Tag Archives: քամի

ԼԵՌՆԵՐԻ ՓՉՈՂ… ՖԵՆԸ

14 Մրտ

Լեռներից փչող տաք ու չոր քամին կոչվում է ֆյոն: Հենց այդ անունն էլ ընդօրինակելով 20-րդ դարասկզբին Գերմանիայում սկսեցին արտադրել Fön ապրանքանշանը կրող սարքեր մազերը չորացնելու համար: Անունը լայն տարածում գտավ, որոշ լեզուներում աննշան փոփոխություն կրեց, և հիմա մենք այդ սարքն անվանում ենք Ֆեն:

7225cf19b722d9cf74b672516e638cc5

Հարկադրյալ հնարամտություն

24 Փտր

Գաղտնիք չէ, որ հայերս ծայրահեղ իրավիճակներում դառնում ենք չափազանց հնարամիտ ու գործունյա: Այդ հատկանիշները հատկապես դրսևորվեցին 1990-ականների սկզբին, երբ երկիրը ծանր օրեր էր ապրում: Շատերդ կարող եք զանազան դրվագներ վերհիշել, թե մարդիկ ինչ ելքեր էին գտնում այս կամ այն իրավիճակը հաղթահարելու համար: Լուսանկարը, որ ներկայացնում եմ, դրանցից ընդամենը մեկի ապացույցն է:
1992 թվականին երևանցի Ռոբերտ Սահակյանը էներգետիկ ճգնաժամը հաղթահարեց իր գիտելիքների ու սրամիտ լուծումների օգնությամբ: Բնակարանի պատշգամբում տեղադրված այս ինքնաշեն սարքը 4 մ/վայրկյան քամու դեպքում Սահակյանների ընտանիքին տալիս էր 100 վատտ-ժամ էլեկտրաէներգիա: Դա լիովին բավարար էր առաջին անհրաժեշտության կենցաղային ու առօրյա հոգսերը հոգալու համար:5dfbd0610884

ԱՆՐԻ ՄԻՇՈ

22 Հկտ

ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Հրեշավոր քամի է փչում.
Կրծքիս մեջ ոչ մեծ մի անցք է,
Հրեշավոր քամին փչում է դրա մեջ:
Անցքում այդ ատելություն է, սոսկանք, անզորություն
Ու անզորություն դարձյալ, իսկ քամին ամենազոր է,
Հզոր է պտտահողմերի պես,
Կոտրում է պողպատե ասեղներ,
Ու անընդհատ քամի է միայն,
դատարկություն: Ու երբ դադարում է քամին,
Ես մոլորվում եմ, լի եմ անձկությամբ:
Ո՞նց պիտի հնչեին բառերն Հիսուսի,
թե նա իմ տեղը լիներ:
Դողը հոգուս մեջ իր սառնությունը միշտ պատրաստ է պահում:
Ու խժռում ամեն ինչ, ու ամեն ինչ ժխտում է դատարկությունս,
Ամեն ինչ խուլ է ու համր` նրա մեջ-
Աստղերի լռության պես:
Անցքը խորն է հոգուս մեջ և չունի ձև:

Թարգմ. Գ. Մելքոնյան

ՀԵՐՄԱՆ ՄԵԼՎԻԼ

18 Մյս

Մտածելը հանդգնություն է: Միայն Աստծուն է պատկանում այդ իրավունքը, այդ արտոնությունը: Մտորումները պետք է հանդարտ ծավալվեն զով անդորրի մեջ: Իսկ մեր թշվառ սրտերը շատ ուժեղ են բաբախում, և մեր ուղեղը չափազանց տաք է դրա համար… Անիծյալ քամի: Առաջ նա երևի փչել է բանտի միջանցքներում և դատապարտյալների մենախցերում, փչել է հիվանդասենյակներում, իսկ հիմա եկել հասել է այստեղ և շարունակում է փչել անմեղ գառան տեսքով: Հեռու… Եթե ես քամի լինեի, երբեք չէի փչի ու անցնի այս արատավոր, ստոր աշխարհով: Եթե քամի լինեի, կթաքնվեի որևէ մութ քարանձավում: Բայց չէ՞ որ քամին վեհ է ու խիզախ: Ո՞վ կարող է, ե՞րբ կարող է հաղթահարել քամուն: Քամու դեմ բոլոր ճակատամարտերում վերջին խոսքը մնում է նրան, վերջին հարվածը պատկանում է նրան: Իսկ եթե բռունցքներդ սեղմած նետվես վրան, քեզ կհաջողվի միայն անցնել նրա միջով: Հա-հա… Վախկոտ քամի, դու հարձակվում ես անպաշտպան մարդու վրա, պարտության մատնում նրան, բայց ինքդ սարսափում ես թեկուզ մի պատասխան հարված ընդունելուց… Այնուհանդերձ, ես դարձյալ կրկնում եմ և պատրաստ եմ երդվելու, որ քամին նույնպես ինչ-որ շատ վեհ է ու ազնվական բան ունի: Հենց թեկուզ, օրինակ, տաք պասատները, որ փչում են մաքուր երկնակամարի տակ իրենց հաստատուն և շոյող հզորությամբ: Եվ երբեք չեն շեղվում իրենց նպատակից, որքան էլ խուսանավեն ու գալարվեն ծովային ստոր հոսանքները… Եվ, երդվում եմ հավերժական բևեռներով, հենց այդ պասատներն էլ առաջ են մղում իմ նավը, հենց այդ պասատները կամ դրանց նման հուսալի և հավատարիմ ինչ-որ ուժեր առաջ են մղում իմ հոգին…

(Հատված «Մոբի Դիկ» վեպից)
Թարգմ. Կ. Սիմոնյան

%d bloggers like this: