Tag Archives: ցեղասպանություն

«Ու մտաբերելով կսկիծը ձեր հոգիների մեջ…»

16 Մրտ

Հավանաբար շատերին է ժամանակ առ ժամանակ հետաքրքրել այն հարցը, թե ինչու՞ ենք մենք 1915 թվականի Ցեղասպանության օրը նշում հատկապես ապրիլի 24-ին: Եվ ոչ միայն այդ հարցը: Ի վերջո, ե՞րբ առաջին անգամ ապրիլի 24-ը սահմանվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր, ո՞վ էր այդ գաղափար- առաջարկի հեղինակը, ո՞ր ժամանակներից է այն սկսվել նշվել:
Այս հարցերի պատասխանը կարելի է գտնել մի նամակում, որ պահպանվում է Հայաստանի ազգային արխիվում: Դրա հեղինակն է նշանավոր գրող, հասարակական-քաղաքական գործիչ Վրթանես Փափազյանը: Իսկ հասցեատերն է Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը: Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:
Հ. Չարխչյան

«Չեմ կարծում, որ մոռացված լինեն 1915 թ. ապրիլ 11,12 և 13-ի* այն օրերը, երբ Կ. Պոլիս և Հայաստանի մյուս գավառներում, նախապես ծրագրված դիվային մի մտածությունով, թուրք կառավարությունը, հայ ազգի բնաջնջմանը իբր ազատարար, խմբովին ձերբակալեց հարյուրավոր հայ մտավորականների, տանջեց նրանց բանտից բանտ և աքսորների ճանապարհներին, հետո գազանորեն մորթոտել տվավ և անհայտության մատնեց նրանց գերեզմաններն անգամ:
Ովքեր ասես, որ չկային այդ նահատակների մեջ: Հայ բանաստեղծ ու լրագրող, բժիշկ ու փաստաբան, հայ ուսուցիչ, եպիսկոպոս, վարդապետ ու քահանա… ամենքին, ամենքին տարան. ոչինչ չէ խնայեցին. հայ միտքն ուզեցին մի հարվածով մեռցնել ու ոչնչացնել, ուզեցին ջնջել հայ գիրքը, հայ երգն ու հայ աղոթքը…
Գաղափար կազմելու համար կորուստի ահավորության մասին, բավական է հիշատակել, որ սպանեցին ու մորթոտեցին մոտ 760 մտավորականներ:
Յոթը հարյուր և վաթսուն կյանքեր, որոնք այնքան ոգևորությամբ մշակում էին հայ միտքը և որոնց ջնջելով` իրավամբ մտածում էին, թե հայ ազգը պիտի կորցնի իր ամենալավ մասը- իր սիրտը, իր կուլտուրան:
Յոթը հարյուր և վաթսուն նահատակներ, որոնք ընկան մեր ազատության արյունալից ուղիների վրա` պատվանդան դառնալով մեր այժմյան փոքրիկ, վտիտ անկախության համար, որ պիտի մեծանա, անշուշտ, և իր լավ օրերի մեջ հիացումով հիշե պիտի իր 760 լավագույն մտավոր ուժերին:
Մեր պատմությամ մեջ մենք չենք ունեցել նման նահատակներ` այդպես խմբովին սրի զոհ գնացած և վայրագորեն ոչնչացրած 1915, ապրիլ 11,12 և 13 թվեր` մեր անցյալի արյունոտ էջերը չունեն արձանագրած իրենց վրա: Յոթը հարյուր վաթսուն լուսավոր մտքեր միահամուռ ժողոված ու անապատների մեջ մորթոտած` լենկթեմուրյան շրջանումն անգամ տեղի չի ունեցել:
Մենք այդ աննախընթաց սոսկումի օրերը ապրեցինք և նրա կսկիծը դեռ մեր սրտերումն ունենք դառնորեն: Լայնատարած նախճիրների մեջ` խորունկ վշտով է, որ մտաբերում ենք 760 նահատակների անփոխարինելի կորուստը:
Այդ ամենը գիտեմ, որ Հայաստանի խորհրդարանի անդամների հոգու մեջն ևս հարուցանում է կսկծալի հուշեր և մորմոք: Դուք ևս, ամենքդ, մեզ` հայ գրողներիս պես զգում եք վշտի խորությունը, երբ պահ մի աչքի առջև եք բերում, թե ովքեր կորան այդ անիծյալ օրերում և ինչպիսի կյանքեր հանձնվեցին:
Դուք ևս, անշուշտ, կսկիծով համակվում եք, երբ ապրիլ 11-ի, 12-ի և 13-ի օրերին հիշում եք Զոհրապի, Վարուժանի, Սիամանթոյի, Զարդարյանի և այլոց դաժան մահը, երբ մտաբերում եք մեր լավագույն հեղափոխականներից- Վարդգեսի, Խաժակի, Շահրիկյանի և ուրիշների կորուստը:
Ու մտաբերելով կսկիծը ձեր հոգիների մեջ` անշուշտ, դուք, ես հույս ունեմ, չեք մոռանալ հիշեցնելու ամբողջ Հայաստանի ժողովրդին և ամեն տեղերի հայերին, թե ինչպիսի կսկծալից սգո օրեր են ապրիլ 11-ի, 12-ի, 13-ի օրերը և թե ինչպես այդ օրերից մեկ օրը գոնե, անհրաժեշտ է, որ սգո օր դառնա ամբողջ հայ ազգի համար այնպես, ինչպես դարերից ի վեր դարձել է Վարդանանց օրը:
Թույլ տվեք ինձ ուրեմն, հայ ազգի ներկայացուցիչներ, խոնարհաբար անել ձեզ հետևյալ առաջարկները` քաջ գիտենալով, որ դուք պիտի ըստ ամենայնի քաջալերեք նրանց և առաջադրեք գործադրելու.
1. Ապրիլ 12-ի կամ 13-ի օրը հռչակել համազգային սգի օր, կանգ առնել տալ ամեն հաստատության իր գործունեության մեջ, փակել բոլոր խանութները և կազմակերպել տալ ամեն տեղ, մանավանդ կրթական հաստատությունների մեջ` սգահանդեսներ, ուր մատաղ սերունդը լսի և իմանա, թե ինչպիսի զոհերի գնով է, որ վայելում է այժմյան իր ազատությունը և ովքեր են այն նահատակները, որոնք իրենց վարդագույն արյունովը պսակեցին մեր անկախությունը:
2. Օրինագիծ մտցնել Պառլամենտում` ամեն տարի որոշ օր տոնելու մեր այդ նահատակների հիշատակը և առաջարկել Վեհափառ կաթողիկոսին, որ այս տարի հայ բոլոր եկեղեցիներում հոգեհանգիստներ կատարվեն, իսկ տոնացույցի մեջ ապրիլ 12-ի օրը նշանակվի իբր մշտական սգո օր` «Հիշատակ հարյուրավոր հայ մտավորական նահատակների, որոնք ընկան համաշխարհային մեծ պատերազմի օրերին` թուրքական վայրագ սրից»:
Մեծահույս եմ, որ Հայաստանի Պառլամենտը կատարելապես իր սրտին ու զգացմունքներին համապատասխան գտնելով իմ այդ առաջարկները, կանի պատշաճ տնօրինությունը վաղօրոք` ի գիտություն ամենքի:

Ամենայն հարգանոք`
հայ գրող Վրթանես Փափազյան
1920. ապրիլ 3
Վաղարշապատ»:

* Փափազյանը գրում է հին տոմարով: Նոր տոմարով կլինի` ապրիլի 24, 25, 26:

Եվս մի ցնցում թուրքերի համար

20 Դկտ

Արդեն մի քանի օր է` մեկը մյուսին հակասող տեղեկատվություններ են տարածվում այն մասին, որ մինչև տարեվերջ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կարող է քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծը: Այս տարվա գարնանն էր, երբ Ադամ Շիֆի և հայամետ մյուս կոնգրեսականների հեղինակած թիվ 252 բանաձևը հավանության արժանացավ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Սակայն, ինչպես հայտնի է, այն այդպես էլ լիագումար նիստ չմտավ` ոչ առանց Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական խմբակցության «ջանքերի», որոնք տևական ժամանակ ուղղակի անտեսեցին և քննարկումից դուրս թողեցին հարցը: Իսկ փաստաթուղթն առհասարակ կարող է իր ուժը կորցնել արդեն եկող ամիս, երբ պալատի վերահսկողությունը կստանձնեն հանրապետականները:
Այս ամենը հաշվի առնելով`դեկտեմբերի սկզբին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ու մյուս հայկական կազմակերպությունները կոչ արեցին պալատի խոսնակ Նենսի Փելոսիին` մինչև Կոնգրեսի ներկայիս կազմի լիազորությունների ավարտը ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը քվեարկության դնել Պալատի լիագումար նիստում: Մյուս կողմից այդ քայլը պիտի որ բարոյական գործոնի դեր էլ խաղար` Փելոսիին հնարավորություն տալով իր պաշտոնավարման ժամկետն ավարտել առանց կիսատ թողած գործերի: Կոնգրեսում ուժերի հարաբերակցությունը դեռևս կարել է գնահատել նպաստավոր: Այս պահի դրությամբ պալատում բանաձևին պաշտոնապես աջակից կոնգրեսականների թիվը հասնում է 150-ի, թեև իրականում հայկական հարցին զորակցողների ու համակրողների թիվը շատ ավելին է: Իսկ օրինագծի ընդունման համար անհրաժեշտ է 218 քվե: Դիտարկումները ցույց են տալիս, որ դրական արդյունքի հասնելն այնքան էլ անհավանական բան չէ: Ամեն դեպքում, ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը համոզված է, որ եթե հարցը դրվի քվեարկության, այն անպայման կընդունվի:
Այս լավատեսությունը որևէ կերպ չեն կիսում Հայաստանում: Գուցե թե նախկին հիասթափություններն այստեղ իրենց կնիքն են դրել, և դա է պատճառը, որ Երևանում կարծում են, թե հաջողության հասնելու հավանականությունն այնքան էլ մեծ չէ` հորդորելով մեծ նշանակություն չտալ Կոնգրեսում բանաձևի ընդունմանը, քանի որ այն ձևական բնույթ է կրում: Կա նաև մեկ այլ ազդեցիկ պատճառ: Խոսքը հակազդեցության մասին է: Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ Պետդեպարտամենտը սպասվող նախաձեռնությանն արձագանքել է միանշանակ. «Մենք տեղյակ ենք Պալատի հնարավոր թիվ 252 բանաձևի մասին և մենք խիստ դեմ ենք այդ բանաձևին: Մենք շարունակում ենք հավատալ, որ Թուրքիայի ու Հայաստանի համար իրենց ընդհանուր անցյալին անդրադառնալու լավագույն ուղին հարաբերությունները կարգավորելու ջանքերն են»,- ասել են այդ գերատեսչությունից: Ինչպես իրավացիորեն նկատում է Associated Press գործակալությունը, նման քվեարկությունը հարված կինի նախագահ Բարաք Օբամային իր կուսակիցների կողմից, քանի որ բանաձևը կարող է վնասել կարևոր դաշնակից Թուրքիայի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունները:
Թուրքերի և ամերիկացիների համար տագնապելու հաջորդ դրդապատճառն էլ այն է, որ Անկարա-Թել Ավիվ հարաբերությունների`վերջին ամիսների սրման համատեքստում հավանական է համարվում ԱՄՆ-ում հրեական լոբբիի աջակցությունը բանաձևի ընդունմանը: Եվ ոչ միայն նրանք: «Հայկական, հրեական, քրդական ու սիրիական լոբբիներն ԱՄՆ-ում կարող են միավորվել ընդդեմ Թուրքիայի»,- ոչ առանց հիմքի այս օրերին ահազանգում էր «Hurriyet Daily News» պարբերականի թուրք թղթակիցը:
Բայց թուրքական կողմը ևս ձեռքերը ծալած չի նստել: Հայերի նախաձեռնությանն առաջինը արձագանքեց ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը՝ կոչ անելով ամերիկյան հասարակությանը ողջախոհություն ցուցաբերել։ Նրան միացան Միացյալ Նահանգներում գործող 250 թուրքական կազմակերպություններ: Ներկայացուցիչների պալատին թիվ 252 բանաձևը չընդունելու պահանջով դիմեցին Ամերիկայի թուրքական միությունների ֆեդերացիան և Ամերիկայի թուրքական միությունների ասամբլեան։ Վերջիններս սպառնացին, որ ցեղասպանության բանաձևի ընդունման արդյունքում, «ինչն ուղղված է Թուրքիային և մուսուլմաններին դատապարտելուն», Միացյալ Նահանգները տարածաշրջանում կկորցնի իր հեղինակությունը։ Նկատենք, որ Անկարան հեշտորեն իր մեղքը փորձում է բարդել նաև ամբողջ մուսուլմանական աշխարհի վրա և այնուհետև վերջինից պահանջում աջակից դառնալ իրեն:
Ի դեպ, սպառնալիքներով խոսելու մարտավարությունը ամերիկաբնակ թուրքերն անկասկած յուրացրել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուից, ով այս օրերին հապշտապորեն հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ՝ խնդրելով ամեն ինչ ձեռնարկել բանաձևի կանխարգելման համար։ «Ես բացեիբաց նշեցի, որ հայկական բանաձևի օրակարգ գալը լրջորեն կվնասի մեր թուրք-ամերիկյան հարաբերություններին»,- տեղեկացրեց նա լրագրողներին, իսկ այն հարցին, թե բանաձևը ընդունվելու դեպքում Թուրքիայի արձագանքը ինչպիսի՞ն կլինի, Դավութօղլուն պատասխանեց. «Այդ ժամանակ աշխարհը կտեսնի Թուրքիայի արձագանքը, սակայն հույս ունեմ, որ նման բան չի լինի»։
Առայժմ դժվար է ասել, թե մոտակա շաբաթների ընթացքում աշխարհն էլ ինչեր կարող է տեսնել: Հայտնի է միայն, որ Կոնգրեսն իր այս կազմով կաշխատի մինչև դեկտեմբերի 21-ը: Չի բացառվում, որ բանաձևը լիագումար նիստի օրակարգ ընդգրկվի հենց վերջին օրը: Մյուս կողմից էլ օրակարգում կան նաև բազմաթիվ այլ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք նույնպես պետք է անպայման քննարկվեն, և այս հանգամանքը հնարավոր է դարձնում Կոնգրեսի աշխատանքները մի քանի օրով երկարաձգելու հեռանկարը, ինչը ևս կարող է նպաստել, որպեսզի հայկական բանաձևն այդ օրերի ընթացքում ներառվի օրակարգ։ Սակայն եթե նույնիսկ դա չհաջողվի, այս փոքրիկ ցնցումն էլ քիչ չի լինի թուրքական կողմի համար: Ի վերջո, յուրաքանչյուր դեպք հիշեցում է այն մասին, որ հատուցման խնդիրը եղել ու մնալու է նրանց գլխավերևում դամոկլյան սրի պես կախված:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: