Tag Archives: օրենք

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՆՔՆ ՈՒ ՄԱՐԴՈՒ ՕՐԵՆՔԸ

10 Հլս

Հիշել եմ՝ պատմեմ:
Երասխի կռիվների ամենաթեժ պահին ռուսական զորքը եկավ, նստեց սահմանին, իրավիճակը վերցրեց իր ձեռքը: Մեր կամավորները հայտնվեցին անորոշ դրության մեջ: Ոչ ոք դիրքերը լքելու մտադրություն չուներ, բայց որպեսզի հեռու մնային տհաճ միջադեպերից, մի խորամանկ ելք գտան: Գյուղի տների մեծ մասը դատարկված էր: Ու որոշեցին հրացանավոր մարդկանց խումբ-խումբ տեղակայել հենց այդ տներում, որ և աննկատ մնային, և ներսից հսկեին սահմանը:
Մեզ բաժին հասավ մի տուն, որ հենց սահմանի մոտ էր: 7-8 հոգի էինք: Պատուհանների մոտ հերթապահ կանգնեցրինք, մենք էլ նստոտեցինք հյուրասենյակում՝ կիսամութի մեջ: Քաղցած էինք: Սնունդն ուշանում էր: Ճարահատյալ տղաներից մեկը պտտվեց սենյակներում, հետո մտավ նկուղ ու վերադարձավ մի բանկա կոմպոտը ձեռքին: Մեր քաղցած հայացքների ներքո գունեղ մրգահյութը և նրա մեջ լողացող պտուղները երկնային մանանայի պես մի բան թվացին: Ու այն է՝ ուզում էինք բացել կափարիչը, երբ հանկարծ մերոնցից մեկն ասաց.
— Չբացեք:
— Ինչու՞
— Դա մերը չի:
— Եղածն ընդամենը կոմպոտ է:
— Հետո՞ ինչ: Մենք էստեղ նրա համար չենք, որ ուրիշի ունեցվածքը յուրացնենք:
— Ի՞նչ ես խոսում, ի՞նչ յուրացնել: Մենք նրանց տունն ենք պահպանում, մի կոմպոտ չարժի՞:
— Դու ոչ թե նրա, այլ քո տունն ես պաշտպանում: Տար, դիր տեղը…
Կոմպոտն այդպես էլ չբացվեց: Ոչ ոք ոչնչի ձեռք չտվեց: Սնունդն, իհարկե, բերեցին մեկ օր անց, իսկ մենք այդ տանը մնացինք երեք օր: Հետո շատ ուրիշ բաներ պատահեցին, բայց կոմպոտի պատմությունը չմոռացվեց:
Ես ցանկություն չունեմ փոքրիկ բաներից մեծ ընդհանրացումներ անելու, ոչ էլ ուզում եմ մարդու արժեքը գնահատել մի կոմպոտի օրինակով: Պարզապես այդ պատկերը մտքիցս չի ջնջվում, ու նաև հիշում եմ, որ պատերազմ էր: Իսկ պատերազմում ոչինչ հենց այնպես չի լինում, որովհետև նա ընդմիջում չի տալիս կշռադատումների համար: Նրա ամուր ձեռքը պարզապես ճանկում ու դուրս է քաշում այն, ինչն արդեն կա ներսում: Դու ժամանակ չես ունենում այլակերպման համար: Նա ժամանակ չի ունենում զանազանման համար:
Մարդիկ սրան ասում են պատերազմի օրենք, իբրև թե նա է թելադրում վարքականոնը՝ օրերի էության հանգույն: Մարդիկ նաև ասում են, որ լավ պատերազմ չի լինում՝ ինչ նպատակի համար էլ այն ծառայի, և հետևաբար նրա օրենքները նույնպես լավը լինել չեն կարող: Այդ օրենքները պահանջում են ոչնչացնել, որպեսզի քեզ չոչնչացնեն, զրկել, որ զրկված չլինես, հարվածել, քանի դեռ քեզ չեն հարվածել: Ու դժվար է վիճել նրանց հետ, ովքեր ուզում են լինել՝ չլինելու պահանջին հակընդդեմ:
Չէ, վիճաբանել եմ ուզում: Բայց ուզում եմ նույն օրերի մի դրվագ էլ հիշել, որի ականատեսը եղա:
Հավանաբար ձմեռ էր: Կամավորներով լի մեքենան կանգ առավ մի փոքրիկ կրպակի մոտ: Երկուսն իջան ու սկսեցին առևտուր անել: Լցրեցին ուսապարկերը, հետո ասացին, որ չեն վճարելու: «Կռվող տղերքի համար է»,- ասացին: Վաճառողը խեղճացավ, սկսեց բացատրել, որ ապրանքն իրենը չէ, ինքն ընդամենը աշխատող է ու չի կարող ձրի ոչինչ տալ, թեև շատ հարգում է զինվորներին: Բայց բացատրությունն իզուր էր: Վեճը շուտով վերածվեց քաշքշուկի, ապա սկսեցին փշրվել շշերը, ապրանքը փողոց շպրտվեց, իսկ «առևտրականներն» իրենց ավարն առած՝ նստեցին մեքենան ու գնացին:
Սա էլ է եղել: Ցավոք: Եվ երբ դա հիշում եմ, պատերազմի չգրված օրենքները դառնում են անընթեռնելի, պատերազմի վարքը ինձ սփոփանք չի բերում: Փոխարենը մխիթարվում եմ մեկ ուրիշ պատմությամբ, որ լսել եմ իմ ծանոթից: Դեպքն այսպես է եղել: Ազատագրված տարածքներում մերոնք մի դատարկված գյուղ են մտնում: Անցնում են տնետուն, հետո տեսնում են գրադարանը: Ներս են գնում ու կռվողներից մեկը, որ պատմաբան էր, զարմանքով նկատում է, որ դարակներում բազմաթիվ հազվագյուտ ու արժեքավոր գրքեր կան: Սկսում է ընտրել: Մի 15-20 գիրք է առանձնացնում, թելերով կապում ու դնում է մեքենայի մեջ: Բայց հենց շարժվում են, խնդրում է կանգ առնել: Դուռը բացում է, գրքերը թղնում է ճամփեզրին ու ասում է.
— Դատարկ ձեռքերով եկել եմ, դատարկ ձեռքերով էլ տուն եմ գնալու…
Փշրված շշերի, ընտրված գրքերի ու դատարկ ձեռքերի մեջ պատերազմի ի՞նչը պիտի փնտրեմ, որ ինձ տանի դեպի մարդը: Որքանո՞վ է ազնիվ ամեն անգամ մեղքը բարդել պատերազմի վրա կամ պատերազմի տիղմի մեջ պահ տալ մաքրության երաշխիքները: Ես չեմ հավատում այդ խաղին: Ես չեմ հավատում պատերազմի օրենքի գոյությանը, և երբ մարդիկ սկսում են խոսել դրա մասին, միշտ սպասում եմ, թե երբ նրանք կմտաբերեն մյուսը՝ մարդու օրենքը: Միայն թե ոչ ոք դա մտաբերելու պատճառ չունի, քանի որ չկա այդպիսի բան, երբեք չի եղել ու լինել չի կարող: Ի՞նչ մարդու օրենք: Ո՞վ կարող է սահմանել անսահմանելին, համակարգել արարքների ու մտքերի օրինակելի աստիճանակարգը, եզրագծել, թե որտեղ է սկսվում ու ավարտվում մարդը: Սա սոսկ ներքին մի պահանջ է, որ որակական տարբերակման միջոցով պիտի փորձի տարանջատել թույլատրելին անթույլատրելիից, հաստատականը՝ ժխտականից և վերջապես՝ մարդկայինը անմարդկայինից:
Գայլը չի մտահոգվում գայլ լինելու համար, թռչունը չի ջանում մնալ թռչուն, մրջյունը չի պնդում, թե ինքը մրջյուն է, և միայն մարդն է, որ տվայտում է մարդ լինելու պահանջից, որովհետև վստահ չէ, որովհետև դեռ կասկածը կրծում է սիրտը, որովհետև հեշտ չէ լինել այն, ինչը լինելը բավարար չէ, դեռ կայանալ է պետք:
Ես գիտեմ, թե ինչ կարող է անել պատերազմը մարդու հետ: Ես գիտեմ, թե ինչ է անում մարդը պատերազմի հետ: Բայց վստահաբար գիտեմ նաև մի բան. երբ մարմնիդ մեջ թույն է ներարկվում, դու սկսում ես հակաթույն որոնել:
Ուրեմն փնտրենք և գտնենք այդ փրկագործ շիճուկը: Ու եթե ձեզ անհրաժեշտ է պայմանականությունը, եթե պետք է մի բան, ինչից կառչելը կազատի անկումներից, եթե կարիք ունեք փոխարինել առկան թեականով, ուրեմն թող լինի, ապրելու իրավունք առնի մարդու օրենքը: Ու մի օր, երբ արհավիրքը կրկին կգա ու կանցնի, ես էլ պիտի ձեզ հետ միասին ասեմ. «Այնուամենայնիվ, մարդը կա»: Կնշանակի՝ մարդկանց օրենքը դեռ հաղթում է: Դեռ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆhov

Արտակարգ դրության արտակարգ գործիքը

11 Փտր

Երբ ընտրությունների նախաշեմին խորհրդարանը քննարկման է դնում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքի նախագիծը, ուրեմն սպասիր վատ լուրերի: Ուրեմն չկա վստահություն, որ ամեն բան կանցնի հանդարտ ու անաղմուկ: Մյուս կողմից էլ հասկանալի է, որ իշխանությունները օրինական տեսք են ուզում հաղորդել մի բանի, ինչը նախկինում կիրառվել է առանց օրենքի: Սա նաև նշանակում է, որ հիշյալ նախագիծը կյանքի է կոչվել ոչ թե ընդհանուր դաշտի տարածական ու ժամանակային բոլոր ասպեկտների դիտարկմամբ, այլ ընդամենը կառուցվել է մեկ հիմնական նախադեպի վրա: Այսինքն կառավարությունը նման օրինագիծ է ներկայացնում օրենսդրին` մտավախություն ունենալով, որ կկրկնվեն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը, և հենց այդ ելակետն էլ նրան հուշում է օր առաջ անել հրատապն ու անհրաժեշտը:
Արդեն առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը մեզ տեղեկացնում է այն մասին, որ երկրում արտակարգ դրություն հայտարարվելու է ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու փորձի, իշխանությունը գրավելու կամ յուրացնելու ժամանակ: Օրենքի կիրառումը նախատեսվում է նաև զինված խռովությունների, զանգվածային անկարգությունների, ահաբեկչական գրոհների, օկուպացիայի կամ հատուկ նշանակության օբյեկտների գրավման կամ շրջափակման դեպքում: Համաձայնենք, որ թվարկումը համարյա լիարժեք է: Այլ բան է, թե ո՞վ և ինչպե՞ս է դա անելու: Եվ հենց այս կետի վրա էլ բախվում են բոլոր տարակարծությունները: Բանն այն է, որ նախագծի հեղինակներն առանձնահատուկ դերակատարում են սահմանել ոչ միայն ներքին ուժերին (ինչը հասկանալի է), այլև բանակի համար (ինչն անհասկանալի է):
«Զինված ուժերի միջամտությունը թույլատրելի կլինի այն դեպքում, երբ ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների ուժերը չեն բավականացնի»,- իրենց որոշումը բացատրում են զինվորականների մասնակցության կողմնակիցները: Իսկ ընդդիմախոսներն այդ մասին լսել անգամ չեն ուզում՝ պնդելով, թե դա հղի է ներքաղաքական գործընթացներին բանակի միջամտության վտանգով:
Իսկապես էլ, խնդրին անաչառ վերաբերվելու պարագայում չի կարելի չնկատել, որ մեծ հաշվով սա հակասահմանադրական քայլ է: Եթե կողմ քվեարկող պատգամավորներն ու արդարադատության նախարարը տեղյակ չեն, նրանց կարելի է հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրության 8.2. հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո։
«Այդ որտե՞ղ տեսաք, որ բանակը պետք է ներգրավված լինի քաղաքականության մեջ»,- զարմացած բացականչում է միամիտ արդարադատության նախարարը և ոչ մի գնով չի ցանկանում տեսնել այն, ինչը տեսանելի է մյուսների համար: Բայց հետո կարծես թե տեղի է տալիս պնդումներին, նշմարում է ինչ-որ բաներ և անմիջապես գտնում դրա ամենապաթետիկ արդարացումը. «Բայց հիշեք, թե ինչ բարձր արժեք են նրանք պաշտպանելու ՝ սահմանադրական կարգը»։
Հիշում ենք: Եվ ոչ միայն դա: Հիշում ենք նաև, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի ընդունման փորձեր արվել են երկու անգամ՝ 2007 թվականին, սակայն քննարկումների ընթացքում առաջ եկած հակասությունների պատճառով մնացին անավարտ: Հիշում ենք նաև այն, որ 2008թ. մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրություն սահմանեց նույն ՀՀ Սահմանադրության խախտմամբ, քանի որ՝ երկրի հիմնական օրենքի համապատասխան, նախագահն իրավունք ուներ հայտարարելու արտակարգ դրություն միայն այն պարագայում, երբ դրա իրավական ռեժիմը սահմանված է օրենսդրությամբ։ Մինչդեռ և այն ժամանակ, և այսօր Հայաստանում գոյություն չունի նման օրենք։
Թվարկվածներից զատ պիտի տրամաբանական հարց առաջանա. ո՞վ և ինչպե՞ս է որոշելու այն մշուշապատ սահմանագիծը, թե հատկապես որ իրավիճակներում կարելի է թույլատրելի համարել բանակի միջամտությունը ներքաղաքական կյանքին: Փաստ է, որ ներկա պահին չկան այդ դրույթների վերջնական ու խիստ հստակ սահմանումները: Եվ այդ պատճառով էլ արդյո՞ք կողմնակալ են նրանք, ովքեր հայտարարում են, թե օրինագիծը ընդհանրապես տանում է նախագահական ինստիտուտի հզորացմանն ու կենտրոնացմանը, որովհետև խնդրի ամբողջ օրենսդրական կարգավորումը հայտնվում է նախագահի դաշտում: Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա Աժ լիազորություններն այս ուղղությամբ սահմանված չեն: Նրա կարծիքը կրիտիկական պահին կարող են ընդհանրապես չհարցնել: Իսկ եթե դա այդպես է, ապա աշխարհի ամենաազնիվ իշխանությանն էլ կարելի է մեղադրանք ներկայացնել, թե պարտության վտանգի պարագայում նա հնարավորություն ունի ամեն գնով պահպանել իր դիրքերը՝ օգտագործելով բանակը «հասարակական կարգը պաշտպանելու» հիմնավորմամբ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԱԼԻՍՏԵՐ ԿՐՈՈՒԼԻ

12 Դկտ

Արարեք ցանկալին, և թող դա լինի ձեր միակ օրենքը: Ես արգահատանք եմ տածում օրենքների հանդեպ: Դրանք ինձ համար արգելքների շարաններ են, որոնք խանգարում են խելամիտ վարվել: Քանզի ողջամտությունը փոխզիջում է, ողջամտությունը մեզ հրում է ետ: Իսկ մեր գիտակցության մեջ միշտ էլ կա մի բան, որն արգելում է մտածել նրա մասին, ինչը չի բավականացնում:
Մեր մեջ ասած, յուրաքանչյուր մարդ վերջին հաշվով անբնական է, քանի որ նա բացառիկ է: Մենք միշտ նվազագույնը երկուսով ենք: Նա, ով զգում է և նա, ով գիտի, միշտ չէ, որ միևնույն մարդն են: Նույնիսկ մարդկանցից ամենաիմաստունները չգիտեն, թե ինչպես կարելի է երջանկացնել տառապյալին, որը միևնույն ժամանակ կարող է լինել երիտասարդ, գեղեցիկ, հարուստ, առողջ ու սիրված: Մեր դժբախտությունների կեսից ավելին կատարվում են այն պատճառով, որ մենք խոստովանում ենք դրանց գոյությունը: Այդ պատճառով էլ եթե մենք մոռանանք, որ դրանք կան, ապա այդ դժբախտություններն իսկապես կդադարեն գոյություն ունենալ:

ԹՈՄԱՍ ՀՈԲՍ

9 Դկտ

ՎԱՍՆ ՄԱՐԴՈՒ

ԻՆՉ Է ԲՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ: Բնական իրավունքը, որը գրողների կողմից սովորաբար անվանվում է jus naturale, ցանկացած մարդու` սեփական բնության (իմա` սեփական կյանքի) պահպանման համար սեփական ուժերն իր հայեցողությամբ օգտագործելու ազատությունն է, եւ, հետեւաբար, այն ամենն անելու ազատությունը, ինչն իր դատողությամբ` դրա համար ամենահարմարն է:

ԻՆՉ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ: Ազատություն ասելով, ըստ բառի բուն իմաստի, ենթադրվում է արտաքին խոչընդոտների բացակայությունը, որոնք ոչ հազվադեպ կարող են մարդուն զրկել ուզածն անելու իր իշխանության մի մասից, բայց չեն կարող խանգարել իրեն թողնված իշխանության մնացյալ մասն օգտագործելու իր բանականության ու խոկման թելադրանքին համապատասխան:

ԻՆՉ Է ԲՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ: Բնական օրենքը (lex naturalis) կարգադրագիր է կամ բանականությամբ (reason) գտնված ընդհանուր կարգ է, համաձայն որի` մարդուն արգելվում է անել այն, ինչը կործանարար է իր կյանքի համար, ինչը զրկում է այն պահպանելու միջոցներից, ինչը զանցառում է կյանքի պահպանման` իր կողմից ամենալավը համարված միջոցը:

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ: Հարկ է տարբերել իրավունքն ու օրենքը (jus եւ lex), թեեւ նա, ով գրում է այդ թեմայով, սովորաբար խառնում է այդ հասկացությունները, զի իրավունքն անելու կամ չանելու ազատության մեջ է, մինչդեռ օրենքը սահմանում եւ պարտավորեցնում է այդ այլընտրանքի այս կամ այն անդամը. հետեւաբար, օրենքը եւ իրավունքը միմյանցից տարբերվում են այնպես, ինչպես պարտավորությունն ու ազատությունը, որոնք միեւնույն բանի նկատմամբ անհամատեղելի են:

ԲՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴ ԱՄԵՆ ԻՆՉԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ: Քանի որ մարդու վիճակը բոլորը բոլորի դեմ պատերազմական վիճակ է, երբ յուրաքանչյուրն առաջնորդվում է սեփական բանականությամբ, եւ չկա ոչինչ, որ նա չկարողանա օգտագործել որպես թշնամիներից փրկվելու միջոց, ապա սրանից հետեւում է, որ այդպիսի վիճակում յուրաքանչյուր մարդ ամեն ինչի իրավունք ունի, նույնիսկ ցանկացած ուրիշ մարդու կյանքի վրա: Ուստի քանի դեռ պահպանվում է բոլորի` ամեն ինչի իրավունքը, ոչ մի մարդ (որքան էլ նա ուժեղ կամ իմաստուն լինի) չի կարող վստահ լինել, որ կկարողանա ապրել այն ամբողջ ժամանակը, որը բնությունը սովորաբար հատկացնում է մարդկային կյանքին: Հետեւաբար, բանականության կարգադրագիրը կամ ընդհանուր կարգն ասում է, որ ցանկացած մարդ, եթե ունի խաղաղության հասնելու հույս, պետք է ձգտի դրան. իսկ եթե չի կարող հասնել դրան, ապա նա կարող է օգտագործել պատերազմում առավելություն տվող ցանկացած միջոց:

ԵՐԿՐՈՐԴ ԲՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ: Այս հիմնական բնական օրենքից, ըստ որի մարդիկ պետք է ձգտեն խաղաղության, բխում է մյուս օրենքը` այլոց հետ այդ համաձայնությունն ունենալու դեպքում մարդը պետք է համաձայնի հրաժարվել ամեն ինչի նկատմամբ իրավունքից այն չափով, որչափ այն անհրաժեշտ է խաղաղության եւ ինքնապաշտպանության շահերից ելնելով, եւ բավարարվել մյուս մարդկանց նկատմամբ ազատության այն աստիճանով, որն ինքը կթույլատրեր ուրիշներին իր նկատմամբ: Զի այնքան ժամանակ, քանի դեռ յուրաքանչյուր մարդ կառչած է իր ցանկությամբ ամեն ինչ անելու իրավունքից, բոլոր մարդիկ կգտնվեն պատերազմական վիճակում: Սակայն եթե ուրիշները չեն ցանկանում հետեւել իր օրինակին եւ հրաժարվել այդ իրավունքից, ապա ոչ մի հիմք չկա որեւէ մեկի համար (ով էլ լինի) զրկվել դրանից, զի դա ավելի շուտ կնշանակեր ինքն իրեն հանձնել ավարառման (որը որեւէ մեկը պարտավոր չէ ցանկանալ), քան ցուցադրել խաղաղության իր պատրաստակամությունը: Հենց այդպիսին է Ավետարանի օրենքը` Վարվիր ուրիշների հետ այնպես, ինչպես կկամենայիր, որ ուրիշները քեզ հետ վարվեին: Եվ դա բոլոր մարդկանց օրենքն է` quod tibi fieri non vis, alteri ne feceris:

ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ ԱՅՆ ԲԱՆԻ ՇՈՒՐՋ, ԻՆՉՆ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԱՆՀՆԱՐԻՆ Է: Միշտ համաձայնության առարկան կամ էությունը խորհելու ինչ-որ օբյեկտ է (զի համաձայնությունը կամքի գործողություն է, այսինքն` խորհելու գործողություն, եւ` վերջին գործողություն), եւ այդու` մշտապես ընկալվում է որպես մի բան, որ ապագայում է լինելու, եւ որը հնարավոր կատարելի է ճանաչվում նրա կողմից, ով կնքում է համաձայնությունը:
Ուստի ակնհայտորեն անհնարինի խոստումը համաձայնություն չէ: Սակայն, եթե միայն արդյունքում է հայտնաբերվել անհնարինությունն այն բանի, որ նախկինում հնարավոր է համարվել, համաձայնությունը գործող է եւ պարտավորեցնում է, թեեւ ոչ անմիջական պարտավորության կատարման, բայց գոնե դրա դրամական համարժեքի փոխհատուցման կամ, եթե դա անհնար է, ապա ձգտելու բարեխիղճ կատարման այնքանով, որքանով հնարավոր է, զի ավելիին անհնար է մարդուն պարտավորեցնել:

ՈՉ ՈՔ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ ԻՐ ՎՐԱ ՎԵՐՑՆԵԼ ՈՐԵՎԷ ՄԵՂՔ:Համաձայնությունը, որը պարտավորեցնում է իր վրա մեղք վերցնել, առանց ներում գտնելու վստահությունն ունենալու, զուրկ է պարտադիր լինելու ուժից: Զի բնական վիճակում, երբ յուրաքանչյուր մարդ դատավոր է, մեղադրանքի համար տեղ չկա, իսկ քաղաքացիականության վիճակում, երբ մեղադրանքին հետեւում է բռնություն հանդիսացող պատիժը, պարտավոր չէ չպաշտպանվել:
Նույնն է նաեւ մերձավորների մեղադրման պարագայում, որոնց դատապարտումը դժբախտություն է մարդու համար, ինչպես, օրինակ, հորը, կնոջը եւ բարերարին մեղադրելը: Զի այն դեպքում, երբ մարդու ցուցմունքները հոժարակամ չեն տրվում, բնականաբար, համարվում են զգացմունքային, ուստի եւ` չեն կարող ուշադրության առնվել. իսկ այնտեղ, ուր իր ցուցմունքները հավատ չեն ներշնչում, մարդը պարտավոր չէ տալու: Ճիշտ նույն կերպ` պետք է վճռորոշ չհամարվեն այն ցուցմունքները, որոնք խոշտանգումների արդյունքում են տրվել, զի խոշտանգումը պետք է որ կիրառված լինի որպես բացահայտման, քննության հետագա ընթացքի լուսաբանման ու ճշմարտության բացահայտման միջոց, բայց քանի որ նա, ում խոշտանգում են, այդ դեպքում խոստովանությունն անում է իր տանջանքները թեթեւացնելու համար, այլ ոչ թե նրանց տեղեկություններ տալու համար, ովքեր իրեն խոշտանգում են, հետեւաբար այդ ցուցմունքները վստահություն չեն ներշնչում` չդառնալով վկայի արժանահավատ ցուցմունքներ. մարդը ճիշտ կամ կեղծ ցուցմունքներով իրեն ապահովագրում է խոշտանգումներից` դա անելով սեփական կյանքը պաշտպանելու իրավունքով:

ԵՐԴՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ: Քանի որ բառերը, ինչպես ես արդեն իսկ նշել եմ, բավականին անզոր են, որ ստիպեն մարդկանց կատարելու իրենց համաձայնությունները, ուստի նրանց վրա հարկադիր ուժի տարածման համար` մարդկային բնույթը լոկ երկու միջոց ունի: Այդ միջոցներն են` կա՛մ սեփական խոսքը դրժելու հետեւանքներից վախը, կա՛մ փառքի տենչն ու հպարտության զգացումը, որոնք մարդուն հրահրում են ցույց տալ, թե ինքը սեփական խոսքը չդրժելու ունակ է: Այս վերջինը շատ հազվադեպ հանդիպող ազնվաբարոյություն է, որպեսզի հնարավոր լինի հենվել դրա վրա. հատկապես նրանց մոտ, ովքեր հարստության, իշխանության կամ զգայական հաճույքների նպատակ են հետապնդում, իսկ մարդկության մեծամասնությունը հենց այդ մասին է պատկանում: Այն կիրքը, որի վրա կարելի է հենվել, վախն է. ընդ որում` այդ վախը երկու քիչ թե շատ ընդհանուր օբյեկտ ունի: Առաջին օբյեկտն անտեսանելի ոգիներն են, երկրորդը` այն մարդկանց ուժն է, ում վնաս կպատճառի խոստման դրժումը: Ու թեեւ առաջինների ուժն ավելին է, քան երկրորդներինը, այնուհանդերձ վերջինների ուժի հանդեպ վախը սովորաբար ավելի զորավոր է, քան առաջինների: Առաջինների հանդեպ վախն ամեն մարդու մեջ սեփական կրոնն է, որը մարդու բնության մեջ տեղ ուներ քաղաքացիական հասարակության ծագումից առաջ: Մյուս վախը մարդուն ներհատուկ չէր մինչեւ քաղաքացիական հասարակության ծնունդը, կամ առնվազն ոչ այն աստիճանի էր հատուկ, որ մարդուն ստիպեր իր խոստումը կատարել, զի բնական վիճակում ուժերի անհավասարությունը որոշվում էր միայն մարտի արդյունքում: Այսու` մինչ քաղաքացիական հասարակության ծագումը կամ երբ քաղաքացիական հասարակության գոյությունն ընդհատվել է պատերազմով, ոչինչ չի կարող ամրապնդել խաղաղության պայմանագրի ուժը շահամոլության, փառամոլության, հեշտասիրության եւ այլ զորեղ կրքերի գայթակղության հանդիման, բացի այն անտեսանելի ուժի հանդեպ վախից, որին ամեն մարդ Աստված է համարում ու վախենում նրանից` որպես հավատուրացության վրիժառուից: Ուստի այն ամենը, ինչ կարող են անել քաղաքացիական հասարակության չպատկանող երկու անհատ, դա այն է, որ ստիպեն միմյանց` երդվել այն Աստծո անունով, որից երկուսն էլ վախենում են:

ԵՐԴՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՅՆ ԱՍՏԾՈ ԱՆՈՒՆՈՎ ԼԻՆԵԼ: Ձեւով կամ ծեսով ամրապնդված խոստումը տարբերվում է նրանցից, որոնք սովորաբար կիրառվում են երդումների ժամանակ եւ դատարկ հնչյուն են ու չեն կարող երդում համարվել. ինչպես նաեւ` չի կարելի երդվել այնպիսի առարկայի անունով, որին երդվողն Աստված չի համարում: Ու թեեւ մարդիկ երբեմն սովորություն ունեին վախից կամ քծնանքից երդվել իրենց արքաների անունով, սակայն դա նշանակում էր, որ ուզում էին ցույց տալ, թե նրանց աստվածային պատիվներ են մատուցում: Պարզ է նաեւ, որ Աստծո անունով անհարկի երդվելը` Նրա անվան սոսկ սրբապղծում է նշանակում, իսկ ինչ-որ այլ բանով երդվելը, ինչպես մարդիկ վարվում են առօրյա խոսակցություններում, երդում չէ, այլ սոսկ անազնիվ սովորություն` պայմանավորված խոսակցության չափազանց մեծ զգացմունքայնությամբ:

ԵՐԴՈՒՄԸ ՈՉԻՆՉ ՉԻ ՀԱՎԵԼՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ: Պարզ է նաեւ, որ երդումը ոչինչ չի ավելացնում պարտավորությանը: Զի օրինական համաձայնությունն առանց երդման էլ պարտավորեցնում է Աստծո առջեւ. ապօրինի համաձայնությունը ոչնչի չի պարտավորեցնում, նույնիսկ եթե ամրագրված է երդմամբ:

%d bloggers like this: