Tag Archives: փիլիսոփա

ԾԱՂԿԻ ՑԱՎԸ

27 Սպտ

Երբ պարսիկ փիլիսոփա Մանսուր ալ-Հալաջը դատապարտվեց աստվածուրացության ու հերետիկոսության համար և հանձնվեց ամբոխի դատաստանին, նա որևէ կերպ չցուցադրեց իր ցավը: Երբ կտրեցին նրա ձեռքերը, Մանսուրը լռեց: Երբ ամբոխը նրան քարկոծեց` ծանր վերքեր պատճառելով, նա լռեց: Այդ ժամանակ մոտեցավ նրա ընկերն ու Մանսուրին հարվածեց… ծաղիկով: Եվ միայն այդ ժամանակ փիլիսոփան հոգի կեղեքող ճիչ արձակեց:
Դրանով Մանսուրը ցանկանում էր ասել, որ նրանք, ովքեր հանիրավի, բայց հավատով մեղադրում էին իրեն, չէին կարող ցավ պատճառել: Սակայն երբ թեթև հպվեց նա, ով գիտեր, որ ընկերն իրավացի է և նրան դատապարտում էին անտեղի, այդ հպումը խոցեց ցանկացած խոշտանգումից առավել:

ccv

ՍԱԼՎԱԴՈՐ ԷԼԻՍՈՆԴՈ

12 Նյմ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՈ ՉԺԵՆԻ ԱՉՔԵՐՈՎ

Մի անգամ ամռանը, սրանից մոտավորապես երեք ու կես հազար տարի առաջ, փիլիսոփա Բաո Չժենը նստած էր գետափին եւ կրիայի զրահով իր ճակատագիրն էր զննում: Բայց տապն ու ջրի քչփչոցը շուտով շեղեցին նրան, եւ մոռանալով զրահի պինդ մակերեսի վրայի կետերի ու քերվածքների մասին, Բաո Չժենը սկսեց խորհրդածել աշխարհի գալիք պատմության մասին, սկսած այս պահից. «Հանց այս գետակի ջրաշիթերը հոսում է ժամանակը: Այս փոքրիկ հունն ընդլայնվում է հոսքի հետ եւ շուտով վիթխարի գետ է դառնում, հետո նրա ջրերը ծովը կընկնեն, այնուհետև կլցվեն օվկիանոս, գոլորշու տեսքով կբարձրանան ամպերի մոտ, անձրևակերպ լեռների վրա կթափվեն և ի վերջո կիջնեն նրանցից, դարձյալ դառնալով նույն գետը…»: Մոտավորապես այսպիսին էր նրա մտքերի ընթացքը, և այսպես, ներըմբռնողաբար հասու լինելով Երկրի գնդակերպությանը, Արեգակի շուրջ նրա շարժմանը, մյուս լուսատուների տեղաշարժմանը և գալակտիկաների ու Տիեզերքի պտույտին, նա բացականչեց. «Ահ, այս մտքերն ինձ հեռու են տանում Խան երկրից ու նրա ժողովրդից, որ անշարժ կենտրոնն ու առանցքն են կազմում, որի շուրջ դառնում է ողջ մարդկային ցեղը…»: Եվ կրկին մտքով վերադառնալով մարդուն, Բաո Չժենը սկսեց խորհրդածել պատմության մասին: Նա ներթափանցեց գալիք մեծ իրադարձությունների էության մեջ, ինչպես, եթե դրանք դրոշմված լինեին կրիայի պատյանի վրա, նա տեսավ պատերազմները, ժողովուրդների մեծ վերաբնակեցումը, մարդկանց ոչնչացնող սարսափելի արհավիրքներն ու հիվանդությունները, հերոսների փառավոր գործերն ու սխրագործությունները շատ հազարամյակների ընթացքում: Նրա հայացքի առջև հառնեցին մեծ ազգերի անկումն ու նորերի ծնունդը, փոքրաթիվ, որոնք այնուհետև մեծ և հուժկու դարձան ընդհուպ մինչև այն պահը, երբ իրենց հերթին կործանվում էին: Նոր ցեղեր էին ծնվում, և նրանց քաղաքները, մի անթարթ ծաղկման հասնելով, ավերակների էին վերածվում՝ խառնվելով անհամար անցած-գնացած սերունդների փոշուն: Բաո Չժենի տեսած գալիքում գոյող այդ քաղաքներից մեկը գրավեց նրա ուշադրությունը: Նա ձգտում էր առավել ուշադիր զննել այն, ասես քաղաքը գաղտնիք էր թաքցնում, որը կապ ուներ հենց փիլիսոփայի հետ: Նա լարեց ներքին հայացքն ու փորձեց ներթափանցել այդ անձեռակերտ տեղագրության մեջ: Բաո Չժենի երևակայության ուժն այնպիսին էր, որ նա զգաց, թե ինչպես է քայլում քաղաքի փողոցներով՝ շուրջբոլորը նայելով, հուշարձանների շքեղությունից և շենքերի վիթխարակերտությունից շփոթված: Բաո Չժենը երկար քայլում էր զարմանահրաշ հանդերձանքներով մարդկանց միջով, որ անծանոթ լեզվով անշտապ բառեր էին փոխանակում, և հանկարծ կանգ առավ մի տան առաջ, ուր ճակատամասում, տարօրինակ ձգողականությամբ օժտված, ինչ-որ նշաններ էին դրոշմված: Պատուհաններից մեկից նա կարողացավ զանազանել մի մարդու, որ ինչ-որ բան էր գրում: Հենց այդ պահին Բաո Չժենը զգաց, որ հենց այնտեղ է լուծումը գաղտնիքի, որ այնքան սերտորեն կապված է իր հետ: Նա փակեց աչքերն ու երկար մատների ծայրերը սահեցնելով ճակատի վրայով, որի վրա քրտնքի կաթիլներ էին հայտնվել, մտովի ջանաց ներթափանցել սենյակի ներսը, ուր նստած էր գրողը: Նրա ոտքերը գետնից պոկվեցին, և նա մտովի տեղափոխվեց բաց պատուհանի լուսամուտագոգից ներս, ուր ներթափանցում էր թարմ օդը՝ շարժելով սեղանի վրա փռված թերթիկները, որ ընթերցման չենթակա ինչ-որ նշաններով էին պատված: Բաո Չժենը զգույշ մոտեցավ մարդուն և մեջքի ետևից նայեց շունչը պահած, որպեսզի իր ներկայությունը չմատնի: Մարդը, լիովին իր գործով տարված, չէր նկատում նրան, նա թղթի թերթերը ծածկում էր ինչ-որ ոլորագրերով, որոնց իմաստը դեռևս Բաո Չժենի ընկալումից խուսանավում էր: Ժամանակ առ ժամանակ մարդն իր գործը դադարեցնում էր, մտազբաղ նայում էր պատուհանից դուրս, շուրթերին էր մոտեցնում փոքրիկ սպիտակ փայտիկը, որը մյուս ծայրից վառված էր, և հոգոց էր հանում, իսկ այնուհետև, բերանից ու քթանցքներից կապտավուն ծուխ հանելով, նորից սկսում էր գրել: Բաո Չժենը նայում էր գրոտած թղթերին, որ անկարգ շաղ էին տրված սեղանի վրա, և հընթացս, երբ նա հասու էր լինում գրածի իմաստին, նրա դեմքը մռայլվում էր: Հանկարծ նա սրսփաց, հանց օձի խայթոցից: «Այս մարդը պատմվածք է գրում»,- ինքն իրեն ասաց Բաո Չժենը: Նա շարունակում էր կարդալ թերթիկների վրայի բառերը. «Պատմվածքը կոչվում է «Պատմությունը Բաո Չժենի աչքերով», և այնտեղ խոսվում է վաղնջական ժամանակների փիլիսոփայի մասին, ով մի անգամ նստել էր գետափին, և հանկարծ սկսեց խորհրդածել… Կնշանակի ես` այս մարդու հուշն եմ, և եթե նա մոռանա իմ մասին` ես կմահանամ…»:
Մարդը հազիվ գրել վերջացնելով «… Եթե նա մոռանա իմ մասին, ես կմահանամ» բառերը, կանգ առավ, ծխախոտի ծուխը ներս քաշեց, և ծուխը արտաբերելով, խոժոռվեց, հանց ամպրոպալից երկինքը: Նա հասկացավ, որ ընդմիշտ դատապարտել է ինքն իրեն գրելու պատմությունը Բաո Չժենի մասին, քանզի, եթե իր պերսոնաժը մոռացվի և մեռնի, նա ինքը, որ ընդամենը լոկ Բաո Չժենի երևակայության պտուղն է, նույնպես կվերանա:

ՍԵՆԵԿԱ ԿՐՏՍԵՐ

16 Մյս

Ոչինչ չկա հավերժական, և հարատևն էլ շատ չէ: Դյուրին չէ ճանապարհը երկրից դեպի աստղերը: Մեր միտքը ճեղքում- անցնում է երկնային ամրությունները` չբավականանալով նրանով, ինչը անմիջականորեն մատչելի է իրեն: Եթե մենք բավարարվենք գտածով, մենք երբեք էլ ոչինչ չենք գտնի: Մարդն իր ընդունակությունները կարող է իմանալ միայն` փորձելով դրանք կիրառել գործի մեջ: Մենք շատ բան չենք խիզախում ձեռնարկել ոչ նրա համար, որ դժվար է: Այն դժվար է հատկապես նրա համար, որ մենք չենք խիզախում ձեռնարկել: Եվ ավելի հաճախ օգտվեք ականջներից, քան լեզվից: Նախքան ուրիշներին ինչ-որ բան ասելը ասեք դա ինքներդ ձեզ: Նախքան խոստանալը մտածեք, բայց եթե արդեն խոստացել եք` կատարեք:
Երբ գիտես, թե ինչի ես սպասում` ավելի հեշտ է կրելը: Տառապանքներ չզգալը բնորոշ չէ մարդուն, իսկ դրանք կրել չկարողանալը վայել չէ տղամարդուն: Ով ոչնչից չի հուսադրվում, նա հուսահատվելու էլ ոչինչ չունի: Ով վախվխելով է խնդրում, նա մերժում է հայցում: Եթե ուզում եք ոչնչից չվախենալ, հիշեք, որ վախենալ կարելի է բացարձակապես ամեն ինչից: Մաքուր խիղճը չի վախենում մարդկանց մեջ լինելուց, իսկ անմաքուրին վախեցնում է նույնիսկ միայնությունը: Իսկ երբ բանականությունը մեզ թողնում է անգիտության մեջ, ստիպված տրվում ենք պատահմունքի կամքին: Համերաշխին բախտը տանում է, անհաշտին` ուժով քարշ է տալիս: Եթե հետագա աճ չկա, նշանակում է մոտ է մայրամուտը:

ՑԻՑԵՐՈՆ

7 Փտր

Չկա մի մեծագույն անհեթեթություն, որն ասած չլինի որևէ փիլիսոփա: Բայց ոչ թե փիլիսոփաները, այլ ճարպիկ խաբեբաներն են պնդում, թե մարդը երջանիկ է, երբ կարող է ապրել իր ցանկություններին համապատասխան: Սա կեղծիք է: Հանցավոր ցանկությունները դժբախտության գագաթնակետն են: Նվազ ցավալի է չստանալ այն, ինչ ցանկանում ես, քան հասնել այն բանին, ինչը հանցավոր է ցանկանալ: Բավական չէ իմաստություն ունենալ, հարկավոր է նաև կարողանալ օգտվել դրանից: Իմաստուն մարդկանց արարքները թելադրված են խելքով, ավելի քիչ խելամիտներինը` փորձով, ամենատգետներինը` անհրաժեշտությամբ: կենդանիներինը` բնությամբ: Սխալվել կարող է ամեն ոք, իսկ իր սխալի վրա համառել` միայն անխելքը: Հիմարությունը, նույնիսկ հասնելով այն բանին, ինչին ծարավի է, երբեք գոհ չի լինում: Տգիտությունը խելքի գիշերն է` անլուսին և անաստղ գիշերը: Մենք իրոք ազատ ենք, եթե պահպանել ենք ինքնուրույն մտածելու ընդունակությունը, երբ անհրաժեշտությունը մեզ չի ստիպել պաշտպանել պարտադրված և, որոշ իմաստով, մեզ կարգադրված կարծիքները: Մարդը որքան խելացի ու հմուտ է, այնքան ավելի ատելի է դառնում, երբ կորցնում է ազնվության իր համբավը: Նա հաճախ ինքն է իր ոխերիմ թշնամին:

%d bloggers like this: