Tag Archives: Քրիստոս

ԵՐԵՔ ՄԻԼԻՈՆ ԱՌԱՔՅԱԼ

16 Ապր

— Քրիստոսը հայ է: Մորական կողմից,- ասաց Պետրոսը, և իբրև անհերքելի փաստարկ, մի փունջ կանաչին խրեց աղամանի մեջ, բերանը տարավ:
Երեկոյի երկնքի տակ հացի նստոտած սեղանակիցները պապանձվեցին: Ու միայն միթևանի Հակոբը բերանը ճպպացրեց, մռմռաց. «Կպատահի…»:
— Ձեռ քաշի,- հերսոտեց գինովցած Հովսեփը:- Աստծուն տեր կանգնելը մեր բանը չի:- Աչքերով սեղանի վրա կծու պղպեղ փնտրեց, վերցրեց ու կերավ շաքարի նման:
— Տո, ինչի՞, է: Մեր ձեռը չի՞,- տեղում ծուլ եկավ Սիմոնը: Օղին լեզվին էր խփել, բառերը կպչուն էին ծամոնի պես: Իրենով լիներ՝ կլռեր, բայց խոսք էր, քարի պես առավ ու նետեց:
— Չէ, ախպեր, մերը հավատալն է: Էդ մի բանը սովորել ենք խղճով անել: Մեզ աստված տուր ու մի կողմ քաշվիր: Մնացածը մենք գիտենք,- մեջ ընկավ Հակոբը և մեկեն ձայնը փոխեց,- Հովհաննես, մի էդ շիշը էս կողմ հրի…
— Ես ձեր մարդ ասողի…,- տրաքեց Պետրոսը,- անաստված շանորդիք, տո դուք ի՞նչ հայ եք: Ես ձեզ մարդավարի բան եմ ասում, դուք ինձ ծե՞ռ եք առնում…
— Պետրոս ջան, հոգուդ մեղք մի արա, ցավդ տանեմ, խոսքդ հետ վերցրու,- մղկտաց Հովհաննեսը,- բա մեղք չի՞ այդ մարդը:
Արյունը խփեց Պետրոսի գլխին: Փրփուրը բերնին ուզեց պոկ գալ, հետո հաղթանդամ մարմնով փլվեց աթոռին, ու լեզուն թրթռաց ատամի տակ:
— Ափսոս, ձեր տանն ենք, Հովհաննես, հազար ափսոս…
— Չէ, դուք հլա մի ինձ լսեք,- կռնչաց Եղիան՝ ճաղատ գլուխը քսելով որթատունկի տերևներին,- մեր Պետրոսի ասածի մեջ ոնց որ ճիշտ բան կա: Ոնց գցում-բռնում եմ, էլի մենակ հայը էդքան դարդ ու ցավ տանելուց հետո հարություն կառնի:
— Թե որ Քրիստոսը հայ է, Հուդան էլ հայ կլինի,- աչքի պոչը Պետրոսի կողմը պարզած ասաց Թաթոսը ու ինքն էլ ապշած իր ասածից՝ սուր զկռտաց՝ ձեռքը բերանին:
— Զահլա մի տար, զավզակ,- փնչաց Հակոբը: Նրա սրտով չէր սեղանից կտրող խոսք ու զրույցը ու Թաթոսի սմքած մատները, որ ախորժակ էին փակում: Ի նշան բողոքի, Հակոբը ափսեի մեջ նետեց մսի մի կտոր ու կռացավ վրան:
— Հա, Թաթոս, Հակոբը ճիշտ է ասում, ամեն բան մարդու երեսով չեն տա:
— Սիմոն ջան, տղերք ջան, ախր ի՞նչ կլինի, էդ բանը մի ասեք: Ախր, մեղք է, չէ՞: Հիմա էլ էդ անաստվածի անունն եք տալիս,- կուչ եկավ Հովհաննեսը՝ շշուկը շուրթին:
— Լավ, էլի, Հովհաննես…
— Հերիք է, էլի, այ մարդ…
— Եղիա, քո ողորմած պապը տերտեր էր, դու էդ բաները լավ գիտես: Մի ասա՝ տեսնենք, էդ պատմությունը ոնց եղավ:
— Հուդա Իսկարիովտացի կոչվածը գնաց քահանայապետերի մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Ու նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան,- արտասանեց Եղիան իր ժառանգությունը:
Պետրոսը խնդաց.
— Երեսուն արծաթ: Մեր փողով էդ ինչքա՞ն կլինի:
— Մի երկու ամսվա աշխատավարձ երևի:
— Ավելի շատ…
— Ավելի քիչ…
— Մի հաշիվ է: Շատ էժան է ծախել շանորդին…
Հովսեփը հազաց կոկորդը թռած պատառից, գինի խմեց, ու թևքով սրբելով բեղի ծայրը՝ ծոր տվեց.
— Ես որ տեսնում եմ, էդ Քրիստոսը միամիտ մարդ է եղել:
— Միամիտ որ չլիներ՝ ո՞վ կհավատար:
Հովհաննեսը հարբած էր, լաց եղավ: Լացն էլ լացի նման լիներ, անարցունք խռխռաց: Պետրոսը դեմքը շուռ տվեց:
-Մի կողմից էլ Հովհաննեսը ճիշտ է ասում,- խոսեց Հովսեփը:- Ինչի՞ մերը լինի որ: Օտարինը մենք մեր ունեցածից շատ ենք սիրում:
— Մերն էլ ենք սիրում, երբ արդեն մերը չի,- գեղգեղաց Եղիան գլուխը շոյելով:
— Էս ի՞նչ է ասում, էս ի՞նչ է ասում: Այ մարդ, էդ ի՞նչ եք ասում,- կատաղեց Պետրոսը:- Աստված էլ տվեցին, տեր չկանգնեցինք:
— Պետրոս ջան, թե որ էդ մեզ համար լավ է, թող էդպես լինի, թե որ չէ՝ շառ ու փորձանքից հեռու,- մանևրեց Սիմոնը:
— Տո, ավել կտորը աչքդ կհանի՞,- որոտաց Պետրոսը՝ բռունցքներով սեղանը ծեծելով:
— Մեկ-մեկ հանում ա, Պետրոս ջան, մեկ-մեկ հանում ա,- չզիջեց Սիմոնը՝ լավաշի մի մեծ կտոր իր կողմը քաշելով:- Էս էինք մենք, հիմա էս ենք,- մի չոր փշրանք պոկելով՝ բերանը նետեց ու ծամեց ծուլորեն,- Քրիստոսն էս պատառին կարոտ չի:
Աղմկեցին, գոռգոռացին, Եղիան էլի արտասանեց, Հակոբը միս չթողեց սեղանին, Պետրոսը բաժակ ջարդեց, Սիմոնը ոչինչ չջարդեց, ու ժխորի մեջ կորավ¬գնաց Հովհաննեսի խեղդված մայունը. «Տղերք ջան, Պետրոս ջան…»:
Կեսգիշեր էր, երբ վեր կացան: Օրորվեցին, սայթաքեցին, բաներ հիշեցին, բաներ մոռացան ու գնացին, ինչպես քամու տարած խաշամ: Ավերակ սեղանին կռթնած Հովհաննեսը սթափվեց շշերը հավաքող կնոջ ձայնից.
— Վեր, այ մարդ, վեր, տուն գնա, քամի կառնի մեջքիդ, էլի պիտի տքտքաս:
— Սրտովս գնա, այ կնիկ…
— Էհ, Հովհաննես, ջուրն եկել, ջրաղացն է տանում, դու էլի…,- ձեռքը թափ տվեց,- ամեն բան կիսեցինք, էս մեկն էր մնացել:
Որթատունկի տերևների միջից լուսինը լուսապսակ էր նետել գինով ողողված հողին: Կիսվում էր ամառվա գիշերը:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆstariki

ՔՆՅՈՒԹ ՀԱՄՍՈՒՆ

23 Հնվ

… Նա խոսում էր կցկտուր, կարճ դադարներով խոցում ինձ, խոսքը ձգձգում, որպեսզի պարզ հասկացնի, որ ինձ նկատի ունի: «Հանգիստ,- ասացի ինքս ինձ,- շատ հանգիստ: Նա ինձ չի խնդրում, որ գնամ, բացահայտորեն չի ասում, պարզ չի խոսում: Իմ կողմից ոչ մի ամբարտավանություն, ոչ մի անպատեհ հպարտություն: Զգույշ եղիր…»: Յուղանկար Քրիստոսը զարմանալի կանաչ մազեր ուներ: Նրա մազերը գրեթե նման էին կանաչ խոտի կամ, ավելի դիպուկ, թավ մարգագետնի խոտի: Հը, ինչպիսի ճշգրիտ դիտողականություն իմ կողմից, իսկը թավ մարգագետնի խոտ… Այդ պահին գլխովս մի շարք փութանցիկ մտքեր սլացան: Կանաչ խոտից միտքս հասնում է Սուրբ Գրքի այն տեղը, ուր ասվում է, թե ամեն մի կյանք նման է խոտի, որ այրվում է, ապա սկսում եմ մտածել ահեղ դատաստանի օրվա մասին, երբ ամեն ինչ հրո ճարակ է դառնալու, ապա աչքիս առաջ է գալիս Լիսաբոնի երկրաշարժը, հետո մտքիս ճախրանքում հայտնվում է իսպանական արույրե մի թանաքաման և եբենոսափայտից պատրաստված մի գրչակոթ, որ տեսել եմ Իլայալիի տանը: Ախ, ամեն բան վաղանցուկ է: Խոտի պես այրվում է ամեն ինչ: Ի՞նչ ենք տանում մեզ հետ` չորս տախտակ ու մի պատան, որ կարող ենք գնել յոմֆրու Անդերսենի մոտ, դարպասից դեպի աջ…
Եվ այս ամենը միտս է եկել այս հուսահատ պահին, երբ տանտիրուհին պատրաստվում է դռնից դուրս շպրտել ինձ:
— Չի էլ լսում,- գոռում է նա:- Ասում եմ, դուք պետք է հեռանաք իմ տանից, հասկանու՞մ եք: Աստված թող ինձ պատժի, թե այս մարդը խելագար չէ: Կորեք այստեղից և ոչ մի բառ չասեք:
Ես նայեցի դռանը. գնալու համար չնայեցի, ամենևին գնալու համար չնայեցի, մտքովս հանդուգն մի բան անցավ. եթե դռան վրա բանալի լիներ, կպտտեի ու բոլորի հետ կփակվեի այստեղ: Ես սարսափում էի, որ կրկին հայտնվելու եմ փողոցում: Սակայն դռան վրա բանալի չկար, և ես վեր կացա: Էլ ոչ մի հույս չկար…

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

21 Հկտ

Մարդկային վաթսուն տեսակ կա` խոլերիկ, ասթենիկ… Եվ վաթսուներորդ` վերջին տեսակը գեղարվեստական խառնվածքն է… Այս գեղարվեստական խառնվածքը գրողն է… Գրող ասելով` հասկանում ենք գեղարվեստական խառնվածք, ոչ թե մարդ, որը զբաղվում է գրականությամբ… Սրանք (այս վերջինները) շատ են, զբաղվում են, և սրանց ստեղծում են կառավարությունն ասեմ, թե համալսարանները… Իսկ գրողին ստեղծում է Աստված… Դժբախտաբար: Գրողն ամենադժբախտ երևույթն է… Գրո՛ղը… Կարող եմ ասել, որ քաղաքակրթությունը գրողների արգասիքն է: Եթե գրողները չլինեին… Գրող ասելով` գեղարվեստական խառնվածքը նկատի ունեմ, ոչ միայն գրող, այլև նկարիչ, երաժիշտ… Գեղարվեստական խառնվածքը քաղաքակրթության հիմքն է… Ընդ որում, ես քեզ մի զարմանալի բան կարող եմ ասել`գեղարվեստական խառնվածք էր Քրիստոսը… Տես, քաղաքակրթության նոր փուլ ստեղծեց Քրիստոսը: Այսինքն մենք ապրում ենք քրիստոնեական երկրում, որտեղ ամբողջ մշակույթը քրիստոնեական է: Մինչև Քրիստոսը ուրիշ մշակույթ էր… Ամբողջ մշակույթը, Վերածնունդը մեծագույն երևույթ են… Ասացի գեղարվեստական խառնվածք է նա` Աստծու ստեղծած… Երբեմն մտածում ես, թե Աստծու ստեղծածն է և սատանան, սատանան խանգարում է: Թե՞ այդ դժբախտությունը սատանայի ստեղծածն է… Եվ այդ ժամանակ, ուրեմն, սկսում ես կասկածել, թե ինչու մարդիկ գեղեցիկն ու բարին են գովերգում, մարդկության ապագան են ուզում ստեղծել… Ստեղծե՛լ… Չէ, բայց դա իրենց ուժերից վեր է` Աստծու փոխարեն ինչ-որ բաներ անելը… Եվ հանկարծ` այսպիսի դժբախտություն… Որովհետև մեկ-մեկ ում անուններն ուզում ես տուր` բոլոր մեծ գրողները, հանճարեղ գրողները դժբախտ են… Չկա՛ երջանիկ գրող…

%d bloggers like this: