Tag Archives: ՐԱՖՖԻ

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՐԱՖՖԻ

30 Մյս

Սկզբից ևեթ ընթերցողներին հետաքրքրել է Րաֆֆի գրական անվան բացատրությունը: Ինքը` Հակոբ Մելիք-Հակոբյանը, այս մասին որևէ տեղեկություն չի թողել: Րաֆֆի անվան բացատրությանն առաջին անգամ անդրադարձել է Լեոն, որը առիթ էր ունեցել մեծ գրողին ճանաչելու «Մշակ» լրագրում նրա հետ աշխատած տարիներին: Այդ կապակցությամբ Լեոն գրում է. «Ասում են, որ իր կեղծանունը Րաֆֆին վերցրել է արաբական լեզվից: Գուցե ավելորդ չէր լինի հիշատակել, որ 60- ական թվականներին Թիֆլիսի իտալական օպերայի դերասանուհիներից մեկի ազգանունն էր Րաֆֆի (Լեո, Գրիգոր Արծրունի, հատոր 2-րդ, էջ 64): Կենսագիրներից մեկի կարծիքով րաֆֆի, ավելի ճիշտ` րաֆ-ի արաբերենից պարսկերենի անցած բառ է և մեկն է պարսկական այն տիտղոսներից, որոնք տրվում են պարսից բարձրաստիճան անձանց` պետությանը մատուցած հատուկ ծառայություննեի համար: Մեկ այլ բանասերի կարծիքով րաֆֆի ասորական բառ է, նշանակում է րաբբի կամ րաբանի, որ եբրայերեն նշանակում է վարդապետ: Նույնիսկ տարածվել է այսպիսի մի ավանդություն, ըստ որի` Պարսկաստանում ճանապարհորդելիս, տեսնելով մի բարձր լեռ, Րաֆֆին բացականչում է.
-Որքա˜ն բարձր սար է:
-Այո՛, բարձր սար է, այդ պատճառով էլ կոչվում է Րաֆֆի, — պատասխանում են ուղեկիցները: Այդ գեղեցիկ բառը տպավորվում է Մելիք Հակոբյանի գիտակցության մեջ, և նա որոշում է օգտագործել իբրև գրական անուն: Ֆրանսերենում րաֆֆի բառը, որ հավանաբար փոխառություն է արաբերենից, նշանակում է բարձր, վսեմ, փառավոր: Վիպասանի եղբոր որդին` Սողոմոն Տեր-Հակոբյանը, գրում է. «Գաղափարական տեսակետից մոտենալով հարցին` անհավանական չէ Րաֆֆի անվան ծագումը րաբբի բառից` նկատի ունենալով, որ Րաֆֆին կոչված էր հայ կյանքի մեջ նոր գաղափարների վարդապետը կամ քարոզիչը հանդիսանալու»: Նա գտնում է, որ Րաֆֆին իր գրական անունը վերցրել է պարսկերեն րաֆֆի բառից, որ նշանակում է վեհ, բարձր, վսեմ: Րաֆֆի բառի ստուգաբանության շուրջ բացված բանավեճին մասնակցել է նաև հայտնի իրանագետ Ռ. Աբրահամյանը` գտնելով, որ րաֆֆի-ն արաբական բառի հայացումն է` բարձր, բարձրագույն, վսեմ նշանակությամբ: Ահա այս իմաստով էլ Րաֆֆին այդ բառը դարձրել է գրական անուն:

Ե. Պետրոսյան, «Րաֆֆի», Հայպետհրատ, Երևան, 1959, էջ 117-118

643

ԻՆՉՊԵՍ ՐԱՖՖԻՆ ԳՈՐԾԱԿԱՏԱՐ ԴԱՐՁԱՎ

27 Նյմ

Հայ մեծ գրող Րաֆֆու կյանքում եղել են տարիներ, երբ նա նյութական սարսափելի զրկանքների ու հոգեկան դժնդակ տառապանքների է ենթարկվել, սակայն լռել ու համբերատար կրել է այդ բեռը: Միայն մեկ անգամ է գրողը դրա մասին խոսել՝ պատահածը պատմելով իր բարեկամներից մեկին. «Ինչու՞ թաքցնեմ, ես այն աստիճան հացի կարոտ մնացի Թիֆլիսում, որ օրվա կարիքն ինձ ստիպեց մի հասարակ գործակատարի պաշտոն ընդունել մի մագազինում, այն էլ ոչ իսկական գործակատարի, այլ պարզապես դուքանչու աշակերտի պաշտոն մի չնչին ռոճիկով: Օրվա հացս գտնելու համար հանձն առա այդ ստորությունը: Մագազինում պատրաստի հագուստներ էին վաճառում, ես շորերը հագցնում էի հաճախորդներին, քղանցքներից բռնելով, քաշքշելով հարմարեցնում էի և սուտ գովաբանություններ էի անում, որ մուշտարուն ձեռքիցս չփախցնեմ: Մի անգամ մի երիտասարդ ծանոթի մի քանի իրեղեններ նիսիա էի վաճառել, այդ օրը քիչ էր մնում, որ ինձ մագազինից դուրս վռնդեին: Ախ, որքան զզվելի պաշտոն էր այդ և որքան անտանելի…»:1

ՐԱՖՖԻ

7 Նյմ

Ամեն մի հայ առանձին վերցրած` առյուծ է, ինչպես և խելքով ու դատողությամբ` հսկա: Բայց ընկերական ոգու բացակայությունը խմբովին գործելիս ջլատում է նրա ուժերը: Ձգեցեք մենակ հային վտանգների փոթորկի մեջ, նա արժանավորապես կպաշտպանի յուր գլուխը: Բայց խմբեցեք մի քանի հայեր միասին, և նրանք պաշտպանվելու կամ հարձակվելու փոխարեն կսկսեն խորհել, մտածել, հակաճառել և, վերջապես, թշնամուն թողած` միմյանց միսը ուտել: Այո, անհատականությունը հայի գլխավոր թշնամին է, և նա տարածված է մեր բոլոր դասակարգերի ու բոլոր գործերի մեջ: Արդյոք մեր ազգի մտավոր առաջնորդները կկարողանա՞ն մի փոքր հիմարացնել անհատ հային և խելոքացնել ընկերային հային: Եթե այդ եղավ` մենք կարող ենք ապագա ունենալ, եթե ոչ` մենք կորած ենք, կամ կապրենք այնպիսի ամոթալի կյանքով, ինչպես ապրել ենք մինչև այսօր:a3382

ՐԱՖՖԻ

31 Հկտ

… Հույսը մարդերի մեջ հայտնվում է երկու կերպարանքով. մեկ, որ մարդը գործում է, աշխատում է և ամենևին չի թուլացնում իր եռանդը և հույս ունի, որ կհասնի իր նպատակին: Մյուս, որ մարդը ոչինչ չի անում, ծույլ է, հանգիստ իր տեղը նստած է և հույս ունի, թե մի օր կստանա այն, ինչ որ ցանկանում է: Մեր խոսքը վերջին տեսակի վրա է: Կան աղքատներ, որ միշտ երևակայում են, թե մի օր գանձ կգտնեն և կհարստանան: Դուք քննեցեք մի ծույլ և ստրուկ ժողովրդի առակները, առածները, հեքիաթները և կտեսնեք, որ նրանց մեծ մասը թաքուցած գանձերի վրա է: Աղքատի երևակայությունը մի ուրիշ բան չի կարող ստեղծել: Այնպես էլ քաղցած հավը երազում կուտ է տեսնում և սկսում է իր ոտները կտցահարել:… Այս տեսակ հույսերը գժերի երազներ են: Այս տեսակ հույսերով ապրում են ոչ միայն մասնավոր անհատներ, այլև ամբողջ ժողովուրդներ և ամբողջ ազգեր…

%d bloggers like this: