Tag Archives: Քարթլիս Ցխովրեբա

Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ…

20 Հնվ

Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Ֆրիդոն Թոդուան Բաքվում առյուծի սիրտ էր կերել: Հարևան երկրի գործընկերների հետ ունեցած շփումների ընթացքում նրա համարձակությունն այնքան էր աճել, որ որոշել էր հանդես գալ հայտարարությամբ, որում մասնավորապես ասել է. «Վրաստանն ու Ադրբեջանը կվերադարձնեն օկուպացված տարածքները, քանի որ դրանք իրենց հողերն են»: Թոդուան, իհարկե ոչինչ չէր ասել այն մասին, թե դա ինչպես պիտի անեն և մինչ օրս ինչու՞ չեն վերադարձրել հողերը, եթե իրենց թրերն աջուձախ կտրում են: Բայց այս իմաստով փոխխոսնակը նաև ցանկացել էր ետ չմնալ այն բոլոր վրացի պաշտոնյաներից, ովքեր ժամանակ առ ժամանակ գնում են Ադրբեջան և տեղացիներին հաճոյանալու համար հակահայկական արտահայտություններ են թույլ տալիս:
Ասենք նաև, որ հաճելիորեն զարմացանք, երբ լսեցինք, որ Հայաստանը պատասխանել է վրացու զազրախոսությանը: Մասնավորապես ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նկատել էր, որ
Թոդուան հանդես է եկել իրականությունից հեռու, անհեթեթ հայտարարությամբ: «Եվ ի գիտություն Թոդուայի տեղեկացնեմ, որ Հայաստանի ոչ մի պաշտոնյա երրորդ երկրի խնդիրների առնչությամբ ոչ կոռեկտ հայտարարությամբ երբևէ հանդես չի եկել»,- ասել էր Շարմազանովը, իսկ հետո նաև խորհուրդ էր տվել ծանոթանալ հենց վրաց ժողովրդի պատմական ավանդությանը` «Քարթլիս Ցխովրեբային», որտեղ հստակ նշվում է, թե ովքեր են այս տարածաշրջանի բնիկ ազգերը. «Աշխատության մեջ հիշատակված են թե հայերը, թե վրացիները, մինչդեռ ադրբեջանցիների մասին «Քարթլիս Ցխովրեբայում» խոսք անգամ չկա: Գուցե դասագրքային ճշմարտությունն իմանալուց հետո Թոդուան ներողություն խնդրի իր հարևան ժողովրդից»,-հավելել էր նա:
Հազիվ թե վրացին հայերի դիտողությունից հետո անմիջապես վազ տված լիներ գրադարան, որպեսզի ընթերցեր մատնանշված մեջբերումը: Սակայն մինչ Թոդուայի մոտ կարթնանար ընթերցանության ջիղը, այդ ընթացքում պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանություններն այս անգամ ոչ միայն խիստ էին վիրավորված, այլև մարտականորեն էին տրամադրվել: Շատ շուտով լուրեր շրջանառվեցին այն մասին, որ սադրիչ հայտարարության համար ներողություն խնդրելուց հրաժարվելու դեպքում Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը կարող է անցանկալի անձ հայտարարվել Հայաստանում: Ընդ որում, նման տեղեկությունների սկզբնաղբյուր էին նշվում Երևանի դիվանագիտական կառույցները: Այնուհետև հայտնի դարձավ, որ Հայաստանի ԱԳՆ-ն Թբիլիսիում դեսպանի միջոցով արդեն համապատասխան խորհրդատվություններ էր վարում վրացի գործընկերների հետ` Վրաստանի խորհրդարանականի անհամարժեք հայտարարությունների արդյունքում ծագած խնդիրը լուծելու համար:
Հանրությունը ևս վրդովված էր: Մամուլում բազմաթիվ լուրեր հայտնվեցին, նույն կերպ էին վարվում նաև ադրբեջանական թերթերը, իսկ ահա Ռուսաստանի ջավախահայ համայնքը նամակ հղեց Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանին, որտեղ, մասնավորապես, ասվում էր. «Ափսոս, որ վրացական իշխանություններից դեռ ոչ ոք, այդ թվում նաև ընդդիմությունը, գնահատական չի տվել Վրաստանի փոխխոսնակի խոսքերին: Չէ՞ որ Թոդուան պաշտոնյա է, և նրա խոսքերը չի կարելի դիտարկել որպես մասնավոր կարծիք: Մենք հայտարարում ենք, որ պաշտոնյայի նման հայտարարությունը նպաստում է լարվածության աճին Հարավային Կովկասում, ինչպես նաև կոպիտ միջամտություն է հարևան երկրի գործերին: Մենք կոչ ենք անում պարոն Մանուկյանին՝ վրդովմունք հայտնել այս փաստի առնչությամբ և բողոքի նոտա հանձնել»:
Այժմ ոչ ոք չի իմանա՝ արդյո՞ք Մանուկյանի ձեռքին կար նոտայի պատրաստի տեքստը, թե՞ ոչ, սակայն, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Վրացական «Պիրվելի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Թոդուան հերքեց Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերաբերյալ իրեն վերագրվող հայտարարությունը: «Մենք համատեղ հարցազրույց ենք տվել տեղական լրատվամիջոցներին, բայց նման բառեր ես չեմ ասել: Ես շահագրգռված եմ Վրաստանի ամբողջականությամբ, սակայն չեմ խառնվում այլ երկրների պրոբլեմներին»,- նշեց նա:
Այն, որ մարդը հերքում է իրեն վերագրված մտքերը, կարող է երկու բան նշանակել. կամ նա դրանք իսկապես չի ասել, կամ զղջում է կատարվածի համար: Մենք հակված ենք կարծելու, որ տվյալ պարագայում գործ ունենք երկրորդ տարբերակի հետ: Այդպես կարծելու հիմք է տալիս այն փաստը, որ Թոդուան մինչ այս պահը որևէ քայլ չի ձեռնարկել իր խոսքերը աղավաղող լրատվամիջոցներին պատասխանատվության ենթարկելու կամ գոնե հերքում տպագրելու համար: Նաև, չգիտես ինչու, նա արդարացման խոսքեր է գտել հայերի համար, մինչդեռ ադրբեջանցիներին հասցեագրված ոչ մի տող չկա: Իսկ գուցե ճիշտ կլիներ հենց այնտեղի՞ց սկսել:
Ինչևէ, այս առթիվ Շարմազանովը դարձյալ խոսեց՝ նկատելով, որ երեկ ամբողջ համացանցն էր ողողված վրացի պաշտոնյայի խոսքով, բոլոր ադրբեջանական կայքերն էին այդ մասին գրում: «Վրաստանի Ազգային ժողովի փոխնախագահը պիտի երեկ արձագանքեր: Չի արձագանքել: Իսկ եթե իսկապես Թոդուան այդպիսի բան չի ասել, ուրեմն ադրբեջանական կողմը նաև հարևան Վրաստանի նկատմամբ է ստի ու կեղծիքի քաղաքականություն վարում»,- նշեց նա:
Միջադեպը սպառվա՞ծ է: Նայած ում համար: Երեկ նաև տեղեկացվեց, որ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Ու թեև պաշտոնական հաղորդագրությունը հարազատ էր մնացել իր «ինտերնացոնալիստական» ոգուն՝ գրելով, թե «զրուցակիցները բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը և երկու ժողովուրդների պատմականորեն բարեկամական կապերը, նշեցին, որ այդ ամենն ամուր հիմք է փոխհարաբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման համար», բայց մախաթը պարկում չես պահի: Ամենայն հավանականությամբ դեսպանը ԱԺ էր գնացել իր երկրի խորհրդարանի փոխխոսնակի շատախոսության վերջին հետքերը սրբելու մտադրությամբ: Միգուցե նրան հաջովեց դա: Ի՞նչ իմանաս: Սակայն արդո՞ք վերջին անգամ: Մեծ, շատ մեծ կասկածներ ունենք…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: