Tag Archives: օրինագիծ

Ճչում է նա, ում վերքն առավել ցավոտ է

23 Դկտ

Եղավ այն, ինչ ենթադրվում էր դեռ շաբաթներ առաջ: Կողմերից յուրաքանչյուրը կատարեց իր խոստումը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծը, իսկ Թուրքիան հայտարարեց Փարիզի դեմ կիրառվելիք պատժամիջոցների մասին։ Արդեն երեկ միջազգային մամուլը հեղեղված էր այդ մասին ահազանգող հոդվածներով: «Թուրքիան սպառնում է Ֆրանսիային», «Թուրքիան ավելացնում է ճնշումը Ֆրանսիայի վրա», «Ֆրանսիան ու Թուրքիան վիճում են օրինագծի շուրջ», և նման վերնագրերով նյութերը ի հայտ էին բերում իրավիճակի լրջությունն ու լարման աստիճանը: Իսկ երբ վրա հասավ աղմկելուց գործին անցնելու ժամանակը, առաջին պատասխան քայլը կատարեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հրապարակ հանելով իրենց մտադրությունների ողջ փաթեթը:
Ի դեպ, Էրդողանը վշտանալու միանգամից մի քանի առիթներ ուներ: Մասնավորապես նրան խորապես վիրավորել էր այն փաստը, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը հայկական բանաձևն ընդունել էր այն օրը, երբ 1979-ին Փարիզում ԱՍԱԼԱ-ի կողմից սպանվեց թուրք դիվանագետ։ Սակայն հերոսաբար մի կողմ թողնելով հույզերը, նա արտասանեց արդեն պատրաստի խոսքերը. «Մենք խստորեն քննադատում ենք այս որոշումը։ Ցավոք, այս ամենը Սարկոզիի քաղաքական նկրտումների հետ էր կապված։ Հիմա ես հարցնում եմ՝ Ֆրանսիայում խոսքի ազատություն կա՞։ Եվ պատասխանում եմ՝ ոչ։ Նրանք վերացրեցին ազատ քննարկելու մթնոլորտը»,- ասաց Էրդողանը ու հավելեց, թե այս որոշումը վերքեր բացեց Փարիզի հետ հարաբերություններում, որոնք բուժելը դժվար է լինելու:
Իհարկե, մեծ վերքեր բացելու սովոր ժողովրդի զավակը պիտի իմանա, թե դրանցից որոնք են բուժվող և որոնք՝ ոչ: Միայն թե այժմ ոչ թե բժշկության, այլ պատասխան հարված հասցնելու ժամն էր, և Էրդողանը հրապարակեց այն 8 հիմնական պատժամիջոցների ցանկը, որոնք Թուրքիան կիրառվելու է Ֆրանսիայի դեմ: Ըստ հաջորդականության դրանք ներկայացնում էին այս պատկերը.
1. Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը ետ է կանչվում Անկարա։
2. Չեղյալ է հայտարարվում քաղաքական, զինվորական ու տնտեսական համատեղ գործունեություններում, կրթության և մյուս ոլորտներում կադրերի փոխանակումը։
3. Չեղյալ են համարվում զորավարժությունները։
4. Դադարեցվում է Ֆրանսիայի հետ ցանկացած քաղաքական շփում։
5. Ֆրանսիական ռազմական օդանավերն ամեն անգամ Թուրքիայի օդային տարածքից օգտվելու դեպքում պետք է առանձին-առանձին թույլտվություն ստանան։
6. Եվրամիության հետ տարվող ծրագրերում հրաժարվելու է համագործակցել Ֆրանսիայի հետ։
7. Արգելվելու է ֆրանսիական նավերին խարիսխ գցել Թուրքիայի նավահանգիստներում։
8. Թուրքիան չի մասնակցի 2012-ին նախատեսված Ֆրանսիա-Թուրքիա տնտեսական համաժողովին։
Ահա այսպես՝ մեկը մյուսի ետևից այրելով բոլոր կամուրջները, պաշտոնական Անկարան պատրաստվում է հետայսու Ֆրանսիային ( իսկ մեծ հաշվով՝ Եվրոպային) ցույց տալ, թե որքան տխուր է լինելու աշխարհը առանց Թուրքիայի ընկերակցության: Իսկ կամուրջներ հրկիզելու մոլուցքով միայն իշխանությունները չէ, որ տառապում են: Օրինակ, Թուրքիայի առևտրականնների և արհեստավորների միությունը կոչ է արել 82 այլ միությունների և 13 ֆեդերացիաների՝ խանութների դարակներից իջեցնել ֆրանսիական ապրանքները։ Իսկ Թուրքիայի վարորդների ու ավտոսեփականատերերի ֆեդերացիան Ֆրանսիայի ընդունած որոշումը քննադատող 100 հազարավոր բրոշյուրներ է տպագրելու, որոնք կփակցվեն տաքսիներում ու հասարակական տրանսպորտում։
Առայժմ դժվար է ասել, թե նման հակաքայլերը որքանով կարող են վնասել ֆրանսիական տնտեսությանը կամ երկրի վարկը: Սակայն մի բան հայտնի է. Թուրքիայի ու Ֆրանսիայի միջև ապրանքաշրջանառությունը 2010-ին կազմել է 12 մլրդ եվրո։ Այդ թիվն ընթացիկ տարում կարող էր հասնել մինչև 14 մլրդ-ի, ընդ որում, ֆրանսիական անմիջական ներդրումները Թուրքիայում կազմում են 10 մլրդ եվրո։ Եվ եթե նույնիսկ ընդունենք, որ թուրքական բոյկոտը ֆրանսիական խոշոր ընկերություններին կարող է ոչ շահեկան դրության մեջ դնել, ապա չպետք է նաև մոռանալ, որ, ինչպես ասում են, դանակը երկու սայր ունի: Շատերն արդեն իսկ անհիմն են համարում Թուրքիայի սպառնալիքները՝ ելնելով այն իրողությունից, որ Ֆրանսիան համարվում է թուրքական ապրանքների 5-րդ ներմուծողը և 6-րդ արտահանողը Թուրքիա: Նման հարաբերակցության պայմաններում պիտի որ չափազանց դժվար լինի միանշանակ պնդել, թե տուժողը կողմերից միայն մեկն է լինելու: Այդ փաստն արդեն իսկ իր ապացույցն է գտնում այն անհանգստությամբ, որ ունեն բազմաթիվ թուրքական ընկերությունների ղեկավարներ: «Թուրքիայի տնտեսությունը արտահանման ուղղվածություն ունի և արտասահմանյան իր գործընկերների դիվերսիֆիկացիայի կարիքն է զգում` արտադրության ու աշխատատեղերի պահպանման համար»,- նշել է Թուրք գործատուների ասոցիացիայի նախագահ Ումիթ Բոյները: Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան Թուրքիայի արտասահմանյան չորրորդ գործընկերն է: Թուրքիան 2010թ. 5,4 մլրդ եվրոյի արտադրանք է արտահանել Ֆրանսիա, և այդ երկիրը հազիվ թե հեշտությամբ համակերպվի այն մտքի հետ, որ պիտի զրկվի նման սպառողից այն դեպքում, երբ տնտեսագետներն առանց այդ էլ 2012թ. տնտեսական ակտիվության նվազում են կանխատեսել:
Եվ մինչ գործարարները հաշվում ու վերահաշվում են իրենց հնարավոր կորուստները, Թուրքիայի իշխանությունները շարունակում են մանևրել հուզական դաշտում: Օրինակ, կառավարությունը սպառնում է, թե Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի երկրներում բարձրաձայնելու է «Ֆրանսիայի կողմից իրագործված ցեղասպանությունների հարցը», իսկ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը հայտարարել է, որ իրենք Անկարայում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց կկանգնեցնեն Ալժիրում ֆրանսիացիների վայրագությունների մասին պատմող հուշարձան։
Այսպիսի քայլերը հազիվ թե բավարարեն թուրք հասարակությանը, որն այսօր կբոյկոտի, իսկ վաղն իր կաշվի վրա կզգա դրա հետևանքները: Սակայն իրադարձություններից առաջ չընկնենք և հիշենք նաև, որ հայկական օրինագիծը դեռ պիտի քննարկման դրվի Սենատի Վերին պալատում: Ակնակալվում է, որ դրա վերջնական ընդունումը տեղի կունենա փետրվարին, նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ: Ենթադրվում է նաև, որ այդ ընթացքում Թուրքիան կջանա աննախադեպ ճնշումներ բանեցնել Ֆրանսիայի դեմ: Այս պարագայում բոլորովին կարիք չկա լիովին բացառել նաև այն հնարավորությունը, որ Սենատը կարող է չընդունել օրինագիծը: Չմոռանանք, որ պատգամավորների շրջանում խնդրի մասին տարակարծություններ կան, թեև ընդհանուր կարծիքն այն է, որ պետք չէ խնդիրներ ունենալ Թուրքիայի հետ, միաժամանակ պետք է գոհացնել հայ համայնքին: Այս հնարավորության կապակցությամբ և մեկնաբանելով բրիտանական The Guardian-ում ներկայացված այն տեսակետը, թե կարճ ժամանակ է մնացել մինչև նախագահական ընտրություններ, ու Սենատը չի հասցնի ընդունել օրինագիծը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչները պատասխանել են. «Այո, ժամկետը կարճ է, Սենատի նիստերը մինչև փետրվարի կեսն են լինելու: Արդեն սենատոր Կալտենբախի կողմից լսումներ են նախաձեռնվել, և հավանաբար նա ու մյուսները կներկայացնեն օրինագիծը Սենատին: Կարծում ենք` քիչ է հավանականությունը, որ չընդունվի»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Չարչրկված օրինագծի վերջին վերադարձը

12 Դկտ

Ֆրանսիայի Ազգային ժողովի սահմանադրական օրենքների, օրենսդրության ու հանրապետության ընդհանուր կառավարման հարցերով հանձնաժողովն ընդունեց Վալերի Բուայեի և նրա գործընկերների` քաղաքական մեծամասնական «Ժողովրդական շարժում միության» (UMP) և Նոր կենտրոնի կուսակցության անդամների կողմից ներկայացրած օրինագիծը, որը պատիժ է սահմանում Հայոց ցեղասպանության ուրացման համար: Օրինագիծը ստորագրեցին 40 պատգամավորներ: Ըստ այդմ, մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք կկիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածի տակ կդնեն Հայոց ցեղասպանության փաստը, որը Ֆրանսիան օրենքի մակարդակով ընդունել է 2001-ի հունվարի 29-ին: Այս առթիվ Բուայեն հայտարարեց. «Մենք կգնանք մինչև վերջ, և Ֆրանսիան ավելի քան երբեք կդրսևորվի իբրև մարդու իրավունքների երկիր»։
Գուցե թե Բուայեն ինչ-որ բան գիտի, եթե այդքան վստահաբար է խոսում: Մեզ ընդամենը հայտնի է այն, որ հոկտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ընդգծեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը ու նախազգուշացրեց, որ իր երկիրը մինչև տարեվերջ կարող է ընդունվել օրենք, ըստ որի այդ իրադարձությունների հերքումը կհամարվի հանցագործություն: Սրա հետ մեկտեղ մեզ հայտնի է նաև, որ այս տարվա մայիսի 4-ին նույն Ֆրանսիայի Սենատը երեք ժամ տևած քննարկումներից հետո մերժեց Եղեռնի հերքումը քրեականացնող օրինագիծը: 196 սենատոր դեմ քվեարկեցին, ինչի արդյունքում նախագիծը դուրս մնաց Սենատի օրակարգից: Ի դեպ, այդ օրերին ևս կային մարդիկ, ովքեր արտասանում էին Բուայեի խոսքերին մոտ մտքեր…
Սակայն արժե դիտարկել ներկա իրավիճակի այն նրբերանգները, որոնք փոքր-ինչ այլ ընթացք են խոստանում այս խնդրի ճակատագրին: Նախ արձանագրենք, որ օրինագիծը հանձնաժողովում անցավ հենց այն ժամանակ, երբ Մարսելում էր գտնվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս ոչ միայն հարկ համարեց ընդգծել, որ օրինագծի ընդունումը ընդգրկվում է բարեկամական հարաբերությունների նույն շրջանակում, ինչն առկա է հայ-ֆրանսիական առնչություններում, այլև ուղղակի և անուղղակի ձևերով ֆրանսահայերին կոչ արեց առաջիկա նախագահական ընտրություններում քվեարկել Նիկոլա Սարկոզիի օգտին: Այլ կերպ դժվար է մեկնաբանել Սարգսյանի ելույթի այն հատվածը, որտեղ նա ասում էր. «Ես ուզում եմ իմ հայրենակիցներին հավաստիացնել, որ Ֆրանսիայի նախագահ պարոն Նիկոլա Սարկոզիի վերջին այցը Երևան, իրոք, պատմական այց էր, և աշխարհի որևէ երկրի ղեկավար մեր ժողովրդի ցավերի` կապված հենց հայ-թուրքական հարաբերությունների հետ, ցեղասպանության հետ, որևէ մեկն այդպիսի խոսքեր չէր արտաբերել երբեք, և մենք ուղղակի պետք է երախտապարտ լինենք այս չքնաղ երկրի իմաստուն նախագահին»:
Մինչ կներկայանար չքնաղ երկրին շնորհակալություն հայտնելու առիթը, այդ ընթացքում կատարվածից զայրացած Թուրքիայի ԱԳ նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ դժգոհություն հայտնելով օրինագծի կապակցությամբ: «Ֆրանսիայի իշխանությունները գիտեն այս լուրջ խնդրի վերաբերյալ մեր երկրի զգայունությունը։ Այն շրջանում, երբ Թուրքիա-Ֆրանսիա համագործակցության հնարավորությունները կարող են մտնել զարգացման կայուն փուլ, նման նախաձեռնությունները բացասաբար կանդրադառնան ընթացքին։ Հետևանքների համար պատասխանատվությունը կրելու է այդ ամենը նախաձեռնող կողմը։ Ֆրանսիայից մեր սպասելիքն այն է, որ նա աջակցություն ցուցաբերի Թուրքիայի ու Հայաստանի միջև պատմության հետ կապված անհարթությունը երկխոսության միջոցով կարգավորմանը»,-ասվում էր թուրքական կողմի հայտարարության մեջ։
Ինչ խոսք, հեքիաթներն այն մասին, թե կան հայ-թուրքական հարաբերություններ և դրանք կարող են խաթարվել, հազիվ թե համոզիչ հնչեն Փարիզի համար: Իր հերթին Երևանի համար նույնքան պարզ է, որ ցանկացած երկրի կողմից Հայոց ցեղասպանության հարցի ճանաչումը միշտ էլ եղել է Թուրքիայի հետ հարցերը լուծելու միջոց, և Ֆրանսիան այս շարքում բացառություն չէ: Բավական է միայն հիշել Իսրայելի օրինակը, որը Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից անմիջապես հետո բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, սակայն հենց որ կացության չնչին հարթեցում գրանցվեց, նրանք նույն արագությամբ հարցի քննարկումը Կնեսեթում հետաձգեցին անորոշ ժամանակով: Իսկ ի՞նչն է խանգարում ֆրանսիացիներին վարվել հրեաների պես: Ըստ էության, ոչինչ: Եթե այսօր Թուրքիայի համար մի ցավոտ օրինագիծ Ազգային Ժողով է մտել, կնշանակի կա խնդիր, և այդ խնդրում Ֆրանսիան դեռ իր ցանկացածը չի ստացել Թուրքիայից: Առաջիկա շաբաթները բավարար ժամանակահատված են, որպեսզի Ֆրանսիան սպասի Թուրքիայի արձագանքին և ըստ այդմ կայացնի իր որոշումը: Միևնույն ժամանակ՝ չմոռանալով նախընտրական շրջանի առանձնահատկությունները, չի կարելի լիովին բացառել, որ այդ գործոնը ուժեղ գտնվի նախորդից, այսինքն՝ նույնիսկ Թուրքիայի կողմից Ֆրանսիայի ցանկությունը կատարելու պարագայում նախագիծն ընդունվի: Մի խոսքով, տվյալ իրավիճակում մեր ցանկություններն ու ջանքերը ոչ մի էական նշանակություն ունենալ չեն կարող, և գլխավոր ընտրությունը Ֆրանսիայինն է. այնտեղ պիտի որոշեն, թե ի՞նչն է առաջնային` կամ Սարկոզիի շահերը, կամ Թուրքիայի հետ հարաբերությունների պահպանումը:
Այս իմաստով խիստ հատկանշական էր Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի հայտարարության հետ կապված պատմությունը: Երբ Ժյուպեն Անկարայում նշել էր, թե «Փարիզը պատրաստ է հյուրընկալել հայերի ու թուրքերի հանձնախմբերին, որոնք կքննարկեն 1915-ի ցավալի իրադարձությունները», դիվանագետի այս մտքերը խիստ վրդովմունք էին առաջացրել հայերի շրջանում, ինչին ի պատասխան պաշտոնական Փարիզի ներկայացուցիչը նկատել էր. «Ճիշտ է, Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն չպետք է անտեսել Թուրքիայի դերը տարածաշրջանում ու նրա հարաբերությունները Եվրոպայի հետ»:
Այո, դա իսկապես չի անտեսվելու: Իսկ ինչ վերաբերում է չարչրկված օրինագծի վերջին վերադարձին, ապա Ֆրանսիայի Ազգային ժողովի օրենսդիր հանձնաժողովի նախագահ Ժան-Լյուկ Վարսմանը հնարավոր է համարել, որ այն խորհրդարանի ստորին պալատի քննարկմանը ներկայացվի դեկտեմբեր ամսվա ընթացքում։ Ուրեմն մինչև տարեվերջ մենք հնարավորություն կստանանք իմանալու մեզ հուզող մի շարք հարցերի պատասխանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Հանգուցյալի համար արցունքներ չեն լինի

29 Օգս

Ինչպես որ անբուժելի հիվանդի մահը առանձնապես մեծ զարմանք չի պատճառում, այդպես էլ ոչ ոք անակնկալի չեկավ այն տեղեկությունից, որ Թուրքիայի խորհրդարանը ի թիվս այլ օրինագծերի անվավեր էր ճանաչել դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու երկկողմ հարաբերությունների ամրապնդման մասին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ստորագրվել էին մոտ 2 տարի առաջ, Ցյուրիխում: Փաստը բացատրվեց հետևյալ կերպ. Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնադրության համաձայն, տվյալ օրենսդրական շրջանում վերջնական լուծում չգտած օրինագծերը համարվում են անվավեր: Ըստ այդմ, բացի հիշյալ արձանագրությունից, նաև չեղյալ էին համարվել ևս 898 օրինագծեր:
Սակայն ֆորմալ կարգի հիմնավորումներն այս պարագայում ոչինչ չեն փոխում: Թիկունքում մնացած ժամանակահատվածը քիչ չէր, բայց և այնպես Թուրքիայի նախկին խորհրդարանն այդ արձանագրութունների խնդրում մատը մատին չխփեց՝ ապացուցելով, որ իրեն ձեռնտու չէ առանց նախապայմանների հարբերությունների կարգավորումը: Բացեիբաց հայտարարելով, որ հայ-թուրքական շփումներն անիրական են, քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան հակամարտությունը, դրանով իսկ նա դիրքորոշում կտակեց նոր խորհրդարանին, որն էլ այսօր, ինչպես արձանագրում է «Pirus Haber»-ը, հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքական ուղու մեջ:
Միանգամից նկատենք, որ պաշտոնական Երևանն իր հերթին որևէ կարգի դիրքորոշում չցուցաբերվեց հարևան երկրի ապակառուցողական քայլի վերաբերյալ: Ոչ հանրապետության առաջին դեմքերը, ոչ արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռևս հրապարակայնորեն չեն տվել իրենց գնահատականը և չեն շարադրել այն մոտավոր գործողությունները, որոնց պատրաստ են դիմել այս պահից ի վեր: Դրա փոխարեն առանձին քաղաքական խմբեր առիթը բաց չթողեցին անմիջապես մեղավորներ փնտրել երկրի ներսում և վերհիշել գլխավոր խնդրին ենթակա դրվագների ու դրանց թերությունների մասին: Ինչ խոսք, սա իսկապես լավ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր դժգոհ են Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունից: Եվ հիմա ամենևին էլ պարտադիր չէ բացատրել, թե հատկապես ո՞ր հարցում է ձախողվել ԱԳՆ-ն և ի՞նչ էր պետք անել, որ չի արվել՝ հաշվի առնելով Հայաստանի դիրքը, իրավիճակը և այլ հարակից հանգամանքները: Դրա փոխարեն հնչում են կտրական պահանջներ առ այն, որ Ազգային ժողովն իր առաջին իսկ նիստում պետք է օրակարգից հանի հայ-թուրքական արձանագրությունները՝ ամբողջ պատասխանատվությունը բարդելով Թուրքիայի վրա։
Թվում է, թե սա չափազանց հրապուրիչ ու տեղին դեմարշ կարող էր համարվել, եթե չնմանվեր տաք գլխով պատասխանատու գործ ձեռնարկելուն, ինչի հետևանքները ավելի հաճախ հակառակ էֆեկտն են տալիս: Եթե նույնիսկ Հայաստանը որոշի հետ կանչել իր ստորագրությունը արձանագրություններից, ապա դա կպահանջի ոչ միայն լուրջ կշռադատում, այլև երաշխիքներ, որ վաղը նա չի զղջա իր հապշտապ պատասխանի համար: Իսկ խնդիրն այս անգամ սոսկ այն չէ, թե ինչպիսին կլինի մեր արձագանքը, այլ նաև այն, որ կարիք չկա սեփական գործողությունները մշտապես պայմանավորել թուրքական պահվածքով: Մենք կամ դա անում ենք« կամ չենք անում, քանի որ այդպես է թելադրում երկրի շահը: Մնացյալը երկրորդական հարցեր են, որոնք ժամանակի ընթացքում կկորցնեն իրենց սրությունը: Նաև սա է պատճառը, որ այսօր կան հակառակը պնդողներ, համաձայն որոնց վաղաժամ է այրել բոլոր կամուրջները, երբ կարելի է ներկա իրավիճակը օգտագործել որպես հաղթաթուղթ և դա հրապարակ բերել այն ժամանակ, երբ անհրաժեշտ լինի Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրել: Այդ իմաստով Հայաստանը առայժմ ունի բոլոր հիմքերն ասելու, որ ինքը հավուր պատշաճի կատարել է ստանձնած պարտավորությունները, իսկ ահա Թուրքիայի համար դժվար կլինի ներկայանալ բարեխիղճ գործընկերոջ կերպարով:
Ամեն դեպքում, իրավիճակի յուրահատկություններից մեկը շարունակում է մնալ այն, որ ոչ Անկարայում ու ոչ էլ Երևանում ոչ ոք չի պատրաստվում արցունք հեղել վաղաժամ վախճանված արձանագրությունների համար: Երկուսն էլ փորձում են եղածը գնահատել փիլիսոփայորեն և որոնել ոչ թե ելքեր, այլ շրջանցիկ ճանապարհներ: Հայաստանում, օրինակ, շատերը ցնծությամբ արձանագրեցին, թե վերջապես ձերբազատվեցինք հայ-թուրքական արձանագրությունների «լծից» և հետագայում շանսեր կան բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների։ Մի խոսքով, Թուրքիան, կարելի է ասել, ծառայություն մատուցել մեզ՝ ազատելով այն ծանրությունից, որ կրում էինք այդ փաստաթղթի պատճառով:
Սակայն պետք չէ դեպքերից առաջ ընկնել ու վաղաժամ եզրահանգումներ անել: Բանն այն է, որ թուրքական օրենքի համաձայն, կառավարությունը կամ պատգամավորները օրինագիծը կարող են վերստին վերականգնել: Այսինքն այն, ինչ եղավ, նույն հաջողությամբ կարելի է բնորոշել իբրև բյուրոկրատական քայլ։ Այլ հարց է, որ եթե առաջիկա ամիսների ընթացքում Թուրքիան փորձ չանի արձանագրությունները վերադարձնել խորհրդարան, ապա դա արդեն կհամարվի հստակ արձագանք հարաբերությունների եթե ոչ վերջնական, ապա գոնե երկարատև սառեցման մասին: Իսկ մեր դառը փորձը ցույց է տվել, որ թուրքերը շփումների կարող են գնալ միայն այն պարագայում, եթե ցանկություն ու անհրաժեշտություն առաջանա մեկ անգամ ևս դրանցից քաղաքական դիվիդենտներ շահել:
Երկրորդ էական շարժառիթը արտաքին ուժերի շահագրգռվածությունն ու միջամտությունն է: Եթե վստահելու լինենք փորձագետ, Արտաքին քաղաքականության գերմանական միության ԱՊՀ ու Ռուսաստանի հետազոտական ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռարի կարծիքին, ապա «Թուրքիայի և Հայաստանի միջև մերձեցման ինչ-որ գործընթաց կա: Եվրամիությունում կան ազդեցիկ ուժեր, որոնք հետայսու ևս աշխատելու են, որպեսզի այդ մերձեցումը կայանա»:
Ճիշտ է, Անկարան պարտավորություններ ունի Եվրամիության առջև: Բայց այդ պարտավորություններից զատ հարևան երկիրն այսօր ունի նաև այնպիսի լուրջ ու հրատապ խնդիրներ, որոնց համատեքստում հայ-թուրքական հարցը կարող է մղվել երկրորդ պլան: Հենց միայն քրդական, սիրիական խնդիրները, բարդ հարաբերությունները Իսրայելի հետ, Կիպրոսի հարցը միանգամայն բավարար են նրա ուշադրությունը մի առ ժամանակ շեղելու այս կետից: Ասվածը հիմնավորենք նաև այն փաստով, որ արձանագրությունները օրակարգում թողնել-չթողնելու կամ դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ Անկարան նույնպես ոչ մի հայտարարություն առայժմ չի արել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մերժումը մղում է հաշվեհարդարի՞

5 Մյս

Ֆրանսիայի Սենատում երեկ ծավալված իրադարձությունները հերթական անգամ այն բանի վկայությունը դարձան, որ քաղաքականությունն առաջնորդվում է ոչ թե ճշմարտությամբ կամ բարոյական արժեքներով, այլ իրավիճակային կողմնորոշիչներով, որոնք իրենց հերթին սնուցվում են գերակա շահը կողնակի միջամտություններից հեռու պահելու զգուշավորությամբ: Ու թեև այդ պատերի ներսում շատ անգամներ էին կայացվել նաև հայանպաստ որոշումներ, սակայն դժվար կլինի պնդել, որ դրանք ևս աշխարհ չէին եկել նույն տրամաբանության ու գիտակցումի թելադրանքով: Իսկ ինչ վերաբերում է երեկվա դեպքերին, ապա մի քանի ժամ շարունակված բուռն քննարկումներից հետո Ֆրանսիայի օրենսդիրները ի վերջո ոչ մերժեցին, ոչ էլ հաստատեցին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագիծը։ Արդեն հինգ տարի շարունակ չարչարկվում է 2006 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագիծը, որով 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժխտումը հանդիսանում է քրեորեն պատժելի հանցագործություն: Փաստաթուղթը սահմանում է, որ հայերի զանգվածային սպանդի մերժումը պատժվում է 1 տարվա ազատազրկմամբ և 45 հազար եվրո տուգանքով: Եվ այդ հինգ տարիների ընթացքում օրենքի ուժ ստանալու համար օրինագիծը սպասում էր Սենատի կողմից վավերացմանը:
Նիստից օրեր առաջ Փարիզը ողողվել էր իրար հաջորդող թուրքական պատվիրակություններով, որոնք մեկ հյուրընկալվում էին Ֆրանսիայի կառավարությունում, մեկ արտգործնախարարությունում, սակայն բոլորի նպատակը նույնն էր` ամեն գնով արգելակել օրինագծի ընդունումը: Թերևս նրանց ջանքերն անպտուղ չանցան: Ու եթե վերհիշելու լինենք այն ելույթները, որոնք հնչում էին Սենատում քննարկման ժամանակ, ապա դժվար չի լինի այնտեղ արտահայտված մտքերի մեջ նկատել այն նույն հնչերանգը, որ հետևողականորեն մշակվել ու շրջանառության է դրվել Անկարայի կողմից:
Քվեարկությունից առաջ Սենատի Օրենսդրական հանձնաժողովը բացասական դիրքորոշում հայտնեց օրինագծի վերաբերյալ և առաջարկեց այն հանել քվեարկությունից։ «Երբեմն օրենսդիրները զգացմունքների ազդեցության տակ գնում են այնտեղ, որտեղ պատմաբանների տեղն է»,- կարելի էր լսել շատերի ելույթներում: «Սխալ է օրենք ունենալ, որը կարգավորում է պատմությունը և առավել ևս բանտարկություն է նախատեսում: Օրենսդիր և դատական իշխանությունների տարբերությունն այն է, որ օրենսդիր իշխանության առջև խոչընդոտ կա` դատելու այս կամ այն իրադարձության վերաբերյալ: Օրենքը չի համապատասխանում Սահմանադրությանը: Ցեղասպանության ժխտման դեմ պետք է պայքարել այլ միջոցներով»,- պնդում էին նրանք: Հատկանշական էր հատկապես այն, որ այս կարգի դատողությունները նաև իրենց ճյուղավորումներն էին ունենում` ցեղասպանության խնդիրը զուգորդելով ներկայումս Հարավային Կովկասում Ֆրանսիայի դերի, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ լինելու հանգամանքի, տարածաշրջանում առկա բարդ տնտեսական վիճակի, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման, փակ սահմանի առկայությունը հաշվի առնելու անհրաժեշտության հետ:
Նրանք, ովքեր փորձում էին ինչ-որ կերպ հակադարձել այս պնդումներին, հիշեցնում էին, որ, օրինակ, հրեական Հոլոքոստի վերաբերյալ նման գործող օրենք կա, որը սակայն չի խանգարել Հոլոքոստի պատմական հետազոտություններին։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ բարեկամությանը կամ վերջինիս` Եվրամիությաննն անդամակցելու խնդիրներին, ապա դրանք չեն կարող խանգարել պատմական դեպքերն իրենց անունով կոչելուն։
Այնուհանդերձ երկարատև քննարկումներից հետո օրինագիծն օրակարգից հանելու առաջարկն ընդունվեց ձայների մեծամասնությամբ՝ 196 կողմ, 74 դեմ։ Նիստի ավարտից հետո Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները Սենատի շենքի առջև բողոքի ցույց կազմակերպեցին: «Հստակ է, որ Ֆրանսիական Սենատը թուրքական ճնշման տակ տեղի է տվել և պարզապես պատճառաբանություններ էր փնտրում», — հայտարարում էին վրդովված ցուցարարները` խոստանալով անպայման հակադարձող գործողությունների դիմել: Եվ այս պատասխան քայլերն առաջին հերթին ուղղված են լինելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ: Բանն այն է, որ Սարկոզին օրերս ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե չի խոչընդոտելու Սենատում Հայոց ցեղասպանության ժխտման պատժումը սահմանող օրինագծի քվեարկությանը, և որ ինքը ոչ մի հանձնարարություն չի տա իր քաղաքական մեծամասնությանը այդ քվեարկության վերաբերյալ: Այսինքն, Սարկոզին երաշխավորել էր, թե չի ընդդիմանա այդ օրենքի ընդունմանը: Սակայն շուրջ կեսմիլիոնանոց ֆրանսահայ համայնքն այժմ իրեն խաբված է զգում: Բայց դրա հետ մեկտեղ համայնքը գիտի, որ իր ձայնը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ 2012 թվականին Ֆրանսիայում անցկացվելիք նախագահական ընտրություններում։ «Ֆրասնահայերը զայրույթի մեջ են, քանի որ նախագահ Սարկոզին իր խոսքի տերը չեղավ։ Նրանք, ովքեր դեմ են քվեարկելու այս նախագծին, Հայոց ցեղասպանության մերժողների շարքում են հայտնվելու։ Նախագահական ընտրություններից առաջ հայ համայնքը իր հաշվեհարդարը կտեսնի»,- արդեն իսկ սպառնացել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: