Tag Archives: Օրբելի

ԻՆՉՊԵՍ ԱՆԻՆ ՀԱՆՁՆԵՑԻՆՔ

6 Փտր

Հայտնի է, որ անցյալ դարասկզբին Անիի ավերակներն ու նրան հարող տարածքները գտնվում էին Ռուսաստանի Կայսերական հնագիտական ընկերության հովանու ներքո, ուր պեղումներն իրականացնում էր մեծանուն գիտնական, պրոֆեսոր Նիկողայոս Մառի հնագիտական արշավախումբը:
Հայ հասարակությունը ուշի ուշով հետևում էր այդ աշխատանքներին` յուրաքանչյուր նոր հայտնագործությանն արձագանքելով առանձնակի ոգևորությամբ, իսկ երբեմն իրենց զգացմունքներին տալով հիվանդագին հնչերանգներ: Պեղումների նկատմամբ անտարբեր չէին նաև ռուս բարձրաստիճան անձինք, որոնք պարբերաբար տեղեկանում էին դրանց ընթացքին և նոր բացահայտումներին:
1913թ. ամռան սկզբին Մառը ժամանում է Թիֆլիս և իսկույն ուղևորվում Անի` պեղումները շարունակելու: Մեկ ամիս անց տարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Անի է այցելում Կովկասի փոխարքայի քաղաքացիական մասի օգնական Վատացին` Կարսի նահանգապետի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ: Ահա այստեղ էլ տեղի է ունենում մի անախորժ միջադեպ, ինչը պատրվակ է դառնում աննախադեպ սկանդալի: Միջադեպի մանրամասները հետևյալն կերպ են ներկայացվել այն օրերի հայ մամուլում:
Սենատոր Վատացիին և բարձրաստիճան հյուրերին դիմավորելու համար ընդառաջ է գնում Անիում Էջմիածնի միաբանության ներկայացուցիչ Միքայել վարդապետը: Սենատորը կոպտորեն ընդհատում է ողջույնի խոսք ասող հոգևորականին` պատասխանելով, թե իր համար տարօրինակ է, երբ իրեն ընդունում է Էջմիածնի ներկայացուցիչը, որին Անիում ոչինչ չի պատկանում, քանի որ հնագույն մայրաքաղաքի ամբողջ տարածքը պետության ենթակայության ներքո է:
Վերոհիշյալ դեպքը թերևս դիտվեր իբրև մասնակի անախորշություն, և բազմապիսի մեկնաբանությունների չարժանանար, եթե դրան չհաջորդեին իշխանությունների դրդմամբ Մառի` Միքայել վարդապետին ներկայացված պահանջները` հանձնել Անիի բանալիները և հեռանալ քաղաքից: Պատահածը, որն արդեն չէր կարող դիտվել որպես բարձրաստիճան պաշտոնյայի կամակորություն, այլ պետական կոշտ մոտեցման արդյունք էր, առաջ է բերում հայ մտավորականության, եկեղեցու, ինչպես նաև ազգայնականների բուռն վրդովմունքը` հատարվածի հետ մեկտեղ թարմացնելով հին մեղքերը:
Առաջին արձագանքները հնչում են Էջմիածնից, ուր կատարվածն ընկալվել էր իբրև վիրավորանք պետականությունից զրկված ժողովրդի հանդեպ, և եկեղեցին պատրաստվում է իրավաբանորեն ապացուցել իր իրավունքները: Այնուհետև ընդվզում է մամուլը: Առանձնապես «Մշակում», «Հորիզոնում», «Կովկասի լրաբերում», մյուս պարբերականներում ևս իրար են հաջորդում անհաշտ, հասարակական վրդովմունքով համեմված հրապարակումներ: Շուտով այդ ելույթները ձեռք են բերում նոր որակներ, որոնցում ոչ միայն փոխվում են հարցադրումները, այլև նյութն ընդգրկում էր նախապատմություն ունեցող մեկ այլ կռվան: Առաջին պլան է մղվում Անիի պեղումների նախաձեռնող և իրականացնող Նիկաողայոս Մառի անձն ու գործունեությունը:
Հարձակողական տրամադրված բանավիճողների մեծ մասը մեղադրում է Մառին այն բանում, որ նա համարձակվել է հայտարարել, թե հնագիտական պեղումների ժամանակ Անիում նշմարել է վրացական, արաբական և թաթարական մշակույթի հետքեր: Այս ոգով տրամադրվածների առաջնորդը գրականագետ, հասարակական գործիչ Նիկոլ Աղբալյանն էր, որին էլ բաժին է հասնում ընդդիմախոս թևի անսանձ գրոհների մեծ մասը: Վերջիններս, ընդհակառակը, աստվածացնում էի Մառին և գտնում, որ նա անգնահատելի ծառայությունը խնկարկման է արժանի` չմոռանալով հիշեցնել նաև, որ դրանից մի քանի տարի առաջ, երբ Մառը փորձեց հիմնավորել 4-րդ դարում հայ մշակույթի ազդեցությունը վրացականի վրա, բազմավաստակ գիտնականը ստիպված էր ճաշակել վրաց մեծապետականների հայհոյանքներն ու մամուլի արշավանքը:
Երկրորդ հիմնական մոտեցումը խնդրին հետևյալն էր. բանակռվի մասմակիցների մեծ մասը գտնում էր, որ Անիի ավերակները խնամել և լիովին ուսումնասիրել կարող է միայն Կայսերական հնագիտական ընկերությունը, քանի միայն նա ունի նյութական բավարար միջոցներ և այնպիսի բանիմաց մասնագետներ, ինչպիսիք են Ն. Մառը, Հ. Օրբելին, որոնք ի զորու են մոռացության փլատակներից հանել հայ մշակույթի ուսումնասիրման առատ նյութեր և նրանց պահպանման համար ստեղծել նպաստավոր պայմաններ: Միաժամանակ, այդպես կարծողները դատափետում էին Էջմիածնին` պատճառաբանելով, թե նրա տնօրինության տակ գտնվող բազմաթիվ պատմական կոթողներ առանց այդ էլ վերածվում են ավերակների: Հակառակ թևում գտնվողները համաձայն էին, որ «ազգային արժեքները ձեռքից գնում են», և անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռք առնել այն կանխելու համար: Եվ եթե սրանք երբեմն մեղադրում էին եկեղեցուն, ապա միայն այն բանի համար, որ վերջինս շրջահայաց չի եղել` ժամանակին այդ տարածքները վարձակալելու համար:
Բազմաշերտ այս բանավեճը ձգվեց բավական երկար: Եվ այսօր, թերթելով անցյալի խունացած էջերը, ցավով ենք արձանագրում, որ անցան տարիներ, և կատարվեց այն, ինչը չէին կարող ենթադրել բոլոր նրանք, ում համար թանկ էր Անիի ճակատագիրը: Պետրոգրադից Թիֆլիս տեղափոխելու ճանապարհին անհետացավ Անիի ողջ գիտական արխիվը` հազարավոր փաստաթղթեր, գծագրեր, օրագրեր, լուսանկարներ: 1918-ին թուրքերը գրավեցին քաղաքը` ավերելով ու փլատակների վերածելով անգնահատելի արժեքները, իսկ երկու տարի անց այն արդեն կտրվեց Հայաստանից` դառնալով կորսված հայրենիքի մի բեկորը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: