Tag Archives: Օսկար Ուայլդ

ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

3 Հնս

Միշտ… Ինչ սարսափելի բառ է: Ես ցնցվում եմ, երբ լսում եմ այն: Այդ բառը հատկապես սիրում են կանայք: Նրանք փչացնում են ցանկացած սիրավեպ` ձգտելով, որ դա շարունակվի հավերժ: Ընդսմին, «միշտը» դատարկ բառ է: Կամակորության և «հավերժական սիրո» միջև տարբերությունն այն է, որ կամակորությունը փոքր-ինչ ավելի երկար է տևում:Markovtsev Tatyana [Татьяна Марковцева] - Russian Minimalist painter - Tutt'Art@ (19)

ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

13 Հնս

ԴԱՏԱՍՏԱՆԻ ՏՈՒՆԸ

Եվ լռություն էր տիրում Դատաստանի Տանը, և Մարդը մերկ կանգնեց Աստծո առջև:
Եվ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը:
Եվ ասաց Աստված Մարդուն. «Չար է եղել կյանքը քո, և անողորմ ես եղել նրանց հանդեպ, ովքեր օգնության կարիք են ունեցել, և թշվառների հանդեպ քարսիրտ ես եղել ու դաժան: Աղքատները դիմում էին քեզ, և դու չէիր լսում, և քո ականջները փակ էին Իմ տառապյալների կանչերի հանդեպ: Յուրացնում էիր ծնողազուրկների ժառանգությունը և հարևանիդ խաղողի այգիները աղվեսներ էիր բաց թողնում: Խլում էիր երեխաների հացը և տալիս շներին: Եվ Իմ բորոտներին, որ ապրում էին ճահճուտներում խաղաղ ու հանգիստ և փառաբանում էին Ինձ, քշում էիր դեպի բանուկ ճանապարհները: Եվ Իմ երկրի վրա, որից դուրս եմ քեզ ստեղծել, դու անմեղ արյուն էիր հեղում»:
Եվ մարդը պատասխան տալով ասաց. «Իրոք այդպես էի անում»:
Եվ դարձյալ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը:
Եվ ասաց Աստված Մարդուն. «Չար է եղել կյանքը քո, և հետամուտ էիր Գեղեցկությանը, որ ես ցուցանել եմ, իսկ Բարին, որ ծածուկ եմ պահել, անտեսում էիր: Քո տան պատերին կուռքերի պատկերներ էին նկարված, և նողկանքների քո անկողնուց ելնում էիր սրինգների հնչյունի ներքո: Յոթ զոհասեղան ես կառուցել այն մեղքերի համար, որոնց դիմակայելով տառապել եմ ես: Եվ ուտում էիր այն, ինչ չպիտի ուտեիր, և քո զգեստի ծիրանին նախշազարդված էր ամոթի երեք նշաններով: Քո կուռքերը ոսկուց կամ արծաթից չէին, որ երկար են մնում, այլ մարմնեղեն էին և մահկանացու: Դու բուրավետ հեղուկով օծում էիր նրանց մազերը և նուռ էիր դնում նրանց ձեռքերի մեջ: Քրքումով էիր օծում նրանց ոտքերը և գորգեր էիր փռում նրանց առջև: Ծարիր էիր քսում նրանց կոպերին և նրանց մարմիններն օծում խեժ ու զմուռսով: Խոնարհվում էիր նրանց առջև ու երկրպագում, և քո կուռքերի գահերը դրված էին արևի դեմ: Դու ցուցանում էիր արևին քո ամոթը և լուսնին՝ քո խելագարությունը»:
Եվ Մարդը պատասխան տալով ասաց. «Իրոք այդպես էի անում»:
Եվ մի երրորդ անգամ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը: Եվ ասաց Աստված Մարդուն. «Չար է եղել կյանքը քո, և չարով ես հատուցել բարուն և բարի գործերը՝ չարագործությամբ: Խոցել ես քեզ կերակրող ձեռքերը և արհամարհել քեզ սնուցող ստինքները: Ով քեզ համար ջուր էր բերում, ծարավ էր հեռանում քեզնից, և օրենքից դուրս գտնվող անձանց, ովքեր պատսպարում էին քեզ իրենց վրաններում, մատնում էիր՝ դեռ լույսը չբացված: Թշնամուդ, որ խնայում էր քեզ, որոգայթն էիր գցում, և քեզ հետ քայլող բարեկամիդ շահով վաճառում էիր: Ովքեր քեզ Սեր էին բերում, փոխարենը միշտ Կիրք էին ստանում քեզնից»:
Եվ Մարդը պատասխան տալով ասաց. «Իրոք այդպես էի անում»:
Եվ փակեց Աստված Մարդու Կյանքի Գիրքը և ասաց. «Անկասկած, Դժոխք եմ քեզ ուղարկելու: Հիրավի, Դժոխք եմ ուղարկելու քեզ»:
Եվ գոչեց Մարդը. «Չես կարող»:
Եվ ասաց Աստված Մարդուն. «Ինչո՞ւ չեմ կարող քեզ Դժոխք ուղարկել, և ի՞նչ պատճառով»:
«Որովհետև Դժոխքում եմ մշտապես ապրել»,- պատասխանեց Մարդը:
Եվ լռություն տիրեց Դատաստանի Տանը:
Եվ տևական ժամանակ անց խոսեց Աստված և ասաց Մարդուն. «Քանի որ քեզ Դժոխք չեմ ուղարկելու, հարկավ Դրախտ պիտի ուղարկեմ: Հիրավի, Դրախտ եմ ուղարկելու քեզ»:
Եվ գոչեց Մարդը. «Չես կարող»:
Եվ ասաց Աստված Մարդուն. Ինչո՞ւ չեմ կարող քեզ Դրախտ ուղարկել, և ի՞նչ պատճառով»:
«Որովհետև երբեք և ոչ մի տեղ՝ ես չեմ կարողացել պատկերացնել դա»,- պատասխանեց Մարդը:
Եվ լռություն տիրեց Դատաստանի Տանը:

Թարգմ. Խորեն Գասպարյան

ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

13 Ապր

— Դու չես կարող ինձ դժոխք ուղարկել:
— Իսկ ինչո՞ւ ես չեմ կարող դա անել:
— Որովհետեւ ես իմ ողջ կյանքն այնտեղ եմ անցկացրել:
Եվ այնժամ դարձյալ Աստծո Դատաստանի Պալատում խորունկ լռություն տիրեց:
— Լավ: Եթե ես չեմ կարող քեզ Դժոխք ուղարկել, ես քեզ Երկինք կուղարկեմ:
— Դու ինձ չես կարող Երկինք ուղարկել:
— Իսկ ինչո՞ւ ես չեմ կարող դա անել:
— Որովհետեւ ես երբեք չեմ կարողացել այն պատկերացնել:
Եվ Աստծո Դատաստանի Պալատում նորեն լռություն տիրեց:

ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

26 Հկտ

DE PROFUNDIS
Կյանքը ինձ համար գինով լի մի գավաթ էր, և ես ճաշակում էի նրա վայելքները, բայց այն օրը, երբ հայտնվեցի բանտում, հասկացա, թե ինչու շատ մարդիկ ապրում են այս աշխարհում` մտածելով ինքնասպանության մասին: Անցյալում իմ ամբողջ կյանքը պատկանում էր վայելքին, ես փախչում էի տառապանքից և դժբախտություններից, դրանք տեղ չունեին ոչ իմ կյանքում, ոչ իմ փիլիսոփայության մեջ, մինչդեռ դատապարտվելով և ամեն ստորացում ապրելուց հետ, ես ճանաչեցի և խոնարհվեցի տառապանքի առջև: Եկավ այն պահը, երբ տառապանքը ինձ համար դարձավ միակ ճշմարտությունը, մնացած ամեն ինչ ցնորք է: Տառապանքն է միակ ուղին, որ տանում է դեպի արվեստի մեծագույն հայտնաբերումը: Տառապանքն է, որ մեզ հավասարեցնում է Աստծուն. նա, ով տառապում է, ուրեմն գիտե Աստծու ցավն ու գաղտնիքը: Միայն աղքատները, թշվառներն ու բանտարկյալները գիտեն, թե ինչ բան է խիղճը, քանի որ այն չի կարող մտնել հարուստների սիրտն ու թագավորների պալատները…

* * *
…Մենք դեռևս միշտ չէ, որ հասկանում ենք ինքներս մեզ, իսկ ուրիշներին՝ ավելի հազվադեպ: Փորձը չունի բարոյագիտական ոչ մի նշանակություն: Փորձ անունը մարդիկ տվել են իրենց սխալներին: Բարոյագետները, որպես կանոն, փորձի մեջ միշտ նախազգուշացման միջոց են տեսել և համարել են, որ դա ազդում է բնավորության ձևավորման վրա: Նրանք փառաբանում էին փորձը, քանի որ փորձը մեզ սովորեցնում է ինչին հետևել և ինչից խուսափել: Բայց փորձը շարժիչ ուժ չունի: Նրա մեջ գործնականը նույնքան քիչ է, որքան և մարդկային գիտակցության մեջ: Իրականում նա միայն ապացուցում է, որ մեր գալիքը սովորաբար նման է մեր անցյալին, և եթե մի անգամ մեղանչել ենք դժկամությամբ, դա կրկնում ենք կյանքում բազմաթիվ անգամ, բայց արդեն բավականությամբ…

Թարգմ. Ռուբեն Խաչատրյան

%d bloggers like this: