Tag Archives: օրագիր

ՀԱՏՎԱԾ ՉԱՐԵՆՑԻ ՕՐԱԳՐԻՑ

27 Նյմ

1934 թ. մարտի 18
… Քանի դեռ աշխարհիս երեսին գոյություն ունի պետությունը — դիպլոմատիան, ինչպես ընդհանրապես քաղաքականությունը, լինելու է գաղտնի և միշտ «մաքուր քաղաքականությամբ» զբաղվող (այսինքն` որոնց պրոֆեսիան է քաղաքականությունը) մարդիկ, հենց իրենց պրոֆեսիայի, իրենց գործի բնույթի բերումով, լինելու են մնացած մարդկությունից չինական պարիսպներով ծածկված մի կաստա, որոնք ապրում են մի տեսակ կրկնակի կյանքով: Եվ ինձ վրա միշտ մի տեսակ միստիկական տպավորություն են թողնում այդ մարդիկ, նայում ես` մարդ է, ինչպես և դու, սակայն զգում ես յուրաքանչյուր վայրկյան, որ նա բացի բոլորին հայտնի իր կյանքից ապրում է և մի այլ, բոլորովին թաքուն կյանքով, գիտե բազմաթիվ բաներ, որ դու, հասարակ մահկանացուդ, երբեք չես իմանա, և, որ ամենաճնշիչն է — իրավունք չունես իմանալու…
… Եվ ահավասիկ այն հանգամանքը,- այսինքն այն, որ մարդկային հասարակության մեջ մի շարք մարդիկ իրենց գործի բնույթով հարկադրված են ամբողջ ժամանակ ապրել մնացած մարդկությունից թաքուն, նրանց տեսողությունից ծածկված ինչ-որ երկրորդ կյանքով, -այս հանգամանքը բնականորեն մշակում է այդ մարդկանց մեջ մի հոգեբանություն, որ հատուկ է «ընտրյալներին»: Քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդը բնականորեն պետք է որ իրեն բարձր զգա իր շրջապատից, իրեն շրջապատող «հասարակ մահկանացուներից», որոնք ոչ միայն ոչ մի տեղեկություն չունեն այս «ընտրյալների» նեղ շրջանակում կատարվող դեպքերից, առօրյա անցուդարձից, այլև իրավունք էլ չունեն ունենալու, և ինքն էլ իրավունք չունի ասելու…
Բայց սա ունի իր հակառակ կողմը: Եթե մի կողմ թողնենք քաղաքական հանճարներին և վերցնենք այս «կաստային» պատկանող միջին, միջակ անհատներին, կտեսնենք, որ համարյա միշտ այս վերջիններս իրենց հոգևոր ունակություններով պատկանում են «մտածող մարդու» տիպի բավական ողորմելի տեսակին: Զրկեք այդ «կաստայի» միջակ ներկայացուցչին դիրքից ու պաշտոնից և կտեսնեք, որ ձեր առաջ կանգնած է մի սովորական, հաճախ ավելի քան սահմանափակ հոգևոր ունակությունների տեր անձնավորություն: Եվ սա չէ՞ պատճառը, որ այնքան շուտ են «խունանում» քաղաքական ասպարեզը այս կամ այն պատճառով կորցրած մարդիկ, հաճախ նույնիսկ այնպիսիները, որոնք թվում էին հոգու և մտքի շտեմարան: — Եվ ես չգիտեմ կյանքում ավելի խղճալի և տխուր պատկեր, քան քաղաքական «նախկին գործիչն» է…537766_496682547206307_5852124724967038697_n

ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱՅԻ ՕՐԱԳՐԻՑ

24 Սպտ

Մի հուսահատվեք, եթե նույնիսկ իրականությունը ձեզ դրան է մղում: Նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե ամեն բան կորած է, ձեզ մոտ կարող են ի հայտ գալ նոր ուժեր, և դա կնշանակի, որ դուք վերստին կենդանացել եք: Ուրախությունն ինքնին անցողիկ է, սակայն աշխարհը մաքուր և ճշմարիտ դարձնելու հնարավորության երջանկությունն անփոփոխ է:
Անձրևը թափվում է առատորեն: Կանգնեք դեմքով դեպի հոսող շիթերը, թույլ տվեք, որ կարծր հոսանքը կլանի, սուզվեք ջրերում, որոնք փորձում են քշել ձեզ իրենց հետ, բայց միևնույն ժամանակ մնացեք ամուր, կանգնեք ուղիղ և սպասեք, մինչև հանկարծակի կշողա արեգակը, և նա կշողա հավերժ:0P-BeH6_6no

ԱՐՁԱԿԱԳՐԻ ՉՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՕՐԱԳՐԻՑ

25 Ապր

Խորհրդային տարիներին մոռացումի, ժխտողականության մթնոլորտ էր: Խորհրդային Միությունը Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար լռում էր Հայոց ցեղասպանության մասին: Եվ ահա 1965թ. ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 50-ամյակի օրերին, ԽՍՀՄ-ում բարձրացավ ընդվզումի առաջին խոշոր ալիքը: Իշխանությունների կողմից արգելված ցույցերի արդյունքում Խորհրդային իշխանությունները թույլատրեցին, որ Մայր Աթոռը Ապրիլի 24-ին Սուրբ պատարագ մատուցի եւ հոգեհանգստյան պաշտոն կատարի ի հիշատակ Մեծ Եղեռնի 50-րդ տարելիցի: Արդեն 1967-ին Երեւանում Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հանդիսավոր բացումը: Պաշտոնական լռության պատնեշը քանդվեց, ու հասարակության լայն շրջանակներին հասանելի դարձավ 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկի պատմությունը: «Ժողովուրդ»-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ընթերցողներին ներկայացնում է նշանավոր արձակագիր Մկրտիչ Արմենի անձնական օրագրից չհրապարակված, բացառիկ հատվածներ` 1965-ի ապրիլքսանչորսյան դեպքերի վերաբերյալ, որոնք տրամադրել է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը:

 ***

Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, արժանի է հատորներով նկարագրության: Այս օրը, ինչ խոսք, անմոռանալի եւ շրջադարձային էր ինչպես հայ ժողովրդի կյանքում, այնպես էլ անձնապես ամեն մի հայի: Արդեն իսկ երեկ եւ մինչեւ անգամ երեկ չէ մյուս օրը հայտնի էր, որ մեր երիտասարդությունը պատրաստվում է դուրս գալ մասսայաբար նշելու Հայ եղեռնի հիսունամյակը: Թռուցիկներ եւ նկարներ էին տարածել դպրոցներում, ինստիտուտներում, հիմնարկներում եւ այլուր, փակցրել էին պատերի վրա: Բայց այն, ինչ տեղի ունեցավ, վեր էր ամեն մի սպասածից…

***

Ես շտապեցի հրապարակ, գիտենալով, որ այնտեղ է հավաքվելու երիտասարդությունը: Եվ, իրոք, Լենինի արձանի մոտ հավաքված էին մի քանի հազար մարդ: Տրիբունայի վրա ոչ ոք չկար, թույլ չէին տվել, եւ երիտասարդ հռետորները բարձրացվում էին հավաքվածների թեւերի վրա եւ այդպես խոսում: Շատերի կրծքերին կային սեւ կտորներ «50» թվանշանով եւ ձիթենու ճյուղով, կամ սեւ թղթիկներ նահատակված մտավորականների նկարներով, մեջտեղում Կոմիտասի նկարը:

***

Մտա փոստ եւ զանգ տվեցի Գրողների միություն: Պարզվեց, որ աշխատակցուհին գալու է ժամը մեկին: Ես կանգնեցի այդտեղ մինչեւ ժամը մեկը: Բոլորը բղավում էին «հողերը, հողերը, հողերը»…Ապա սկսեցին բղավել«Շիրազ, Շիրազ»…Որոշեցին գնալ նրա տունը եւ քայլեցին մինչեւ «Արմենիա» հյուրանոցը, բայց ղեկավարները որոշեցին ետ դառնալ եւ ետ դարձան: Արտասահմանից եկած հայ տուրիստները, հյուրանոցի առջեւ ավտոբուսում նստած, լաց էին լինում հուզմունքից:

***

Տերյան փողոցի ձախ թեւի վրայի սեւ շենքի երկար պատշգամբում կանգնած էին պիոներները փողկապներով: Երիտասարդները ձեռքով արեցին նրանց, իջեք վար: Սկսեցին բղավել. «մենք ձեզ համար ենք մտածում, երեխաներ»… Եվ այդտեղ ես ականատես եղա մի գարշելի տեսարանի: Տարիքով մի կին, միջին տարիքի, կամ դպրոցի վարիչը կամ այդպիսի մի այլ պնակալեզ, սարսափած սկսեց ներս տանել պատանիներին: Անասուն, քաղքենի, զուրկ հայկական արյունից, ստրկական հոգի…Բայց ավելի գարշելին դեռ առջեւումն էր: Հասնելով Պոլիտեխնիկ ինստիտուտին, ցուցարարները հրավիրեցին դրա ուսանողներին միանալ իրենց: Սակայն շենքի դուռը խուլ փակ էր, իսկ ուսանող-ուսանողուհիները նստել եւ խմբվել էին բոլոր հարկերի լուսամուտների մոտ, նայում էին դուրս: Նրանց փակել էին եւ դուրս չէին թողնում…Մի ուսանող, երրորդ հարկից, մինչեւ իսկ հասկացրեց ձեռքով-ոտքով. «ի՞նչ անենք, ուզում ենք գալ-միանալ, բայց չեն թողնում»:

***

Ցուցարարների գլխավոր մասն արդեն դուրս էր եկել Աբովյան, եւ Պոլիտեխնիկական ինստիտուտի մուտքի մոտ հավաքված մի քանի հարյուրը շտապեցին հասնել նրանց: Հետագայում իմացանք, որ համալսարանի հանրակացարանում փակել էին դռները ու ուսանողներին որպես ստրուկների պահել այնտեղ, բայց նրանք կեցցեն, ծեծել էին բանտապետներին, ջարդել դռները եւ նետվել դուրս: *** Կոմիտասի գերեզմանի մոտ ելույթներ ունեցան շատերը, այդ թվում Սիլվան, Պարույրը, Վարագը (Սիլվա Կապուտիկյանը, Պարույր Սեւակը, Վարագ Առաքելյանը` հեղ.): Մոտենում էր Օպերայի թատրոն գնալու ժամանակը, հարկավոր էր գնալ տուն, մի փոքր հանգստանալ եւ կարգի բերել ինձ: Միտինգն ավարտվել էր, երբ ես նստեցի տրանսպորտ եւ եկա տուն: Վեցն անց կես շտապեցի դեպի Օպերա: Առաջին բանը, որ տեսա Լենինի պողոտայում, դա տասնյակ հազարավոր երիտասարդության ցույցն էր, որն անցնում էր եւ բղավում «հողերը, հողերը»…

***

Դեռ իմ հրապարակում եղած ժամանակ, նախքան ցուցարարների շարժվելը, եկան եւ ամբիոն բարձրացան Քոչինյանը (Անտոն Քոչինյանը` հեղ. ), Վիկտոր Համբարձումյանը, Էդվարդ Թոփչյանը, էլի մի քանի մարդ, որոնց թվում նաեւ մի դեգեներատ, որը, ինչպես հետո իմացա, կոչվում էր Բադալ Մուրադյան: Նա բաց արեց միտինգանման բանը, խոսք տվեց Քոչինյանին, Համբարձումյանին, ապա բաց թողեց մի ապուշագույն կոչ, որը ռեկորդային էր իմ բոլոր լսածներից. «Իսկ այժմ, ընկերներ, ովքեր գործ չունեն այստեղ, թողեք հրապարակը, թողեք հրապարակը, թողեք հրապարակը»: Ի դեպ, կոչն ավելորդ չէր, այլ խիստ իրավացի: Հենց ինքն ու իր կոլեգաները «թողեցին հրապարակը», իսկ ցուցարարները մնացին:

***

Դեռ հրապարակում ցուցարարներից մեկը բարձրացավ ամբիոն եւ Քոչինյանին տվեց մի դաստա թղթեր, ցուցարարների պահանջները, խնդիրները, բանաձեւերը: Քոչինյանը բարձրացրեց թղթերը բռնած ձեռքը, այսինքն թե ինձ մոտ են, ապահով կացեք: Եվ ահա երեկոյան, ցուցարարները պահանջել էին, որ ներս թողնեն իրենցից մի քանի հոգու իմանալու համար այդ թղթերի պատասխանը: Նրանց ներս էին թողել եւ… այնքան ծեծել, որ շտապ օգնություն էին կանչել տանելու համար: Սա ես գրում եմ իմ լսածը…

***

Այն, ինչ որ պիտի անեին կառավարության խայտառակաբար փախած անդամները, արեց կաթողիկոսը (Վազգեն Ա-ն` հեղ.): Օթյակում նստած, եւ, չգիտես ինչու ոչ նախագահության սեղանի մոտ հրավիրված, նա վեր կացավ, բացեց իր գլուխը եւ լի սքանչելի խոսքով , արժանի ամեն մի իսկական կոմունիստի եւ հայի, խիստ հեռատես ու տակտով, խիստ անկեղծ, խիստ քաղաքական հասունությամբ եւ մարդկային իմաստությամբ, դիմեց երիտասարդներին: Ճիշտ է, նրա լռելուց հետո վերջիններս աղմկում էին, բայց դա ոչ թե խանգարելու համար, այլ որ ամեն մեկն ուզում էր ասել իր ասելիքը: Ընդհակառակը, նրանք մեծ հարգանքով էին վերաբերվում կաթողիկոսին, միակ մարդուն կառավարությունից եւ կուսակցությունից, որն ազնվություն ունեցավ խոսել ժողովրդի հետ:

***

Ես սարսափելի հոգնած էի, բայց ոչ այնքան մի քանի ժամ տեւող երթից, որքան որ ներքին ապրումներից ու զայրույթից: Եկա տուն, իսկ ցուցարարները դեռ մինչեւ ուշ գիշեր շրջում էին: Այդ մասին այլեւս, ես իրազեկ չեմ որպես ականատես:

1965թ. ապրիլի 24

Աննա Բաբաջանյան

http://armlur.am/50-600x412

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՕՐԱԳՐԻՑ

14 Ապր

«14.03.1934
Մահվան մեջ միշտ կա ինչ-որ խայտառակ, ստորացուցիչ, ամոթալի բան: Գոնե այսպիսի տպավորություն է միշտ թողել ինձ վրա ինձ անձամբ ծանոթ մարդկանց մահը: Երբ տեսել եմ ինձ ծանոթ մարդկանց դագաղում` միշտ այս է եղել իմ առաջին զգացմունքը: Կարծես մեռնողը մի ինչ-որ ծայր աստիճանի, աններելի, քստմնելի, կեղտոտ հանցանք է կատարել — թե մեր, այսինքն կենդանի մնացողների, թե, մանավանդ, իր հանդեպ: Թե ինչից է գալիս այս տպավորությունը, չգիտեմ: Երևի կյանքի հանդեպ ամենամեծ հանցանքը նրա բացասումն է, հերքումը: Տարօրինակն այն է, որ քո ողջ գիտակցությամբ զգում ես, որ ամենից քիչ այդ բանում մեղավոր է մահացողը, բայց- արդեն ամենից շատ նրա դեմ ես դառնանում-… լցվում քստմնելի վախով ու զզվանքով: Այդ զգացմունքը մի փոքր նման է այն արգահատելի զզվանքի ու արհամարհանքի զգացմունքին, որ մարդու մեջ առաջացնում է թղթախաղում անաջողակ մարդը. տարվում է, տարվում է վերջին ունեցածը, պարզապես թուղթը չի գալիս,- փոխանակ խղճալու,- արհամարհանք ես զգում- զզվանք դեպի նա… Կենդանի, առողջ, նորմալ մարդը առհասարակ չի սիրում դժբախտությունն ու անաջողականությունը: Իսկ ինչ է մահը — եթե ոչ ամենածանր, ամենամեծ «տանուլ տալը», անաջողությունը:- Եվ այս չէ՞ պատճառը, որ առողջ, լիարյուն ազգերը… չեն սիրում հայերին, որ հանճարեղ տանուլ տվող դժբախտներ-անաջողներ են, քստմնելի լինելու աստիճան թշվառ ու անաջողակ… Եվ ինչ մոլորություն, որ իբր թշվառությունը վեհ է ու ազնիվ… Արգահատելի է թշվառությունը, ինչպես մահը -ուրիշ ոչինչ…»

%d bloggers like this: