Tag Archives: Օբամա

Փող, զենք և դժգոհություն

17 Փտր

Ժողովրդական իմաստությունը մեզ թելադրում է չհաշվել նվեր տված ձիու ատամները: Ընդհակառակը, բարեկիրթները նույնիսկ շնորհակալ են լինում ընծայի համար, քանի որ նվիրատուն ամենևին էլ պարտավոր կամ հարկադրված չէր ինչ-որ բան հանձնել անհատույց: Սակայն քաղաքականությունը կարծես թե ընդհանուր ոչինչ չունի լավ դաստիարակության հետ, և այստեղ ոչ միայն ատամներն են հաշվում, այլև հաշվելու ենթակա ամեն բան: Ընդ որում, դա արվում է ոչ այնքան մաթեմատիկական կանոնների պահպանման, որքան այդ կանոնները սեփական մտադրություններին ծառայեցնելու նպատակով:
Հենց այսպիսի կողմնորոշում ուներ ԱՄՆ Կոնգրեսը, երբ օրերս քննարկման դրեց 2011 ֆինանսական տարվա ֆինանսավորումների հարցը, իսկ երկրի նախագահ Բարաք Օբաման իր հերթին օրենսդիրներին ներկայացրեց առաջարկներ 2012թ. բյուջեի վերաբերյալ: Ահա այդ ժամանակ էլ նա այլ երկրների շարքում հիշատակեց նաև Հայաստանի անունը` տեղեկացնելով, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է 40 միլիոն դոլարի չափով օգնություն տրամադրել մեր երկրին: Նախատեսված գումարը ճիշտ այնքան է, որքան այս տարի, ու կարծես թե ամենևին էլ քիչ չէ: Թվում էր, շնորհակալությունից բացի հայկական կողմից այլ բան պետք չէր սպասել: Սակայն հաջորդ պահին պարզվելու էր, որ հնչեցված բառերի հեղեղում բացակայելու էր հատկապես այդ միակը` երախտիքի բառը:
Հայտնի բան է, որ մենք կդադարեինք ինքներս մեզ նման լինել, եթե անմիջապես եղածը չհամեմատեինք մեր հարևանների ստանալիք միջոցների հետ և ուշադրություն չդարձնեինք հարակից մանրամասներին: Եվ հենց այդ մանրամասների մեջ էլ գտնվեցին անհամապատասխանության այն «բացիլները», որոնք հարուցեցին դժգոհության վարակը: Ի՞նչ էր այս անգամ առաջարկում Օբաման մեր և դրկից երկրների համար: Նախ ասենք, որ ամերիկացիները եկող տարի պատրաստվում են դադարեցնել «Համաշխարհային առողջապահություն» և «Երեխաների փրկություն» ծրագրերի գծով Հայաստանին տրամադրվող օգնությունը: Դա նախկինում կազմել է տարեկան 400 հազար դոլար և, ինչ խոսք, ցավալի է, որ շարունակություն չի գտնելու: Բայց սրանց մասին որևէ տրտունջք, ափսոսանքի խոսք չհնչեց միայն ու միայն այն պատճառով, որ Ադրբեջանը նույնպես զրկվել էր հիշատակված երկու ծրագրերի օժանդակությունից:
Պայթյունի համար առիթը պիտի դառնար Օբամայի հաջորդ առաջարկը` կապված առանձին երկրներին տրամադրվելիք ռազմական օգնության հետ: Այս մասով ԱՄՆ նախագահն առաջարկեց Հայաստանին հատկացնել 3,45 մլն դոլար` արտաքին ռազմական ֆինանսական օգնության ու միջազգային ռազմական կրթության համար: Երբ հայերը դա համեմատեցին ադրբեջանցիներին տրամադրվելիք գումարների հետ, պարզվեց, որ մերը 450 հազարով քիչ է, քան Բաքվի բաժինը: Ու հենց այստեղ էր սկսվեց փոթորիկը:
Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակն անմիջապես իր խորը մտահոգությունը հայտնեց, որ ռազմական բնագավառի օգնության ծավալներում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարակշռություն չի պահպանվել: «Նախագահի առաջարկում ռազմական օգնության հավասարակշռության նժարը թեքված է Բաքվի կողմը` չնայած նոր պատերազմ սկսելու ադրբեջանական առաջնորդների աճող սպառնալիքներին, որը կքանդի Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացը», — ասվում էր Հայ դատի գրասենյակի կողմից տարածած հաղորդագրությունում։ Այս անհանգստությանը ձայնակցող մյուս հայկական կառույցները ևս այն համոզմանն էին, որ Ադրբեջանին ավելի շատ ռազմական օգնություն ցուցաբերելը սխալ ազդակ կարող է հաղորդել այդ երկրի կառավարությանը, նպաստել այն բանին, որպեսզի այդ երկիրը շարունակի իր ռազմատենչ հայտարարություններն ու Հայաստանին ուղղված սպառնալիքները:
Եթե նույնիսկ ընդունենք, որ մեր հայրենակիցների մտահոգությունները միանգամայն արդարացված են, ամեն դեպքում չենք կարող նաև չասել, որ նրանց չափազանցված աղմուկը որևէ արդյունքի չի հանգեցնի: Ի վերջո, Վաշինգտոնը միշտ էլ կարող է պատասխանել, որ դրանք իր փողերն են, և ինչպես կցանկանա` այնպես էլ կտնօրինի: Եվ հետո լուրջ չէ այն փաստարկը, թե Ադրբեջանը հենց այդ կես միլիոնի հույսին էր մնացել, որպեսզի հաջորդ պահին սանձազերծեր նոր պատերազմ Հայաստանի դեմ: Բացի այդ, հիշեցնենք նաև, որ ԱՄՆ հայկական կառույցները իրենց լոբբիստական աշխատանքների ընթացքում բազմիցս դիմել են ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին` առաջարկելով զրոյի իջեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օժանդակությունը, բայց, ինչպես տեսնում ենք, մեր ցանկությունները չեն համապատասխանում նրանց պատկերացումների հետ:
Կես միլիոնանոց տարբերության մասին այս աղմուկն այնքան բարձ էր հնչում, որ դրա ստվերում մնաց շատ ավելի նշանակալից մի զանազանություն: Բանն այն է, որ եկող տարի Միացյալ Նահանգները պատրաստվում է Ադրբեջանի տնտեսական օգնության չափաբաժինը կրճատվել 25 տոկոսով` 22,12 միլիոնի փոխարեն տրամադրելով ընդամենը 16,6 միլիոն դոլար: Այն, որ Ադրբեջանը նախկինից 6 միլիոնով պակաս տնտեսական օգնություն պիտի ստանա, դա, ոչինչ, կարելի է: Իսկ որ ընդամենը կես միլիոն դոլարով ավելին է նրան հատկացվելիք ռազմական օժանդակությունը, սա արդեն մեզ համար տիեզերական մասշտաբների աղետի պես մի բան է:
Մինչդեռ եթե կա մի հարց, որի շուրջ իսկապես արժեր մտահոգվել, դա այն է, որ Օբամայի վարչակազմի նոր առաջարկները որևէ կերպ չեն պատրաստվում խթանել հայ- ամերիկյան առևտրային կապերը, այնինչ նախկինում ԱՄՆ նախագահը խոստումներ էր շռայլում, թե հնարավորություններ կստեղծվեն ընդլայնել երկու երկրների տնտեսական կապերը` մասնավորապես ազատ առևտրի, երկակի հարկման, առևտրի ու ներդրումների մասին շրջանակային համաձայնագրերի միջոցով: Իսկ նման պայմանավորվածությունները ի զորու էին նպաստելու աշխատատեղերի ստեղծմանը հատկապես Հայաստանում: Սակայն ո՞վ է մեղավոր այս բացթողումի համար: Մի՞թե դարձյալ Օբաման: Իսկ այն հանգամանքը, որ կապերի խորացման համար նախ անհրաժեշտ է բարենպաստ միջավայր ու մթնոլորտ ձևավորել օտարերկրյա ներդրողների համար, շուկան դարձնել հրապուրիչ, օրենքը` գերակա, վերստի՞ն ամերիկացիների հոգսն է:
Այս տեսանկյունից բոլորովին էլ պատահական չէր, որ Սպիտակ տան վարչակազմը բավական պատկառելի գումարներ է առաջարկում տրամադրել մեր հարևան Վրաստանին: Պաշտոնական Թբիլիսիին տրամադրվելիք տնտեսական օժանդակության ծավալը Կոնգրեսի կողմից հաստատվելու դեպքում 2012 թվականին կկազմի 66 միլիոն դոլար: Եվս 18 միլիոն կհատկացվի ռազմական օժանդակության ծրագրի շրջանակներում, իսկ Վրաստանի առողջապահական համակարգին ամերիկյան հատկացումները գալիք տարի կազմելու են 850 հազար դոլար: Ահա թե ով է Վաշինգտոնի համար նախընտրելի գործընկերը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Օրակարգից հեռացվածը

23 Դկտ

Երեկ ողջ օրվա ընթացքում Միացյալ Նահանգների Կոնգրեսից ստացվող լուրերը վկայում էին այն մասին, որ այդ հարկի տակ ծավալվում էին բուռն, դրամատիկ, շատ դեպքերում նույնիսկ անհասկանալի իրադարձություններ: Եվ եթե անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի նախագիծը 111-րդ գումարման նիստի օրակարգ ընդգրկելու շուրջ պայքարն անհավասար էր, ապա առավելություն ստացած թևը հազիվ թե իրեն զգար հաղթողի դիրքերում: Նկատելի էր, որ ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունները անում էին հնարավոր ամեն բան արդյունքի հասնելու համար, և նրանց աշխատանքն այդ ուղղությամբ ընթանում էր առանց ընդհատման: Այսքանից հետո յուրաքանչյուր հիասթափություն կարող է արդարացված լինել, քանի որ դեկտեմբերի 22-ին ևս նախագիծը չընդգրկվեց քննարկմնան ենթակա փաստաթղթերի ցանկում, և այդ մասին հայտարարվեց առանց ափսոսանքի: Որպեսզի պարզ դառնա, թե ամերիկացի օրենսդիրների համար իրականում ինչ արժե հայերիս հուզող խնդիրը, ասենք միայն, որ երեկ Պալատի 435 անդամներից ավելի քան 100-ը նույնիսկ ներկա չէին գտնվել լիագումար նիստին` իրենց բացակայությունը հիմնավորելով այն հարգելի պատճառով, թե զբաղված են եղել նախատոնական այցելություններով: Բայց նույնիսկ նման պայմաններում հայկական կառույցների ջանքերով հնարավոր էր եղել ապահովել կողմ անձանց նվազագույն անհրաժեշտ թիվը (ներկա դրությամբ բանաձևին սատարող 218 կոնգրեսականի), հետևաբար եթե օրինագիծը օրակարգ մտներ, ամենայն հավանականությամբ կարող էր անցնել:
Սակայն մի կողմ թողնենք լավատեսական կռահումների շարքը և, ինչպես ասում են, իրերը կոչենք իրենց անուններով: Հայկական բանաձևը Կոնգրեսի օրակարգ չմտավ, քանի որ ԱՄՆ-ն միշտ և բոլոր դեպքերում ընտրություն է կատարելու շահի ու բարոյականության միջև` առավելությունը տալով առաջինին: Ներկա պահին Վաշինգտոնի համար Թուրքիայի հետ հարաբերությունները շատ ավելի մեծ կարևորություն ունեն, քան Հայաստանն է ու նրա Ցեղասպանության ճանաչումը: Եվ ուրեմն ի՞նչ պատմական արդարության, բարոյականության կամ իրավունքների մասին կարող է խոսք գնալ, եթե գերիշխողը մնալու է երկրի շահը, իսկ այդ շահին ծառայող պետական մեքենան գործելու է իրեն թելադրված ուղղությամբ: Ընդամենը հաշված ժամեր առաջ դեռ Կոնգրես չհասած օրենսդիրներին նմանատիպ հստակ հրահանգ իջեցվեց Սպիտակ տնից: Երկրի նախագահի մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբբսը շատ հասկանալի կերպով հայտարարեց, որ ԱՄՆ-ի համար գերակա են Թուրքիայի հետ անխաթար հարաբերությունները: Հիշյալ պարոնը բոլորովին վատ չզգաց` հաստատելով այն փաստը, որ բանաձևի առթիվ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից «զգուշացում-նամակ» է ստացել` անուղղակիորեն հաստատելով, որ իր անմիջական շեֆին կարող են թելադրել նաև Անկարայից: Փույթ չէ, որ Ցեղասպանության ճանաչումը Օբամայի նախընտրական խոստումներից մեկն էր: Փույթ չէ, որ Կոնգրեսի ղեկավարությունը նախկինում խոստացել էր հարցը արագ ընդգրկել օրակարգում: Այդ ամենը կարելի է ուրանալ ու մարսել: Սակայն թուրքական ոսկորը դժվար կլինի կուլ տալ:
ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները երեկ օրվա ավարտին հավաստիացնում էին, որ, ըստ դիվանագիտական աղբյուրների, դեռ կան հնարավորություններ մի շարք մեթոդներով բանաձևը ներկայացնել լիագումար նիստին։ Նման սպասելիքների համար հիմք էր ծառայում այն, որ Պալատի օրակարգը կարող է ծրագրային լրացումներ, ուրեմն և ժամանակային երկարաձգումներ ունենալ: Բացի այդ, Պալատի խոսնակ Նենսի Փելոսին, կիրառելով «ընթացակարգային կանոնների կասեցում» մեթոդը, կարող է բանաձևը ուղղակիորեն բերել լիագումար նիստի օրակարգ: Սրանք, ինչ խոսք, քիչ հավանական, համարյա անիրականանալի զարգացումների տեսլականներ են: Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ սկսվել, ոչ էլ ավարտվելու է ԱՄՆ Կոնգրեսի ներսում: Եվ լավ է, որ անհաջողությունը ողբերգություն չի ընկալվում: «Մենք մեր ձեռքերը չենք իջեցնում: Անկախ նրանից` կդրվի օրակարգում, կքվեարկվի թե ոչ, մենք շարունակելու ենք մեր նպատակաուղղված աշխատանքը»,- երեկ հայտարարեց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Արմինա Դարբինյանը:
Իսկ ինչ վերաբերում է վերջին մեկշաբաթյա խմորումներից ստացած տպավորությանը, ապա ամենահատկանշականը թերևս այն էր, որ այս անգամ Սպիտակ տան վարչակազմի ու պետդեպարտամենտի ճնշումները կոնգրեսականների վրա այնքան էլ ուժեղ չէին, ինչպես եղավ նախկին փորձի ժամանակ: Վերլուծաբանների կարծիքով, պատճառը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի փաստացի տապալումն է: Հիմա այլևս կոնգրեսականների վրա չի ներգործում թուրքերի այն զգուշացումները, թե իբր որոշում կայացնելով նրանք կարող են վտանգել երկու երկրների մերձեցման քայլերը:
Ի դեպ, երեկ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախումբը մի բաց նամակ էր տարածել գործընկերների շրջանում, որով կոչ էր արվում աջակցել մարդու իրավունքներին վերաբերող այս կարևոր օրինագծին: Նամակի հեղինակներն էին Ֆրենկ Փալոնը Կրտսերը, Էդվարդ Ռոյսը, Ադամ Շիֆը, Ջեքի Սփիերը և Բրեդ Շերմանը: Նրանք գրում էին, թե օրինագիծը «վերահաստատում է մեր ազգի բարոյական պայքարը բոլոր ցեղասպանությունների դեմ»:
Երեկ դա չհաստատվեց: Հայոց ցեղասպանության հարցը շարունակեց մնալ քաղաքական առևտրի առարկա:

Հովիկ Չարխչյան

%d bloggers like this: