադարյան թավիշից և մետաքսից (այստեղ կարող է և ստել) մի ֆանտաստիկ հագուստ կարի Ֆելինիին նվիրելու համար: Եվ չի նվիրի՝ հետաքրքրասերներին բացատրելով, թե առանց իր կեղծ հագուստի էլ Ֆելինին հագնելու բան կգտնի: Եվ խալաթ կարելը մի կողմ կթողնի, որպեսզի վերականգնի ինչ-որ հնագույն սրբապատկեր: Եվ ամեն ինչ էլ մի կողմ կթողնի, երբ գան բարեկամները, քանզի նրան պետք է հանդիսատես և ունկնդիր՝ իր հեքիաթների և իրապատումների հավատավոր:
Անսահման դժվար է նրան տեսնել ժամանակի մեջ թափառող դերասանի իր դերից դուրս: Եվ ինձ բախտ վիճակվեց լուսանկարել նրան հենց այդպիսին: Թբիլիսյան փոքրիկ բակում, ուր ժամանակավոր բացակայություններով նա ապրել է իր ողջ կյանքը, կերպարանափոխություններից հոգնած Փարաջանովը նստեց արկղի ծայրին, իսկ արկղի մեջ իր գլխի գրանիտե քանդակն էր, և աջ ձեռքը դրեց սրտին: Ոչ այնքան առողջ սրտին, որն իր միակն է և որին պետք է հավատալ:

ՅՈՒՐԻ ՌՈՍՏ
(Լուսանկարը՝ հեղինակի)

%d bloggers like this: