Tag Archives: տրեյլեր

Սահակաշվիլու վերջին «քյանդրբազությունը»

25 Նյմ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարելիք այցից հաշված օրեր առաջ Թբիլիսիում որոշել են մի վերջին անգամ փորձության ենթարկել հարևան երկրի համբերությունը: Այլ կերպ դժվար է բացատրել այն, ինչն այժմ կատարվում է ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարս կոչվող հսկիչ անցակետում: Թե ինչպիսի կարևորություն կարող է ունենալ մեզ համար մի ճանապարհ, որն ապահովում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միակ ուղիղ վերերկրյա տրանսպորտային կապը, ավելորդ է բացատրել, առավել ևս այս պայմաններում, երբ շրջափակման մեջ գտնվող հանրապետությունը արտաքին աշխարհի հետ տնտեսական առնչությունների պահպանման կենսական անհրաժեշտություն ունի: Սակայն վրացիների համար մեր հոգսերը՝ մեր հոգսերն են, իսկ իրենց մտադրությունները՝ իրենցը: Ահա այս պարզ ընտրության արդյունքում էլ ներկա պահին Հայաստան եկող շուրջ 180 բեռնատար մեքենաներ կուտակվել են Վերին Լարսի մոտ՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչ մեղքի համար են արժանացել այդ պատժին: Ասվում է այն մասին, թե պատճառը առատ ձյունն է: Իհարկե, տեղումները նույնպես կարող են բարդություններ հարուցել, միայն թե զարմանալի է լսել այսպիսի բացատրություն այն երկրից, որի նախագահը շաբաթներ առաջ Տավուշում տեղի ունեցած աղետալի սողանքի ժամանակ հանդիմանում էր անճարակ հայերին և գլուխ էր գովում, թե իր երկրի փառապանծ փրկարարները ի զորու են երկու ժամում հաղթահարել այն դժվարությունները, որ Հայաստանը չի կարողանում անել շաբաթների ընթացքում: Բայց հիմա այդ հերոսական փրկչական խմբերը հանկարծ նահանջել են ձյան առաջ և տեղաշարժի որևէ նախանշան չեն ցուցաբերում: Կամ գուցե չե՞ն ուզում ցուցաբերել:
Նման կասկածները, ցավոք, անհիմն չեն: Նախ, սա առաջին դեպքը չէ, երբ վրացական կողմը բնական կամ տեխնածին բարդություններն իբրև պատվակ է օգտագործում Հայաստանին նեղը գցելու համար: Եվ հետո, լսելով այն հիմնավորումները, որ ներկայացնում են Վրաստանի համապատասխան մարմինները, թույլ չեն տալիս կատարվածի նկատմամբ այլ վերաբերմունք դրսևորել, քան անվստահությունն է: Պաշտոնական Թբիլիսին ասում է, որ իբր վերջին 10 օրերին ձյան առատ տեղումների և սառցակալման հետևանքով արգելում է երթևեկությունը տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Բոլորին է հայտնի, որ Հայաստան եկող բեռները տեղափոխվում են բացառապես հենց այդ կարգի մեքենաներով: Սրանով կարելի է բացատրել այն փաստը, որ խցանման մեջ գտնվողները հատկապես Հայաստան ուղևորվող մեքենաներն են: Սակայն հայտնի է նաև, որ ընդամենը 2 օր առաջ Երևանում դիմավորել են Ուկրաինայից Հայաստան եկող 30-ից ավելի նստատեղով ավտոբուս, որը բարեհաջող անցել է Վերին Լարսը և որի ուղևորները պնդել են, թե իրենց ճանապարհին անանցանելի հատվածներ չեն եղել ու որ իրենց էլ, առանց պատճառաբանության, 4 ժամ պահել են անցակետում: Այսինքն ստացվում է, որ ոչ միայն պատճառաբանություններն են չափազանցված ու անհիմն, այլև վերաբերմունքն է ընտրողական. սրան կարելի է, իսկ սրան՝ ոչ:
Ի՞նչ է անում Հայաստանը նման կացության պայմաններում: Այն, ինչ սովորաբար արել է՝ լռում է: Արտգործնախարարությանն առանձնապես չի մտահոգում իր երկրի քաղաքացիների ճակատագիրը, մեր նախագահն այնպես չի արձագանքում, ինչպես կարձագանքեր Սահակաշվիլին, եթե դա կատարվեր վրացական բեռների հետ, իսկ տրանսպորտի ու կապի նախարարությունը վերջապես որոշեց տեղից շարժվել, և այժմ ասում են, թե վրացական կողմի հետ համատեղ հայ-վրացական ընկերություն ստեղծելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը կզբաղվի նման հարցերի լուծմամբ և նման իրավիճակները կանխելով, այդ թվում նաև ձյունմաքրման աշխատանքներ կիրականացնի: Ո՞րն է պատճառը, որ նախարարությունը միայն նոր է հիշել Վերին Լարսում 10 օր առանց սննդի մնացած տասնյակ բեռնատարների վարորդների մասին և ի՞նչ կոնկրետ քայլեր են, այնուամենայնիվ, ձեռնարկվում նրանց օր առաջ անցակետի գերությունից ազատելու ուղղությամբ. այս և նմանատիպ հարցերի պատասխանը հազիվ թե ստանանք: Առայժմ կա միայն մեկ հարցի հստակ պատասխանը: Դա այն է, որ հայ վարորդներն ու ուղևորները շարունակում են մնալ հայ-վրացական հարաբերությունների «պատանդի» կարգավիճակում:
Նրանք, ովքեր ականատես են դարձել, թե ինչ է կատարվում սահմանի վրա, իրավիճակի ամենատխուր պատկերն են ներկայացնում: Ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկությունների, երեք շաբաթ անցակետում կանգնած մարդկանց մոտ վառելիքը վերջանում է, ոմանց նյարդերը տեղի են տալիս, շատերի մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել: «Այն, ինչ կատարվում է Վերին Լարսում, սահմռկեցուցիչ է. մարդիկ սոված-ծարավ են, լվացվելու հնարավորություն չունեն, սկսել են իրարից գողություն անել, վառելիք են գողանում՝ գիշերը տաքանալու համար»,- հաղորդում է «Վեստին»: Եվ այս պայմաններում միակ օգնությունը գալիս է ոչ թե երկու երկրների իշխանություններից, այլ հասարակ մարդկանցից: Օրերս անցակետում մնացած Հայաստանի քաղաքացիներին օգնություն է ցուցաբերվել Դոնի Ռոստովի հայ համայնքի ուժերով: Ռոստովահայերը նրանց սնունդ, ծխախոտ, տաք հագուստներ են տարել: Բայց մի՞թե սա է ելքը: Շատերը կորցրել են հույսը և այլևս չեն հավատում, թե իրենց թույլ կտան անցնել սահմանը: Որոշ բեռնափոխադրող ընկերություններ արդեն մտմտում են այն մասին, որ թերևս հրաժարվեն ցամաքային ուղուց և բեռները տեղ հասցնեն ծովային ճանապարհով, ինչը, ճիշտ է, անհամեմատ թանկ է, բայց ուրիշ ի՞նչ անել: Կան նաև շատ ավելի մռայլ կանխատեսումներ: Ոմանք կարծում են, որ եթե իրավիճակը ձգձգվի, իսկ ձմեռը խորանա, ապա բեռնատարները ստիպված են լինելու ձմեռել սահմանին:
Հայաստանն ունի՞ պատասխանի հնարավորություն: Իհարկե ունի: Վրաստանը տարանցիկ երկիր է և Վերին Լարս հսկիչ անցագրային կետով հայկական բեռնափոխադրումներին խոչընդոտելու համար Վրաստանի նկատմամբ կարող են կիրառվել միջազգային պատժամիջոցներ: Բայց արդյո՞ք Երևանում կորոշեն դիմել այդպիսի միջոցի: Հազիվ թե:
Միևնույն ժամանակ այս օրերին շատերի ուշադությունը գրավեց երկու իրադարձությունների զուգադիպությունը: Բանն այն է, որ Վերին Լարսն անսպասելի փակվեց հենց այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ հայկական առաջին բեռնատար մեքենաները շուտով Թուրքիայի տարածքով հնարավորություն կստանան տարանցիկ անցնել դեպի Ռուսաստան: Հավելենք, որ դեռևս 2 ամիս առաջ Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների տրանսպորտի նախարարների համաժողովի ժամանակ Թուրքիան տվել էր 200 բեռնատար մեքենաների տարանցման իրավունք: Ինչպես հայտնի է, Թուրքիայի նավահանգիստները եռապատիկ, քառապատիկ ավելի էժան են, քան վրացական Փոթիի նավահանգիստը: Իսկ այսպիսի շրջադարձը չէր կարող աննկատ մնալ վրացիների համար: Եվ ստացվում է այնպես, որ Վերին Լարսը վրացական պատասխանը դարձավ մեր «թուրքական կողմնորոշմանը»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: