Tag Archives: քանդակ

Ի՞նչ է անում այս խեղճ ֆրանսիացին իմ քաղաքում

22 Մրտ

Տարիներ առաջ Ֆրանսիան մեզ մեծ նվեր արեց՝ Հայաստանին հանձնեց Օգյուստ Ռոդենի քանդակներից մեկը: Մերոնք էլ ի նշան երախտագիտության վերցրեցին ու դա տեղադրեցին Երևանի կենտրոնում: Հիմա վաղամեռիկ նկարիչ Ժյուլ Բաստիեն Լըպաժի քանդակը մոլորված ու անիմաստ կանգնել է ճանապարհների խաչմերուկում, և ամեն անգամ, երբ անցնում եմ արձանի կողքով, միևնույն զգացողությունն եմ ունենում. «Ի՞նչ է անում այս խեղճ ֆրանսիացին իմ քաղաքի սրտում»: Մարդն իր կենդանության օրոք երևի նույնիսկ Հայաստանի ու Երևանի տեղն էլ չի իմացել, իսկ հիմա տեսեք, թե ճակատագիրն ինչ չար կատակ է խաղացել նրա հետ:
Լավ, հասկացանք, ժամանակին չափից ավելի ոգևորվել ու սխալ են թույլ տվել: Բայց հիմա գոնե կարելի է ուղղել սխալը, չէ՞: Ռոդենի քանդակի տեղը ազգային պատկերասրահում է: Կարելի է տեղադրել մի հարմար անկյունում, մարդիկ էլ վերջապես հնարավորություն կունենան մոտիկից դիտելու և գնահատելու մեծ քանդակագործի արվեստն ու վարպետությունը:

Հ. ՉարխչյանFranc-hraparak

ՔԱՆԴԱԿԸ ԿՆՈՋ ՄԱՐՄՆԻ

30 Սպտ

Ռոդենը արարեց երկու մարմնի պոեզիան, իրար փարված մի աղջկա, չքնաղ կնոջ ու մի երազուն երիտասարդի պոեզիան: Այն տիեզերական զգացումը, փոթորկալից այն աշխարհը, որը չունի, չգիտե միայնակ մարմինը: Հեքիաթ, որը կարող է առաջանալ միայն այդ պահին, մարմինը մարմնին փարված, մարմինը մարմնով շնչող… Տիեզերք… Փակ աչքեր… Զգացմունքային մի աշխարհ, փոթորկալից, անըմբռնելի, անկառավարելի, որը ծնվում է, բռնկվում է ու դառնում մոլեգին հրդեհ միայն հանդիպման պահին… Տիեզերակն խորհուրդը հանդիպման… Ռոդենի աշխարհը:
Երկու մարմինների ռոդենյան շարքը … Ինչ ֆանտազիա, ինչ ճախրանք ու ինչ հարստություն… և ռիթմը, հուժկու ռիթմը… Ռոդենյան յուրաքանչյուր զույգը մի-մի սիմֆոնիա է, դաշնամուրային մի հուժկու կոնցերտ, հարվածները` հատու, մարմինները, ձեռքերը` խելացնոր գալարումների մեջ…

 ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ

«Քանդակը կնոջ մարմնի» էսսեից736_7111big

ՄԵՌՆՈՂ ԿՆՈՋ ՎԵՐՋԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

20 Հնվ

Ջուլիետա Դրուեն «Կոմեդի Ֆրանսեզի» զարդերից էր: Կար ժամանակ, որ նրան համարում էին Փարիզի առաջին գեղեցկուհին: Բայց Փարիզը դաժան է ոչ միայն արվեստագետների, այլև գեղեցկուհիների նկատմամբ… 17 տարեկան էր, որ ամուսնացավ քանդակագործ Պրադերի հետ, երեխա ունեցավ, զոհ դարձավ բամբասանքների և լքվեց Պրադերի կողմից: Վիկտոր Հյուգոն տեսավ նրան: Սիրեց: Ջուլիետան դարձավ նրա ամենամտերիմը, սիրելին, խորհրդատուն, տնտեսուհին, բայց ոչ կինը: Եվ ահա տասնամյակներ հետո, երբ քաղցկեղը Ջուլիետային գամեց անկողնուն, նա նամակով խնդրեց Օգյուստ Ռոդենին՝ Հյուգոյի կիսանդրին քանդակել: Ռոդենը վիրավորված էր Հյուգոյից: Երբ առաջին անգամ մադամ Շարպանտյեի տանը հանդիպեցին, Հյուգոն արհամարհեց Ռոդենին և չուզեց ծանոթանալ նրա հետ: Բայց Ռոդենը մոռացավ վիրավորանքը, մեծահոգաբար ընդունեց Ջուլիետա Դրուեի խնդրանքը: Միայն թե դժվար էր այն իրականացնելը: Նա պետք է քանդակեր Հյուգոյին՝ առանց նրա գիտության, հակառակ դեպքում Հյուգոն կարգելեր: Ի վերջո հիվանդ կնոջ հետ նրանք գտան հնարամիտ ելքը: Փոքրիկ անցք բացելով պատի մեջ՝ Ռոդենը հնարավորություն ստացավ հետևելու Հյուգոյին ոչ միայն իր աշխատասենյակում, այլև Ջուլիետայի ննջարանում: Օգյուստը օր ու գիշեր աշխատում էր: Երբ քանդակի մոդելը պատրաստ էր, Ջուլիետան այնքան հուզվեց, որ Օգյուստը ստիպված էր բժիշկ հրավիրել… Ափսոս, որ Ջուլիետան արձանի բրոնզաձույլ օրինակը չտեսած՝ հրաժեշտ տվեց աշխարհին…

%d bloggers like this: