Tag Archives: ֆաշիզմ

Կամ լեզգինկա, կամ այրվող Ղուրան

27 Դկտ

Ռուս ազգայնական Վլադիմիր Տորն իր «Կենդանի ամսագիր» բլոգում մոսկվացիներին կոչ է արել դեկտեմբերի 31-ի գիշերը հավաքվել Կարմիր հրապարակում։ «Բարեկամներ, եկեք Նոր տարին դիմավորենք Կարմիր հրապարակում։ Թող այնտեղ շատ ռուսներ լինեն»,- գրել է նա: Իր հայրենակիցներին մայրաքաղաքի կենտրոն հրավիրող ազգայնականը գիտի, որ նույն օրը բազմաթիվ կովկասցի երիտասարդներ ևս որոշել են նույն վայրում հավաքվել ու լեզգինկա պարել: Ի պատասխան սրա, սլավոններն էլ պատրաստվում են Կարմիր հրապարակում այրել Ղուրանը։ «Կարմիր հրապարակը Ռուսաստանի սիրտն է ու չի կարելի թույլ տալ, որպեսզի այն կորցնի իր կերպարը»,- գրել է Վլադիմիր Տորը` համոզված, որ այրվող Ղուրանի կրակները ետ կբերեն Ռուսաստանի նախկին էությունը: Ավելի խելացի բան մտածել չկարողանալով, նրանք որոշել են կրկնել այն, ինչն այս տարվա սեպտեմբերին արեց ամերիկյան եկեղեցիներից մեկի հոգևորականը Ֆլորիդայում` կրակի մատնելով մուսուլմանների սուրբ գիրքը:
Ինչպես տեսնում ենք, ազգայնական կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլև նոր թափ ու լիցքեր են առնում: Դեկտեմբերի 11-ից հետո, երբ Մոսկվայի Մանեժնայա հրապարակում ծայրահեղականների և ֆուտբոլային ֆանատների կողմից կովկասցիների վրա կատարված հարձակումների ու ոստիկանության հետ բախումների պատճառով տասնյակ անմեղ մարդիկ տուժեցին, այդ երկրի իշխանություններն ըստ էության որևէ լուրջ քայլ չձեռնարկեցին հետագա զարգացումները կանխելու համար: Բավարարվելով սոսկ բարոյախրատական ելույթներով ու իրավապահների աշխատանքը խրախուսելով, նրանք իրենց չեզոք պահվածքով նպաստեցին հաջորդող շաբաթների աճող լարվածությանը: Միայն վերջին մի քանի օրերի ընթացքում Ռուսաստանի տարբեր անկյուններից անընդմեջ հաղորդումներ են ստացվում այլազգիների սպանության, բռնությունների, ավազակային հարձակումների մասին: Դրան զուգահեռ դատախազություններում հանցագործների նկատմամբ քրեական գործեր են հարուցվում՝ անկարգությունների դրդող և ազգայնական բնույթի կոչեր հնչեցնելու մեղադրանքով, ինչը եղած պատիժների ամենամեղմ տարբերակն է: Այդպես էլ ոչ մեկի նկատմամբ զանգվածային անկարգությունների կամ ջարդերի մասնակցության մեղադրանք չի առաջադրվել, թեև աղաղակող փաստերը բազմաթիվ էին ու անժխտելի: Իսկ շովինիզմի հաղթարշավը շարունակվում է` «Ռուսաստանը՝ ռուսներին» կարգախոսով: Միայն վերջին օրերին բողոքի ինքնաբուխ ակցիաներ են տեղի ունեցել Կլին, Պավլովո-Պոսադ, Չեխով, Սերպուխով և այլ քաղաքներում: Այս պատկերն առավել ամբողջացրել է «Շարժում դեկտեմբերի 11» ուլտրաաջ կազմակերպության ստեղծվումը, որի հրապարակած մանիֆեստի համաձայն, իրենց նպատակն է ռուս ժողովրդին ազատել ոչ ռուսական իշխանությունից և «միլիոնավոր պարազիտներից», գրավել Կրեմլը և երկրից վտարել բոլոր կովկասցիներին ու միջինասիացիներին:
Որպեսզի չստեղվի այն տպավորությունը, թե մենք ցանկանում ենք միտումնաբար ու հանիրավի խտացնել գույները, ներկայացնենք վերջերս Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի կողմից իրականացված հարցման արդյունքներից ընդամենը մի քանի կետ: Համաձայն դրանց, յուրաքանչյուր 10-րդ ռուսաստանցին պատրաստ է մասնակցել բողոքի այնպիսի գործողությունների, ինչպիսիք դեկտեմբերի 11-ին տեղի ունեցան Մանեժնայա հրապարակում: Հարցվածների 18 տոկոսն, այսինքն ամեն 5-րդը, հավանություն է տալիս ջարդեր իրականացրած ազգայնականների գործողություններին: Եվ նման տրամադրությունների ֆոնի վրա իշխանություններն իրենց հերթին տեղեկացնում են, թե պատրաստվում են ստեղծել էթնիկ հանցագործությունների դեմ պայքարի հատուկ ստորաբաժանում:
Բայց արդյո՞ք ոչ-ռուսներն այդպիսի վտանգ են ներկայացնում ռուսների համար: Ընթացիկ տարվա գործունեության հաշվետվության մեջ այժմ նշվում են սարսափազդու թվեր, ըստ որի Մոսկվայի բոլոր հանցագործությունների 70 տոկոսը իրականացրել են եկվորները: Ինչ-խոսք, տպավորիչ ցուցանիշ է: Մոսկվաբնակներն իրոք զգուշանալու հիմքեր կունենային, եթե այդ տվյալները գոնե փոքր-ինչ մոտ լինեին ճշմարտությանը: Բանն այն է, որ բոլորովին վերջերս ՌԴ ոստիկանության պաշտոնական վիճակագրության ամփոփագրում միանգամայն ուրիշ պատկեր էր: Այնտեղ ասվում էր, որ 2010-ի 11 ամիսներին, ողջ Ռուսաստանում արձանագրվել է 2 438 126 հանցագործություն, որից միայն 41 765-ն են իրականացրել ԱՊՀ երկրներից ժամանած միգրանտները: Ըստ այդմ, միջին միգրանտը 3 անգամ ավելի օրինապահ է գտնվել, քան միջին տեղացին: Սակայն ինչ-որ մեկին խիստ անհրաժեշտ է սևացնել «սևերին», որպեսզի «սպիտակները» էլ ավելի սպիտակ երևան:
Այս տարի Ռուսաստան է ժամանել 13 մլն արտասահմանցի: Անօրինական միգրանտների թիվը կազմում է 3 մլն: Նման ահռելի հոսքի պայմաններում ակնկալել լիակատար ներդաշնակություն ու համերաշխություն` այնքան էլ իրատեսական չէ: Սակայն կա խնդրի մյուս կողմը, ինչի մասին դիպուկ նկատեց Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը` ասելով, որ Ռուսաստանում դարերով առկա ազգայնականության ու քսենոֆոբիայի դեմ իմունիտետը սկսել է թուլանալ: Ճիշտ է, օրերս Պուշկինսկայա հրապարակում ռուս մտավորականությունը հանրահավաք անցկացրեց այլատյացության դեմ, և մոտավորապես 2 հազար մասնակիցներ վանկարկեցին` «Ռուսաստանը բոլորի համար», «Ոչ ֆաշիզմին» կարգախոսներ, իսկ նույն ժամանակ ռուս հայտնի գործիչների մի խումբ հանդես եկավ մոսկվացիներին ուղղված դիմումով` կոչ անելով մոսկվացիներին կանգնել «ի պաշտպանություն նորմալ կյանքի և մարդկային արժանապատվության», սակայն նրանց ձայնը և պահանջը` «Ռուսաստանն առանց նացիզմի», դեռ երկար ժամանակ կխլանա այն վանկարկումների և աղաղակների ներքո, որոնք այդ բազմազգ երկրի համար այլ ապագա են գուշակում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՉԱՐԱԳՈՐԾԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

24 Նյմ

ԱԴՈԼՖ ՀԻՏԼԵՐ
ԻՄ ՊԱՅՔԱՐԸ (հատվածներ)

…Երբ ես հիմա, երկար տարիներ անց, հետ եմ նայում այդ ժամանակներին, միանգամայն հստակ իմ առջև պատկերանում են երկու շատ կարևոր հանգամանք.առաջին. ես նացիոնալիստ դարձա,երկրորդ. ես սովորեցի ուսումնասիրել և հասկանալ պատմությունը:
Հին Ավստրիան «ազգությունների պետություն» էր: Գերմանական կայսրությունում ապրող գերմանացին, ըստ էության, չի կարող կամ գոնե այն ժամանակ չէր կարող պատկերացնել, թե այդ փաստն ինչ նշանակություն ունի ազգությունների այդ պետությունում ապրող յուրաքանչյուրի առօրյա կյանքի համար: Ֆրանս-պրուսական պատերազմում հերոսական բանակների հրաշալի հաղթանակների աղմուկի մեջ գերմաններն աստիճանաբար սկսեցին ավելի օտարվել գերմանական սահմանի այն կողմում ապրող գերմանացիներից, մասամբ սկսեցին անգամ նրանց չհասկանալ: Ավելի ու ավելի հաճախ սկսեցին շփոթել, հատկապես ավստրիական գերմանացիների հետ կապված, քայքայվող կայսրությունը ի բնե առողջ ժողովրդի հետ:
Մարդիկ չէին հասկանում, որ եթե ավստրիական գերմանացիները զտարյուն չլինեին, նրանց ուժը երբեք չէր բավականացնի, որպեսզի այդ չափով իրենց կնիքը դնեն 52 միլիոնանոց պետության կյանքի վրա: Մինչդեռ ավստրիական գերմանացիներն այդ արեցին այնպես, որ Գերմանիայում նույնիսկ կարող էր սխալ պատկերացում ստեղծվել, թե իբր Ավստրիան գերմանական պետություն է: Կամ դա միանգամայն արտասովոր անհեթեթություն է, կամ փայլուն վկայություն հօգուտ 10 միլիոն ավստրիական գերմանացիների: Միայն սակավաթիվ գերմանացիներ քիչ թե շատ պատկերացում ունեին այն լարված պայքարի մասին, որն ընթանում էր Ավստրիայում գերմաներեն լեզվի շուրջ, գերմանական դպրոցի և գերմանական մշակույթի շուրջ: Միայն հիմա, երբ նման տխուր իրողությունները բաժին են ընկել նաև Գերմանիայի միլիոնավոր գերմանացիներին, որոնք ստիպված են կրել օտարերկրյա լուծը և, տենչագին երազելով վերամիավորվել իրենց հայրենիքին, գոնե կարողանալ խոսել իրենց մայրենի լեզվով, միայն հիմա գերմանացի բնակչության լայն շրջանակներում սկսեցին հասկանալ, թե ինչ է նշանակում պայքարել սեփական ազգության համար: Հիմա արդեն շատերը կհասկանան, թե ինչ մեծ դեր են խաղացել ավստրիական գերմանացիները, ովքեր, իրենք իրենց թողնված լինելով, դարեր շարունակ կարողացել են պահպանել գերմանացի ժողովրդի արևելյան սահմանը, կարողացել են երկար և քայքայիչ պայքարում պահպանել գերմանական լեզվական սահմանն այնպիսի դարաշրջանում, երբ գերմանական կայսրությունը շատ էր հետաքրքրվում գաղութներով, բայց շատ քիչ ուշադրություն էր դարձնում սեփական միս ու արյանն իր սեփական սահմաններում:
Ինչպես ամենուր և ցանկացած պայքարում, այնպես էլ հին Ավստրիայի ներսում հանուն մայրենի լեզվի պայքարում երեք շերտ կար. մարտնչողներ, անտարբերներ և դավաճաններ: Արդեն դպրոցական նստարանից նկատվում էր այս տարբերակումը: Հանուն մայրենի լեզվի պայքարում ամենաբնորոշն ընդհանրապես այն է, որ կրքերն ամենաթեժ ձևով հարվածում են, թերևս, դպրոցական նստարանին, որտեղ էլ հենց աճում է նոր սերունդը…
Ինձ էլ դեռ վաղ պատանի հասակում բաժին ընկավ մասնակցություն ունենալ ազգային պայքարում, որ բռնկվել էր հին Ավստրիայում: Մենք դրամական ֆոնդեր էինք հավաքում, մենք մեր հագուստը զարդարում էինք կապույտ տերեփուկով և սևակարմրաոսկեգույն ժապավեններով, մենք «Deutschland uber alies» էինք երգում ավստրիական հիմնի փոխարեն: Եվ այս ամենը` ի հեճուկս բոլոր արգելքների: Մեր երիտասարդությունն անցնում էր հայտնի քաղաքական դպրոցով արդեն այնպիսի տարիքում, երբ ազգային պետությանը պատկանող երիտասարդ մարդիկ չէին էլ մտածում պայքարին մասնակցելու մասին և իրենց ազգային մշակույթի գանձերից միայն մայրենի լեզվից էին օգտվում: Որ այն ժամանակ անտարբերների շարքին չէի պատկանում, ինքնին հասկանալի է: Ամենակարճ ժամանակամիջոցում ես դարձա մոլեռանդ «դոյչ-նացիոնալ», ինչն այն ժամանակ, բոլորովին էլ նույնը չէր, ինչ այժմ դրվում է այդ կուսակցական հասկացության մեջ:
Ես այդ ուղղությամբ այնքան արագ էի աճում, որ արդեն 15 տարեկանում հստակ պատկերացում ունեի այն տարբերության մասին, որն առկա էր դինաստիական «հայրենասիրության» և ժողովրդական «նացիոնալիզմի» միջև: Ես արդեն այն ժամանակ վերջինի կողմնակիցն էի:
…Համաշխարհային պատմության դասավանդումը միջնակարգ դպրոցում հիմա էլ շատ ցածր մակարդակի վրա է: Միայն սակավաթիվ ուսուցիչներ են հասկանում, որ պատմության դասավանդման նպատակը երբեք չպետք է լինի պատմական տարեթվերի ու իրադարձությունների անգիր արած անիմաստ կամ մեխանիկական կրկնություն: Բանը բոլորովին էլ այն չէ, թե արդյոք պատանին անգիր գիտի, թե հատկապես որ օրն է տեղի ունեցել այս կամ այն ճակատամարտը, երբ է ծնվել այս կամ այն զորավարը, կամ որ թվականին է այս կամ այն (հիմնականում աննշան) միապետը թագադրվել: Ողորմած Աստված, բանը բոլորովին էլ դա չէ:
Պատմություն «սովորել»` նշանակում է կարողանալ որոնել և գտնել այն գործոններն ու ուժերը, որոնք պայմանավորել են այս կամ այն իրադարձությունը, որոնք մենք հետո պետք է պատմական իրադարձություն համարենք:
Ընթերցման և ուսանելու արվեստն այս ոլորտում հանգում է հետևյալին. հիշել էականը, մոռանալ ոչ էականը:
Իմ ողջ անձնական ճակատագրի և հետագա ողջ կյանքի մեջ, գուցե, վճռական դեր է խաղացել այն հանգամանքը, որ երջանիկ եմ եղել ունենալու այնպիսի պատմության ուսուցիչ, ով ընդամենը շատ քչերի նման կարողացավ իր դասավանդման հիմքում դնել հենց այս մոտեցումը: Լինց քաղաքի ռեալական ուսումնարանի պատմության այն ժամանակվա ուսուցիչ, դոկտոր Լեոպոլդ Պետչը, ում մոտ ես սովորում էի, այդ սկզբունքի կենդանի մարմնավորումն էր: Բարեհամբույր արտաքինով, բայց վճռական բնավորությամբ այդ ծերուկն իր փայլուն պերճախոսությամբ կարողանում էր մեր ուշադրությունը ոչ միայն գամված պահել դասավանդվող առարկայի վրա, այլև պարզապես գերել մեզ: Հիմա էլ ես սրտի թրթիռով եմ հիշում այդ ալեհեր ուսուցչին, ով իր բոցաշունչ խոսքով հաճախ ստիպում էր մեզ մոռանալ ներկան և ապրել անցյալի մեծագույն իրադարձությունների հրաշալի աշխարհում: Չոր պատմական հիշողությունները նա կարողանում էր վերածել աշխույժ ու գրավիչ իրականության: Հաճախ ենք մենք նրա դասերին հիացմունք ապրել, և քիչ չեն եղել դեպքերը, երբ նրա պատմածից հուզվել ենք արտասվելու աստիճան:
Մեր երջանկությունն էլ ավելի մեծ էր լինում, երբ այդ ուսուցիչը մատչելի ձևով կարողանում էր, հենվելով ներկայի վրա, մեկնաբանել անցյալը և, հենվելով անցյալի դասերի վրա, եզրահանգումներ անել ներկայի համար: Ավելի, քան մեր մյուս ուսուցիչները, նա կարողանում էր թափանցել արդիականության այն թեժ խնդիրների մեջ, որոնք այն ժամանակ մեր ողջ էությունն էին համակում: Մեր փոքրիկ ազգային ֆանատիզմը նրա համար մեր դաստիարակության միջոց էր: Ավելի հաճախ վկայակոչելով մեր ազգային արժանապատվության զգացումը` նա մեզ բարձրացնում էր էլ ավելի մեծ բարձունքի, քան դրան կարելի էր հասնել որևէ այլ եղանակով:
Այդ ուսուցիչն ինձ համար պատմությունն ամենասիրելի առարկան դարձրեց: Հակառակ իր սեփական ցանկության` նա արդեն այն ժամանակ ինձ երիտասարդ հեղափոխական դարձրեց:
Իրականում, ո՞վ կարող էր այն ժամանակվա պայմաններում պատմություն ուսանել նման ուսուցչի մոտ և չդառնալ այն պետության թշնամին, որն իր դինաստիայի միջոցով այդքան ճակատագրականորեն էր ազդում ազգի ճակատագրերի վրա:
Ով կարող էր այն ժամանակվա պայմաններում պահպանել դինաստիային հավատարմությունը, որն անցյալում և ներկայում այդքան խայտառակ ձևով դավաճանել էր գերմանացի ժողովրդի շահերը սեփական շահադիտական նպատակներով:
Մի՞թե մեզ` այն ժամանակ դեռևս բոլորովին պատանիներիս միանգամայն պարզ չէր, որ այդ ավստրիական պետությունը մեր` գերմանացիներիս հանդեպ ոչ մի սեր չի տածում և ընդհանրապես տածել չէր էլ կարող: Համբսբուրգների տան տիրապետության պատմության հետ ծանոթությունը լրացվում էր նաև մեր սեփական ամենօրյա փորձով: Հյուսիսում և հարավում օտարազգի թույնը հոշոտում էր մեր ազգության մարմինը, և անգամ ինքը` Վիեննան, մեր աչքին ավելի ու ավելի էր ոչ գերմանական քաղաք թվում:
Դպրոցում ստացած սերը պատմական մտածողության հանդեպ երբեք չլքեց ինձ իմ ողջ հետագա կյանքում: Պատմության ուսումնասիրումն ինձ համար դառնում է արդիականության պատմական իրադարձությունները, այսինքն` քաղաքականությունը հասկանալու անսպառ աղբյուր: Ես ինձ խնդիր չեմ առաջադրում «սովորել» արդիականությունը, թող որ նա սովորեցնի ինձ…

%d bloggers like this: