Tag Archives: Քադաֆի

Ինչու՞ սպանել Քադաֆիին

3 Մյս

ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի կողմից Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի Բաբ ալ-Ազիզիա շրջանում գտնվող կառավարական նստավայրի ռմբահարման արդյունքում զոհվեց այդ երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի յոթ որդիներից կրտսերը` 29-ամյա Սայիֆ ալ-Արաբը: Սպանվեցին նաև Քադաֆիի երեք թոռները, ինչպես նաև մի քանի ընկերներն ու հարևանները, որոնք այդ պահին գտնվում էին շենքում: Գնդապետ Քադաֆին կնոջ հետ հրաշքով փրկվեց: Նստավայրի ուղղությամբ հրթիռ էր արձակվել: Լսելով Քադաֆիի ընտանիքի անդամների մահվան լուրը` ընդդիմության մայրաքաղաք Բենղազիում ապսատամբները փողոց դուրս եկան և սկսեցին տոնել այդ իրադարձությունը: Ավիահարվածից քիչ անց հեռուստաընկերությունները ցուցադրեցին մեկհարկանի տան մնացորդները, իսկ ՆԱՏՕ-ի հրամանատարությունը հաստատեց, որ մայիսի 1-ի գիշերը Տրիպոլիին մի քանի հարված է հասցվել, սակայն ընդգծեց, որ իրենց թիրախը եղել են օբյեկտները, այլ ոչ մարդիկ:
Արևմուտքն, ինչպես միշտ, անկեղծ չէր: Այն, որ Քադաֆիի դեմ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու ծրագիրը նրանց համար դարձել է առանցքային կարևորության խնդիր, այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ: Եվ այս ռմբահարումն էլ վերջին երկու ամիսների ընթացքում Քադաֆիին սպանելու թվով չորրորդ փորձն էր: Ռազմական գործողությունների հրամանատար, կանադացի գեներալ-լեյտենանտ Շարլ Բուշարը շտապեց կատարվածի առթիվ արդարանալ, թե դաշինքի ղեկավարությունը ափսոսում է «խաղաղ բնակիչների շրջանում մարդկային զոհերի, համար»` հավելելով, որ ՆԱՏՕ-ն լիազորված է գործելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի դրույթների համաձայն: Նմանօրինակ մեկնաբանությամբ հանդես եկավ նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով հայտարարեց, թե ռազմական գործողությունները Լիբիայում չեն հետապնդում «կոնկրետ անձնաց ֆիզիկական ոչնչացումը»:
Ոչ Բուշարի, ոչ Քեմերոնի և ոչ էլ նրանց նախորդների խոսքերը որևէ ընդհանուր բան չունեն ճշմարտության հետ: ՄԱԿ-ի հայտնի բանաձևը կոպտորեն խախտելու հետ մեկտեղ արդեն երկու ամիս շարունակ ուժի անհավասարաչափ կիրառման արդյունքում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվում Լիբիայում, և այժմ ակնհայտ է, որ այդ հետևողական սպանդը չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ վերջնական նպատակը չի իրագործվել:
Ցավոք, այսօր աշխարհում քչերին է անհանգստացնում նման ընթացքը: Յուրաքանչյուր լռություն իր պատճառներն ունի, յուրաքանչյուր խրախուսանքի թիկունքում քողարկված է Լիբիայի ողբերգությունից օգուտներ կորզելու մղումը: Իսկ եթե ոմանք այնուամենայնիվ դեռ փորձում են իրենց դժգոհությունն արտահայտել, ապա այդ ընդվզումների համար չափազանց ուշ է: Քչերի թվում է նաև Ռուսաստանը, ով միայն այժմ ամբողջ ձայնով խոսում է Արևմուտքի արաբական արշավանքի անարդարությունների մասին և կասկածի տակ է դնում պնդումներն այն մասին, թե ՆԱՏՕ-ն չի հետապնդում Քադաֆիի ֆիզիկական ոչնչացման նպատակը: Իրերն իրենց անուններով կոչելու համարձակությունն ունեցավ վարչապետ Վլադիմիր Պուտինը` չթաքցնելով իր հեգնանքն ու վրդովմունքը մրցակից տերությունների հանդեպ. «Ասում էին, թե չեն պատրաստվում սպանել Քադաֆիին: Այսօր արդեն որոշ պաշտոնատար անձիք հայտարարոմ են, թե ցանկանում են ոչնչացնել Քադաֆիին: Իսկ ո՞վ է թույլ տվել նրանց: Մի՞թե դատ է եղել: Ո՞վ է իրավունք ստանձնել մահապատժի ենթարկել մի մարդու, ինչպիսին էլ որ նա լինի… Ամեն օր հարվածում են Քադաֆիի նստավայրերի ուղղությամբ: Այդ դեպքում ինչու՞ են հարվածում: Ի՞նչ է, մկներին են այդպիսով քշում», — հարցնում էր Պուտինը` հրաշալի իմանալով իր հարցերի պատասխանը:
Պահանջն այն մասին, որ բոլոր երկրները պետք է գործեն միջազգային իրավունքի շրջանակներում ու սեփական պատասխանատվության գիտակցմամբ, այսօր հնչում է փոքր-ինչ միամիտ ու անհեռանկար: Այդ պահանջը բացակայում է Լիբիայի պարագայում: Այդ պահանջը չէր գործում նաև Իրաքում, Աֆղանստանում, Հարավսլավիայում և բոլոր այն վայրերում, որտեղ Հյուսիսատլանտյան դաշինքը եղել էր ու այժմ էլ շարունակում է մնալ իբրև մի ծանր մահակ, որով ոչ թե պատժում են մեղավորին, այլ հպատակեցնում են անհնազանդներին: Եվ քաղաքակիրթ հանրությունը շարունակում է իր ողջ հզորությամբ հարձակվել է մի երկրի վրա` ոչնչացնելով ամեն բան հանուն կասկածելի, վերացարկված արժեքների: Մինդեռ կա բացահայտ և հասկանալի պատճառը, այն գայթակղիչ պատառը, որի համար հազարավոր մարդկանց արյունն է հեղվում: Խոսքն առաջին հերթին Լիբիայի բնական ռեսուրսների ու ընդերքային պաշարների մասին է: Լիբիան նավթի պաշարների քանակով առաջին տեղն է գրավում աֆրիկյան երկրների շարքում, գազի պաշարներով՝ 4-րդ տեղը։ Իսկ հանուն դրա թանկ չեն ոչ մարդկային կյանքերը և ոչ էլ առավել ևս` Քադաֆիի անձը:
Սպանել Քադաֆիին. ահա թե ինչը կհեշտացնի ցանկալին իրականություն դարձնելու գործը: Իսկ քաղաքներ և նստավայրեր ռմբահարելու պատասխանատվությունը մեծ դժբախտություն չէ, քանի որ հաղթողներին չեն դատում:
«Սա մեր երկրի ղեկավարին սպանելուն ուղղված ուղիղ գործողություն էր: Դա չի թույլատրվում միջազգային օրենքներով: Այս ամենն անթույլատրելի է ցանկացած բարոյական նորմով կամ սկզբունքով: Այն, ինչ մենք հիմա ունենք, ջունգլիների օրենքն է»,- հայտարարում է Լիբիայի կառավարության խոսնակը: Սակայն ո՞վ է նրան լսում: Նույնիսկ ստացվել է այնպես, որ այժմ Քադաֆին է իրավունքի ու ժողովրդավարության դասեր տալիս Եվրոպային ու Ամերիկային: «Այս արկածախնդիրները ցանկանում են մեզ միջնադար նետել, եւ սկսել են վտանգավոր մի պատերազմ, որի նկատմամբ շուտով կկորցնեն վերահսկողությունը»,- ասում է Քադաֆին ու կոչ անում արևմտյան երկրների ժողովուրդներին «իրենց համար նոր առաջնորդներ ընտրել, որոնք կհարգեն երկրների միջև միջպետական հարաբերությունները և կհասկանան միջազգային հարաբերությունների ու միջազգային օրենքների իմաստը»:
Չեն հասկանա, քանի որ երկրները, որոնք հավակնում են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիր կոչվել, հիմա իրենք են դարձել այդ ահաբեկչությունը նախաձեռնողն ու իրականացնողը: Եվ Քադաֆիին այլ բան չի մնում, քան հետևել նրանց օրինակին, վրեժ լուծել որդու, հարազատների մահվան համար, վրեժ լուծել քաոսի վերածված իր երկրի համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Գնդապետ Քադաֆիի երկու պատերազմները

22 Մրտ

Շաբաթներ ձգվող լիբիական առճակատումը հատեց հեղափոխականության եզրագիծն ու մխրճվեց մեկ այլ պատերազմի մեջ, որտեղ գաղափարներն ու համոզմունքները ոչինչ են, իսկ նպատակն ամեն ինչ: Երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի դիմադրողականության պաշարն այժմ պիտի սպառվի` դիմագրավելով արտաքին սպառնալիքին, որը գալիս է գեղեցիկ, մարդասիրական կարգախոսներով և լիբիական հանգույցը ռմբահարումներով լուծելու վճռականությամբ:
Քանի դեռ Քադաֆիի միանձնյա իշխանության դեմ ապստամբած ներքին ուժերը հաջողությամբ գրավում էին քաղաք քաղաքի ետևից, միջազգային հանրությունը սոսկ բավարարվում էր Քադաֆիի հրաժարականը պահանջող կոչերով: Բայց երբ կառավարության զորքերը հակահարձակման անցան և խռովարարներին ստիպեցին նահանջել դեպի ծով, նման հանգուցալուծումը դարձավ անընդունելի: Ապագայի ծրագրերում ոչինչ ասված չէր վարչակարգի հաղթանակի մասին, և անհրաժեշտ էր անհապաղ սրբագրել այդ շեղումը:
Այն պահին, երբ Լիբիայի բանակը վերջնագիր ներկայացրեց ապստամբներին, իսկ ընդդիմության առաջնորդներից Իբրահիմ Դաբաշին Նյու Յորքում հայտարարեց, թե Արևմուտքն ընդամենը 10 ժամ ունի Քադաֆիի զորքերի դեմ քայլեր ձեռնարկելու համար, վրա հասավ գլխավոր որոշումը կայացնելու ժամը: Մարտի 17-ի գիշերը Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը 10-ը կողմ, 5 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 1973 բանաձևին, որով նախատեսվում է Լիբիայում սահմանել թռիչքազերծ գոտի, իսկ Քադաֆիին զրկել օդուժի միջոցով ապստամբներին հարվածներ հասցնելու հնարավորությունից։ Փաստաթուղթը պաշտպանելու համար նախատեսում է նաև ցանկացած միջոցի կիրառում, ընդհուպ մինչև օդուժի մասնակցությունը, արգելելով սակայն, ցամաքային ուժերի մուտքը: Հինգ ձեռնպահներն էին Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Գերմանիան ու Հնդկաստանը։ Հանդիսանալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, Մոսկվան ու Պեկինը կարող էին վետո սահմանել ու կասեցնել բանաձևի ընդունումը։ Սակայն նրանք այդ բանը չարեցին, թեև, օրինակ, բանաձևի ընդունումից մի քանի ժամ առաջ աշխատանքից հեռացվեց Լիբիայում ՌԴ դեսպանը` «ՌԴ շահերը պատշաճ չներկայացնելու համար»:
Առաջին քայլը կատարված էր: Ու մինչ պաշարված Բենգազիում ընդդիմադիրները ցնծում էին` ՄԱԿ-ի բանաձևի ընդունման լուրն առնելով, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան անմիջապես ձեռնամուխ եղան ռազմական գործողությունների նախապատրաստմանը: Նրանց իրենց մտադրությունից անզոր էր ետ պահել նույնիսկ Լիբիայի արտգործնախարարության հայտարարությունը, ըստ որի Լիբիան ընդունում էր թիվ 1973 բանաձևը և պատրաստ էր կատարել դրա պահանջները` անհապաղ դադարեցնելով բոլոր ռազմական գործողություններն ու երաշխավորելով մարդու իրավունքները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ոչինչ չխանգարեց նույն պահին հայտարարել, որ Լիբիան խախտել է ՄԱԿ-ի բանաձևը: Աշխարհին անհապաղ պատերազմ էր պետք և նա գնում էր դրան` այլևս ոչինչ չլսելով ու չտեսնելով: Հավանաբար այս իրողությունը սթափ գնահատելու արդյունքում էլ Քադաֆիին հավատարիմ ուժերն այնուամենայնիվ գրոհեցին Բենգազի քաղաքի վրա:
Արդեն հաջորդ օրը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նախաձեռնությամբ Լիբիայի հարցով արտակարգ վեհաժողով գումարվեց, որտեղ քննարկվեց այդ երկրում միջազգային ուժերի տեղակայման հնարավորությունը: Կոալիցիայում ներգրավվեցին ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան ու Կանադան: Բացի վերոնշյալ երկրներից ռազմական գործողություններին միացավ նաև Իսպանիան, որը երկու F18 կործանիչ տրամադրեց ընդհանուր գործի համար:
Մարտի 19-ի ուշ երեկոյան նոր պատերազմն արդեն իրողություն էր: Ռազմական գործողությունը կրում էր «Լուսաբացի ոդիսական» անվանումը: Առաջին պահից միացյալ ուժերը ավելի քան 110 թևավոր հրթիռ արձակեցին լիբիական ռազմական օբյեկտների ուղղությամբ: Ֆրանսիական ռազմական ուղղաթիռները սկսեցին Լիբիայի տարածքի ռմբակոծությունը:
Այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աշխարհին հայտնում էր, որ պատերազմն ամենևին էլ առաջին տարբերակը չի եղել Լիբիայում ներքաղաքական հակասությունները լուծելու համար: Նա պնդում էր, որ Քադաֆին անտեսել է այն հնարավորությունը, որ նրան տրվել էր միջազգային հանրության կողմից: «Այս որոշումը մեզ հեշտ չի տրվել և սկզբում մենք հույս ունեինք, որ ուժի կիրառելուն հարցը չի հասնի»,- ասաց Օբաման: Նրանք, ովքեր լավ հիշողություն ունեն, հեշտությամբ կմտաբերեն, թե տարբեր ժամանակներում ԱՄՆ նախագահները քանի անգամ են արտասանել այս նույն բառերը և ինչով է դա ավարտվել:
Քադաֆին առայժմ չի պատրաստվում հանձնվել: Ավելին, նա հանդես եկավ ուղերձով, որում ասվում էր, թե այն պահից սկսված, երբ կոլաիցիոն ուժերը հարձակվեցին Լիբիայի վրա, «Միջերկրական ծովը և Հյուսիսային Աֆրիկան համարվում են ռազմական գործողությունների տարածք» և տարածաշրջանի երկրների շահերը պատերազմի պատճառով այսուհետ վտանգված են: Արևմտյան զորքերի ներխուժումը Քադաֆին անվանեց գաղութատերերի և խաչակիրների ագրեսիա: «Դուք պատրաստ չեք պատերազմի, իսկ մենք պատրաստ ենք: Ձեզ սպասում է Հիտլերի և Մուսոլինիի ճակատագիրը»,- իր զայրալից խոսքը հասցեագրեց ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահներին, Մեծ Բրիտանիայի վարչապետին:
Դաշտն ընդարձակվում է, հակացությունները` խորանում: Աֆրիկյան Միությունն արդեն իր լուրջ դժգոհություն է արտահայտել արևմտյան պետությունների կողմից Լիբիայի վրա հարձակման կապակցությամբ: Արաբական լիգան իր հերթին կարծում է, որ դաշնակիցները գերազանցել են ՄԱԿ-ի բանաձևով տրամադրված լիազորությունների սահմանը: Իսկ ահա Թուրքիան տեղեկացրեց, որ ինքն ընդհանրապես չի մասնակցի այդ գործողություններին, քանի որ ունի անցյալի դառը փորձը:
Այժմ հստակ է միայն մի բան. եթե Քադաֆիին հաջողվի լուրջ դիմադրություն ցույց տալ, ապա հնարավոր է, որ արտաքին ուժերի դաշինքը շատ ավելի արագ տրոհվի, քան ենթադրում են իրենք:

Հովիկ Չարխչյան

Կասկածելի համերաշխության պտուղները

28 Փտր

Այսօր Լիբիայում իրադարձությունները զարգանում են այնպիսի աղետալի արագությամբ, որ որևէ իրավիճակ արձանագրելուց հետո անմիջապես անհրաժեշտություն է ծագում վերանայել ստեղծված կացությունը նոր դեպքերի լույսի ներքո: Ընդամենը հաշված օրեր պահանջվեցին, որպեսզի այդ երկրում խաղաղ ցույցերը վերաճեին արյունալի խռովության, մի բան, որից գուցե և հնարավոր լիներ խուսափել, ինչպես դա պատահեց «արաբական հեղափոխությունների» հորձանքի մեջ ընկած որոշ երկրներում: Հասկանալի է, որ ցանկացած իշխող վարչակարգի պատասխանը հանրային ընդվզումներին նախ և առաջ պիտի լիներ զսպման մեխանիզմների գործադրումը: Եվ միայն այն բանից հետո, երբ ակնհայտ է դառնում, որ անհավասար են ուժերը, ներգործման ազդակներն իրենց սպառվել են, իսկ ընթացքը դուրս է գալիս վերահսկողությունից, վրա է հասնելու ընտրության պահը:
Ցավոք, Լիբիայում նման բան չկատարվեց: Այստեղ շրջանցվեց «անցումային փուլը»` հենց սկզբից ձեռք բերելով այնպիսի բնույթ, ինչն այլ կերպ անհնար է անվանել, քան իսկական քաղաքացիական պատերազմ: 40 տարի շարունակ երկիրը ղեկավարող գնդապետ Մուամար Քադաֆիի համար այդ վճռական պահին այլընտրանքը բացառվում էր: Եվ բացառվում էր ոչ միայն իր մեղքով:
Աշխարհի վերաբերմունքն ու արձագանքը Լիբիայում ծայր առած հուզումներին չունեցավ այն ճկուն մաևրումների բնութագիրը, ինչն այս կամ այն կեպ պահպանվում և դրսևորվում էր նախորդած իրադարձությունների ժամանակ: Քադաֆին Մուբարաք չէր, որին կարելի էր հրավիրել Գերմանիա` բուժման: Քադաֆին նույնիսկ Թունիսի նախագահ Բեն Ալիի բախտին չարժանացավ, որին քաղաքական ապաստան կտային հարևան երկրներից որևէ մեկում: Աշխարհը որոշեց, որ Քադաֆին օրենքից դուրս է` դրանով իսկ բաց անելով դեպի ծայրահեղության գնալու նրա ճանապարհը և յուղ լցնելով արդեն բորբոքված կրակի վրա:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որն այլ պարագայում որևէ բռնապետի կոչ կաներ երկխոսության գնալ ընդդիմության հետ կամ երկրում բարեփոխումներ իրականացնել, այս անգամ անհրաժեշտ համարեց հրապարակայնորեն Քադաֆիից պահանջել` անհապաղ հրաժարական տալ։ «Եթե առաջնորդը իշխանությունը կարողանում է պահել միայն սեփական ժողովրդի նկատմամբ զանգվածային բռնություններ գործադրելու օգնությամբ, ապա դա նշանակում է, որ նա կորցրել է իր լեգիտիմությունը և պետք է հրաժարական տա»,- ասաց Օբաման, ինչից հետո Միացյալ Նահանգները միակողմանի սանկցիա կիրառեց Լիբիայի կառավարության նկատմամբ ու խզեց դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ:
Պաշտոնական Լոնդոնն իր հերթին որոշեց Լիբիայի առաջնորդին և նրա որդիներին զրկել Մեծ Բրիտանիայի տարածքում դիվանագիտական անձեռնմխելիությունից և ավելի քան 5 միլիարդ դոլարի ակտիվներից` կոչ անելով Քադաֆիին վայր դնել իր լիազորությունները։ «Գնդապետի հեռանալու ժամանակն է»,- հայտարարեց այդ երկրի արտգործնախարարը։
Եվրոպական Միության երկրները շատ արագ համաձայնության եկան Լիբիայի նկատմամբ պատժամիջոցների մի ամբողջ փաթեթ կիրառելու հարցում: Համաձայն այդ միահամուռ որոշման, արգելք էր սահմանվում դեպի Լիբիա զենք-զինամթերքի մատակարարումների վրա, ինչը, ըստ ԵՄ-ի, կարող էր օգտագործվել բողոքի ալիքը զսպելու համար: Բացի այդ, այս տարածքում էլ սառեցվեցին նախագահ Մ. Քադաֆիի ու նրա հարազատների բանկային հաշիվները:
Հետո հերթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդինն էր, որը միաձայն բանաձև ընդունեց Լիբիայի ղեկավարության նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառման մասին: «ՄԱԿ ԱԽ միջոցները կոչված են կասեցնելու Մուամար Քադաֆիի ռեժիմի հակառակորդների սպանությունները, դրանք նաև ենթադրում են էմբարգո` Լիբիայի հետ զենքի առևտրի վրա, լիբիական առաջնորդի հաշիվների սառեցում ու նրա, ինչպես նաև նրա ընտանիքի ու մերձավորների միջազգային այցերի արգելք»,- ասված էր այդ փաստաթղթում: Սրա հետ մեկտեղ Անվտանգության խորհուրդը պատմության մեջ առաջին անգամ միաձայն դիմեց Հաագայի Միջազգային դատարանին՝ մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերի առնչությամբ։
«Թեև այս փաստաթուղթը ինքնին չի կարող կանգնեցնել արյունահեղությունը Լիբիայում, այդուամենայնիվ, այն խիստ կարևոր որոշում է, որն արտահայտում է միջազգային համայնքի համախմբված դիրքորոշումը»,- ավելի ուշ պիտի հայտարարեր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի–մունը` բացահայտելով իրենց գործադրած ջանքերի իսկական էությունը: Ստացվում էր այնպես, որ միջազգային հանրության միասնությունն ավելին արժեր, քան լիբիացու արյունը:
Հերթական անգամ հարկ է լինում բախվել մի խնդրի, որը երկու դեմք ունի: Մի կողմից միջազգայնորեն ընդունելի սկզբունքներն են և հումանիստական մոտեցումները, իսկ մյուս կողմից մերկ իրականությունն է` շատ ավելի առարկայական և շատ ավելի կենսական: Երես դարձնել այդ ամենից` ոչ միայն պիտի նշանակեր զբաղվել ինքնախաբեությամբ: Դա նախ և առաջ պիտի նշանակեր այրել նահանջի բոլոր կամուրջները և փաստացի պարտադրել մեկուսացում, այնպիսի մի կացություն, որն արդեն իսկ հարկադրում էր դիմել ծայրահեղ միջոցների: Եվ հենց դա էլ կատարվեց Լիբիայի պարագայում: Քադաֆին հազիվ թե վարվեր այլ կերպ, քան վարվում է այժմ` ծուղակն ընկած գազանի կատաղությամբ հաշվեհարդար տեսնելով բոլորի հետ անխտիր:
Որքան էլ տարօրինակ թվա, այնուամենայնիվ Թուրքիայն այն քչերի շարքում էր, ովքեր Լիբիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ընդունված որոշումից անմիջապես հետո դատապատարտեցին ՄԱԿ-ի բանաձևը: Իսկ այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնիսկ հայտարարեց, որ «դրանից ավելի շատ կտուժի Լիբիայի ժողովուրդը, քան ինքը` Մուամար Քադաֆին»: Նա նաև հավելեց, որ միջազգային հանրությունն ավելի շատ հետաքրքրված է լիբիական նավթով, քան այդ երկրի ժողովրդի ճակատագրով:
Ակամա մտաբերում ես հայկական ասացվածքը. «Երբ եզն ընկնում է, դանակավորները շատանում են»: Երկար տարիներ այս նույն` դատապարտող աշխարհը ներկա համերաշխությունից ոչ պակաս համերաշխ հանդուրժողականություն էր դրսևորում Քադաֆիի ու նրա ռեժիմի նկատմամբ` առանձնապես չմտահոգվելով ոչ ժողովրդավարության բացակայության, ոչ նրա իշխանության լեգիտիմության մասին: Շատ անգամներ էր Քադաֆին դաժան հաշվեհարդար տեսել ներքին հակառակորդների ու ընդդիմախոսների հետ, բայց ամեն անգամ այդ պղտոր ջրից չոր էր դուրս եկել: Իսկ հիմա փոխվել են պահանջները, ուրիշ են նպատակները և հանուն այդ մեծ նպատակների մի քանի հազար լիբիացու կյանքը ոչինչ չարժե: Այսպես են կարծում նրանք, ովքեր պատրաստ են ճաշակել իրենց կասկածելի համերաշխության պտուղները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: