Tag Archives: տրավերտին

ԱՄԵՆԱՄԵԾԸ՝ ՄԵՐ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ

21 Դկտ

Աշխարհագրագետ Վարդգես Խաչատրյանը համոզված պնդում է, որ աշխարհի ամենամեծ ստորերկրյա քարանձավը գտնվում է Հայաստանում: Եվ սա ոչ հիվանդագին երևակայության արգասիք է, ոչ էլ ազգային սնափառության ծայրահեղացված դրսևորում: Ասենք ավելին: Հայ քարանձավագետները մեկ անգամ չէ, որ աշխարհին ապշեցրել են իրենց բացահայտումներով:
Դեռևս 1970-ականների կեսերին մեր հանրապետությունում սկիզբ դնելով այդ ռոմանտիկ գիտության ճյուղի ուսումնասիրմանը՝ նվիրյալների առաջին խմբերը շատ չանցած հենց Հայաստանում հայտնաբերեցին անձավային մարգարիտների երբևէ հայտնի ամենամեծ կուտակումները: Անմիջապես հետո գտնվեց մումիայի՝ այդ առեղծվածային դեղամիջոցի կենդանի գաղթօջախը, ինչը միաժամանակ թույլ տվեց բացահայտել դրա առաջացման գաղտնիքը: Եվս մի քայլ, ու արագոնիտ կոչվող միներալների մեջ հայտնաբերվեցին կարստային քարանձավներ, որոնք իրենց գեղեցկությամբ կարող են մրցել աշխարհի ցանկացած անձավի հետ: Գտնվեցին ստորերկյա գետեր ու լճեր, ընդերքում թաքնված բնության ինքնատիպ այլ երևույթներ: Եվ այժմ էլ բացահայտումների այդ շղթան կարող է լրացվել ևս մեկով:
Խիստ գիտական վերլուծության պարզեցված մեկնաբանությունն այսպիսին է: Հայտնի է, որ սովորաբար քարայրներն ու ստորերկրյա դատարկությունները առաջանում են ջրում լուծվող ապարների՝ կրաքարերի ու դոլոմիտների տեղում, երբ նրանք լուծվում են ընդերկրյա ջրերում ու հեռանում: Հայաստանի տարածքի մոտ 10 տոկոսը կազմված է նմանատիպ ապարներից, բայց քարանձավագետները մինչ այժմ ուսումնասիրել են դրա մի չնչին մասը: Սակայն Հայաստանում մեծ տարածում ունի ևս մի յուրօրինակ քարատեսակ՝ տրավերտինը: Այն առաջանում է, երբ երկրի ընդերքում ածխաթթու գազով հագեցած տաք ջրերը անցնում են կրաքարի միջով: Այս դեպքում անլուծելի քարը վերածվում է ջրում լուծվող երկկարբոնատի: Ու երբ ջուրը դուրս է գալիս մակերևույթ, գոլորշիացումից հետո մնում է նրա նստվածքային շերտը՝ ընդերքում թողնելով հսկա դատարկություն: Ուրեմն որտեղ տրավերտին, այնտեղ էլ ստորերկրյա դատարկությունը: Սա է օրենքի տրամաբանությունը: Իսկ դուրս մղված տրավերտինի ծավալով էլ պիտի պայմանավորված լինի դատարկության մեծությունը:
Վեդի քաղաքից դեպի հարավ, Ուրծի լեռներում է գտնվում տրավերտինի ամենախոշոր հանքավայրերից մեկը, որի ծավալները, ըստ մասնագետների գնահատման, կազմում են շուրջ 300 միլիոն խորանարդ մետր: Իսկ դա նշանակում է, որ լեռների ընդերքից դուրս մղված ծավալի տեղում մնացել է նույն ծավալներին համապատասխան դատարկություն: Կամ, այլ կերպ ասած, Ուրծի լեռների տակ թաքնված է… աշխարհի ամենամեծ քարանձավը: Նրա համեմատ մինչ օրս մեծագույնը համարվող Վենեսուելայի Մեծ Սիմա քարայրը (18 միլիոն խորանարդ մետր ծավալով) պիտի որ փոքրիկ խոռոչ դիտվի:
Սակայն ի՞նչ է սա: Ընդամեն գայթակղիչ վարկած, թե՞ լիովին հնարավոր բացահայտում:
— Դա կասկածից վեր է,- պնդում է Վ. Խաչատրյանը:- Հիշենք, որ տարիներ առաջ բուլղարացի երկրաբանները Ռոդոպիայի մարմարի հանքերը հետազոտելիս 797 մետր խորության վրա հայտնաբերեցին ստորերկրյա մի դատարկություն, որի ծավալը 200 միլիոն խորանարդ մետր էր: Ուրեմն ի՞նչ հիմքով կասկածենք բնության նույն օրենքի հնարավոր կիրառմանը Հայաստանում:
Ըստ աշխարհագրագետի, Ուրծի լեռների քարանձավը պետք է ունենա շուրջ 10 քառակուսի կիլոմետր մակերես և 90-100 մետր խորություն: Կասկած չկա նաև, որ այն լցված է ջրով, քանի որ ոչ մի ապար ի զորու չէ իր վրա կրել լեռների հզոր ծանրությունը:
Բայց սա դեռ բոլորը չէ: Ուրծի լեռների դիմաց փռվում են Երանոսի լեռները, որոնց ստորոտում նույնպես արդյունահանվում է տրավերտին: Ի դեպ, այն ոչնչով չի զիջում Ուրծի տրավերտինի հանքավայրին: Կնշանակի՝ Արարատյան աշխարհի ընդերքում ծփում են երկու անհայտ ծովեր՝ միաժամանակ հանդիսանալով աշխարհի խոշորագույն ստորերկրյա քարանձավները:
Ըստ Վ. Խաչատրյանի, եթե նույնիսկ այս հայտնագործությունը չգայթակղի «ամենա-ամենա»-ների մոլուցքով հրապուրված քարանձավագետներին ու զբոսաշրջիկներին, ապա ջրային պաշարների մեծ պահանջարկ ունեցող հանրապետության համար անկասկած ուշադրության արժանի նյութ կդառնա:
Հ. Չարխչյան

%d bloggers like this: