Tag Archives: Տոկիո

Հեռավոր Արևելքում ամպեր են կուտակվում

16 Փտր

Երեկ ռուս սահմանապահները Հեռավոր Արևելքում գտնվող Խաբոմայի կղզիների մերձակայքում լուսավորող ռումբերով կրակ բացեցին ճապոնական ձկնորսանավի վրա։ Նման միջադեպերը եզակի չեն, ու թերևս այս մեկն էլ կարելի էր նախորդների պես շրջանցել, եթե չլիներ ռուս-ճապոնական հարաբերությունների վերջին օրերի լարվածությունը` կապված Կուրիլյան կղզիների շուրջ անվերջանալիորեն ձգվող վեճերի հետ: Սակայն այլ բան է անհամաձայնությունն ու բանավեճը դիվանագիտական աշխատասենյակներում, և միանգամայն այլ բան, երբ այն դուրս է գալիս զսպվածության սահմաններից ու սպառնում դառնալ շատ ավելին և ոչ պակաս վտանգավոր գժտված կողմերի համար: Ահա նման մի տագնապալի եզրագծի էլ հասան ռուսներն ու ճապոնացիներն այն բանից հետո, երբ մեկ շաբաթ առաջ Տոկիոյում աջ-ծայրահեղական կազմակերպությունների կողմից իրականացվեց այսպես կոչված «Հյուսիսային տարածքների օր» ակցիան, որը նշելու ժամանակ ՌԴ դեսպանատան առջև անարգվեց Ռուսաստանի պետական դրոշը: Հետո միայն ճապոնացիները պիտի գլխի ընկնեին, որ դա չափազանց էր ու թանկ էր նստելու իրենց վրա: Իսկ մինչ այդ, քանի դեռ Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանատունը բողոքի նոտա էր հղում Ճապոնիայի ԱԳՆ-ին, ռուս դիվանագետներն առավոտյան փամփուշտով մի ծրար ստացան, որին կցված էր հետևյալ երկտողը. «Հյուսիսային շրջանները ճապոնական հող է»: Մաֆիայի մարտահրավերներին հատուկ խորհրդավոր այս ակնարկը անպատասխան չմնաց: Ասում են, որ իբր հաջորդ օրը Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատունը ևս համանման մի ծրար էր ստացել, միայն այն տարբերությամբ, որ ներսում փամփուշտի փոխարեն ռադիացիայի չափիչ սարք էր եղել: Հիրոսիմայի ու Նագասակիի ողբերգությունը հիշեցնող այդ գործիքը այս անգամ պիտի չափեր ոչ թե ճառագայթման, այլ կողմերի խորացող թշնամանքի աստիճանը:
Ռուսների արձագանքը անհապաղ էր ու սպառնալից: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկրի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կուրիլյան կղզիները ժամանակակից զինատեսակներով ապահովելու մասին: «Բոլորը պետք է հասկանան, որ կղզիները Ռուսաստանի տարածքն են: Զինատեսակները, որ այնտեղ կտեղակայվեն, պետք է անհրաժեշտ, բավարար և ժամանակակից լինեն, որպեսզի ապահովվի այդ տարածքների` որպես Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մասի անվտանգությունը»,- նշեց Մեդվեդևը: Սա դեռ պատրերազմ չէր, բայց սա արդեն խաղաղություն էլ չէր կոչվի:
Ճապոնիայի արտգործնախարար Սեյձի Մաեհարան, որ պատրաստվում էր ուղևորվել Մոսկվա, այցի նախօրեին հայտարարեց, թե Հարավկուրիլյան լեռնաշղթայի չորս կղզիները պատկանում են Ճապոնիային, և ոչ ռուս քաղաքական գործիչների այցելություններն այնտեղ, ոչ ռուսական ռազմական ներկայության ծավալումը չեն կարող փոխել Տոկիոյի դիրքորոշումը: Բառերը լավ էի հնչում, սակայն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ փակ դռների հետևում հանդիպումից հետո Մաեհարայի տրամադրությունն ակնհայտորեն տոնական չէր: Հավանաբար վերջինս արդեն տեղյակ էր, որ ռուսներն այս անգամ խաղ չէին անում, իսկ ՊՆ նախարար Սերդյուկովն իսկապես մեկնել էր Կուրիլներ` տեղում նախագահի հանձնարարականը կյանքի կոչելու համար:
Հիմա արդեն Տոկիոյում բառերը նկատելի փափկություն էին ձեռք բերելու: Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը ափսոսանք հայտնեց պաշտպանության նախարարի Հարավային Կուրիլներ կատարած այցի կապակցությամբ, և ասաց, որ այդ այցը ընդհանրապես համատեղելի չէ իրենց դիրքորոշման հետ` չմոռանալով հավելել, որ անհրաժեշտ է համարում ամենաբարձր մակարդակով տարածքային խնդիրների լուծման համար բանակցությունների վերսկսումը: Իբրև «բարի կամքի դրսևորում» քրեական գործ հարուցվեց այն ծայրահեղականների հանդեպ, ովքեր այրել էին ռուսական դրոշը: Բայց արդեն ուշ էր: Հիմա արդեն կար լուրջ մտահոգության պատճառ, և այդ պատճառը ռուսների կողմից Կուրիլների ուղղությամբ «Mistral» դասի ուղղաթիռակիր երկու ռազմանավ ուղարկելու որոշումն էր: Շուտով նաև հայտնի դարձավ, որ այդ ռազմանավերն ընդգրկվելու են ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի կազմում։
Ճապոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչներին այլևս ուրիշ բան չէր մնում անելու, քան երկրի քաղաքացիներին տեղեկացնելու, որ իրենք մեծ ուշադրությամբ հետևելու են ռուս զինվորականների գործունեության ակտիվացմանը Կուրիլների մերձակայքում։ Տոկիոյում ակնհայտորեն նման զարգացումները ոչ կանխատեսել էին և ոչ էլ ցանկացել, ու այժմ հավանաբար զղջում են իրենց ավելորդ տաքարյունության համար:
Իսկ այսօր ճապոնական Asahi պարբերականը ցավով նշում է, որ Ճապոնիան Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու լծակներ չունի, ուստի նման պայմաններում ճապոնացի պաշտոնատար անձանց խստաշունչ հայտարարություններն անօգուտ ու անիմաստ են։
Այս խոսքերը մոտ են ճշմարտությանը: Ու եթե դրան էլ գումարենք Ռուսաստանի կոշտ, անզիջում դիրքորոշումը, ապա պատկերը միանգամայն հստակ կլինի: Դեռևս հինգ տարի առաջ էր Վլադիմիր Պուտինն ասում. «Կուրիլների կապակցությամբ ներկայիս ստատուս-քվոն Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունք է, ինչը համապատասխանում է միջազգային իրավունքի դրույթներին, և այս մասով մենք ոչինչ ոչ մեկի հետ չենք պատրաստվում քննարկել»: Հինգ տարվա մեջ ոչինչ կամ համարյա ոչինչ չի փոխվել: Ընդհակառակն, այժմ էլ դրան գումարվեց մեկ այլ նախապայման, որն այս անգամ հնչեց ԱԳ նախարար Լավրովը շուրթերից: Վերջինս հայտարարեց, թե «անհեռանկարային» է համարում Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի կնքումն այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնական Տոկիոն չի հրաժարվել այն «ծայրահեղ քաղաքականությունից», որ նա որդեգրել է Կուրիլյան կղզիների առնչությամբ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: