Tag Archives: ցուցահանդես

Ցուցամոլության թշվառ զոհերն ու հերոսները

4 Մյս

Յուրաքանչյուր երևույթ իր դրսևորման յուրահատկություններն ունի` կախված այն բանից, թե ով ինչպես է պատկերացնում այն դաշտը, որտեղ առավելագույնս ակնհայտ պիտի լինի հակվածության ցուցադրումը: Ահա հենց այսպիսի մի խնդրի առաջ է հատնվել գրքասեր ու ընթերցասեր ներկայանալու մեր մղումը` ամեն անգամ որոնելով մի այնպիսի ասպարեզ, որը թեև վեր է մեր ուժերից, սակայն դա բոլորովին չի խանգարում հագուրդ տալու եղածից ավելին հրամցնելու, առավելագույնի կեղծ պատրանքներ ստեղծելու հիվանդագին ցանկությանը:
Որպեսզի խոսքն ավելի հասկանալի և ուղղակի լինի, բուն ասելիքին անցնելուց առաջ մեջբերենք մի ժամանակագրական թվարկում: Այսպես, Մինսկում փետրվարի 9-13-ը կայացավ գրքի 18 -րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը: Հայաստանն այդ տոնավաճառին մասնակցեց իր տաղավարով ու հարյուրավոր գքերով: Այնուհետև մարտի 18-ից 21-ը Հայաստանը ներկայացված էր Փարիզի ամենամյա Salon du livre գրքի ցուցահանդեսին: Մեկ ամիս անց Սանկտ Պետերբուրգի «Լենէքսպո» ցուցահանդեսային համալիրում, որտեղ բացվել էր գրքի միջազգային 4-րդ ցուցահանդեսը, հայկական տպագիր մշակույթը դարձյալ առաջին շարքերում էր: Ապրիլի 29-ից մայիսի 3-ը կայացավ Ժնևի գրքի ու մամուլի 25-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը: Պատվավոր հյուրերի շարքում տեղ էին գրավել մեր հանրապետության ներկայացուցիչները: Ապրիլի 30-ից մինչև մայիսի 1-ը Հայաստանն առաջին անգամ ներկայացավ «Լոս Անջելես թայմս»-ի կողմից կազմակերպվող գրքի ամենամյա միջազգային փառատոնին: Բուենոս Այրեսի Գրքի 37-րդ միջազգային ցուցահանդեսում 42 պետությունների ու 1500 հրատարակչությունների շարքում մերոնք անպակաս էին: Ընդամենը երեք օր հետո` մայիսի 7-ին հայկական պատվիրակությունը կմեկնի մասնակցելու Թեհրանում կայանալիք գրքի ցուցահանդես-տոնավաճառին: Դրան կհաջորդեն գրքի միջազգային փառատոններ Վարշավայում, Պեկինում, Մոսկվայում, Ֆրանկֆուրտում… Եվ այսպես շարունակ:
Տպավորիչ է, այնպես չէ՞: Իսկ այսքանից հետո մշակույթի նախարարությունն ինչու՞ պիտի չհայտարարի, թե իր համար գրատպությունը դարձել է գերակա ուղղություն, որով պատրաստվում է ներկայանալ 2012 թվականին` Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին: Դեռ ավելին, նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների առաջ հպարտությամբ հաշվետու եղավ, որ Հայաստանն ընդլայնելու է իր մասնակցությունը միջազգային ամենահեղինակավոր գրքերի ցուցահանդեսներին ու տոնավաճառներին` ընդգծելով, որ եթե նախկինում մշակույթի նախարարության հովանու ներքո Հայաստանը ներկայացվում էր միայն 3-4 տոնավաճառ- ցուցահանդեսներում, ապա այս տարի դրանց թիվը հասնելու է 14-15-ի:
Օտար մեկն այս ամենը լսելուց հետո անկասկած պիտի մտածի. «Ինչպիսի սեր ու նախանձախնդիր վերաբերմունք գրքի հանդեպ, ինչպիսի հոգածություն պետության կողմից»: Սակայն հայաստանցին կվերհիշի միայն հայտնի ասույթը, ըստ որի «Դրսում ուրիշի աչքն ենք հանում, ներսում` մերը»:
Ինչի՞ համար է այս բոլորը, ու՞մն է պետք այս խեղճուկրակ ցուցամոլությունն ու ինքնախաբեությունը: Ի վերջո, ի՞նչ բան է միջազգային տոնավաճառը և ի՞նչ նպատակով են երկրները մասնակցում դրանց:
Հանրահայ փաստ է, որ գրքի ցուցահանդեսների բոլոր մասնակիցները դրանք օգտագործում են իբրև տեղեկատվական տարածք` ի նպաստ թարգմանական գրականության զարգացման և գրքափոխանակության: Նույն նախարարության «Գրահրատարակչական գործ» գործակալությունը բազմիցս է հայտարարել, որ գրքի միջազգային միջոցառումները մեծ հնարավորություներ են տալիս խթանելու այլ լեզուներից հայերեն և հակառակ թարգմանչական գործը, Հայաստան բերելու արտերկրում շատ ստեղծագործողների, և համատեղ նախաձեռնությունների մասին պայմանավորվելու նրանց հետ: Այսինքն, սա նախ և առաջ մի վայր է, ուր սեփական արտադրանքդ ներկայացնելու հետ մեկտեղ առաջին հերթին ակնկալվում է հետաքրքրություն դրա նկատմամբ, այլ խոսքով ասած` շահույթի ակնկալիք: Հրատարակչություններն այնտեղ պայմանագրեր են կնքում, հեղինակները պաշտպանում են իրենց իրավունքները և այլ լեզուներով թարգմանվելու առաջարկներ են ստանում: Իսկ ի՞նչ է տվել ու ստացել Հայաստանը մինչ օրս: Կարո՞ղ են հարգարժան պատասխանատուները հիշատակել թեկուզ մեկ դեպք, երբ որևէ օտարերկրացի ցանկություն հայտնած լինի հայ գիրքը վերահրատարակել իր երկրում: Կգտնվի՞ գոնե մի գրող, որ կասի, թե այդ ցուցահանդեսներում պայմանավորվածություն ձեռք բերվեց իր ստեղծագործությունը այլ լեզվով տպագրելու մասին: Երանի թե լիներ, երանի թե գտնվեր…
Վատնվում են հսկայական միջոցներ, մարդկանց տանում-բերում են երկրե-երկիր, սրահներ ու տաղավարներ են ձևավորվում, մինչդեռ սեփական երկրի ներսում խայտառակ ու ամոթալի պատկերը աչքի է զարնում ամեն քայլափոխի: Դատարկվում են գրադարանները, հսկայական Երևան քաղաքում գործող ընդամենը 4-5 գրախանութներից մեկն էլ օրերս փակվեց, իսկ մարզերի մասին պարզապես անիմաստ է որևէ բան ասելը: Եվ երբ մշակույթի նախարարը պատմում է, թե ինչպես են իրենք աջակցում «Գրադարան անիվների վրա» խորագրով ծրագիրը, ինչը նշանակում է, որ տարին մեկ անգամ մի մեքենա գնում է հեռավոր գյուղերը ու գրքեր տանում, չգիտես` ծիծաղե՞ս, թե՞ լաս: Գուցե արժե՞ր մի քանի արտասահմանյան ուղևորություններ պակասեցնել ու ավելացնել անիվների քանակը, որ այնպես դժվարությամբ են գյուղեր հասնում…
Իսկ վերջին օրերի լրահոսում կարելի է ընթերցել հրապարակում այն մասին, որ 2012թ. Երևանում կազմակերպվելու է Գրքի միջազգային խոշոր ցուցահանդես, ուր կցուցադրվեն Հայաստանում և Սփյուռքում հայերեն ու օտար լեզուներով տպագրված գրքեր:
Նորի՞ց ցուցահանդես…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: