Tag Archives: տոն

Հրաժեշտը տոն չէ

30 Դկտ

Անշնորհակալ գործ է տարին ամփոփելը: Դու կարող ես լավագույն դեպքում ամփոփել այն մի հատվածը, որ եղել է քո հայացքի տեսադաշտում, դու կարող ես վերհիշել ու գնահատել այն օրերը, որոնք քո ժամանակի մասն են կազմել, սակայն ինչպե՞ս պիտի իմանաս իրական կշիռը մի ամբողջ տարվա, որը եղել է բոլորինը՝ ծանոթ ու անծանոթ, հեռավոր ու մերձավոր, բարեհաճ և ոչ այնքան…
Այսօր՝ տարեմուտի նախաշեմին եթերն ու մամուլը հեղեղված են բարեմաղթանքներով ու շնորհավորանքներով, և կամա թե ակամա դառնում ես նրանց լսարանի մի անդամը: Ինչեր ասես, որ չեն ցանկանում քեզ ժպտերես դեմքով իշխանավորներդ, ազգիդ սերուցքը, պատկառազդու անձինք: Այսքան մեծահոգություն, նրբանկատություն, բարեհաճություն պիտի բավարարի գալիք բոլոր ժամանակների համար, այսքան աներևակայելի ու հեքիաթային իղձերի իրականացման պահանջ-հրամայականը պիտի նախ սթափեցնի, իսկ հետո մեղավոր լինելու զգացողությամբ համակի հոգիդ: Ախր ինչպե՞ս կարող էիր նախկինում կասկածանքով վերաբերվել այդ մարդկանց, ինչպե՞ս էիր քեզ թույլ տվել մտածել, թե վերևները մոռացել են ստորիններին:
Բայց դու դեռ չես հասցրել ուշքի գալ առաջին հարվածից, երբ դրան հաջորդում է երկրորդը: Այս ամենի հետ մեկտեղ հանկարծ պարզում ես, որ անցնող տարին լի էր ձեռքբերումներով, հաջողություններով, նվաճումներով, և սկզբում տարակուսում, իսկ հետո նույնիսկ անկեղծորեն տխրում ես, որ ինքդ մասնակիցը չես եղել այդ բոլոր թռիչքներին, որ բարեկեցությունն անցել է կողքովդ, իսկ դու քնած ես եղել ուղտի ականջում, որ այսքան ու այնքան տոկոսով կյանքը գեղեցկացել է, իսկ դու դա չես տեսել գեղեցկագույն կյանքը, որ մի ողջ պետություն իր բազմաչարչար կառավարությամբ հանդերձ տքնել է քո երջանկության համար, իսկ դու՝ երիսցս երջանիկդ, անշնորհակալ ու երախտամոռ ես գտնվել նրա հանդեպ:
Եվ որպեսզի վերջնականապես չփչացնեմ օրվա իրական խորհուրդը, ես սկսում եմ մտածել տոնի մասին: Ի վերջ, ի՞նչ բան է դա: Չէ՞ որ ժամանակն իր հոսքի մեջ չունի որևէ դադար կամ ընդհատում, ժամանակի համար տարին բաժանող վայրկյանն ունի նույն արժեքը, ինչ տարին լրացնող միլիոնավոր մյուս վայրկյանները: Ուրեմն տոնը բացառապես մարդկանցն է, նրանց կարիքի ու պահանջի բավարարումը, նրանց կողոպտած չնչին ավարը ժամանակի ահռելի հարստությունից: Եվ դրա համար մարդիկ ուրախ են: Նրանք ուրախ են, որ անցնում է հին տարին, իրենց իսկ կյանքի մեկ տարին, իրենց ապրած օրերի շղթան, իրենց երիտասարդությունը, ավյունը, չարչարանքը, այն ամենը, ինչը դեռ երեկ ակնկալիք էր, որ կամ արդարացվեց կամ հուսախաբ արեց: Նրանք այդպես ծախսում են կյանքը, որ ձեռք բերեն հույսը վաղվա օրվա համար: Մարդիկ թոթափվում են իրենցից, փախչում են սեփական ստվերից ու պատսպարվում այս լուսավոր, գեղեցիկ, առինքնող թիկունքի ետևում, որ տոն է կոչվում:
Եվ այս մտքերին հետամուտ՝ ես հանկարծ դառնում եմ մեկը նրանցից, ովքեր քիչ առաջ և քիչ հետո վերստին տոնական մաղթանքներ են արտաբերելու: Ես մինչև կոկորդս ընկղմվում եմ տոնական ծանր, ներծծվող թուրմի մեջ, և մինչ նա կհասցնի ինձ լիովին կլանել, շտապում եմ ամենքի պես ձայն տալ բոլորին. «Շնորհավոր Նոր տարի…»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: