Tag Archives: տնտեսություն

Եվրոպական հայացք Կենտրոնական Ասիային

9 Հնս

Վիեննայի «Հոֆբուրգ» կոնգրես-կենտրոնում մեկնարկած Համաշխարհային տնտեսական իններորդ համաժողովն իր պայմանական կարգախոսով հուշում էր աշխարհի նոր հայացքի ուղղությունը: «Գործարարներ, դեմքով դեպի արևելք»,- կոչ էր անում այդ կարգախոսը` նախ և առաջ նկատի ունենալով այն ընդհանուր կացությունը, որն այսօր առկա է Արևելյան Եվրոպայից մինչև Կովկաս ու Կենտրոնական Ասիա փռված տարածաշրջանում: Հանդիպման վայրի ընտրությունը ևս պատահական չէր: Ավստրիան Եվրոպայի ու Ասիայի միջև կարևոր խաչմերուկ է դիտվում, և այդ կետից ավելի տեսանելի պիտի լիներ երկու բևեռների թե ընդհանրությունները, թե տարբերությունները:
Համաժողովը, որ նաև մի երկրորդ` «Ընդարձակելով ինովացիայի սահմանները» խորագիրն ուներ, իր հարկի տակ էր մեկտեղել է 67 երկրների կառավարությունների, գործարար աշխարհի, գիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության ավելի քան 500 ներկայացուցիչների: Երկօրյա քննարկումների առանցքային թեմաներն առնչվում էին էներգետիկ, առողջապահական, տնտեսական անվտանգության խնդիրներին, ինչպես նաև ենթակառուցվածքային, կիբեռ անվտանգության, մրցունակության բարձրացման հարցերին: Այս բոլորն ինչ խոսք, կարևոր էին: Սակայն հարցրի հարցը պիտի լիներ այն, թե ինչպես և դեպի ուր է պետք շարժվել հետցնցումային ժամանակում: Մեծ մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը այժմ բոլորին ստիպել էր վերանայել ոչ միայն նախկինում որդեգրած խաղի կանոնները, այլև ճիշտ արձագանքել գլոբալ զարգացման ներկա փուլում ի հայտ եկած բարդ խոտորումներին: Իսկ դրանք ծնունդ առան ինչպես համաշխարհային տնտեսական ճգնաժամի, այնպես էլ արաբական աշխարհում անակնկալ «գարնանային վարարումներից», Ճապոնիայում տեղի ունեցած աղետներից հետո` ցուցադրելով անառողջ աշխարհի այն խոցերը, որոնք շտապ վիրահատական միջամտության կարիք էին զգում:
Մի բան ակնհայտ էր. բոլոր տնտեսությունները կառուցվածքային բարեփոխումների կարիք ունեն, մասնավորապես աշխատանքի, ծառայությունների շուկայում: Այժմ արդեն նախկինը չեն կարող լինել պահանջները ատոմային և վերականգնվող էներգետիկայի, սոցիալական և նորարարական ծրագրերի բնագավառում տարվող քաղաքականության մեջ: Հարկ է արագորեն արձագանքել փոփոխվող դեմոգրաֆիական իրավիճակներին: Այդ իսկ պատճառով էլ Վիեննայի համաժողովում ելույթ ունեցողները ջանում էին բացահայտել առկա կարողություններն ու հնարավորությունները, որ դեռևս ունի Եվրամիությունը, իսկ դրա հետ մեկտեղ հստակեցնել իրենց ակնկալիքներն առավել թույլ զարգացած և փոքր պետություններից` Եվրամիությանն ավելի սահուն ինտեգրվելու, ենթակառուցվածքները բարելավելու առումով: «Կենտրոնական Ասիան ու Եվրոպան ունեն ընդհանուր շահեր ու հետաքրքրություններ և դիմակայում են ընդհանուր մարտահրավերների: Տարածաշրջանների միջև ավելի արդյունավետ համագործակցությունը շատ կարևոր է: Բոլոր տարածաշրջանները հետաքրքրված են կայունության ապահովմամբ ու տնտեսական զարգացմամբ: Կայուն, հուսալի և կանխատեսելի պետական կառուցվածքը ներդրումների ապահովման միջավայրի բարելավման բանալին է»,- իր ելույթում շեշտեց Ավստրիայի դաշնային կանցլեր Վերներ Ֆայմանը:
Գործարար ու քաղաքական աշխարհների համար հիմա այլևս երկրորդական խնդիր չէ ինտելեկտուալ ռեսուրսների օգտագործման նպատակով ավելի բարենպաստ պայմանների ստեղծման հարցը, որն իր արդյունքում շահաբեր կլինի երկու տարածաշրջանների համար էլ: Միտքը, որ նորարարությունը տնտեսական աճի ու զարգացման շարժիչ ուժն է, հիմա քչերի համար է օտար փաստարկ դիտվում: Իսկ երբ այդ գաղափարները հնչում են այնպիսի մարդկանց շուրթերից, ովքեր քաղաքական որոշումների վրա ունեն ազդեցություն և ունակ են ձևավորելու բարենպաստ նախադրյալներ, այդ պարագայում երևույթը դադարում է սոսկ դատողություն մնալ:
Ինչ-որ իմաստով Համաշխարհային տնտեսական համաժողովը կարելի էր անվանել ծանոթություն աշխարհագրության հետ: Կարծես դրա մասնակիցները նորովի էին իրենց համար բացահայտում Կենտրոնական Ասիան` զուգահեռաբար հստակեցնելով, թե այն ինչ ունի իրենց առաջարկելու: Հին Աշխարհն այլևս նեղ է գալիս մեծ թռիչքների համար, պահանջում է ընդարձակում, նրա դեմոգրաֆիական պատկերն ու ռեսուրսները չեն կարող մտահոգության պատճառ չդառնալ, իսկ սա տրամաբանորեն թելադրում է մտածել այլ շուկաների մասին, լուրջ ներդրումներ կատարել այնտեղ և ստեղծել նոր աշխատատեղեր:
Իր հերթին Համաշխարհային բանկն այս օրերին հրապարակեց «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցը: Ըստ այդ զեկույցի, Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժն ու քաղաքական ցնցումները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում փոքր-ինչ դանդաղեցրել են համաշխարհային արդյունաբերության ու առևտրի զարգացման տեմպերը: Այնուամենայնիվ, կա համոզմունք, որ համաշխարհային տնտեսությունն աճում է ավելի արագ, քան կանխատեսվել էր: Այս աճի հիմնական հատվածը բաժին է ընկնում զարգացող երկրներին: Տեմպերն այդ երկրներում կրկնակի ավելի կլինեն, քան զարգացած տնտեսությամբ երկրներում: Զեկույցի հեղինակները կարծում են, որ որպես հետևանք` աշխարհի տնտեսական աճի գրեթե 46 տոկոսը 2011 թվականին կգա հենց զարգացող երկրներից:
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի երկրներին, ապա սպասվում է, որ մոտակա երեք տարիների ընթացքում մեր տարածաշրջանում տնտեսական աճը կլինի միջինը 4,5 տոկոս: Սա կախված կլինի հումքի բարձր գներից ու Ռուսաստանում և Եվրամիությունում տնտեսական վերականգնման հետևանքներից: Եթե, օրինակ նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանում կանխատեսվում է 4,2 տոկոս աճ ու ֆինանսական վիճակի բարելավում, ապա Հայաստանում ու Վրաստանում տնտեսությունները չափազանց զգայուն կլինեն շուկայի տրամադրությունների նկատմամբ այն պատճառով, որ նրանց բյուջեի պակասուրդը մեծ է: Այնպես որ, մեզ վիճակված է դարձյալ մի քանի տարիների համբերատարություն, եթե, իհարկե, երկիրը գտնվի հուսալի ձեռքերում, իսկ այդ երկրի բախտը տնօրինող կառավարիչները չտանեն մեզ «ի փորձություն»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՏԱՍՆԵՐԿՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ

16 Դկտ

ՆԶՈՎՔԻ ԵՎ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԲԵՎԵՌՆԵՐԸ

Հայաստանի Առաջին Հանրապետությունն իր գոյության երկու տարիների ընթացքում ունեցավ 4 վարչապետ: Խորհրդային Հայաստանը ավելի երկարակյաց գտնվեց. կենսագրության 70 տարիները հնարավորություն տվեցին կառավարության ղեկի մոտ հաջորդաբար ունենալ 16 ղեկավար, որոնք այն տարիներին կոչվում էին Մինիստրների խորհրդի նախագահներ: Իսկ ահա Երրորդ Հանրապետության անցած 20 տարիները գործադիր իշխանությանն արդեն 12 վարչապետ են պարգևել: Շատ է սա, թե՞ քիչ, արագ փոփոխությունները նպաստավո՞ր են, թե՞ աննպաստ, արդարացվա՞ծ էին նման տեղաշարժերը, թե՞ կամայական էին. սրանք այն հարցերն են, որոնք մշտապես պիտի ուղեկցեն քաղաքական անցուդարձից չձանձրացող հանրությանը: Նույն կերպ ժամանակագրությամբ հրապուրվողների համար թերևս էական լինի, թե նրանցից ով քանի անգամ զբաղեցրեց այդ աթոռը, ով ավելի երկար կառավարեց, իսկ ով` ընդամենը ամիսներ ու այն էլ համատեղության կարգով: Սակայն մեծ հաշվով միջին թվաբանական առավելությունները դեռևս որակականի առհավատչյան լինել չեն կարող: Այդ գործիչներից յուրաքանչյուրը քաղաքական որոշակի իրավիճակի պատասխանատվության կրողը դարձավ և թողեց իր ձեռագիրը (եթե իհարկե, ուներ գործելաոճի անհատական ինքնատիպություն): Նրանցից ամեն մեկը տվեց ու վերցրեց ինչ-որ բան, և այդ փոխանակման համամասնության հարաբերակցությամբ երկրի պատմության մեջ իրեն վերապահված էջը դարձրեց կամ հիշատակման հավաստագիր, կամ ապրանքային անդորրագիր, քանի որ ինչպես էլ կարևորենք համակրանքների ու հակակրանքների անձնավորված վերաբերմունքը, սուբյեկտիվ տպավորություններից այն կողմ մնաց ու կլինի նրանց գործը:
Յուրաքանչյուր շինարար կհաստատի այն ճշմարտությունը, համաձայն որի չի կարելի կառուցել որևէ շինություն` առանց հաշվի առնելու նյութի դիմադրողականությունը: Պետության կառուցման պարագայում այդ հանգամանքն առավել սուր է զգացվում: Իշխանական բուրգի գագաթին հասած մարդը, ըստ հասարակության պատկերացումների, այդ բարձունքից ոչ միայն ավելի հստակ է տեսնում իր շուրջ, այլև պարտավոր է առավել սթափ գնահատել այն երաշխիքները, որոնք թե իրեն ու թե մյուսներին զերծ պիտի պահեն փլուզման վտանգներից: Այդ իմաստով Հայաստանի 12 վարչապետերի մատուցած ու թերի ձգած ծառայությունների ստորև ներկայացվող հպանցիկ անդրադարձը ոչ քաղաքական դիմանկարներ ստեղծելու փորձ է և ոչ էլ անհատի դերի գերագնահատում իրադարձությունների շղթայի մեջ: Սա ավելի շուտ հետահայաց մի դիտարկում կարող է համարվել, երբ քննության համար արժևորման երկու տեսանկյուն գոյություն ունի: Մի դեպքում` քեզ գնահատում են ուրիշները, մեկ այլ դեպքում` ինքդ ես քո վաստակի դատավորը: Ու գուցե թե հենց նման երկկողմանի դատավճիռ-խոստովանանքի ակնկալիքով է ժամանակին մեծ ֆրանսիացին` Շարլ դը Գոլն այս հետաքրքիր միտքը հայտնել. «Ցանկացած քաղաքական գործիչ, որ պետական այր է դառնում, հաճախ կանգնում է ընտրության առջև՝ պետությա՞ն շահերը պաշտպանել, թե՞ նրանց, ովքեր իրեն բերում են իշխանության»։ Իսկ հանրությունն էլ իր հերթին այդ ընթացքում մեկ այլ էական երկընտրանք է լուծում` բարի՞ խոսքով հիշել անցավորաց, թե՞ նրանց գամել պարսավանքի սյունին:

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Վազգեն Մանուկյանը համարվում է նորանկախ Հայաստանի առաջին վարչապետը: Այս փաստը երբեք վիճարկվելու առիթ չի տվել, թեև եթե մանրախնդրորեն արձանագրենք իրադարձությունների ճշգրիտ տարեթվերը, ապա կստացվի բոլորովին այլ արդյունք: Բանն այն է, որ Մանուկյանն իր պաշտոնը ստանձնեց 1990թ. օգոստոսի 13-ին` երկրի Գերագույն Խորհրդի կողմից նշանակվելով Նախարարների խորհրդի նախագահ, իսկ 1991թ. սեպտեմբերին` անկախության հանրաքվեից տառացիորեն մի քանի օր անց հրաժարվեց այդ պաշտոնից: Ստացվում է, որ նա իրականում եղել է դեռևս խորհրդային կարգերում գործող Հայաստանի վերջին կառավարության ղեկավարը: Սակայն, ինչպես ասում են, սա այն դեպքերից է, երբ ժամանակն անսխալ սրբագրում է կատարում, և եթե նույնիսկ փոքր-ինչ մեղանչում է ճշմարտության առաջ, ապա հանուն մեկ այլ ճշմարտության, որը նույնքան հավաստի է: Հայաստանի փաստացի անկախության հիմքը դրվեց շատ ավելի վաղ, քան այն կստանար իր իրավական հիմնավորումը, և սեպտեմբերյան հանրաքվեն ու հռչակագիրը ընդամենը վավերացումն էին առկա իրողությունների:
Վարչապետի պաշտոնում Վազգեն Մանուկյանի ընտրության ախուսափելիությունը պայմանավորված էր մի էական հանգամանքով. նախ և առաջ նա եղել էր Շարժման փաստացի առաջնորդը, ՀՀՇ վարչության առաջին նախագահը: 1990թ. մայիսին ընտրվելով Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր և այս հարթակից ուղղորդելով քաղաքական նոր հոսանքի գործունեությունը` նա նոր իշխանության դերաբաշխաման գործընթացում, ինչպես ասում են, ազնվորեն վաստակել էր առաջին դեմքը դառնալու արտոնությունը: Հետո միայն այդ հանգամանքը պիտի անհանգստություն պատճառեր ոմանց, սակայն սկզբնական փուլում կառավարության ղեկավարը վայելում էր ընդհանուր թիմի աջակցությունն ու պաշտպանությունը: Ասում են, որ այն օրերին Մանուկյանին նույնիսկ 6 ամսով օժտեցին արտակարգ լիազորություններով, ինչր թույլ էր տալիս կառավարություն կազմել, նախարարներ նշանակել և ազատել սեփական հայեցողությամբ, շատ դեպքերում անգամ` առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու: Այսօր նման առանձնաշնորհը կարող է հանգամանքներից ու պայմանականություններից կախման մեջ գտնվող շատերի նախանձը շարժել, բայց 1990-ին դա ուղղակի անհրաժեշտ դիկտատ էր:
Առաջին վարչապետին, որը դեռևս գործող հին սահմանադրությամբ համարվում էր երկրի փաստացի ղեկավարը, բաժին ընկավ ծանր, աննախանձելի վիճակում հայտնված Հայաստանը: ԽՍՀՄ-ն ամբողջովին լուծարված չէր, սակայն կազմաքանդվում էին նրանից ժառանգված պետական ինստիտուտները: Բարդություններ հարուցող առանձնահատուկ գործոնների շարքում էին Աղետի գոտին, որն ընդգրկում էր երկրի մեկ երրորդը, 300 հազար փախստականների ներկայությունը, արդեն ծավալվող ու խորացող պատերազմը, շրջափակումները, իրեն զգացնել տվող էներգետիկ ճգնաժամը և այս ամենին գումարվող հասարակության այն վերաբերմունքը, երբ օբյեկտիվ դժվարություններն առանձնապես չեն հետաքրքրում, փոխարենը կա կեցության նվազագույն պայմաններ ապահովելու հրամայական պահանջը:
Կառավարությունն այս ամենը հասկանում ու տեսնում էր: Միևնույն ժամանակ չէր կարող շրջանցել շատ ավելի գլոբալ մի խնդիր` հասարակական- տնտեսական նոր կացութաձևի անցումը: 90-ականների սկզբի հեղափոխական ռոմանտիզմին անխուսափելիորեն փոխարինելու էր գալիս վայրի կապիտալիզմի իրականությունը, տեղի էր ունենում այն, ինչը տնտեսագետներն անվանում են կապիտալի նախնական կուտակում։ Եվ այս իրավիճակում մասնագիտությամբ մաթեմատիկոս, նախկինում պետական կառավարման նույնիսկ համեստ փորձառության ու տնտեսագիտական իմացությունների չտիրապետող վարչապետը ստանձնում էր երկրի ղեկը` հարթելու համար մի ուղի, ինչի սկզբի ու ընթացքի մասին կարող էր սոսկ վերացարկված պատկերացումներ ունենալ: Դա իսկապես համարձակ քայլ էր: Միայն թե համարձակությունը բավարար նախապայման չէր ճշգրիտ քայլեր կատարելու համար: Եվ առաջին վարչապետը ստիպված էր պակասը լրացնել ոչ միայն բնատուր ունակությունների հաշվին կամ ինտուիտիվ, այլև պահի հրամայականով ու դեպքերի տրամաբանությամբ:
Մանուկյանի ու նրա թիմի որդեգրած տնտեսական նոր քաղաքականությունը պահանջում էր տնտեսական ազատականություն, ազատ շուկայի ձևավորում, կենսունակ մասնավոր սեկտորի ու գործարարների խավի առաջացում: Այս ամենը ընդդիմախոսների կողմից պիտի որակվեր ոչ այլ կերպ, քան պետության դերի չեզոքացում: Սակայն մարտահրավերը նետված էր, և վարչապետի «Մենք նոր կուլակաթափություն չենք անի» հայտնի կարգախոսը սառը ցնցուղի ազդեցություն պիտի ունենար հակաճառողների համար:
Նրա անունն առաջին հերթին կապվում է հողի սեփականաշնորհման հետ: Հիմա` ժամանակի հեռվից եթե գնահատելու լինենք այդ արմատական քայլը, ապա պիտի ասենք` դա հաղթանակ էր, որ շատ նման էր պարտության: Հավանաբար բոլորից լավ Վ. Մանուկյանն էր հասկանում, որ նման պատասխանատվության բեռ իր ուսերին վերցրած գործիչը հավասարապես պիտի ճաշակեր և անեծք, և օրհնություն: Այն, որ ագրարային ռեֆորմն անվիճելի անհրաժեշտություն էր, պարզ դարձավ բառացիորեն մի քանի տարի անց: Նախկին միութենական հանրապետությունների շարքում այդ բարեփոխման նախակարապետը լինելով` Հայաստանն, առանց չափազանցության, փրկվեց սովից։ Այս իրողությունն ակնհայտ դարձավ մանավանդ այն բանից հետո, երբ 1992 թ. օգոստոսին փակվեց Աբխազական երկաթուղին, և Հայաստանի շրջափակումը դարձավ էլ ավելի ընդգրկուն։ Ստեղծվել էր մի վիճակ, երբ արտասահմանում գնված բեռներ ու հացահատիկ ունենալու պարագայում անգամ հաղորդակցության ճանապարհների բացակայությունը անհնար էր դարձնում դրանց ներկրումը։ Եվ այդ ժամանակ ներքին պաշարները թույլ տվեցին բավարարել նվազագույն պահանջարկը:
Սակայն, մյուս կողմից, հողը գյուղացուն հանձնվեց մի այնպիսի անբարենպաստ պահի և իրավիճակում, որի մասին խոսելն իսկ ավելորդ է: Հենց այդ օրերի դառը հիշատակն է պատկերավոր այն միտքը, որ ոչ թե հողը գյուղացուն, այլ գյուղացուն հանձնեցին հողին:
Ի դեպ, մարդկանց հիշողության մեջ թարմ է մնացել ևս մի դրվագ, որն անմիջականորեն կապում են առաջին վարչապետի անվան հետ: Երբ շատ անսպասելի կերպով խորհրդային ռուբլին ենթարկվեց դևալվացիայի, ու ամեն ոք իրավունք ուներ խնայդրամարկղում փոխել ընդամենը 10 հազար ռուբլի,
Մանուկյանը, անտեսելով Մոսկվայից իջեցված կարգադրությունը, հայկական հեռուստատեսությամբ դիմեց ժողովրդին և առաջարկեց տարբերակներ` հնարավորինս անկորուստ այդ կացությունից դուրս գալու համար:
Տեսակետ կա, համաձայն որի Մանուկյանի գլխավորած կառավարությունն այդպես էլ համակարգային, ինստիտուցիոնալ լուծումներ չտվեց, իսկ վարչապետի հիմնական փաստարկը պարբերական շրջափակումներն էին և նախկին ԽՍՀՄ տնտեսական տարածքում դեզինտեգրացիայի հետևանքով առաջ եկած ճգնաժամը: Սակայն, չգիտես ինչու, մոռացության է տրվում ամենակարևորը՝ այն, որ հաջողվեց պահպանել նոր-նոր ոտքի կանգնող անկախությունը: Նրան հաջողվեց ևս մի` ոչ պակաս կարևոր բան` երկիրը հեռու պահել քաոսից: Ըստ էության կարճ ժամանակահատվածի մեջ նախապատրաստվեց այն հիմքը, որի վրա պիտի կառուցվեր երկրի տնտեսության ապագան: Իսկ այդրոպեական խնդիրների շարքում «Ամեն ինչ ռազմաճակատի համար» չբարձրաձայնված կարգախոսը եղավ ինչպես նրա, այնպես էլ հաջորդող կառավարությունների թիվ մեկ պահանջը:
Վազգեն Մանուկյանը վարչապետի աթոռը լքեց ավելի վաղ, քան կարելի էր դա ենթադրել: Երկրում հետզհետե ծնունդ առնող քաղաքական երկիշխանության պայմաններում նա հրաժարական տվեց` դաշտը հանձնելով նախագահ ընտրված Լևոն Տեր-Պետրոսյանին: Հետագայում ամենատարբեր մեկնաբանությունները հնչեցին նախկին համախոհների միջև ծայր առած սկզբունքային տարաձայնությունների մասին: Եղան մարդիկ, ովքեր փորձեցին Մանուկյանի այդ քայլը վերագրել նրա անձնական հավակնոտությանը: Բայց եթե յուրաքանչյուր քաղաքական ու գաղափարաբանական անհամաձայնության սնունդ առներ նեղ, միջանձնային փոխհարաբերությունների ակունքից, ապա կամ գաղափարը քաղցած կմնար, կամ ակունքի խորքային պարունակությունն աննմատչելի կլիներ դրան ձեռք մեկնողների համար:
Եղան նաև այնպիսինները, ովքեր վարչապետի հրաժարականը որակեցին իբրև հետևանքների պատասխանատվությունից խուսափելու լավագույն միջոց, մինչդեռ պարզից էլ պարզ էր, որ հակասությունների շարժառիթները շատ ավելի լուրջ էին, և դրանք ի հայտ պիտի գային հաջորդող տարիների ընթացքում: Պատասխանատվությունն այս դեպքում շարունակական էր լինելու, քանի որ կառավարության ղեկի մոտ նստած Վազգեն Մանուկյանը թե իր ժամանակի և թե իր կոչման թելադրանքով մնում էր քաղաքական գործիչ` հասկանալով, որ ոչ հանրությունը, ոչ համախոհների թիմը դժվարությամբ պիտի համակերպվեն իրեն տնտեսության կառավարիչ ընկալելու մտքի հետ: Դա չէր կարող անհետևանք մնալ:
Իսկ 1991-ի սեպտեմբերին նրա հեռանալը նշանակում էր մի բան. հեղափոխությունն ավարտվել էր: Վրա էր հասել «ռեակցիայի» փուլը, երբ հեղափոխությունը խժռում է իր զավակներին:

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վազգեն Մանուկյանից հետո երկրի վարչապետի պաշտոնում ՀԿԿ կենտկոմի սոցիալ-տնտեսագիտական նախկին բաժնի վարիչ, բայց արդեն ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյանի նշանակումը պատահական չէր և կարող էր ենթարկվել միայն մեկ տրամաբանության. իշխանությանը անհրաժեշտ էր այնպիսի մեկը, ով իր ներկայությամբ կլուծեր երկու խնդիր`կմեղմեր ինչպես վերնախավի, այնպես էլ հասարակության մեջ խմորվող դժգոհությունների ալիքը ու միևնույն ժամանակ առանց ավելորոդ ինքնագործուներության կյանքի կկոչեր այն գործընթացները, որոնք կթելադրվեին իշխանության մեծամասնական թևի կողմից: Այս իմաստով Գ. Հարությունյանի անձը բավարարում էր նման մտադրության պահանջները: Վերջինս չէր հարում որևէ քաղաքական շարժման և ներկայացվելով իբրև տնտեսագիտական կրթությամբ կոմունիստական նոմենկլատուրայի երևելի դեմքերից, ինչ-որ առումով նաև անցյալի նոստալգիկ տրամադրությունների կրողն էր համարվում: Հատկանշական է, որ Հարությունյանը մինչև վերջ այդպես էլ չնշանակվեց վարչապետ՝ մնալով որպես վարչապետի պաշտոնակատար, իսկ խոսակցություններն այն մասին, որ վարչապետն այդ աշխատանքը ստանձնել է դժկամությամբ ու սահմանափակ ժամանակով, հետզհետե դառնում էին ավելի ակնհայտ ու ճշմարտանման:
Սակայն մեծ հաշվով կադրային այս փոփոխության հետ կապված հաշվարկներն ու սպասելիքները չարդարացան: Ուժեղ գործադիր իշխանություն ձևավորելու հավաստացումների շղարշի ներքո իրականում ձևավորվեց պատասխանատվության և իրավասությունների խառնաշփոթի մեջ խարխափող մի ղեկավար մարմին: Դա ուներ իր ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառները: Որպես անժխտելի խոչընդոտ ընկալվում էր երկրի ընդհանուր կացությունը, երբ տնտեսությամբ զբաղվելը լավագույն դեպքում կարող էր նշանակել ոչ այլ բան, քան ներկա պահի հրատապ պահանջներին լուծումներ գտնելը: Հազիվ թե Գագիկ Հարությունյանի համար այն օրերին հաճելի լիներ լսել, որ ինքը նավթ ու նավթավառ բաժանող վարչապետ է: Սակայն ի՞նչ կարող էր անել. ժամանակներն էին այդպիսին: Եվ բնականաբար որևէ լուրջ բարեփոխումներ իրականացնելու հեռանկարի մասին նույնպես խոսք լինել չէր կարող, թեև դրանց պահանջը հատկապես այդ ժամանակահատվածում այնքան մեծ էր:
Նրա վարչապետությամբ Հայաստանում սկսվեց այսպես կոչված «գորշ շրջանը», որը գուցե բոլորովին էլ պայմանավորված չէր գործադիր մարմնի ղեկավարի անձով (թեև շատերի համար սա շարունակում է մնալ վիճարկելի տեսակետ): Առաջ ընկնելով ասենք, որ հիշյալ «գորշությունը» այնուհետև պիտի ժառանգվեր Հարությունյանի հաջորդին` ձեռք բերելով առավել մուգ երանգներ ու շերտավորումներ:
Մի դեպքում դա կարող ենք բացատրել պատճառի ու հետևանքի փոխկապակցվածությամբ, մեկ այլ պարագայում արդարացնել այն հանգամանքով, որ արտաքին բացասական ազդակների ճնշման ներքո հազիվ թե կարող էր խոսք լինել որևէ տեղաշարժի հնարավորության մասին:
Գնահատելով մի քանի ամիսներ տևած վարչապետության շրջանը, Գագիկ Հարությունյանի աշխատանքի մասին սովորաբար ընդունված է ասել, թե նա առաջինն էր, ով դասական իմաստով ձևավորեց կառավարություն: Ի՞նչ ասել է` դասական կառավարություն, դժվար է միանշանակ պատասխան տալ: Եղածը աչքի չէր ընկնում ոչ պրոֆեսիոնալիզմով ու ոչ էլ ընտրության բազմակուսակցական սկզբունքով: Թերևս այս անորոշ ձևակերպման բանալի դառնա այն հանգամանքը, որ Գ. Հարությունյանի մեծ ձեռքբերումներից մեկն այնուամենայնիվ այսպես կոչված ազգային բյուրոկրատիայի ձևավորումն էր բառի ու երևույթի երկակի իմաստով, մի բան, որ կարող էր ծնունդ առնել նաև ինքնաբերաբար` առանց վարչապետի աջակցության:
Իսկ առավել հատկանշական գծերից հիշատակման արժանի է այն, որ ունենալով Կենտկոմի տեսուչի փորձ՝ նա առաջին հերթին կարողացավ խույս տալ ամեն կարգի հնարավոր բախումներից ( կամ կարելի է ասել` նույնիսկ փորձ չարեց առճակատման գնալ)` դրսևորելով ոչ այնքան իր մանևրելու ունակությունները, որքան տուրք տալով անվտանգ հաշտվողականությանը: Առավելագույնը, ինչին Գ. Հարությունյանը կարողացավ ձեռնամուխ լիներ մեծ ոգևորությամբ, այն էր, որ սկսեց ձևավորել պետականության ատրիբուտներ ասվածը: Հիմա գուցե անհավանական ու զավեշտալի թվա, բայց այն ժամանակ կառուցողական աշխատանք էր համարվում նույնիսկ կառավարության նիստ կազմակերպելը: Սա, ինչ խոսք, աննշան դրվագ էր հսկայական հոգսերի համեմատ, բայց չէ՞ որ դա նույնպես անհրաժեշտ էր:
Ժամանակների հեռավորությունից վաստակի գնահատումը կարծես թե շատ ավելի դյուրին է, սակայն անհնար է խուսափել այն հատկանշական երևույթների հիշատակումից, որոնց դրոշմը մնաց այդ տարիների վրա և փաստացի դարձավ ինչպես իրավիճակի, այնպես էլ դրա պատասխանատվությունը ստանձնած անձերի բնութագրիչը: Իսկ այդ շրջանում մեր բառապաշար ներմուծվեցին այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «անցման փուլ», «արտաքին անբարենպաստ պայմաններ», «տնտեսական ճգնաժամ»: Հետզհետե սրանք վերածվեցին ամեն կարգի ձախողումներ և սխալներ պարտակող «մեղմացուցչի դեպք հանցանաց»-ի` իրենց երկարակյաց հմայքն ու զորությունը պահպանելով առայսօր: Հացի հերթեր, կաթվածահար տրանսպորտ, վառելիքի բացակայություն, գների թանկացում, կանխիկ դրամի սով… Ի՞նչը կարող էր լինել թվարկված երևույթներից յուրաքանչյուրի համար ավելի ծանրակշիռ բացատրություն, քան հիշատակված բառակապակցություններից որևէ մեկի օգտագործումը:
Բայց ամենքն էլ տեսնում ու հասկանում էին. այս բոլորի պատճառները չեն կարող միայն օբյեկտիվ լինել: Հատկապես կառավարության վրա էր ծանրանում այն մեղադրանքը, որ չկարողանալով ապահովել տնտեսական գործառնության նվազագույն իրավական դաշտը, թույլ տվեց պետական կոռուպցիայի աղաղակող մթնոլորտի խորացում: Մասնագետների գնահատմամբ, աղետալի հետևանքների պատճառ դարձավ նաև հակաինֆլացիոն քաղաքականությունը` վարկային էմիսիայի ուղղակի և անուղղակի հնարավորությունների չօգտագործումը: Գուցե այստե՞ղ է պետք որոնել հետագայում շատ անգամներ հոլովված այն տեսակետի բուն պատճառը, ըստ որի Գագիկ Հարությունյանի վարչապետության շրջանը ստվերվում է պրոֆեսիոնալ անկարողության հանգամանքով:
Լինելով շատ զգուշավոր մարդ ու ու պետական գործիչ՝ Գ. Հարությունյանը ոչ թե ակամա, այլ թերևս հետևողական լրջությամբ աշխատանք տարավ, որպեսզի տնտեսության ազատականացմանն ուղղված մի շարք գործընթացներ պարզապես դանդաղեին: Եթե պարզորոշ գծագրված չէ արդյունքն ու հեռանկարը, ի՞նչ իմաստ կա թաթախվել նոր բարդացումների մրուրի մեջ: Անշուշտ, այդ ընթացքում նաև որոշակի քայլեր արվեցին մասնավորապես հարկային ծառայության ոլորտն ակտիվացնելու, սեփականաշնորհման գործընթացի տևականությունը պահպանելու ուղղություններով: Այնուամենայնիվ, նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում շատ ավելին կարելի էր անել, քան արվեց: Նույնիսկ իրական հնարավորություններ կային հիմք դնելու երկրի ինստիտուցիոնալ զարգացմանը, բայց, ցավոք, այդ կարողությունները չօգտագործվեցին: Այսպես կոչված «սեփականաշնորհման երկրորդ փուլը»` առևտրի օբյեկտների, փոքր արտադրությունների, գյուղատնտեսական վերամշակումների ճյուղի մասնավորեցումը, որը միանգամայն հասունացած պահանջ էր, այդպես էլ մնաց կառավարության ծրագրերի գզրոցներում: Այդ իսկ պատճառով էլ ավելի ուշ արված այն հայտարարությունը, թե երկրում սղաճը կազմել է 50, 8 տոկոս, նույնն էր, թե ասվեր, որ տնտեսությունը գտնվում է կաթվածահար վիճակում: Քաղաքական կուլիսներում ավելի հաճախ էին խոսում այն մասին, թե կառավարությունը դադարել է գործադիր իշխանության հիմնական մարմին լինել` շատ դեպքերում ինքնակամ հրաժարվելով իրեն վերապահված ֆունկցիաներից ու իրավասություններից: Իսկ տնտեսագետների խորին համոզմամբ, վարչապետ Գագիկ Հարությունյանի ստանձնած տնտեսական տարվա ձախողումների բուն պատճառներն էին արտաքին, ռազմաքաղաքական և ներքին սոցիալ-քաղաքական ապահովման փաթեթների բացականությունը, տնտեսագիտական ապահովվածության փաթեթի կասկածելի հիմնավորվածությունը, որն, ինչ խոսք, վաղ թե ուշ պիտի դրսևորվեր իր ողջ անկատար «հմայքով»:
1992-ի ամռանամուտին արդեն ակնհայտ էր, որ եկել է Գ. Հարությունյանի հեռանալու պահը: Որքան էլ վերհիշեին, թե նա դժկամությամբ էր ստանձնել վարչապետությունը և այն էլ` որոշակի սահմանափակ ժամկետով, այնուհանդերձ «ճամպրուկային տրամադրությունն» իր սև գործն արել էր բոլոր առումներով: Երկրորդական դեր չունեցավ նաև ընդդիմության ակտիվացումը, որ հատկապես այդ օրերին մի շարք բազմամարդ երթեր ու միտինգներ գումարեց` անվանարկելով կառավարությանն ու նրա ղեկավարին: Հարությունյանն առանց վարանումի լքեց իր պաշտոնը և վերադարձավ ընտրովի պաշտոնի` փոխնախագահի պարտականությունների կատարմանը: Իսկ նրա իշխանության շրջանը ժողովրդի հիշողության մեջ մնաց իբրև մի հավելյալ հատված առանց այդ էլ դժվար հաղթահարվող ճանապարհի վրա:
Այսպիսի դեպքերում, ինչպես ասում են, մարդկանց լեզուն ոսկոր չունի և փնտրում ու գտնում է որևէ դիպուկ բնորոշում`սեփական պատկերացումների ու տպավորությունների արդյունքը պահ տալով բնատուր սրամտությանը: Հաշվի առնելով հեռացող վարչապետի գործառույթների ոլորտի նեղ շրջանակը, հանրությունը Գ. Հարությունյանին մեծարեց «ամենայն Հայոց տնտեսվար» տիտղոսով:

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Պաշտոնաթող Հարությունյանին փոխարինելու եկավ մեկ ուրիշ Հարությունյան: 1992 թ. կառավարության ճգնաժամից դուրս գալու համար Գերագույն խորհրդում ի վերջո համաձայնություն ձեռք բերվեց իբրև փոխզիջումային տարբերակ վարչապետի աթոռը տրամադրել Խոսրով Հարությունյանին: Չարենցավանի կարի ֆաբրիկայի երբեմնի տնօրենի և ապա այդ քաղաքի քաղխորհրդի գործկոմի նախագահի համար դա մեծ թռիչք էր: Նրա ընտրությունը հաճախ փորձել են պայմանավորել, այսպես կոչված, պրոֆեսիոնալ ադմինիստրատոր լինելու հանգամանքով, ինչը մեր կարծիքով, փոքր-ինչ չափազանցված է: Ճիշտ է, նոր վարչապետը շատ ավելի գործնական մարդ էր, քան իր նախորդը, սակայն վարչարարական հատկանիշն այդպես էլ որևէ տեսանելի ու շոշափելի դերակատարություն չունեցավ այն ամիսների ընթացքում, որոնք ավելի շուտ դարձան ներքին անկազմակերպվածության, կոռուպցիայի, ադմինիստրատիվ սխալ լուծումների, ոչ պրոֆեսիոնալ կառավարման ժամանակահատված:
Խ. Հարությունյանը գործադիր իշխանության ղեկավար եղավ 1992-ի օգոստոսից մինչև 1993-ի փետրվարը: Հետաքրքրական է, որ նրա նշանակումից հետո ժողովրդի մեջ սկսեց շրջանառվել անեկդոտիկ մի արտահայտություն այն մասին, թե այս հերթական կառավարության նախագահը դառնալու է «ձմեռային վարչապետ», այսինքն` մեկը, որի խնդիրը պիտի լիներ երկիրը ձգել մինչև գարնանամուտ: Ու հարկ է նկատել, որ կատակով արված կանխատեսումն ըստ էության իրականություն դարձավ: Հաջորդ տարվա գարնանը Խ. Հարությունյանն արդեն լքել էր իր պաշտոնը:
Վարչապետի կարգավիճակում իր առաջին ասուլիսներից մեկում Խ. Հարությունյանը հայտարարեց. «Ես որպես վարչապետ կասեմ, որ մեզ այսօր ոչ թե ինքնակարգավորման մեխանիզմներ են պետք, այլ կանխարկող գործողություններ, որոնք թույլ կտան հանրապետությունը չտանել դեպի քաոս»: Սակայն նա զրկված էր թե մեկ և թե մյուս մեխանիզմեները գործարկելու հնարավորությունից:
Այս զրկվածությունը մի քանի պատճառներ ուներ և միշտ չէ, որ ուղղակիորեն պայմանավորված էր Խ. Հարությունյանի ընդունակություններով կամ կամային հատկանիշներով: Բանն այն է, որ առանց այդ էլ երկրի համար ծանր շրջանում, չունենալով ոչ կուսակցական թիկունք, ոչ խորհրդարանական մեծամասնության աջակցություն, նրան հազիվ թե հաջողվեր իրականացած տեսնել նույնիսկ ամենասովորական ու մեծ ջանքեր չպահանջող ծրագրերը: Եղածին գումարվում էր նաև նախկին վարչապետից ժառանգություն ստացած կառավարության նախագահությունը`(այն ժամանակ գործում էր այսպես կոչված «փոքր կաբինետը»` իր հավակնոտ անդամներով, որոնք իբրև թե կոչված էին կոլեկտիվ որոշումներ ընդունել, սակայն իրականում ամեն գնով սահմանափակում էին վարչապետական մենիշխանությունը կամ զրկում նրան գործունեության ակտիվ լծակներից): Հասկանալի է, որ միայնակ անհնար էր դիմակայել նման ճնշումներին, այդ պատճառով էլ Խ. Հարությունյանը գերադասեց ոչ թե պայքարի մեջ մտնել ու վերջնականապես տանուլ տալ, այլ խաղաղ նահանջել` ապագայում կրկին վերադառնալու հույսով: Հայտնի կոմբինատորի բառերով ասած, «ամբողջն ունենալու համար զոհաբերեց մասը»:
Իսկ մինչ ժողովրդի համար բաղձալի գարունը վրա կհասներ, երկրի վարչապետը աշխատեց կիսատ-պռատ կոմպլեկտավորված կառավարության կազմով, որոնց նշանակման հետ նա ընդհանրապես ոչ մի առնչություն չուներ, քանի որ այդ իրավունքը վերապահված էր նախագահին, հազվադեպ դեպքերում` նաև Գերագույն Խորհրդին: Հավելենք եղածին նաև այն, որ ուժային-քաղաքական նախարարությունները նրան ենթարկվելու որևէ ցանկություն այդպես էլ չդրսևորեցին: Այս պայմաններում էլ ի՞նչ դրական տեղաշարժերի ակնկալիքի մասին կարող էր խոսք լինել…
Ցայտնոտային իրավիճակներն իրենց հետ բերում էին նույնքան ցայտնոտային լուծումներ ու դիրքորոշումներ: Հարությունյանի օրոք էր, որ կառավարության անդամի շուրթերից հնչեց այն միտքը, թե պետք է վարել ձևական տնտեսական քաղաքականություն, քանի որ վիճակը միշտ կախված է լինելու այն բանից, թե ինչպես ու երբ Ռուսաստանը կկայունացնի ռուբլին, ուստի այլ բան չի մնում, քան շարժվել այդ հոսանքին համընթաց: Սրան արդեն անհնար էր նույնիսկ խուճապային տրամադրություն բնորոշումը տալ, քանի որ ասվածը նշանակում էր ինքուրույնության վերջնական կորուստ և կամ ստորադաս վիճակ արտաքին ազդակներից:
Ի դեպ, Ռուսաստանի անվան հիշատակուման մասին, որն այնքան էլ անտեղի չէր: Բանն այն է, որ Խ. Հարությունյանի կառավարման ամիսներին Հայաստանն այդ երկրի հետ տնտեսական համագործակցության համաձայնագիր ստորագրեց, ինչը նախատեսում էր հյուսիսային դաշնակցի կողմից հումքի, էներգակիրների ու սննդամթերքի տրամադրում մեր հանրապետությանը: Դա, անշուշտ կարևոր քայլ էր, սակայն ոչ երբեք բոլոր խնդիրների վերջնական լուծումը:
Խոսրով Հարությունյանի հերոսական ձեռքբերումներից մեկը (գուցե նաև միակը) եղավ այն, որ 1992 թ. աշնանը, երբ Հայաստանի շրջափակումը հանգեցրել էր վատթարագույն հետևանքների, Կարս-Գյումրի երկաթգծով Հայաստան ներկրվեց թուրքական ցորենը, ինչի դիմաց Եվրամիությունը նույնքան ցորեն պետք է տար Թուրքիային: Հիշենք, որ այդ օրերին երբեմն ստացվում էր այնպես, որ երկրում ընդամենը 1-2 օրվա հացի պաշար էր մնում: Բայց արի ու տես, որ այս քաջագործության դափնիների ստվերից զատ կա մեկ այլ ստվերոտ կողմ ևս, ինչն արդեն հակում ունի մեկ հարվածով հողին հավասարացնելու հացաստեղծ վարչապետի մեծ ծառայության գինը: Բոլոր նրանց, ովքեր սիրում էին կրկնել, թե Հարությունյանի ամենամեծ ներդրումն այն էր, որ նա թույլ չտվեց երկրում սով սկսվի, հակառակ դիրքորոշման կողմնակիցները պատասխանում էին հետևյալ փաստարկով. «Հացի խնդիրը Հայաստանում սրվեց միայն այն պատճառով, որ Խ. Հարությունյանը փոխանակ հացի շուկան ազատականացներ, ընդհակառակը, ամբողջովին այն մոնոպոլիզացիայի ենթարկեց»:
Այս կարգի վեճերը սաստկանում ու բազմապատկվում էին, և հավանաբար դրանք այն ամիսների եզակի բացառություններն էին իրենց չնվազող տեմպերի առումով: Իսկ ահա պլանային տնտեսությունից դեպի ազատ շուկայական տնտեսության անցման տեմպերը ոչ միայն շատ դանդաղ էին, այլև երբեմն մոտենում էին տեղապտույտային վիճակին:
Նույն կացությունն էր արդյունաբերությունում. համարյա բոլոր մեծ ձեռնարկությունները կանգնած էին: Իսկ դրանց սեփականաշնորհման գործընթաց Խ. Հարությունյանը ոչ ի վիճակի էր սկսել և ոչ էլ առանձնապես մեծ ցանկություն էր դրսևորում: Կար արտաքին բուտաֆորիան`այն բանի խաբուսիկ տեսլականը, թե իբր այնուամենայնիվ ինչ-որ բան շարժվում է: Դա սեղանիկների և կրպակային բումի ժամանակահատվածն էր, սպեկույլատիվ առևտրի ու տարադրամային ձեռնածությունների աստեղծային ժամը: Վերջապես հացի, գազի ու էլեկտրաէներգիայի գների բազմակի ավելացումները համբերության բաժակի մեջ ընկած այն վերջին կաթիլները դարձան, ինչից այն կողմ ներքին ցնցումները դառնում էին անխուսափելի: Պահը վճռորոշ էր: Կրկին զոհաբերում էր անհրաժեշտ:
Եվ պատեհ առիթն իրեն երկար սպասել չտվեց:
Պայծառատեսության ու անկեղծության բռնկումի մի պահի վարչապետը հանկարծ որոշեց հայտարարել, որ ՀՀ տնտեսական տագնապը 70-ից ավել %-ով ներքին անկազմակերպվածության, թալանչիության արդյունք է, որից միայն 20 %-ի պատճառն է փակ սահմանը: Այսպիսի ակնհայտ ճշմարտությունները բարձրաձայնելու համար սովորաբար թանկ են հատուցում: Ու երրորդ վարչապետն իսկապես հատուցեց:
Այսօր ընդունված է ասել, թե նախագահը Խոսրով Հարությունյանին ազատեց աշխատանքից, քանի որ 1993-ի պետբյուջեի ընդունման հարցում տարաձայնություններ առաջ եկան: Սակայն վարկածներ կան, համաձայն որոնց իրականում Խ. Հարությունյանի հեռացումը պայմանավորված էր փոխվարչապետ Հրանտ Բագրատյանի հետ կուլիսային անհաշտությամբ ու ինտրիգներով: Նույնիսկ նշում են, թե իբր վարչապետը գտել էր համախոհներ ու պատրաստվում էր նրանց հետ ձեռք-ձեռքի տված մինի-խռովություն նախապատրաստել և պահանջել ռեֆորմիստ հորջորջվող Բագրատյանի հրաժարականը: Բայց վերջին պահին ԳԽ-ն դեմ քվեարկեց այդ հեռանկարին: Հավանաբար, այնուամենայնիվ գտնվեցին մարդիկ, որոնք հասկացան, որ այդ անլուծելի կոնֆլիկտի պատճառը նույնն էր, ինչ Գագիկ Հարությունյանի դեպքում: Լինելով ազատ, լիբերալ տնտեսության ու բարեփոխումների կողմնակից, Հրանտ Բագրատյանը չէր կարողանում հանդուրժել զույգ Հարությունյանների պահպանողականությունն ու ազատ տնտեսության անցման տեմպերի դանդաղեցմանն ուղղված նրանց կոնկրետ գործողությունները: Անսպասելի չէր, որ ի վերջո Հարությունյանը պիտի պարտվեր: Նա այդ պահին ոչ միայն քաղաքական թիմ չուներ, այլև անձնական մեծ հեղինակություն:
Տարիներ հետո մի հարցազրույցի ժամանակ Խ. Հարությունյանը մշուշոտ կերպով պիտի ակնարկեր, թե հաջորդ կառավարության կիրառած «կառավարելի անցման» մոտեցումների մարտավարության հեղինակն ըստ էության ինքն էր, և, ընդհանրապես, էլի շատ բաներ կային, որոնք եղել էին իր մտահղացումները: Սակայն այս պնդումների իրավացիությունը հաստատել կամ հերքել մենք չենք կարող:
Բոլոր դեպքերում ընդունված է ասել, որ Խոսրով Հարությունյանին պաշտոնից ազատելը հիմնավոր էր ճիշտ այնքան, որքան նրա նշանակումը…

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ

Բագրատյանն իր նախորդներից տարբերվում էր մեկ էական առավելությամբ` նա գիտեր տնտեսության կառավարման այբուբենը: Դրա հետ մեկտեղ նա ներկայացնում էր վերափոխումների լիբերալ մտածողության թևը` համարձակորեն պնդելով ու պահանջելով դրանց անհապաղ գործարկումը: Էմոցիոնալ, էքսցենտրիկ, խելացի և հաճախ սուբյեկտիվ մարդու համբավը կառավարության ղեկավարի պաշտոնում նրան ավելի շատ օգնեց, քան խանգարեց, առավել ևս, որ ժամանակը նույնպես պահանջում էր կտրուկ, արմատական, նույնիսկ կարելի է ասել` վիրահատական լուծումներ: Ժամանակն ու Բագրատյանը նման էին մեկը մյուսին: Այլ հարց էր, թե նրանք կարողացա՞ն հանդուրժել այդ միանմանությունը:
Շոկային թերապիան. ահա այն գործելաոճը, որ ներմուծեց նոր` թվով չորրորդ վարչապետը:
1993-ի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում տեղ գտան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ինվեստիցիոն կորպորացիա, բիզնես ինկուբատոր, ֆինանսական նոր քաղաքականություն: Անմիջապես պարզ էր դառնում հիմնական միտումը`նախնական փուլի վայրի լիբերալիզացիայից անցում դեպի պետականորեն կարգավորելի տնտեսություն: Սակայն միևնույն ժամանակ օրակարգում էր հարցերի հարցը. «Իսկ ինչպե՞ս պիտի դա կյանքի կոչվեր, եթե անհնար էր որևէ բարեփոխում իրականացնել քաղաքական վստահության մթնոլորտի բացակայության և պետական օղակների թերատ աջակցության պայմաններում»:
Պարզվեց, որ Բագրատյանը հեշտ հուսահատվողներից չէր: Արդեն հիմա, եթե պատահում է այնպես, որ տարիների հեռվից Բագրատյանը երբեմն հաճելի հիշողությունների գիրկն է ընկնում, ապա նրանից կարել է լսել այս կարգի պատմություններ. «… 1993-ին, երբ ես փոխարինեցի Խոսրով Հարությունյանին, առաջին որոշումը եղավ այն, որ պետք է ազատականացնել ներմուծումները: Իմ նշանակումից 3 ժամ անց մաքսատունը այդ ազատականացման հրամանը ստացավ, որի արդյունքում ընդամենը 15 օր հետո 25 ընկերություն բենզին էր բերում Հայաստան: Երկիրը սկսեց շնչել»:
Երկրի շնչառության մասին վերհիշելիս նախկին վարչապետն, իհարկե, փոքր-ինչ ոգևորվում ու չափազանցնում է, քանի որ պետության շնչուղիներն իրականում այնքան էլ բաց ու լայնացած չէին, ինչպես կցանկանար դրանք տեսնել «սուպեր վարչապետը»: Բայց սրա հետ մեկտեղ անաչառությունը պահանջում է անպայման արձանագրել այն փաստը, որ Հայաստանը Անկախ պետությունների համագործակցության անդամ-երկրներից առաջինն էր, որ 1994 թվականին ոչ միայն հաղթահարեց տնտեսության անկումը, այլև սկսեց ապահովել որոշակի տնտեսական աճ: Կարճ ժամանակահատվածում մեկը մյուսի ետևից ներդրվեցին բանկային, հարկային և մաքսային համակարգերը, իրականացվեցին ագրարային բարեփոխումները, ազատականացվեցին հացի գները, շրջանառու դարձավ ազգային արժույթը, և վերջապես կատարվեց, այսպես կոչված, Մեծ սեփականաշնորհումը, որն առանձին խոսակցության նյութ է: Այս բոլոր տեղաշարժերը մղում էին մեկ կարևոր նպատակակետի`մասնավոր հատվածի կայացմանը, ինչն էլ իր հերթին սեփականատիրոջ զանգվածի ձևավորման հիմնական նախադրյալն էր լինելու: Ասենք նաև, որ գործընթացների վրա իրենց դրական ներգործությունն ունեցան 1993-ին Ղարաբաղյան ճակատում մեր բանակի տարած հաղթանակներն ու իհարկե, 1994-ի մայիսյան հրադադարը:
Բայց բագրատյանական բարեփոխումներն իրենց վերջնական հանրագումարում երկսայրի սրի կամ ավելի շուտ բումերանգի էֆեկտն ունեցան: Վարչապետը կարծես թե հաշվի չէր առել էական ու նուրբ մի հանգամանք. այդ նորամուծությունների ու ակտիվ տեղաշարժերի ծրագրային առաջադրանքը կենտրոնացված իշխանության հետևողական կրճատումն էր, իսկ իշխանության ձգտողների համար նման հեռանկարն անընդունելի պիտի լիներ ի սկզբանե: Այնպես որ թե այս գործոնը, թե այն իրողությունը, որ սրընթաց զարգացումների ընդհանուր ֆոնի վրա մեկը մյուսի ետևից սկսեցին բացահայտվել նաև կոպիտ վրիպումները, նույնիսկ վերը թվարկված ձեռնարկումների առկայության պայմաններում այդպես էլ իրավունք չտվեցին Հրանտ Բագրատյանի կառավարությունն անվանել «Փրկության կոմիտե»:
Վերջինիս անսխալականության վարկին առանձնապես ծանր հարված հասցրեց վաուչերային ակցիան: Սեփականաշնորհման 1994-1995 թթ. առաջին ծրագրում ընդգրկված էր ձեռնարկությունների 60 միլիարդ դրամի ընդհանուր արժողությամբ գույքը, որը 20-հազարական դրամի վաուչերներով հավասարաչափ բաշխվեց ողջ բնակչությանը։Առաջին հայացքից կարծես թե ամեն բան կատարվել էր արդարաբար ու ճիշտ: Միայն թե դրա ծանր հետևանքները անհնար էր արդարացնել որևէ բացատրությամբ կամ օբյեկտիվ պատճառներով: Հասարակության ունևոր խավի այն հատվածը, որն իր միջոցների մեծ մասը ձեռք էր բերել անազնիվ ճանապարհներով, չնչին գումարներով յուրացրեց ազգային տնտեսության ունեցվածքի մեծագույն մասը: Իսկ կառավարությունն այդ ընթացքում թեև տեսնում էր հրեշավոր անարդարության դրսևորումը, բայց այդպես էլ ոչինչ չձեռնարկեց «օրինական» թալանը կանխելու համար: Հենց այն ժամանակ ձևավորվեցին կոռուպցիայի, մոնոպոլիայի, օլիգարխիայի այն տարատեսակ հիմքերը, որոնց արդիականացված ու «քաղաքակրթված» տարբերակները կենսունակ և գործուն են նաև այսօր:
Արդեն 1995-ի տարեվերջին կայացած ՀՀՇ 7-րդ համագումարում իշխանություններին այլ բան չէր մնում, քան գոնե մասամբ խոստովանել իրենց սխալները: Մասնավորապես ասվում էր, որ ամենահիմնական թերացումներից մեկը կապված էր ազգային դրամի ներդրման ժամկետի հետ: Մատնաշվում էին նաև սեփականաշնորհման օբյեկտների գնահատման մեթոդիկայում և սեփականաշնորհման պրակտիկայում տեղ գտած անհաշիվ զայրացուցիչ շեղումները, որոնք ոչ միայն հարվածել էին իշխանության հեղինակությանը, այլև կորստի էին մատնել ամենակարևորը` մարդկանց վտահությունն ու հավատը արդարության նկատմամբ:
Պետք է առանձնակի ընդգծել, որ կառավարության խղճին էր ծանրանում հատկապես բնակչության սոցիալական վիճակը: Երկրում գործազուրկների թիվը (ըստ պաշտոնական տվյալների) հատել էր 200 հազարի սահմանը: Արտագաղթի ծավալներն ընդունել էին ազգային աղետի մասշտաբներ: Ու եթե մենք հերթական անգամ փաստում ենք, որ համատարած փլուզման պայմաններում պետությունն այլ ելք չուներ, քան գնալ տնտեսության ազատականացման ճանապարհով, ապա դրան զուգահեռ արձանագրում ենք նաև այն իրողությունը, որ խոշոր ձեռնարկումների համար այդ նույն ժամանակահատվածում բացակայում էին ոչ միայն անհրաժեշտ ինստիտուցիոնալ կառույցները, այլ նույնիսկ ամենաէականը՝ կապիտալը:
Բագրատյանի «դարակազմիկ» ծրագրերը դատապարտված էին: Դատապարտված էր նաև նրա կառավարության հետագա գործունեությունը: Եվ ստացվեց այնպես, որ Հ. Բագրատյանի պաշտոնաթողությունը հաջորդեց 1996թ. կայացած նախագահական ընտրություններին: Դրանց արդյունքները կասկած էին հարուցում, երկրում ներքին մեծ ցնցումներ տեղի ունեցան, զորքեր բերվեցին մայրաքաղաք, և այդ բոլոր խմորումների արդյունքում ինչ-որ մեկը պիտի դառնար եղած ձախողումների քավության նոխազը: Իհարկե, չի կարելի ասել, թե վարչապետը չուներ մեղքերի իր բաժինը և սոսկ այլոց բացթողունմերի անմեղ պատասխանատուն էր դառնում: Ամեն դեպքում, իր հրաժարականից կարճ ժամանակ անց Բագրատյանը այսպես բացատրեց հեռանալու պատճառները. «… Այդ հրաժարականը պարզապես ժողովրդավարական կարգուկանոնի պարտության առաջին լուրջ ահազանգերից մեկն էր: Հիմա քչերին է հետաքրքրում, թե ինչքան փխրուն էր այն ժամանակ իրավիճակը, և բարելավման այն միտումները, որոնք զգացվեցին 94-ից սկսած, կապված էին իրականության (և քաղաքական, և տնտեսական, և սոցիալական) ժողովրդավարական բարեփոխումների հետ: Կարելի է այսպես ասել` առանց անդրադառնալու որևէ կոնկրետ անձի. մեր հասարակությունը` հանդիպելով ժողովրդավարական բաց հասարակության հիմնախնդիրներին, ի վերջո սխալ որոշում կայացրեց` մերժելով այդ ճանապարհը և ընկավ, ըստ էության, ամենածանր կացության մեջ, այնպես որ հրաժարականում ով ինչ մեղքի բաժին ուներ` կարևոր չէ. ես հասկացա, որ չի կարելի շարունակել, չի ստացվելու այլևս…»:
Հրանտ Բագրատյանը Հայաստանի վարչապետ դարձավ բավականին երիտասարդ տարիքում՝ նոր էր բոլորել նրա 33-ը: Լիբերալ մտածողության ջատագովն ու բարեփոխումների երդվյալ կողմնակիցը գուցեև հաճախ բախվեց պահպանողականների դիմադրությանը, չհասկացվեց ու չընկալվեց հասարակության կողմից: Սակայն կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի հենց ինքը ստանձներ արգելակման համակարգի հովանավորի դերը` չհիշելով այն ներքին դիմադրության մասին, ինչը միշտ էլ զորեղ է արտաքին ազդակներից:

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Վիճահարույց ընտրություններից հետո երկրորդ անգամ նախագահ դարձած Լևոն Տեր- Պետրոսյանը ներքաղաքական հերթական ճգնաժամը հաղթահարելու նպատակով 1996- ի աշնանը վարչապետի պաշտոնում աշխատելու համար Անգլիայից Հայաստան հրավիրեց այն ժամանակ հասարակությանը ոչ այնքան հայտնի Արմեն Սարգսյանին: Եվ իսկապես էլ, մարդիկ չափազանց քիչ բան գիտեին նրա մասին, թերևս միայն այնքանը, որ վերջինս 1995-1996թթ. աշխատել էր Բելգիայի Թագավորությունում` որպես ՀՀ դեսպան, եղել էր Եվրոպական համայնքների ՀՀ Առաքելության ղեկավարը և երկար ժամանակ բացակայել էր հայրենիքից: Սակայն վերևներում հաշվարկը կատարված էր հենց այդ «անհայտության» հանգամանքի վրա: Քաղաքական իրավիճակի փոփոխության պայմաններում գործադիրի ղեկի մոտ պիտի կանգներ մեկը, ով չեզոք անձնավորություն էր, երբեք և ոչ մի առիթով մասնակից չէր դարձել ներիշխանական պայքարին, այլ խոսքերով ասած` ոչ հարվածներ էր ստացել և ոչ էլ եղել էր հարվածողի դերում: Նոր թեկնածուն առաջին հայացքից թողնում էր բարեհամբույր մարդու տպավորություն, ուներ անսովոր բակենբարդներ և տիրապետում էր օտար լեզուների: Այս արտաքին նշաններն, ինչ խոսք, այն գլխավոր նախապայմանները չէին, ինչի համար վարչապետ են դառնում, բայց տպավորությունն այնպիսին էր, որ որոշումը կայացնողները նշանակություն էին տվել նաև այդ հատկանիշներին:
Տարիներ հետո Լ. Տեր Պետրոսյանը մի առիթով այն օրերի մասին ասել է. «… Ես անկեղծորեն պիտի խոստովանեմ, 96 թվականի աղմկոտ ընտրություններից հետո Հայաստանում իշխանության նկատմամբ վստահության զգալի պակաս կար: Անկեղծ ասում եմ սա: Եվ երբ մենք Անգլիայից հրավիրեցինք Արմեն Սարգսյանին, դա հաղթահարվեց. նոր մարդ էր, բոլորովին անծանոթ, ժպտուն, մտավորական, և շատ դրականորեն ընդունվեց մեր ողջ հասարակության կողմից»:
Առաջին նախագահի այս պատմությունը փոքր-ինչ իդեալական գույներով է ներկայացնում նոր վարչապետի ընդունելությունը: Իրականության մեջ կային ոչ միայն դժգոհներ, այլև հակառակվողներ: Եվ ոչ միայն այն պատճառով, որ վարչապետի աթոռն այդ պահին բազմաթիվ հավակնորդներ ուներ, այլ նաև այն հիմնավորմամբ, որ Ա. Սարգսյանը կտրված է եղել Հայաստանից, միշտ արտասահմանում է ապրել, տեղյակ չէ ոչ ներքին կյանքին, ոչ իրերի վիճակին, չունի տնտեսություն ղեկավարելու փորձ և հազիվ թե կարողանա մաքուր ձեռքերով դուրս պրծնել այն տիղմից, որ նստվածք էր տվել կյանքի համարյա բոլոր ոլորտներում:
Այս կարծիքի մեջ կար ճշմարտության բաժին: Եվրոպաներ տեսած ուսյալ դիվանագետի համար անչափ խորթ էին հայաստանյան նոր միջավայրը, նոր հարաբերությունները, արժեքների վերափոխված համակարգը: Խնդիրն արդեն սոսկ կյանքի այդ պայմաններին ինտեգրվելու մասին չէր, այլ ամբողջի պատասխանատվության բեռը կրելու, նրանց հետ աշխատելու և խոչընդոտները հաղթահարելու մասին: Բայց բարեբախտաբար, թե դժբախտաբար նա ժամանակ չունեցավ որևէ լուրջ քայլ կատարել: Շատ շուտով իրադարձություններն ու հնագամանքներն այնպիսի ընթացք ստացան, որ Ա. Սարգսյանը հարկադրված էր թողնել Հայաստանն ու վերադառնալ Լոնդոն:
Իսկ մինչ այդ վարչապետն այնուամենայնիվ փորձեր կատարեց ինչ-որ կերպ մասնակից դառնալ երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը: Նրա ներկայացրած կառավարության նոր ծրագիրը ենթադրում էր մի քանի կոսմետիկ միջամտություններ և նույնքան էլ կազդուրիչ-առողջարարական գործողություններ: Ծրագրերում առանձնակի շեշտադրությամբ էին ներկայացված տնտեսության մասնավոր հատվածի զարգացմանը վերաբերող հեռանկարները: Դա գուցե և Բագրատյանի գործի շարունակությունն էր` որոշակի սրբագրումներից հետո: Ինչպես էլ եղածն անվանեին` նախերգանքը հուսադրող էր: Միայն թե իր նախորդների համեմատ առավել ինքնուրույն գործելու և որոշումներ կայացնելու արտոնությամբ օժտված լինելով հանդերձ նա դրսևորում էր չափազանց մեղմ բնավորություն, ինչն էլ անմիջապես շրջապատի կողմից ընկալվում էր որպես թուլության նշան: Իսկ դա անպայման իր անդրադարձն ունենալու էր արդյունքների վրա:
Կար նաև մեկ ուրիշ հատկանիշ, բայց արդեն քողարկված ու հազվադեպ հանդես եկող: Նրան լավ ճանաչողները պնդում են, որ այդ «խիստ փափուկ մարդը» նաև չափազանց պրագմատիկ էր: Ափսոս միայն, որ այս վերջինը լիարժեքորեն պիտի դրևորվեր շատ ավելի ուշ` նրա եվրոպական գործունեության մեջ:
Ինչևէ, վարչապետ Արմեն Սարգսյանն այդպես էլ չկարողացավ ցատկել ավելի բարձր նշաձողերի վրայով: 1996-ի տարեվերջյան ամփոփումներով Հայաստանն աշխարհում գրավում էր 166-րդ տեղը մեկ շնչին ընկած համախառն ներքին արդյունքի ցուցանիշով: Նման «սահուն» անկումի պայմաններում արդեն ավելորդ էր խոսել որևէ բարեփոխման կամ առաջընթացի մասին:
Իսկ հետո կատարվեց այն, ինչը մինչև վերջ էլ պիտի մնար չպարզաբանված ու երկբայական: Ձմռանը լուր տարածվեց, որ վարչապետն առողջական լուրջ խնդիրներ ունի և նրան շտապ բժշկական միջամտություն է անհրաժեշտ հանրապետության սահմաններից դուրս: Փետրվարից նա արդեն Մեծ Բրիտանիայում էր: Ա. Սարգսյանի մեկնումից հետո ԱԺ նիստերից մեկի ժամանակ հայտարարվեց, թե վարչապետը Հայաստան կվերադառնա երկու շաբաթից: Բայց ահա մարտի 3-ին կառավարության լրատվական ծառայությունը տեղեկացրեց, որ նա Լոնդոնում ենթարկվել է վիրահատության: 1997 թ, մարտի 7-ին Ա. Սարգսյանի խնդրանքով կայացավ կառավարության նիստ, որի ընթացքին վերջինս հետևում էր հեռախոսով: Սկզբում վարչապետը մասնակիցնրերին հայտնեց, որ հանրապետության նախագահին հրաժարականի դիմում է ներկայացրել, բացատրեց իր որոշման պատճառները և ապա ասաց, որ երկարատև հանգստի ու ինտենսիվ բուժման կարիք ունի:
Թե որքանով էին համոզիչ այս պարզաբանումները, ժողովրդական ֆոլկլորին առանձնապես չէր մտահոգում, քանի որ նա իր հերթին սեփական վարկածներն էր հյուսում Արմեն Սարգսյանի մեկնումից ի վեր: Համաձայն այդ բանավոր պատումների, գուցե և կար առողջական խնդիր, միայն թե շան գլուխն այլ տեղում էր թաղված: Մարդիկ խոսում էին այն մասին, որ վարչապետը չդիմացավ հայաստանյան ղեկավարման «առանձնահատկություններին»։ Հատկապես համառ լուրեր էին շրջում այն մասին, որ վարչապետը հակասություններ ուներ կառավարության մի շարք անդամների, մասնավորապես Վազգեն Սարգսյանի հետ, իսկ նրանց կոնֆլիկտը մի անգամ նույնիսկ ավարտվել էր ձեռնամարտով: Կային նաև էլ ավելի մռայլ ենթադրություններ այն մասին, թե իբր նա վտարվեց երկրից, քանի որ «հավաքագրված էր» անգլիացիների կողմից: Սակայն սրանք արդեն անապացուցելի մեղադրանքներ էին:
Փոխարենը միանգամայն իրական էր թվում այն կարծիքը, որ տարաձայնություններ գոյություն ունեին նախագահի ու վարչապետի միջև: Մասնավորապես խոսակցություններ էին տարածվում, թե նրանց երկուսի ջրերը մի առվով չեն հոսում ընդդիմության նկատմամբ Ա. Սարգսյանի` համեմատաբար մեղմ, նույնիսկ հարգալից վերաբերմունքի պատճառով: Վարչապետն ինքը դա բացատրում էր ընդդիմադիր կուսակցությունների հետ երկխոսություն և համագործակցություն վարելու իր ձգտումով, բայց այդօրինակ ազնիվ մղումները խրախուսանքի հազիվ թե արժանանային…
Այդ և համանման ասեկոսեներին վերջ տալու նպատակով կառավարությունը լրագրողների համար նույնիսկ Երևան- Լոնդոն հեռակա ասուլիս կազմակերպեց, սակայն դրանից հետո էլ մարդկանց պատկերացումներում քիչ բան փոխվեց: Այն ժամանակ Սարգսյանը լրագրողներին խոստացավ, թե ապաքինվելուց անմիջապես հետո անպայման վերադառնալու է Երևան, սակայն նրա այդ խոստումը մնաց անկատար:
Սարգսյանն իբրև վարչապետ աշխատեց ընդամենը 4 ամիս: Հեռացավ անսովոր «քաղաքակիրթ» եղանակով` առանց ինտրիգների, առանց պաշտոնին կառչած մնալու, հասկանալով, որ իր երկարատև բացակայության պայմաններում էապես տուժում էր «անգլուխ» կառավարության աշխատանքը, անկայուն վիճակը վարակի պես փոխանցվում էր ստորին օղակներին: Ի դեպ, ասում են, թե հատկապես նրա նշանակումից հետո ժողովրդի մեջ հիմնավորապես արմատավորվեց ու մնաց «վարչապետ» տերմինը: Երևի թե այդպես է:
Արմեն Սարգսյանը ղեկավարեց շատ կարճ: Բայց նրա այդ հպանցիկ ներկայությունն անգամ լիովին բավարար եղավ, որպեսզի բացահայտվեր իշխանության վերին օղակներում տիրող ընդհանուր վիճակը: Իսկ անընդմեջ կադրային փոփոխություններ տեսնող, սակայն իրենց կյանքում որևէ էական տեղաշարժ չնշմարող հասարակությանն իր հերթին շարունակում էր կռել ու կոփել վերաբերմունքն այդ բարքերի հանդեպ:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ

Այն մասին, թե ինչպես ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բերեցին Հայաստան` վարչապետ կարգելու համար, բազմաթիվ պատմություններ կան` մեկը մյուսից տարբեր, մեկը մյուսից դրամատիկ, մեկը մյուսին հակասող: Սկսած այն տարբերակից, թե Վազգեն Սարգսյանն ինչպես ուղղաթիռով մեկնեց Ստեփանակերտ ու վերադարձավ թանկագին «բեռով», ավարտած նրանով, որը պատմում է առաջին նախագահը, դրանք այնուամենայնիվ հանգում են մեկ ընդհանուր դրդապատճառի`երկիրը հայտնվել էր ավելի դժվար կացության մեջ, քան Արմեն Սարգսյանին հրավիրելուց առաջ էր, հասարակական վերաբերմունքն ու մթնոլորտն այնպիսին էին, որ Հայաստանից ում էլ այդ պաշտոնում առաջադրեին`ընդունվելու էր սրերով: Մի խոսքով, պայթյունն անխուսափելի էր, բոլորովին նոր դեմք էր անհրաժեշտ, և հենց այդ դեմքն էլ դարձավ Քոչարյանը, ով 1997 թ. մարտի 20-ին նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ:
Որո՞նք էին նրա հաղթաթղթերը: Նախ, Քոչարյանը Հայաստանի ներքին պայքարներին ընդհանրապես մասնակցություն չուներ (կամ գոնե այդպես էր ներկայացվում): Դիտվում էր որպես դրական կերպար, ռազմական հաղթանակների ֆոնի վրա զգալի հեղինակություն էր ձեռք բերել ոչ միայն Ղարաբաղում, իրեն հիմնականում դրսևորել էր ինքնուրույն գործչի հատկանիշներով ու արդեն այն ժամանակ շատ հարցերում ազդեցություն ուներ Հայաստանի ղեկավարության վրա։ Սա առաջին նկատառումն էր, որպեսզի այդ մթնոլորտում նոր վարչապետն ընդունելի դառնար:
Երկրորդ նկատառումը նույնպես կարևոր էր հատկապես Ղարաբաղի խնդրի լուծման համար: Դրա էությունն այն էր, որ դառնալով Հայաստանի կառավարության ղեկավար, նա կկարողանար Ղարաբաղի խնդրին նայել նաև կողքից, այսինքն Հայաստանի տեսանկյունից` այդ նույնը փոխանցելով Արցախի հանրությանը:
Քոչարյանի նշանակումն անցավ համերաշխ ու խաղաղ մթնոլորտում: Դժգոհներ ու դժգոհություններ համարյա չկային: Թերևս միակ հակառակ կարծիք արտահայտողը եղավ Վազգեն Մանուկյանը, ով ասել էր, որ սխալ է Ղարաբաղի նախագահին բերել Հայաստան, որովհետև դա հետագայում կարող է խնդիրներ առաջացնել Ղարաբաղի և Հայաստանի հարաբերություններում: Արդյունքում նա չէր սխալվել:
Բայց այն օրերին ղարաբաղցու շեշտված ակցենտով խոսող, մշտապես լարված, բասկետբոլ սիրող և գրքեր առանձնապես չկարդացող «воин»-ի հայտնվելը հանրապետության քաղաքական վերնախավում, երբ երկիրը գնում էր դեպի ավտորիտար համակարգի կազմալուծում, իսկ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքերը բավականին թուլացած էին, կտրուկ բարձրացրեցին Քոչարյանի անհատական կշիռը: Շատ ավելի ուշ հրապարակ նետված ու շահարկված այն վարկածը, որ իբր Քոչարյանին Հայաստան բերեցին «փչացնելու նպատակով», որպեսզի ղարաբաղցու ձեռքերով Ղարաբաղը հանձնեն ու կամ համոզեն, թե` «ինքդ տես, որ Արցախ պահելն անհնար է», հեռու է ճշմարտությունից: Նույնքան անիրական պետք է համարել ևս մեկ տարբերակ, համաձայն որի իբր դա իշխանություն փոխանցելու ծրագրված նախապատրաստություն էր: Սա խելքին մոտ լինել չի կարող թեկուզ այն պարզ պատճառով, որ այդ շրջանում Հայաստանում իշխանություն վերցնելու մեծ թվով հավակնորդներ կային, ովքեր հազիվ թե հանդուրժեին նոր խաղացողի ներկայությունը կամ (ինչն էլ ավելի անտրամաբանական է) իրենք իրենց ձեռքով նրան հրամցնեին այդ իշխանությունը:
Վարչապետական պարտականությունները ստանձնելուն պես Քոչարյանն անմիջապես գործի անցավ, և հենց այդ պահից էլ սկսեցին դրսևորվել նրա կոշտ ու ծայրահեղ աշխատաոճի բազում կողմերը: Բերենք ընդամենը երկու օրինակ, որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչի մասին է: Այսօր դեռ շատերն են հիշում նրա առաջին այցը Ազգային Ժողով` կառավարության հարցուպատասխանին մասնակցելու համար: Ու երբ այնտեղ մի պատգամավոր դիմեց ոչ այնքան հաճելի հարցով, վարչապետը ոչ թե մտածեց պատասխանելու մասին, այլ զայրացած ասաց. «Էդ ո՞վ հարցրեց, ո՞վ ես դու…»: Դահլիճն անմիջապես հասկացավ, թե ում հետ է գործ ունենալու…
1997 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանին առաջարկեց գլխավորել «Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգման պետական խորհուրդը»: Մեծ էր նախագահի զարմանքը, երբ Քոչարյանը կտրուկ հրաժարվեց՝ պատճառաբանելով այն հանգամանքը, որ խորհրդի գործունեության ծրագրում բացակայում է Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կետը…
Այս երկու փոքրիկ դրվագներն իրենց խորքում մարդու և պետական գործչի նկարագրի բավականին ցցուն շերտեր էին պարունակում, որոնք հետո պիտի դրսևորվեին շատ ու շատ անգամներ:
Ի դեպ, պակաս հետաքրքրական չէ, թե ինչ կարծիք ուներ առաջին նախագահն իր վերջին վարչապետի մասին: Մի առիթով Տեր-Պետրոսյանը խոստովանել է. «Քոչարյանը մեկ տարի աշխատեց վարչապետ և շատ լավ աշխատեց, շատ բարեխիղճ, շատ հստակ ու արդյունավետ: Իսկ ինչո՞ւ փոխվեց նա: Հենց սա է նախկին և ներկա իշխանությունների տարբերությունը: Նախկին իշխանությունը կենտրոնացած բուրգ չէր, կային լուրջ հակակշիռներ, յուրաքանչյուրը քաղաքական ֆիգուր էր` Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը և մյուսները, որոնք չէին կարող հլու ենթարկվել: Եթե որևէ մեկն այդպիսի բուրգ կառուցելու հավակնություն էլ ունենար` չէր կարող: Դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ գործադիր իշխանությունը քաղաքական մարմնից վերածվում է կարգավորվող մարմնի: Այդ պատճառով Քոչարյանն այն ժամանակ ուրիշ ձևով չէր կարող աշխատել»: Այլ կերպ ասած` մարդը տարբեր պայմաններում կարող է տարբեր կերպարանքներ ունենալ, և նոր միջավայրը բացասաբար անդրադարձավ Քոչարյանի վրա:
Գալով Քոչարյան- վարչապետի տնտեսական գործունեության արժևորմանը, նախ պետք է նկատենք, որ իրականում այդ աշխատանքը դժվար է գնահատել մեկ տարվա կտրվածքով, քանի որ նրա պաշտոնավարման վերջին 4-5 ամիսները համարյա լիովին բեռնված էին ներքաղաքական իրավիճակի փոփոխմանը միտված ջանքերով: Բայց, այնուամենայնիվ, որոշ բաներ նրան հաջողվեց տեսքի բերել: Օրինակ, լուրջ ուշադրություն հատկացրեց բյուջետային եկամուտների հավաքագրմանը, ինչն էլ իր հերթին նպաստեց սոցիալական վիճակի մեղմացմանը: Նրա օրոք ձեռնարկվեցին մասնավորեցման այնպիսի խոշոր գործարքներ, ինչպիսիք են Երևանի կոնյակի գործարանը, կապի համակարգը: Իբրև ամանորի նվեր հայտարարվեց, որ վերջապես պատմություն է դառնում «հովհարային անջատումների» ժամանակաշրջանը և երկիրը վերադառնում է շուրջօրյա էլեկտրամատակարարման փուլին: Ճիշտ է, չափազանցրած կլինենք, եթե խոսենք լուրջ տնտեսական ռեֆորմների մասին, սակայն պետք է նշել, որ նրան մասամբ հաջողվեց սանձել երկրում տիրող ամենաթողությունը, ինչ-որ չափով կարգավորել տնտեսական մեխանիզմները:
Դրա հետ մեկտեղ առկա փոքրումեծ ձեռքբերումները դեռևս գոհացուցիչ համարվել չէին կարող հատկապես այն պատճառով, որ այս ամենին զուգընթաց սկսվեց սեփականության վերաբաշխման մի նոր գործընթաց, ինչը պետք է հետագայում հանգեցներ օլիգարխիկ համակարգի վերակազմավորմանը: Եթե արձանագրվում էին բարձր ցուցանիշներ, ապա այդ թվերը պարունակում էին սոսկ արտադրանքի, բայց ոչ իրացված ապրանքների ծավալները: Եթե խոսվում էր բնակիչների դրամական եկամուտների ավելացման մասին, ապա մոռացության էր տրվում ծախսերը, որոնք ավելանում էին նույնքան արագ տեմպերով: Տնտեսության ցավոտ հարցերից մեկը վարկային շուկայի չձևավորման խնդիրն էր: Հայաստանը շարունակում էր մնալ ներմուծող երկիր: Իսկ բյուջեն համալրելու զուտ մեխանիկական միջոցների կիրառումը շուտով դրսևորեց իր անարդյունավետությունը: Բյուջեի եկամուտներն ապահովվում էին հիմնականում ազգաբնակչության վճարած անուղղակի հարկերի, մանր ու միջին ձեռնարկատերերի ուղղակի հարկերի միջոցով, մինչդեռ մեծ բիզնեսը շարունակում էր խուսափել հարկվելուց` ապահովելով գերշահույթներ:
Արդյունաբերության սահմանափակ թվով ճյուղեր էին միայն աշխատում, դրանք էլ հազվադեպ էին դիմանում ներմուծումների մրցակցությանը: Սրա հետ մեկտեղ հարկային քաղաքականության արհեստածին արգելակները մանր ու միջին ձեռնարկատիրության առջև փակ էին պահում տնտեսական այն դաշտը, որն արդեն մենաշնորհված էր մի խումբ մարդկանց կողմից: Ազգաբնակչության մոտ 50 տոկոսը կազմող գյուղատնտեսությամբ զբաղվողներն էլ իրենց հերթին էին գտնվում աղետալի վիճակում: Գյուղմթերքների արտադրության ինքնարժեքը շատ դեպքերում պարզապես գերազանցում էր վաճառքի գինը` մարդկանց դնելով անելանելի կացության մեջ:
Քոչարյանն այդ բոլորը հաղթաhարել չէր կարող, կամ գուցե առանձնապես նախանձախնդիր էլ չէր: Քաղաքական անցուդարձը նրանից շատ ավելի մեջ ժամանակ և ուշադրություն էր խլում, իսկ երբ ձմռանը պարզ դարձավ, որ երկրում ինչ-որ լուրջ բան, այնուամենայնիվ, տեղաշարժվում է և հնարավոր են մեծ փոփոխություններ, նա ամբողջովին հանձնվեց դրա հոսանքին: Թե այդ խմորումների ընթացքում ինչ արժեք ուներ նրա համար գաղափարական կողմնորոշումը, հավանաբար պարզ կլինի, եթե վերհիշենք ընդամենը այն մասին, որ 1998-ին դեռ վարչապետի պաշտոնում Քոչարյանը գործարքի մեջ մտավ իր նախկին հակառակորդների՝ դաշնակցականների հետ: Իսկ Ղարաբաղի մասով կարող ենք սոսկ փաստել, որ վարչապետության արդյունքում և հենց նրա «շնորհիվ» Ղարաբաղը կորցրեց իրավիճակի վրա ազդելու մեխանիզմները…
1998-ի փետրվարին «թավշյա» հեղաշրջման արդյունքում Լ. Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: Հաղթած «պատերազմի կուսակցությունը», որին արդեն անդամագրվել էր Ռ. Քոչարյանը, երկրում հայտարարեց արտահերթ նախագահական ընտրություններ: Մարտի 30-ին Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց Հայաստանի նախագահ։

ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Արմեն Դարբինյանը վարչապետ նշանակվեց 1998 թ. ապրիլի 10-ին` նախագահական ընտրություններից անմիջապես հետո: Ասում են, թե պրովինցիալ ըմբռնումներով կաշկանդված նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա ուժեղ տպավորություն էր գործել Մոսկվայի համալսարանն ավարտած, տնտեսագիտության թեկնածու երիտասարդը, ով համարյա թե վազքով էր անցել իշխանություն տանող սանդուղքներով, թրծվել կենտրոնական բանկի ու ֆինանսների նախարարության «քուրայի վրա», ուներ «նյու-վասյուկի»-ական ամպագոռգոռ ծրագեր և չէր հարում քաղաքական որևէ թևի: Մյուս կողմից էլ` Քոչարյանի կատարած ընտրությունը կարող էր պայմանավորված լինել նրանով, որ «կոշտ նախագահ- քաղաքական հավակնություններ չունեցող վարչապետ» տանդեմը ուզեր, թե չուժեր` որդեգրելու էր միայն այնպիսի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր, որը նախորդ (քոչարյանական) կառավարության ծրագրից չէր տարբերվելու և փաստորեն լինելու էր դրա անդավաճան հոգեզավակը:
Ահա այս երկու «երնեկ»-ները մի տեղում տեսնել փափագող նախագահը չհրաժարվեց նաև երրորդից` ունենալ այնպիսի կառավարություն, որը պիտի այդուհետ կնքվեր մի նորահայտ բառով` արհեստավարժների, իսկ դրա ղեկավարը`«Արհեստավարժաց արհեստավարժ»: Ասենք, տվյալ դեպքում խոսքը բոլորովին էլ նորամուծության մասին չէր, քանի որ կառավարություն ձևավորելու մեկ ուրիշ փորձ նույնպես չկար: Ոչ ոք չէր համարձակվի այդ բանն անել կուսակցական սկզբունքով` շատ լավ գիտակցելով, որ կուսակցությունները չէին արտահայտում հասարակության պահանջներն ու տրամադրությունները: Իսկ այսպես Դարբինյանի թիմը զերծ կմնար քաղաքականացվելուց` գործելով սոսկ իբրև տնտեսվարների ակումբ:
Ճիշտ է, նոր կառավարության կազմում առանցքային աթոռներին շարունակեցին նստած մնալ «առանցքային դեմքերը»` որպես քաղաքական իրավիճակի թելադրանքի արդյունք, սակայն Դարբինյանին հաջողվեց մի փոքր տեղ զավթել նաև յուրայինների համար, որոնք պիտի մարմնավորեին, այսպես կոչված, թարմ հոսանքը` հանձին Դավիթ Հարությունյանի, Լևոն Մկրտչյանի, ՄՊՀ-ի շրջանավարտ Արտակ Վարդանյանի և էլի մեկ-երկուսի: Թերևս հենց այս փաստն էլ Դարբինյանին իրավունք էր տվել հետագայում առիթ-անառիթ կրկնել, թե «ինտելեկտի տեսակարար կշիռն այս կառավարությունում անհամեմատ բարձր է»: Սակայն նրանից քիչ ժամանակ պիտի պահանջվեր հասկանալու համար, որ 1990-ականների վերջի Հայաստանում ինտելեկտը դեռևս այն փաստարկը չէր, որ պիտի ապահովեր ձեռնարկած գործի հաջողությունը, և ոչ էլ նրա կադրերն էին «ուղեղային գրոհով» բարձունքներ նվաճող այն նվիրյալները, որոնց հետ կարելի էր սարեր շուռ տալ:
Արմեն Դարբինյանի առաջին օրերի խոստումը (տնտեսական աճը կլինի 7 տոկոս, սղաճը` 10 տոկոս մեկ տարվա ընթացքում) և Ազգային ժողովին ներկայացված տնտեսական զարգացման ծրագիրն այն ժամանակ ոչ ոք օվացիաներով չքաջալերեց: Ընդհակառակը, շատերը ( և ոչ առանց հիմքերի) փաստեցին, որ այդ ծրագիրը չափազանց ընդհանրական է, ի մասնավորի՝ արդյունաբերության ոլորտում նշված չէին այն ճյուղերը, դեպի ուր պետք է ուղղվեին արտաքին և ներքին ներդրումները: Իսկ այնուհետև վրա հասավ այն, ինչից նա այդպես էլ չկարողացավ խուսափել իր պաշտոնավարման ողջ ընթացքում: Հայաստանի ամենաերիտասարդ կառավարությունը թաթախվեց խորհրդարանի հետ անվերջանալի ու անպտուղ վեճերի մեջ: Դարբինյանին ոչ մի գնով չէր հաջողվում որևէ օրինագիծ անցկացնել ԱԺ-ում: Արդյունքում այլ բան չէր մնում, քան ավելի շատ մտածել այս խնդրի, այլ ոչ թե տնտեսության մասին: Ու չնայած վարչապետն այդպես էլ երբեք չկորցրեց հիացմունքն իր աշխատանքի և իրականացրած ազատական քաղաքականության նկատմամբ, սակայն կախվածությունը տվյալ պահի քաղաքական կոնյուկտուրայից եղավ ու մնաց նրա ամենամեծ արգելակը:
Չնայած այդ ամենին, Դարբինյանը չէր դադարում լինել անուղղելի իդեալիստ և ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս այնպիսի «նորարարական» նախաձեռնություններով, որոնք, մեղմ ասած, ոչ ընկալվելու և ոչ էլ, առավել ևս, կյանքի կոչվելու շանսեր ունեին: Իր նշանակումից մեկ շաբաթ էլ չէր անցել, երբ նա ազդարարեց այսպես կոչված «կադրերի բանկի» հիմնադրման մասին: Գաղափարը լավն էր` կատարումը` միամիտ: Ստացվում էր, որ յուրաքանչյուր քաղաքացի, ով իր գիտելիքներով պատրաստ էր ծառայել երկրին, պիտի հեռախոսը վերցներ ու զանգահարեր կառավարության կադրերի բաժին: Հասկանալի է, որ դրանից ոչինչ չստացվեց և շատ արագ մոռացման տրվեց:
Շատ չանցած` Դարբինյանը վարակվեց մեկ այլ գաղափարով: Կառավարություն հրավիրվեցին խոշոր տնտեսավարողները, և վարչապետը նրանց առաջարկեց, որ սրանք այսուհետ իքս քանակի հարկեր մուծեն, այսինքն ինչ-որ ֆիքսված հարկերի մեխանիզմ պիտի կիրառվեր` ըստ պայմանավորվածությունների, փոխարենը` տնտեսավարողներն ապահով կլինեն իրենց հետագա գործունեության համար։ Մի խոսքով, սա ավելի շատ մասնավոր գործարք էր, քան քաղաքական գիծ, և դարբինյանական փիլիսոփայության վերջակետը դրվում էր շատ ավելի վաղ, քան կարելի էր սպասել:
Էլ ավելի ձախողված հղացում էր վարչապետին կից մշակութային խորհուրդ ստեղծելը: Որքան էլ Դարբինյանը փորձեց այն կարևորել, միևնույն է, ստացվեց պարապ շատախոսների մի ակումբ, որն այդպես էլ ոչինչ չարեց ու անել չէր կարող: Բարի ցանկությունների պարկն անսպառ էր, միայն թե հասարակությունը ոչ մի գնով չէր ցանկանում կերակրվել այդ պարկի պարունակությամբ: Այժմ արդեն ժողովուրդը կառավարությանն անվանում էր «տեխնիկական» և գտնում էր, որ պետք չուներ նրանից սպասելու որևէ հիշատակելի ու օգտակար քայլ:
Բայց և այնպես Դարբինյանը շարունակեց իր փորձը`տնտեսական բարեփոխումներ և տնտեսական աճ իրականացնել զուգահեռաբար: Նա դեռ ջանում էր ամեն գնով կատարել պետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի` բյուջեի պահանջները, բարելավել մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները, կարգավորել եկամուտների հավաքման վիճակը՝ հիմքեր ստեղծելով սոցիալական ոլորտի հետագա բարելավման համար: Նույնիսկ նախաձեռնեց բնակչությունից վճարների հավաքագրման տեղափոխումը բանկային համակարգ, ներդրվում էր գանձապետական համակարգը, կանոնակարգվում էր աշխատավարձերի ու կենսաթոշակների վճարումները, ավտոմատացվում էր ջրային ցանցը:
Հիմա արդեն դժվար է ասել` իրադարձությունների ընթա՞ցքն իր բացասական ներգործությունն ունեցավ, թե՞ ի սկզբանե Դարբինյանի ծրագրերին վիճակված չէր ունենալ իրենց տրամաբանական ավարտը, սակայն օգոստոսին վրա հասավ աղետը` մեր կառավարությանը թիկունքից «ծանր հարված հասցրեց» ՌԴ վարչապետ Ս. Կիրիենկոն։ Ռուսաստանում ծայր առած ճգնաժամը չէր կարող իր սև ստվերը չնետել առանց այդ էլ խոցելի տնտեսական վիճակի վրա: Ու եկավ գոտիները ձգելու շրջանը:
Դա Դարբինյանի համար ծանր ժամանակ էր: Լիբերալ մտածողության ու բարեփոխումների կողմնակիցը շարունակ տրտնջում էր, թե իր քայլերը դիմադրության են հանդիպում ոչ այնքան հասարակության, որքան այդ հասարակությանը պոպուլիզմով սնուցող պահպանողական ուժերի կողմից, խոտորված ընթացքը ոչ մի կերպ նրան թույլ չէր տալիս փայլել արհետավարժի ողջ տաղանդով, իսկ փոխարենը յուրաքանչյուր օր նա ստիպված էր լինում վավերություն հաղորդել այնպիսի որոշումների, որոնք միայն ընդհատում ու նահանջ էին ազդարարում: Այդպիսի հարկադրանք էր նրա հոկտեմբերի 17-ի հանրահայտ հանձնարարականը, որով դադարեցրեց շինարարության ֆինանսավորումը: Այս քայլը ևս տեղավորեցին ռուսական ճգնաժամի սցենարում։ Հետո նույն բանը արվեց, երբ պետական կարճաժամկետ պարտատոմսերի շուկան փլուզվեց, վերածվեց ավիրակների: Բայց ինչքա՞ն կարելի էր շարունակել մեղքն ուրիշների վրա բարդելը: Ո՞վ կհավատար…
Այդ օրերի նրա միակ պաշտպանը նախագահն էր: Ահա թե ինչ էր ասում նախագահ Քոչարյանը կառավարության մասին 1998-ի հոկտեմբերին. «Հիմա համաշխարհային տնտեսության 42 տոկոսը ճգնաժամի լուրջ ազդեցության տակ է: Եվ այս պայմաններում այս փորձությունը մենք փաստորեն պատվով ենք անցնում, և եթե հաջողվի նաև մյուս բյուջեում լուրջ աճ նախատեսել, նման ճգնաժամային իրավիճակում դա լավագույն գնահատականը կլինի կառավարությանը: Ով ինչ ուզում է ասի` ԱՊՀ երկրներից ոչ մի երկիր էս ռուսական ճգնաժամի ազդեցությունը էս ձևով չի տարել: Եվ սա չգնահատել ու խոսել, որ կառավարությունը չի աշխատում, կամ չգիտի ինչ է անում, ուղղակի անգրագիտություն է»:
Բայց արի ու տես, որ նախագահից ու վարչապետից ոչ պակաս գրագետներ այնուհանդերձ այլ կարծիքի էին: 1998-ի բյուջեի եկամտային մասի հավաքագրումների թերակատարումը տարեվերջին բավականին անցանկալի մթնոլորտ ստեղծեց վարչապետի համար: Նրան նաև մեղադրում էին խոստացված 1 միլիարդ դոլար օտարերկրյա ներդրումների մասին հեքիաթներ հորինելու համար, որից ընդամենը… 97 միլիոնն էր իրական: Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման նախաձեռնությունն ընդհանրապես յուղ էր լցնում այդ կրակի վրա: Սակայն ամենաաղմկահարույցն, այնուամենայնիվ, եղավ ու մնաց կառավարության սեփականաշնորհման ծրագրում Երևանի կոնյակի գործարանի, «Հայկական ավիաուղիների», «Արմենիա» հյուրանոցի ընդգրկումը, ինչը բազմաթիվ հակառակորդներ պարգևեց ձեռներեց արհեստավարժին:
Հենց այդ օրերին էր, որ Դարբինյանի ջղերը սկսեցին ավելի հաճախ տեղի տալ: Երբ մի անգամ նրան առաջարկեցին կոնյակի գործարանը վաճառել հայ գործարարներին, նա իրեն պարզապես կորցրեց. «Սա տնտեսական նացիոնալիզմի, ֆաշիզմի դրսևորում է»,- բացականչեց Արմեն Դարբինյանը` հավանաբար ինքն էլ իր որակումից ապշած: Մեկ այլ անգամ անզույշ լրագրողը հարկադրեց վարչապետին հուզվել չափից ավելի: «Պաշտոնը փչացրեց Ձեզ. Դուք մեծամտացաք ու ինքնասիրահարված դարձաք»` թղթակցի դիտողությանը Դարբինյանը պատասխանեց. «Հարցրեք իմ ընկերներից։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել»։ Իսկ երբ լրագրողը շարունակեց համառել` «Այնուամենայնիվ, կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ Դուք վարակվել եք աստեղային հիվանդությամբ», վարչապետը փրփրած ասաց. «Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ»։
Խաղն, այնուամենայնիվ տանուլ էր տրված: Իր նշանակումից ուղիղ մեկ տարի հետո նա հաջորդ կառավարությանը ժառանգություն պիտի թողներ մակրոտնտեսական բոլոր հիմնական տվյալներով անկում ապրող տնտեսություն: Այդ անկումը կանխել չէր հաջողվելու ևս մեկ տարի:
Դարբինյանի կառավարման վերջին ամիսների մի շարք ցուցանիշներ բացահայտում են նրա լիակատար ձախողումը: Հայաստանում 1999 թ. առաջին եռամսյակում արդյունաբերական անկումը կազմել էր 4, 4 տոկոս, նվազել էին նաև համախառն արտաքին ակտիվները, որոնք մակրոտնտեսական կայունության հիմքն են։ Արտահանման ծավալը հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել էր 9,1 տոկոսով։ Ներմուծման ծավալը նույնպես կրճատվել էր 10,1 տոկոսով։ 1999 թ. առաջին եռամսյակում՝ արտաքին առևտրի ապրանքաշրջանառության ծավալը եղել էր 233,3 մլն. դոլար՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 9,5 տոկոսով։
Երբ ամառնամուտին մեկնարկեցին խորհրդարանական ընտրությունները, բոլորի համար արդեն պարզ էր, որ Դարբինյանի օրերը հաշված են: Եղան մարդիկ, ովքեր Դարբինյանի կարգավիճակը գնահատեցին այսպես. երկու ընտրության արանքում նշանակված վարչապետ` հանուն այն բանի, որ վարչապետի աթոռը թափուր չմնա: Ոմանց հիշողության մեջ էլ նա մնաց իբրև մեկը, ով, իր խոսքերով ասած, մեծացել էր «սև իկրա ուտելով» և նաև մեկը, ով մութ գործարքի արդյունքում հաջողացրել էր ապրանքային վարկի տեսքով ստացված 43 հազար տոննա ցորենը ջրի գնով վաճառել «Միկա Արմենիա» ընկերությանը: Բայց դրանք արդեն, ինչպես ասում են, անցավոր հետքերն էին…
Արմեն Դարբինյանը միակ վարչապետն է, որի հրաժարականը պայմանավորված էր ընտրությունների արդյունքներով: Կառավարության հրաժարականից հետո նա խոհեմաբար կրկին զբաղեցրեց էկոնամիկայի նախարարի աթոռը: Խոսում էին, թե այդ պաշտոնի համար անձամբ բարեխոսել էր Համաշխարհային բանկի նախագահ Ջեյմս Վուլֆենսոնը, որին մեր արհեստավարժն անչափ դուր էր եկել:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

1999-ի ընտրությունների և «Միասնություն» դաշինքի հաղթանակից հետո ոչ ոք այլևս կասկած չուներ, որ Հայաստանի հաջորդ վարչապետը լինելու է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը: Հունիսից նա զբաղեցրեց այդ պաշտոնը և կառավարությունը ղեկավարեց ընդամենը չորս ու կես ամիս: Սա չափազանց կարճ ժամանակահատված էր ինչ-որ արդյունքների հասնելու համար: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն հանգամանը, որ ըստ էության Սարգսյանը չուներ հստակ տնտեսական քաղաքականություն և շատ բաներ նրա համար նոր միայն պիտի բացահայտվեին, ապա ընդգծված ձեռքբերումների մասին խոսելն արդեն ավելորդ պիտի լինի: Թերևս սխալված չենք լինի նաև, եթե նույնիսկ պնդենք, որ Վ. Սարգսյանի անձնական գործոնն այնքան ազդեցիկ էր, որ այդ ամիսներն առանձնապես դեր չխաղացին հասարակության պատկերացումների մեջ որպես վարչապետ մնալու գործում, և մինչ օրս մարդկանց մեջ պահպանվում է Վազգեն Սարգսյան- զինվորական գործչի կերպարը:
Որպեսզի պարզ դառնա նոր կառավարության կազմի ու վարչապետի հանդեպ առաջին օրերի գերիշխող տրամադրությունը, մեջբերենք խորհրդարանում մի պատգամավորի արտասանած կարճառոտ կարծիքը. «… Ըստ էության կառավարության անդամների մեծ մասին ճանաչում ենք և նրանց հնարավորությունները կարող ենք հանգիստ գնահատել: Վերը նշվածից բացի տարբերությունը նաև այն է, որ առաջին անգամ ամենաուժեղ անձը կառավարության ղեկավարն է: Մենք միշտ այդ խնդիրն ունեցել ենք, վարչապետը կառավարության ամենաուժեղ անձը չի եղել»: Սա ակնհայտ ճշմարտություն էր: Սարգսյանի թիմն օժտված էր մի կարևոր առավելությամբ` այն ուներ ռեալ իշխանություն` ի հակակշիռ նախագահի իշխանությանը, մի բան, որ նախկինում կարծես թե երբեք չէր եղել (բացառությամբ Վազգեն Մանուկյանի վարչապետության կարճատև շրջանի): Այնուհետև սկզբնական շրջանում նրան հաջողվեց ընդդիմության հետ ներքին համաձայնություն ձեռք բերել` միառժամանակ կառավարության գործունեության նկատմամբ կոշտ քննադատություն չհնչեցնելու շուրջ: Այդպիսի «թայմ աուտ» վերցրեց նաև մամուլը: Ստացվել էր այնպես, որ վարչապետի իրական հակառակորդը լինելու էր ոչ թե ընդդիմությունը, ոչ թե ներքաղաքական իրավիճակը, այլ տնտեսությունը:
Ի դեպ, նախարարների մասին: Արդյունքում ձևավորվեց բավականին խայտաբղետ ու անհասկանալի մի կառավարություն: Ովքե՞ր էին դրանք` լիբերալնե՞ր, պահպանողականնե՞ր, ազգայնական-սոցիալիստնե՞ր, ոչ ոք առանձնապես գլուխ չէր հանում: Բայց և ոչ մեկին դա լրջորեն չէր անհանգստացնում: Ամենքը սպասում էին առաջին պտուղներին: Սակայն սկզբնական բերքը ակնկալվածից ավելի դառը ստացվեց:
Պատմում են, որ երբ տնտեսության կացությանը նվիրված կառավարության առաջին նիստերից մեկի ժամանակ վարչապետն իմացել էր ճշմարտությունը հանրապետության վիճակի մասին, հուսահատ տարածել էր ձեռքերն ու բացականչել. «Էս ի՞նչ օրն է ընկել էս երկիրը»: Մի քանի օր անց նա անձամբ ի լուր բոլորի հայտարարեց, որ հանրապետության բյուջեի դեֆիցիտը 40 միլիարդ դրամ է, պետական բյուջեի դեֆիցիտը` 51 մլրդ դրամ: Սա առաջին դեպքն էր, երբ հրապարակավ արտասանվում էին այդ «հույժ գաղտնի» թվերը: Առաջին անգամն էր, երբ իշխանությունը ստանձնում էր մի դեր, որը մինչ այդ ընդդիմության մենաշնորհն էր` խոսել վատ վիճակի մասին: Ընդամենը 230 միլիարդ դրամանոց բյուջեի համար դա չափազանց վտանգավոր ցուցանիշ էր: Սակայն դեռևս պարզ չէր, թե կառավարությունն ինչպե՞ս և որտեղի՞ց պիտի հայթայթեր բացակա միջոցները: Պարտքեր, բացթողումներ, կորուսներ… Սրանք այն բառերն էին, որոնք սկսեցին ավելի հաճախ հնչել կառավարության աշխատասենյակներում: Անհրաժեշտ էին կտրուկ գործողություններ, այլապես երկիրը կհայտնվեր ծայրաստիճան ծանր վիճակում և, բացի դա, կզրկվեր միջազգային ֆինանսական կազմակերպություններից ակնկալվող վարկերից:
Վ. Սարգսյանի կառավարությունը չէր էլ թաքցնում, որ իր առաջնային խնդիրն այդ փուլում ոչ այնքան երկիրը տնտեսական զարգացման ռելսերի վրա դնելն էր, որքան «նախկին կառավարությունների գործունեության արդյունքների չեզոքցումը»: Օրախնդիր հարցերով զբաղվելը, տնտեսության ժանգոտած անիվը տեղից շարժելու հոգսերը դարձան հիմական անելիքը, թեև ավելի հեռանկարային ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը կար: Որպես դրա արգասիք ու հետևանք բարձրացվեցին բենզինից ու ծխախոտից գանձվող հաստատագրված վճարները: Նույն օրերին Միջազգային արժույթային հիմնադրամն իր հերթին Հայաստանին առաջարկեց վերանայել նաև էլեկտրաէներգիայի սակագինը, սակայն վարչապետը հայտարարեց, թե ինքը դեմ է դրան, իսկ Համաշխարհային բանկի պահանջին` սեփականաշնորհել էներգետիկ ջանցը, նույնպես բացասական պատասխան տվեց` ասելով, որ սեփականաշնորհումը չի կարող ինքնանպատակ լինել: Սա ակնհայտորեն տանում էր միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների սրման: Բայց նա պարտադրված էր:
Վարչապետությունից դեռ մեկ ամիս էր անցել, երբ երկրում կտրուկ բարձրացան ալյուրի, ծխախոտի, նավթամթերքների գները, ինքը հանգեցրեց գրեթե բոլոր ապրանքատեսակների զգալի գնաճին: Տարվա 6 ամիսների կտրվածքով անկում էր արձանագրվել մեքենաշինության ու քաղաքաշինության ոլորտներում: Մասնավոր տրասֆերտները նվազել էին շուրջ 13 միլիոն դոլարով: 8 տոկոսով նվազել էր ներմուծումը, 3,5 տոկոսով`արտահանումը: Հաջողվել էր ընդամենը տարեկան եկամուտների 35 տոկոսն ունենալ: Էներգետիկայի կուտակված պարտքերը կազմել էին 75 միլիոն դրամ: Առկա էր գործազրկության աճ, դրամի արժեզրկում, բնակչության աշխատավարձերի, թոշակների ու նպաստների վճարումների ուշացումներ մի քանի ամիսների համար… Դա իսկապես ծանր հարված էր կառավարության վարկանիշին: Կանխավճարների հավաքագրումն էլ ավելի մեջ դժգոհություն հարուցեց: Գերշահույթ ունեցողներից հարկերի գանձման մեթոդները գնահատվեցին որպես ռեկետ պետական մակարդակով, իսկ երկու փուլով իրականացված կադրային փոփոխությունները` հետևողական ջարդ: Կառավարության ձեռնարկած կոշտ քայլերը չէին կարող դուր գալ ոչ հասարակությանը, ոչ էլ գործարար աշխարհին: Սակայն տվյալ պահին էականը ոչ այնքան դուրեկան լինելն էր, որքան նպատակը: Եթե պարզ դառնար, որ դրանք չէին եղել ինքնանպատակ ու անարդյունավետ, այն ժամանակ ամեն բան կներվեր: Հաղթողներին չեն դատում:
Վազգեն Սարգսյանին հազիվ թե հնարավոր լինի մեղադրել էժանագին պոպուլիզմի համար, մի բան, ինչից զուրկ չէին նրան նախորդած վարչապետերից ոմանք: Այդ իսկ պատճառով էլ նրա նորամուծություններն ընկալվում էին որպես պահի հրատապ թելադրանք կամ հարկադրված անհրաժեշտություն: Այդ շարքում հիշատակման արժանի է այն, որ նրա օրոք ձևավորվեցին նոր նախարարությունները` Ներքին գործերինը, Ազգային Անվտանգությանը, Պետական եկամուտներինը:
Վարչապետն իր թանկարժեք «Մերսեդես»-ջիպը փոխարինեց ռուսական արտադրության «Վոլգայով» և նույնը պահանջեց կառավարության մյուս անդամներից: Պրակտիկա դարձան սելեկտորային խորհրդակցությունները, որոնք երբեմն տևում էին 8-10 ժամ և ընթանում էին խիստ բարձր նոտայի վրա: Սարգսյանի օրոք փորձ արվեց (և ոչ առանց հաջողության) վերակենդանացնել ռազմական օլիգարխիան` մի բան, որ բոլորովին չէր ներդաշնակում այնքան տարփողվող արդարության սկզբունքների հետ: Օգոստոսի կեսերին նա հայտարարեց, որ ստեղծվել է վարչապետին կից միջազգային ֆինանասական կազմակերպություններից ստացվող վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ) գործունեությունը համակարգող մարմին: Մարմինն արդեն կար, բայց այդ մարմնի երակներով հոսող ավիշը`օտարերկյա վարկերը սպառնալիորեն ուշանում էին: Միջազգային հիմնադրամների հետ վատթարացած հարաբերությունները ուղեփակոցներ էին շարել, որոնք հաղթահարել հաջողվեց միայն սեպտեմբերի կեսերին, երբ հայտնի դարձավ, որ ՄԱՀ-ից ակնկալվող վարկը` 28 միլիոն դոլար, այնուամենայնիվ տեղ կհասնի:
Օգոստոսին վարչապետն իր հեռուստաելույթում, որը փաստորեն կառավարության ծրագրի հիմնադրույթների շարադրանքն էր, հայտարարեց, թե ստվերային տնտեսության և տնտեսության ոլորտում մենաշնորհների դեմ անխնա պայքար է ծավալելու: Բայց ո՞ր վարչապետն այդ մասին չէր հայտարարել: Հանրությանը միշտ էլ կարելի էր վստահեցնել այս կամ այն բանում, միայն թե դրանց իրականացման մեխանիզմների մասով վարչապետն ըստ էության ոչինչ չէր առաջարկում: Ճիշտ այդպես Վ. Սարգսյանը խոստացավ 2000 թվական տեղափոխվել բոլոր տեսակի պարտքերից թոթափված, ասել է, թե` զրոյական վիճակով: Խոստացվեց նաև մինչև հոկտեմբեր ոչ մի պարտք չունենալ բնակչությանը:
Կային հավատացողներ: Կային նաև թերահավատներ: Ամեն դեպքում մարդիկ հասկանում էին, որ Սարգսյանի կառավարության ձախողումը հղի է ոչ միայն տնտեսական, այլ նախևառաջ քաղաքական վտանգներով: Այդ իսկ պատճառով էլ նրա հանդեպ ձևավորվել էր որոշ առումով հանդուրժողական, մեղմ վերաբերմունք: Սակայն այդ մթնոլորտը զուտ հոգեբանական իմաստով նաև իր բացասական կողմն ուներ: Լինելով հակասությունների, էքստրեմալ իրավիճակների գործիչ, Վազգեն Սարգսյանը կարծես թե հետզհետե իր ուժը կորցնում էր այդ համընդհանուր համաձայնության (կամ կարելի է ասել` լռության) պայմաններում:
Երբ լրացավ վարչապետի նշանակման 100 օրը, քիչ բան կար, ինչի մասին կարելի էր հպարտությամբ խոսել: Բայց հարկ է արձանագրել, որ այդ ամենն առանձնապես չէր ազդել վարչապետի անձնական վարկանիշի վրա: Հանրության մոտ դեռ հաստատ էր այն համոզմունքը, որ դժվարություններն ու սխալները նախորդներից մնացած ժառանգություն էին, և Վ. Սարգսյանը վաղ թե ուշ դրանք կվերացնի: Ահա հենց նման տրամադրությամբ էլ վարչապետը գնաց մասնակցելու սեպտեմբերի 21-ի անկախության շքերթին…
Վազգեն Սարգսյանը, ինչպես և պետք էր սպասել, չդարձավ տնտեսության վարչապետ: Նրա նախասիրությունների շրջանակն այլ ոլորտներում էր: Հատկապես արտաքին քաղաքականության ու ռազմական համագործակցության խնդիրներում նա շարունակում էր մնալ գլխավոր դերակատարն ու կարգավորողը: Մերթ Մոսկվայում էր, մերթ Յալթայում, մերթ Թբիլիսիիում, իսկ սեպտեմբերի վերջին նրա գլխավորած պատվիրակությունը մեկնեց ԱՄՆ: Մեկնումից առաջ վարչապետն ասաց, որ ինքը պատրաստվում է ԱՄՆ և միջազգային ֆինանսական կազմակերպությունների ղեկավարությանը միջնորդել, որպեսզի վերջիննրս ճնշում գործադրեն Թուրքիայի վրա: Տվյալ դեպքում վարչապետն ակնկալում էր, թե այդ ճնշումների արդյունքում Թուրքիան կբացի սահմանը, առևտրատնտեսական հարաբերություններ կսկսի Հայաստանի հետ, և մեր երկիրը նրան էլեկտրաէներգիա, ցեմենտ ու այլ արտադրատեսականեր վաճառելու հնարավորություն կստանա: Սարգսյանը Հայաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, որ հրապարակավ հայտարարում էր այդ մասին` չերկյուղելով երդվյալ ընդդիմադիրների ու ազգայնականների պարսավանքներից:
Միացյալ Նահանգներ կատարած այցը գնահատվեց խիստ դրական, ձեռք բերվեցին կարևոր համաձայնություններ, միջազգային կառույցներին ներկայացվեց եռամյա ծրագիր: Կարծես թե ամեն ինչ սպասվածից ավելի հաջող էր: Միայն թե օրեր անց Հայաստան վերադարձած Վ. Սարգսյանի տրամադրությունը բոլորին զարմացրեց: Նա մտահոգ էր, նույնիսկ տխուր: Շուտով հայտնի դարձավ, որ ամերիկյան բոլոր հանդիպումների ժամանակ Հայաստանին անվանել են կոռումպացված երկիր, պահանջել են կտրուկ միջոցներ ձեռք առնել, իսկ Համաշխարհային բանկը տեղեկացրել էր, որ 2000 թվից Հայաստանին այլևս բյուջետային վարկեր չեն տրամադրվելու: Վարչապետի եզրահանգումը մեկն էր. «Մեր տունը մենք ենք շինելու»:
Հոկտեմբերի 22-ին Վ. Սարգսյանը կրկին հեռուստաելույթով դիմեց ժողովրդին: Խոսեց 2000 թ. բյուջեի նախագծի, տեղական ինքնակառավարման մարմինների մոտեցող ընտրությունների և, իհարկե, կաշառակերության ու հովանավորչության դեմ նախապատրաստվող անզիջում պայքարի մասին:
Կհաջողվե՞ր նրան հաղթող դուրս գալ այդ անհավասար պայքարում, թե՞ ոչ` մենք այդ մասին երբեք չենք իմանա: Հոկտեմբերի 27-ին ահաբեկիչների խումբը Ազգային Ժողովում գնդակահարեց 8 պետական ու քաղաքական գործիչներ, այդ թվում նաև վարչապետ Վազգեն Սարգսյանին: Հայաստանը թևակոխեց իր նորագույն պատմության ամենամռայլ ու վտանգավոր փուլերից մեկը:

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից անմիջապես հետո, դեռ ահաբեկիչները դուրս չէին բերվել Ազգային ժողովից, իսկ ահա վերնախավի կուլիսներում բուռն կերպով քննարկվում էր իշխանության փոխանցման հարցը: Եվ երկրում ստեղծված երկիշխանության պայմաններում կողմերը հանգեցին իր տեսակի մեջ աննախադեպ մի որոշան` վարչապետ նշանակել Վազգեն Սարգսյանի եղբորը` Արամ Սարգսյանին: Հետո օտարալեզու մամուլն այդ նշանակումը պիտի որակեր ասիականություն` նկատի ունենալով ոչ միայն վարչապետի աթոռը ժառանգականությամբ փոխանցելու փաստը, այլ նաև այն, որ հայերը կարող էին այդքան բարձր իշխանությունը տրամադրել անփորձ ու անտեղյակ մեկին: Սակայն տվյալ իրավիճակում կար շատ ավելի կարևոր խնդիր, քան փորձառությունն ու ազգակցական կապերն էին: Այսօր, ժամանակի հեռվից վերագնահատելով այդ ընտրությունը, շատերն են շարունակում մնալ այն համոզմանը, որ դա տվյալ պահի համար միակ խելամիտ ու հաշվենկատ որոշումն էր, հոկտեմբերի 27-ից հետո երկրում լարվածությունը լիցքաթափելու հիմնական միջոցներից մեկը: Եվ եթե նույնիսկ ի սկզբանե հասկանալի էր, որ կրթությամբ ճարտարապետ- շինարար, մինչ վարչապետ դառնալը «Արարատցեմենտ» բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոն զբաղեցնող Սարգսյանի նշանակումը նույնն էր, թե ձեռնարկել մի գործ, որը նախօրոք արդեն տանուլ էր տրված, այնուամենայնիվ քաղաքական ուժերը միայն այդպես էին տեսնում երկրի և իշխանության համախմբվածության պահպանումը:
Նոյեմբերի 3-ին նախագահը ստորագրեց նրա նշանակման հրամանը: Տարիներ անց Ա. Սարգսյանը մի առիթով պիտի ասեր. «Ինչո՞ւ և ինչպե՞ս համաձայնեցի Վազգենից հետո վարչապետ դառնալ ու չէի՞ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը այդ նշանակումով անձնական հարցեր է լուծում: Այն ժամանակ՝ ոչ, բոլորովին: Այն ժամանակ Քոչարյանին ես չէի ընկալում որպես մարդու, որ կարող է կապ ունենալ հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ: Ընդհակառակը: Ես ուզում էի օգնած լինել… Ես գիտեի, որ դժվար է լինելու, ծանր է լինելու, բայց գիտեի նաև, որ մերժելու իրավունքը չունեմ: Դա եղել է իմ կյանքի ամենադժվար վճիռը»:
Եթե մի կողմ թողնենք այն փաստը, որ Արամ Սարգսյանը ծանոթ չէր ոչ քաղաքական դաշտին ու ոչ էլ տնտեսական դասավորություններին, ապա նկատենք նաև, որ երկրում նրա նկատմամբ ձևավորված կարծիք չկար, իսկ այդ բացակայությունը մի տեսակ անհասկանալի համաձայնության մթնոլորտ էր ստեղծում վարչապետի թեկնածության շուրջ: Թույլ վարչապետ` ուժեղ աջակցությամբ, որ հովանավորվում էր բանակի ու խորհրդարանական մեծամասնության կողմից: Թույլ վարչապետ, սակայն ուժեղ փաստարկ հատկապես նրա, այլ ոչ նախագահի անձի շուրջ համախմբում ձևավորելու օգտին: Սա չէր կարող անհետևանք մնալ:
Վարչապետի ու նախագահի միջև հակասությունները ակնհայտ դարձան առաջին իսկ պահից, երբ մի քանի օր շարունակ Քոչարյանը անորոշ սպասման մեջ էր պահում առանց այդ էլ լարված երկիրը` չհաստատելով Ա. Սարգսյանի ներկայացրած կառավարության կազմը: Եվ միայն 10-րդ օրը ճգնաժամը հաջողվեց հաղթահարել դժվարին փոխզիջումների շնորհիվ: Արդեն իսկ հստակ էր. դա լինելու էր մի կառավարություն, որտեղ էականը ոչ թե պրոֆեսիոնալիզն էր, այլ այն, թե ով ում մարդն է:
Նշանակումից մեկ շաբաթ անց իր առաջին հրապարակային ելույթում Ա. Սարգսյանն ասաց, որ շարունակելու է եղբոր քաղաքականությունը: Ինչ վերաբերում էր ընթացիկ հարցերին, նա նշեց, որ 2000 թ. պետբյուջեն կազմված է կոշտ տրամաբանությամբ, այսինքն եկամուտները կլինեն իրատեսական: «Եթե կառավարությունը չստանա միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկերի նախատեսված մասնաբաժինները, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը կդառնա աղետալի»:
Երկրի վիճակն արդեն իսկ աղետալի էր ոչ միայն միջոցների սղության պատճառով: Անվստահության մթնոլորտի, վաղվա օրվա հանդեպ անորոշության պայմաններում կաթվածահար վիճակում էր հայտնվել նաև գործադիր մարմինը: Կառավարությունը, որի գերխնդիրը պիտի լիներ երկրում կայունության հաստատումն ու պահպանումը, հետզհետե ինքն էր դառնում հակասությունների կիզակետ: Այդ ամենի հետևանքն էր, որ վարչապետի թիմի աշխատանքի հիմնական ու անդրանիկ արգասիքը` 2000 թ. բյուջեն բավականին ուշացումով` միայն փետրվարին մատուցվեց խորհրդարանին: Մինչ այդ հնարավոր էր դարձել ՄԱՀ-ի հետ լեզու գտնել մի էական հարցի շուրջ: Եթե մինչ այս Արժութային հիմնադրամը պնդում էր, թե պետությունը պետք է սեփականաշնորհման գումարներն ուղղի բյուջեի պակասուրդի ծածկմանը, ապա այժմ նրանք համաձայն էին, որ միջոցները ծառայեցվեն տնտեսության, արդյունաբերության ոլորտում: Իսկ 2000-ի մասնավորեցման օրակարգում էին էներգետիկ բաշխիչ ցանցերը, «Նաիրիտը», «Կանազը», «Շողակնը», լեռնամետալուրգիական գործարանը…
Նախորդ բյուջեի համեմատ նորը նվազել էր 16 միլիարդով, և դա բացատրվեց հոկտեմբերի 27-ից հետո երկրի հանդեպ գործարար շրջանակների անվստահությամբ: Ստացվում էր, որ ստիպված էին ոտքերը պարզել իրենց վերմակի չափով: Պետությունն ակնկալում էր ստանալ 122 միլիոն դոլարի արտասահմանյան վարկեր և դա գումարելով սեփական միջոցներին ծախսել մոտ 255 միլիարդ դրամ: Ամեն դեպքում նշվեց` տարվա առաջին եռամսյակի կտրվածքով լուրջ հույսեր փայփայելը իրատեսական չի: Ֆինանսական գլխավոր փաստաթուղթը հենց սկզբից որակվեց որպես իներցիոն, որը լավագույն դեպքում կարող էր ծառայել սոսկ ընթացքիկ խնդիրներ և ընթացիկ ճեղքեր փակելու նպատակին:
Ա. Սարգսյանի մերձավոր շրջապատը շարունակում էր օգտվել վարչապետի անփորձ լինելուց, իսկ կառավարության համակարգն իրենց հարմարեցնելու մղումներն անընդմեջ ստիպում էին նրանց տարատեսակ վերաձևումներ ու փոփոխություններ թելադրել, ինչն ըստ էության կազմալուծում էր կառույցի աշխատանքային ռիթմը: Փետրվարին Ա. Սարգսյանը փորձ արեց մեկ անգամ էլ վերաձևել կառավարությունը` մի քանի պորտֆելներ խոստանալով խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին և փոխարենը ակնկալելով նրանց աջակցությունը: Զուգահեռաբար խոսվում էր, որ վարչապետը ձգտում է ամեն գնով ԱԱ նախարարությունը դարձնել վարչություն ու հեռացնել ԱԳ նախարար Վ. Օսկանյանին: Այդ իրարանցման արդյունքում նախարարությունների թիվը կրճատվեց` 24-ից դառնալով 17:
Օլիգարխիկ համակարգում միս ու արյուն էր առնում բդեշխային կենսակերպը, տարանջատ խմբերի կողմից հրահրվում էին ազդեցության գոտիներ ընդլայնելու անարյուն ու արյունոտ բախումներ, մականունավորների ազատ բազմացման համար ստեղծվում էր նպաստավոր միջավայր: Ի դեպ, հենց Արամ Սարգսյանի ժամանակներից ներմուծվեց ու մնաց մեծ ու փոքր չինովնիկների և օլիգարխների` թիկնապահների ուղեկցությամբ երթևեկելու սովորությունը: Պատրվակ դարձնելով հոկտեմբերի 27-ը` նրանք այդ կերպ արդարացնում էին իրենց թանկագին կյանքը պաշտպանելու իրավունքը:
Վիճակը նախանձելի չէր նաև արտաքին հարաբերությունների ոլորտում: Արամ Սարգսյանի արտասահման կատարած երկու կարևոր ուղևորությունները (1999-ի դեկտեմբերին` Մոսկվա և 2000-ի հունվարին` Մեծ Բրիտանիա) միևնույն նպատակն էին հետապնդում` վերականգնել վստահությունը Հայաստանի նկատմամբ ու ապահովել օտարերկրյա ներդրումների ներհոսք: Բայց կար նաև Ղարաբաղի խնդիրը, նոր ավարտված Ստամբուլի վեհաժողովը (որի արդյունքները բոլորովին նպաստավոր չէին Հայաստանի համար), միջազգային զանազան ատյաններում փոքր ու մեծ անհաջողություններ կային, ինչն իր հերթին յուղ էր լցնում կրակի վրա: Որքան էլ Քոչարյանը ջանում էր վարչապետին հեռու պահել արտաքին ոլորտին առնչվող հարցերից, դա նրան հեշտ չէր տրվում: «Արտաքին քաղաքականության հարցերում ես տարաձայնություններ եմ ունեցել նախագահի հետ, և իմ ամենամեծ հաջողությունը համարում եմ այն, որ Սյունիքի տարածաշրջանում Հայաստանի տարածքային ամբողջականությունը չխախտվեց»,- մի առիթով ասել է Ա. Սարգսյանը:
Այս ներիշխանական ինտրիգների բարձրակետը դարձավ 2000 թ. մարտի 3-ը, երբ «Միասնություն» դաշինքը` վարչապետի մասնակցությամբ, հանդես եկավ մի հայտարարությամբ, որով պահանջում էր Սերժ Սարգսյանի ու Տիգրան Նաղդալյանի հրաժարականը: Նախագահն այս վերջնագիրն անընդունելի համարեց` իր հերթին Արամ Սարգսյանից պահանջելով վերանայել դեռևս ՎազգենՍարգսյանի օրոք ընդունած մի քանի որոշումներ, որոնք նրան պիտի հավելյալ լծակներ տային: «Վարչապետն ու նախագահը նույն մեխին չեն խփում»,- ասում էր ժողովուրդը, իսկ իշխանությունը նմանեցնում էին կարապի, խեցգետնի ու գայլաձկան առակի պատմությանը, որոնցից յուրաքանչյուը սայլն իր կողմն է ձգում: Բոլորն էլ հասկանում էին, որ այդպես անվերջ շարունակվել չէր կարող, հանգուցալուծում էր պետք, երկուսից մեկը պիտի հեռանար:
Եվ ահա, ճիշտ հաշվարկելով ուժերի հարաբերակցությունն ու ընտրելով հարմար պահը` նախագահ Քոչարյանը մայիսի 2-ին իր հրամանով պաշտոնանկ արեց Արամ Սարգսյանին: Իբրև հիմնավորում ընդգծվում էր այն հանգամանքը, թե գործադիր իշխանությունը վերածվել է ինտրիգների ու քաղաքական խարդավանքների օջախի և այդ ամենն ուղղված է նախագահի դեմ: Տասն օր անց նոր վարչապետ նշանակվեց Անդրանիկ Մարգարյանը:
Արամ Սարգսյանը պաշտոնավարեց մոտավորապես այնքան, որքան իր եղբայրը: Նա այդպես էլ չհասցրեց (կամ չկարողացավ) ձերբազատվել «Վազգենի եղբայր» իմիջից և լինել վարչապետ Արամ Սարգսյան: Ինչ վերաբերում է իրական վիճակին ու հնարավորություններին, ապա կարծում ենք, որ իրենից լավ ոչ ոք չի կարող դա բնութագրել: Մի առիթով նա իր մասին ասել է. «Մարդ, որ չգիտեր անգամ` ինչպես են կառավարություն մտնում ու դուրս գալիս, ուր մնաց թե կառավարություն ղեկավարեր…»: Սակայն փոթորիկը հանդարտեցնելու գործում առաքելության այն բաժինը, որ վերագրված էր նրան կամ որն ինքը ստանձնեց, ընդհանուր հաշվով իրականացվեց:

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Արամ Սարգսյանի և նրա համակիրներից մի քանիսի հեռացումը իշխանությունից դեռևս չէր կարող նշանակել նախագահական թիմի լիակատար հաղթանակ: Անհրաժեշտ էր գտնել մեկին, ով տվյալ պահին հավասարապես կհամապատասխաներ երկրի ղեկավարության և սարգսյանական քաղաքական խմբավորման շահերին: Եվ այս անգամ էլ ընտրությունը կանգ առավ ամենաանսպասելի թեկնածության վրա: Դա Անդրանիկ Մարգարյանն էր` ԱԺ պատգամավոր, խորհրդարանում մեծամասնություն կազմող «Միասնություն» խմբակցության ղեկավարը: Հենց նա էլ 2000 թ. մայիսի 12-ին նշանակվեց Հայաստանի վարչապետ: «Մենք այդ որոշումն ընդունեցինք մեծ դժվարությամբ…», հետո պիտի խոստովաներ Հանրապետական կուսակցության խորհրդի անդամներից մեկը: Եվ այս խոստովանությունն իր պատճառներն ուներ: Բանն այն է, որ Մարգարյանը մարտի 3-ի «խռովության» գլխավոր դերակատարներից մեկն էր, ով նույնպես պահանջում էր գործող իշխանության հրաժարականը և վերջիններիս մեղադրում ամեն կարգի հանցանքների ու մեղքերի համար: Իսկ այժմ ստացվում էր այնպես, որ ընդամենը երկու ամիս անց ինքն էր գնում իշխանությունների հետ դաշինքի ու համագործակցության` ոչ միայն լքելով իր ընկերներին, այլև փաստորեն ծանր հարված հասցնելով նրանց: (Ի դեպ այս որոշումից անմիջապես հետո հենց այդպես էլ եղավ. նախկին համակիրների անվստահության արդյունքում Երկրապահ-Հանրապետական կուսակցություն տանդեմից հեռացան բազմաթիվ անդամներ, որոնց մի մասը հետագայում համախմբվեց Արամ Սարգսյանի ստեղծած «Հանրապետություն» կուսակցության շուրջ): Ստացվում էր, որ երկիրն այժմ ուներ մի վարչապետ, ով ոչ իշխանամետ էր, ոչ ընդդիմադիր, և հավանաբար առաջին հերթին այս հանգամանքով էր պայմանավորված Մարգարյանի որակումը որպես «փոխզիջումային» կառավարության ղեկավարի: Հետագայում նույն այդ պահվածքի նշանակությունը պիտի էլ ավելի ընդգրկուն դառնար` վերածվելով մի երկար ժամանակահատվածի քաղաքական դիրքորոշման:
Անդրանիկ Մարգարյանը տեսանելի ասպարեզում էր շատ երկար: Եթե նույնիսկ մի կողմ թողնենք 1960-ականների նրա քաղաքական-անկախական գործունեությունը, ապա Հանրապետական կուսակցության հիմնադիրներից մեկն էր, 1995-1999թթ. Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր, խմբակցության ղեկավար: Ճիշտ է, 1999-ի ընտրություններից հետո նա փոքր-ինչ դժգոհ լինելու հիմնավոր պատճառներ ուներ, քանի որ իր կուսակցությունը միանգամայն անարդարացի կերպով զրկվել էր կառավարության կազմում պատշաճ տեղեր զբաղեցնելու իրավունքից, սակայն Մարգարյանը նախընտրում էր քիչ դժգոհել այդ առիթով` ընդամենը ժամանակ առ ժամանակ հիշեցնելով, որ Հանրապետականը իր հոգեզավակն է:
Իսկ այժմ նրա իսկ ձևավորված նոր կառավարությունն էր հայտվում սկզբունքային խնդիրների առջև: Այդ շարքում ամենակարևորը թերևս պետք է համարել զարգացման հետագա ուղու հստակեցումը: Բանն այն էր, որ այժմ արդեն ազատական տնտեսության գաղափարը հասարակական կյանքում բացասական ընկալում ուներ: Այս հանգամանքին էլ գումարվել էր վատթարացած սոցիալ-տնտեսական իրավիճակը, և տապավորությունն այնպիսին էր, որ առկա կացությունը կարծես թե առաջընթաց քայլերի ոչ մի հնարավորություն չէր թողնում: Հասկանալի է, որ համանման նախատամադրվածության պայմաններում միանգամայն տեղին պիտի լինեին կարծիքներն այն մասին, որ հերթական կառավարությունը երկար չէր կարող դիմանալ: Իսկ եթե ասվածին էլ հավելենք նաև այն փաստարկը, որ Մարգարյանը ոչ առաջին դեմքի փորձառություն ուներ ու ոչ էլ ընդգծված խարիզմայով օժտված քաղաքական գործչի համբավ, ապա պատկերն էլ ավելի անմխիթար պիտի ներկայանար: Եվ հենց այդ պահին նոր վարչապետն արեց իր առաջին անսպասելի հայտարարությունը: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասաց, որ երկրի ապագան տեսնում է ազատական բարեփոխումների խորացման մեջ և դեռ քաղաքական հանդգնություն ունեցավ հավելելու, թե հատկապես գնահատում է Հրանտ Բագրատյանի աշխատանքը: Սա մոտավորապես մարտահրավերի հնչեղություն ունեցավ, թեև ընկալվեց որպես հռետորություն: Բոլորը սպասում էին ռեալ, տեսանելի արդյունքների: Այն ժամանակ քչերը կարող էին կռահել, որ Մարգարյանը լինելու է Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետը:
Պետք է նկատել, որ Մարգարյանը վայելում էր փափուկ վարչապետի համբավ, նույնիսկ ամենալարված իրավիճակներում իրեն թույլ չէր տալիս ծայրահեղ որակումներ ու արտահայտություններ, ու թերևս եղավ և մնաց գործադիրի ղեկավարներից միակը, ում մամուլը «խնայում էր»` երբեք չդարձնելով սպանիչ սարկազմի թիրախ: Նրա դերակատարումը ներքաղաքական կյանքում երկակի էր գնահատվում. մի կողմից վարչապետը համարվում էր մեկը, ով Քոչարյան-Սարգսյան զույգին օգնեց պահպանել իշխանությունը, մյուս կողմից նա իշխանության ներսում հին ընկերների հովանավորի դերակատարում ուներ: Անգամ ամենաթունդ ընդդիմադիրները շատ դեպքերում իրենց խնդիրները հաղթահարում էին հենց նրա օգնությամբ: Վարչապետն, իհարկե, բացարձակ իշխանություն չուներ, բայց նրա ստանձնած այդ դերն ու վարչապետի պաշտոնը թույլ էին տալիս իրականացնել որոշակի քայլեր: Նրա մասին ասում էին, թե Մարգարյանն այն բևեռն է, որին կարելի է վերջին պահին դիմել:
2003թ. ԱԺ ընտրություններից հետո Մարգարյանը շարունակեց պաշտոնավարել` ղեկավարելով քաղաքական վերադասավորումների արդյունքում ձևավորված կոալիցիոն կառավարությունը: Ընդհանրապես նրա կառավարությանը հաջողվում էր ամեն տարի ավելի մեծ բյուջե պլանավորել ու կատարել դրանք: Շատերի համար սա պարզապես տարօրինակ երևույթ էր: Խիստ կենտրոնացած տնտեսական համակարգ ունեցող երկրում նման կառավարումը պիտի որ համարյա անհնար լիներ: Մնում էր մտածել, որ շատ բաներ վարչապետին հաջողվում էր անձնական հատկանիշների շնորհիվ: Բայց երևույթը նաև այլ բացատրություն ուներ: Դեռևս Քոչարյանի վարչապետության շրջանում ամրագրված տնտեսական ու քաղաքական համակարգի օլիգարխիկ կառուցվածքի հիմքը Անդրանիկ Մարգարյանի օրոք էլ ավելի ամբողջացավ ու բյուրեղացավ. երկիրը բաժանվեց տնտեսական ու քաղաքական ազդեցության ոլորտների, սկսեց գործել «հզորների» օրենքը: Մարգարյանի կոալիցիոն կառավարությունը և Հանրապետական կուսակցությունը դարձան ընդամենը տանելի շղարշ երկրում իրերի ճշմարիտ վիճակը սքողելու համար: Հետո արդեն պիտի ասվեր, որ Հանրապետականն ընդհանրապես կուսակցություն չէ, այլ «չինովնիկների արհմիություն» ու «մի քանի լոբբիստական խմբերի հովանոց»: Իսկ 2004-ի գարնանը իշխանության և ընդդիմության առճակատման պայմաններում վարչապետն էր, որ ընդդիմադիրների գործողությունները որակեց իբրև հեղաշրջման փորձ: Երբ նրան հիշեցրեցին, որ բարիկադների մյուս կողմում իր նախկին ընկերները են, Մարգարյանն ասաց. «Այո, ընկերներն են, բայց եթե իմ ընկերները բարձրացնում են քաղաքական հարցեր, ինչին ես համաձայն չեմ, դա դեռ չի նշանակում, որ մենք թշնամիներ ենք, բայց եթե կատարում են քայլեր, որոնք դեմ են մեր երկրի կայունությանը, հեղաշրջման կոչ են անում՝ թեկուզ սահմանադրական ճանապարհով, ապա քաղաքական պայքարում մենք մրցակիցներ ենք…»: Հիմա արդեն նրա կարգախոսն այսպես էր հնչում. «Ես չեմ հասկանում, թե ինչպե՞ս պիտի փոքրամասնության ժողովրդավարությունը հաղթանակի մեծամասնության ժողովրդավարությանը»:
Պետք է նկատել, որ վարչապետը խիստ ընդգծված վերաբերմունք ուներ նաև նորահայտ քաղաքական կուսակցությունների և նրանց գործելաոճի նկատմամբ: «Լինելով նոր ուժ` իրենք իրենց ամենափոքր գործունեությունը հնարավորինս լայն մասշտաբներով ցուցադրելու անհրաժեշտությունն ու ցանկությունն ունեն: Կարտոֆիլի սերմնացու բաժանելով կամ ցանկացած այլ տիպի բարեգործություն անելով նրանք կառավարության արածի 0,001 տոկոսին էլ չեն հասնում: Իսկ կառավարությունը նրանց պես տուկի թել բաժանող չի»,- քամահրանքով նկատում էր նա:
Իր ղեկավարման 5-րդ տարում Անդրանիկ Մարգարյանը երկրի տնտեսության ոլորտում արձանագրեց առավելագույն ցուցանիշներ: Բոլորը խոսում էին երկնիշ տնտեսական աճի մասին: Համախառն ներքին արդյունքի աճը մոտ 13 տոկոս էր: «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից հաստատվել էր մեր համաձայնագիրը՝ 235,65 մլն ԱՄՆ դոլար ծավալով: Հայաստանը դարձել էր Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ: Երկիրը դուրս էր եկել բարեփոխումների առաջին փուլին յուրահատուկ անկման շրջանից: Ու այսօր ինչ էլ ասեն Մարգարյանի մասին, նա մի կարևոր բան կարողացավ հասկանալ. տնտեսական զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկը` երկրում սոցիալական համաձայնության վրա խարսխված բարոյահոգեբանական առողջ ու կառուցողական միջավայրի առկայությունն է:
Ինչ վերաբերում էր չլուծված հարցերին ու խնդիրներին, ապա դրանց շարքում էին աղքատության կրճատման գործընթացը, որի կատարման տեմպերի մեջ բազմաթիվ բացթողումներ կան: Կառավարության հակակոռուպցիոն գործողություններն ընդհանրապես անարդյունավետ էին: Կաղում էր հակամենաշնորհային քաղաքականությունը: Ճիշտ է, վարչապետը պարծենում էր, որ իրեն, օրինակ, հաջողվեց մենաշնորհից զրկել «ԱրմենՏել»-ին, բայց նման արտահայտություններն ամենևին դուր չէին գալիս նախագահ Քոչարյանին, ով հիշյալ գործարքի կնքահայրն էր: Անպատասխան հարց էր նաև, թե տնտեսական աճի այդ 13 տոկոսն ո՞ւր է գնում: Բևեռացված երկրում միջոցների անհամաչափ բաշխումը ոչ միայն ահռելի տարբերություն էր ստեղծում հասարակության խավերի միջև, այլև ամբողջ հանրապետությունում: Եթե աճը դրական ազդեցություն էր ունեցել մայրաքաղաքի վրա, ապա արդյունքում գյուղական բնակչության շրջանում աղքատությունը կազմում էր 41 տոկոս: Իսկ տարեցտարի ավելացող հարկերի բեռն ընդհանրապես արժեզրկում էր յուրաքանչյուր հաջողություն:
Այս իրողությունն ընկալելով` Ա. Մարգարյանը արդեն 2006-ին ասում էր, որ այսուհետ պետբյուջեի եկամուտները հավաքագրելու համար հարկերը չեն բարձրացվելու, այլ խստացվելու են վարչարարական միջոցները՝ ստվերային տնտեսավարողներին օրինական դաշտ բերելով: Նոր` 2007 թվի պետական բյուջեի համար նրա կառավարությունը նախատեսում էր եկամուտները նախորդ տարվա համեմատ ավելացնել մոտ 21,5 տոկոսով (489,5 մլրդ դրամ): Բյուջեի նախագծով նախատեսված ծախսերը կազմելու էին 558, 8 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 68, 3 մլրդ դրամ: Սակայն այդ ծրագրերը իրականացնել նրան վիճակված չէր: 2007թ. մարտի 25-ին Անդրանիկ Մարգարյանը հանկարծամահ եղավ սրտի կաթվածից: Նրա անսպասելի մահը, այն էլ խորհրդարանական ընտրություններից 49 օր առաջ, զանազան մեկնաբանությունների ու ասեկոսեների առիթ տվեց: Շատերն էին այն ժամանակ հարց տալիս` եթե վարչապետը կենդանի մնար, արդյո՞ք կրկին նրան էր վստահվելու կառավարության ղեկը: Բավական է նշել, որ եթե անկախ Հայաստանի նախորդ ինը տարիների ընթացքում փոխվել էր 9 վարչապետ, ապա Մարգարյանը գլխավորեց կաբինետը յոթ տարի: Իսկ որ 7 տարվա ընթացքում նա այլընտրանք չունեցավ, վկայությունն էր մի բանի. նրա ներկայությունն օբյեկտիվ անհրաժեշտություն էր: Այսօր, երբ հետադարձ հայացքով ենք գնահատում 2000-ի մայիսը ու փորձում հասկանալ Անդրանիկ Մարգարյանի ընտրությունը, ապա տեսնում ենք, որ համաձայնելով ստանձնել վարչապետի պաշտոնը` նա առաջնահերթ կայունացնող դեր խաղաց` այդ դերից չհրաժարվելով մինչև իր կյանքի վերջը: Իսկ հնարավորությունների, ընդունակությունների և այլ կարգի ձեռքբերումների հատվածը պատմությունը ժամանակի ընթացքում կսրբագրի` նախապատվությունը տալով կարևորագույնին:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

Անդրանիկ Մարգարյանի մահից հետո վարչապետի հնարավոր թեկնածուների ընդարձակ ցանկ չկար: Սա այն դեպքերից էր, երբ տեսադաշտում գծագրվում էր մեկ հիմնական հավակնորդ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Բայց նույնիսկ այս «եզակիության» պարագայում էլ նրա անձի հանդեպ միանշանակ վերաբերմունքի դաշտ չկար: Եթե ոմանք գտնում էին, որ Սարգսյանի անցած ուղին, կենսափորձը վարչապետ աշխատելու համար ավելին էր, քան բավարար, իսկ դրա հետ մեկտեղ գործող սահմանադրությամբ քաղաքական մեծամասնությանը վերապահված էր նման կերպ պատասխանատվություն ստանձնելը, ապա կային կարծիքներ նաև այն մասին, որ Սարգսյանը չուներ տնտեսության կառավարման փորձ ու բավարար գիտելիքներ, փոխարենը տնտեսությունում անձնական խոշոր շահեր ուներ, մի բան, որ ըստ նրանց, մինչև 1997-98 թվականը որևէ վարչապետ չի ունեցել:
Բոլոր դեպքերում, երբ հայտնվեցին առաջին նախանշաններն այն բանի, որ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի հենց Սարգսյանը, ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը անմիջապես հերքեց այդ լուրերը: Սակայն ապրիլի 2-ին Հանրապետական կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդի նիստը, որը հաստատեց նոր վարչապետի թեկնածությունը: 2007 թ. ապրիլի 4-ին նախագահ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց Ս. Սարգսյանին Հայաստանի վարչապետ նշանակելու մասին՝ ազատելով նրան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պարտականություններից:
Այն, որ Սարգսյանը վերնախավի «հնաբնակներից» էր և անցել էր նշանակալի ճանապարհ, դա վիճարկման ենթակա չէր: Պատերազմական օրերի ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավարը եղել էր ՀՀ պաշտպանության նախարար, պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության ու ներքին գործերի նախարար, նախագահի աշխատակազմի ղեկավար, նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ 2000 թվից`կրկին ռազմական գերատեսչության ղեկավար: Սա նպատակասլաց ճանապարհի ընթացք էր, եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ իր գործունեության այդ ընթացքում Սարգսյանը ոչ մի կուսակցության չէր հարում: Սակայն 2006-ի ամռանը նա անդամագրվեց ՀՀԿ-ին, իսկ շատ չանցած` դարձավ այդ կուսակցության խորհրդի նախագահը: Վերլուծաբաններն այդ շրջադարձն անմիջապես ամրագրեցին ու արձանագրեցին, որ նրա համար եկել էր առավել մեծ բարձունքներ նվաճելու պահը: Եվ այս իմաստով վարչապետի պաշտոնին Սարգսյանի նշանակումը նույնպես դիտվում էր այդ նույն` «նախագահական հավակնությունների» համատեքստում: Իսկ քանի որ «պայծառ գալիքը» մեծապես պայմանավորված էր լինելու խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, ապա նա չէր կարող բաց թողնել մոտեցող ընտրությունները վարչապետական բարձունքից վերահսկելու հնարավորությունը:
Մայիսի 12-ից հետո, երբ խորհրդարանական ընտրություններում Հանրապետականը կարողացավ ապահովել տեղերի անհրաժեշտ քանակը, Սերժ Սարգսյանն անմիջապես ձեռնամուխ եղավ ուժերի վերաբաշխման գործին: Գաղտնիք չէր, որ ՀՀԿ-ում ու իշխանության վերին օղակներում կար այսպես կոչված «մարգարյանական թև», որը կամա թե ակամա դարձել էր հակակշիռ «սարգսյանական» թևին: Այժմ վարչապետը հին գվարդիային փոխարինելու էր բերում նոր կազմ` առավելապես հագեցած օլիգարխներով ու գաղափարական համոզմունքներին քամահրանքով նայող տարրերով, ովքեր կուսակցության համամասնական ցուցակի «թեթև ձեռքով» զբաղեցրին խորհրդարանի նստատեղերը, ջղաձիգ ցնցումների մեջ էին ընկնում նժդեհյան թեզիսներ լսելիս և քաղաքական պատեհապաշտության դասական օրինակներ լինելով` ՀՀԿ-ն շատ արագ վերածեցին վարչապետի գրպանային կուսակցության:
Որքան էլ Ս. Սարգսյանը պնդեր, թե այսուհետ «ոհմակի օրենքը» տեղ չի ունենալու «վերին ոլորտներում», ժամանակը ցույց տվեց, որ այդ ցանկություն-պահանջն առայժմ կիրառման բավարար ուժը չուներ:
Պետք է ասել, որ այս անգամ հասարակությունը սպասվածից ավելի կարևորեց կառավարության ղեկավարի մարդկային հատկանիշները: Նրա մասին զանազան կարծիքներ էին հնչում` մեկը մյուսին հակասող, թեև դրանցից յուրաքանչյուրի հեղինակը ներկայանում էր իբրև Սարգսյանին քաջածանոթ սկզբնաղբյուր: Ոմանք վարչապետի մասին ասում էին, թե նա նա միշտ կարողանում է լուռ մնալ և համբերատար տանել մարդկանց ցանկացած տեսակի վերաբերմունք՝ մինչև որ գալիս է պատասխան հարվածը հասցնելու նպաստավոր պահը: Մյուսները գտնում էին, որ նա ունի մի վատ հատկություն՝ միշտ կարողանում է ցուցաբերել տերունական մոտեցում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ավելի ցածր դիրքում են գտնվում: Երրորդ խումբը գտնում էր, որ Ս. Սարգսյանը ոչ միայն թույլ մարդ չէ, այլև նրան բնորոշ է մտքի թռիչքը, իսկ կառավարման ասպարեզում սեփական կեցվածքը նմանեցնում է շախմատային խաղի (ինչն, ի դեպ, բավականին լավ է խաղում):
Սարգսյանն ինքը կարծես թե հանգիստ էր վերաբերվում հասարակության մեջ իր հակասական իմիջի մասին այդ լուրերին: Շատ դեպքերում նա ինքն էր դրանք իջեցնում մինչ համեստության ստորին աստիճանը` չկիսելով այն կարծիքը, թե կարող է համարվել Հայաստանի ամենազորեղ քաղաքական գործիչը: Երբ մի անգամ «Գելափի» անցկացրած հասարակական կարծիքի հարցումը պարզեց, որ նա որպես «պատերազմի հերոս» չի ընկալվում, վարչապետն անխռով պատասխանեց. «Ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում այն փաստում, որ Հայաստանի հասարակայնությունն իմ անունը չի նշել «մեր ժամանակի հերոսների» շարքում: Անձամբ ես ինձ ոչ հերոս, ոչ էլ մեծ զորավար չեմ համարում»:
Նույնիսկ նախագահ Քոչարյանը, երբ խորհրդարանում պիտի ներկայացներ նոր վարչապետին, այդպես էլ չգտավ նրան բնորոշող հարմար բառեր ու սահմանափակվեց ընդհանուր ձևակերպումներով` չմոռանալով հավելել, որ Սարգսյանը «աշխատասեր, պարկեշտ, հետևողական անձնավորություն է, և համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում ինքն ի վիճակի է ղեկավարել կառավարությունը, հատկապես որ նման փորձ ունեցող, ըստ էության, մենք չունենք»: Սակայն ինչպիսին էլ հնչեին նրա և մյուսների պատասխանները, վարչապետի կերպարն առայժմ ընկալվում էր այս երկու բառերի սահմանագծում` վտանգավոր ու հետևողական:
Վարչապետության առաջին ամիսներին իր մոտեցումների մասին Սարգսյանը երբեմն թույլ էր տալիս ձևակերպումներ, որոնք անսովոր էին ու երկիմաստ: Օրինակ, «Ֆայնենշլ Թայմս» թերթի լրագրողին նա ասաց, որ տնտեսական զարգացումը մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներից առաջնային է համարում, իսկ այնուհետև հավելեց, թե աշխատատեղերն ավելի կարևոր են, քան իրավունքները. «Դժվար է խոսել ժողովրդավարական և մարդու իրավունքների մասին, երբ դուք պետք է բավարարեք բնակչության սոցիալական և տնտեսական կարիքները»: Արևմուտքից եկածի համար այս մտքերը չէին կարող տարօրինակ չներկայանալ:
Ինչ վերաբերում էր տեղացիներին, ապա Հայաստանում ըմբռնումով էին վերաբերվում վարչապետի համանման հայտարարություններին`ապավինելով թե իրենց համբերատարությանը և թե հումորի զգացումին: Երբ Սարգսյանը հավաստիացրեց, որ առաջիկա հինգ տարիներին Հայաստանում կայուն կերպով պահպանվելու են 8-10 տոկոս աճի տեմպերը, ոչ ոք առանձնապես չզարմացավ, թեև առկա մակրոտնտեսական ցուցանիշները հակառակն էին պնդում: Բայց վարչապետը դրա համար սրամիտ բացատրություն գտավ` ասելով. «Մենք պետական ապարատին դատապարտեցինք ունենալու այդպիսի արդյունքներ, որովհետև եթե չունենա այդպիսի արդյունքներ, ապա պետք է մտածել, որ նա այլևս հոգնել է, պետք է մտածել, որ փոխելու ժամանակն է»:
Համանման մի բան էր կատարվեց այն ժամանակ, երբ ընդունվեց կենսաթոշակները 60 տոկոսով ավելացնելու որոշումը: Ոգևորված վարչապետն այս անգամ էլ առիթը բաց չթողեց շեշտելու, թե դա իր համար սահման չէ ու կառավարության ծրագրում ամրագրեց, որ 2012-ին Հայաստանում միջին կենսաթոշակը պետք է կազմի 42 հազար դրամ: Իհարկե, անտեսանելի ապագայի համար ծրագրեր կազմելը շատ ավելի դյուրին պիտի լիներ, քան ներկայի ծանր բեռը կրելը: Ոչ տնտեսագետ վարչապետն այնուամենայնիվ տեսնում էր, որ երկրում աճ ասվածի առյուծի բաժինը ընկնում էր շինարարությանն ու սպասարկման ոլորտին, մինչդեռ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը հազիվ էին կենդանության նշաններ ցույց տալիս: Հասկանում էր նաև, որ եթե 2000-ի սկզբի տնտեսությունում կարելի էր 2-3 միլիոնի ներդրումով ազդեցություն ունենալ ընդհանուր աճի վրա, ապա հիմա այնքան հեշտությամբ տեղաշարժը չէր տրվելու: Եվ նա ուղղակի հարկադրված էր նոր հայացքով նայել նոր պրոբլեմներին:
Սարգսյանը հայտարարեց, որ հանձն է առնում ավելացնել համախառն ներքին արդյունքից գանձվող հարկերը: Իսկ դա նշանակում էր, որ նա պիտի փորձեր բարձրացնել հավաքելիությունը, բոլորին բերեր հարկային դաշտ, խստացներ հարկային օրենսդրությունը`դրա հետ մեկտեղ հարկատուներին տեղեկացնելով, թե ու՞ր են գնալու, ինչի՞ վրա են ծախսվելու այս միջոցները: Իր նախորդներից որևէ մեկին այդ հավակնոտ ցանկությունը չէր հաջողվել: Նրան նույնպես վիճակված չէր լինել բացառիկը:
Մտնելով Ազգային ժողով ավելացրած բյուջեով` Ս. Սարգսյանը հայտարարեց. «Երբեք իմ մտքով անգամ չի անցնում, թե ստիպված կլինենք կամ մենք մեր ցանկությամբ կավելացնենք հարկային բեռը: Հազար անգամ` ո՛չ»:
Հաճախ էր նա շեշտում, որ ունի ուժեղ պետության իր տեսլականը և դա ձևակերպում էր այսպես` «Ուժեղ պետությունը արդյունավետ պետություն է»: Սա պիտի նշանակեր երկիր, որտեղ կարողանում են կազմակերպել հանրային բարիքի արարումը առողջ միջավայրում, որտեղ կենսական են հիմնական գործառույթները` պետության անվտանգության ապահովում, օրենքների գործադրում, կարգուկանոնի ապահովում, տնտեսական աճ, ցածր գնաճ, բյուջեի փոքր դեֆիցիտ, կառավարելի ներքին և արտաքին պարտքեր, տարածքների համաչափ զարգացում: Թե թվարկածների ո՞ր մասը և որքանո՞վ հաջողվեց կյանքի կոչել, նրա համար կարող էր և հաշվետու նյութ չդիտվել, քանի որ եղածն ընդամենը տեսլական էր և ուրիշ ոչինչ…
Արդեն աշնանը այն հարցին, թե ի՞նչ է արել վարչապետն այդ ընթացքում, նա կես-կատակ, կես լուրջ պատասխանում էր. «Աստված վկա է, որ վատ բան չեմ արել: Ես ընդամենը հինգ ամսից մի քիչ ավել եմ աշխատում և անլուրջ կլիներ, եթե այսօրվա իրավիճակը ինձ վերագրեմ: Մենք արդեն ունենք 12 տոկոսից ավելի տնտեսական աճ: Ի՞նչ եմ կարողացել անել` չեմ խնայել ոչ ինձ և ոչ էլ իմ շրջապատին: Աշխատել եմ, շատերը կարող են վկայել` մինչև որ ժամը և ինչպես»:
Սրանք այն օրերն էին, երբ Սերժ Սարգսյանի համար սկսվել էր մեկ այլ` ապագա նախագահական ընտրություններին նախապատրաստվելու շրջանը: Հիմա արդեն յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր գործ, յուրաքանչյուր նախաձեռնություն ընկալվում էր իբրև նախընտրական քարոզչության տարր: Եվ իզուր էին կառավարության ջանքերը` համոզել հանրությանը, թե դրանք ամենօրյա աշխատանքի բաղադրիչներ են: Ի դեպ, ճշմարտության առաջ չմեղանչելու համար պիտի նկատենք, որ նրա հնչեցրած խոստումների մի մասն իսկապես հնարավորի սահմաններից այն կողմ էր, իսկ ինչ-որ պահից սկսած` կառավության ողջ գործունեությունն ուղղված էր մի նպատակի` ապահովել Սերժ Սարգսյանի նախագահ դառնալը: Այս շահագրգռվածությունը չէին քողարկում նաև նախագահականում: Թե տնտեսական և թե քաղաքական կյանքում Ս. Սարգսյանը չդարձավ նախագահ Քոչարյանի հակակշիռը: Եվ ուրեմն, անիմաստ պիտի լիներ խոսել բևեռները հավասարակշռելու մասին, երբ գոյություն ուներ մեկ հիմնական առանցք, իսկ այդ առանցքը հակված էր իշխանության խաղաղ հանձնումը մի ձեռքից մյուսին:
Վարչապետ Ս. Սարգսյանի մեկամյա գործունեությունն անհնար կլինի գնահատել` առանց դիտարկելու նրա ակտիվ մասնակցությունը արտաքին քաղաքական հարցերին: Ի տարբերություն իր նախորդների, վերջինս բազմաթիվ արտասահմանյան այցելություններ էր կատարում` Վաշինգտոնում, Մոսկվայում, Փարիզում, Բրյուսելում քննարկելով քաղաքական, տնտեսական, ռազմական նշանակության հարցեր: Նրան հակված էին համարել Հայաստանի ամենաարևմտամետ քաղաքական գործիչներից մեկը: Սակայն ինքն այդ կարծիքի հետ բոլորովին համամիտ չէր: «Ճիշտն ասած, ես ուրախ եմ, որ Ռուսաստանում որոշներն ինձ արևմտամետ են համարում, որովհետև Արևմուտքում էլ շատերը գտնում են, որ ես ռուսամետ եմ: Եվ դա հստակ հաստատում է այն, որ իրականում ես հայամետ գործիչ եմ»:
Սա, ինչ խոսք, հավուր պատշաճի արտասանված միտք էր: Ամեն բան շատ ավելի բարդ էր ու ոչ միանշանակ: Սարգսյանն ասում էր, որ մեր երկիրը կարիք չունի անդամակցելու ՆԱՏՕ-ին, որ մենք ցանկանում ենք եվրոպական ընտանիքի մաս կազմել, որ Երևանը չի պաշտպանելու փխրուն Կովկասում ԱՄՆ-ի ռազմակայանի տեղակայումը, որ Հայաստանը շատ ավելի արագ կզարգանա, եթե հասնի իր հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Միաժամանակ նա ընդգծում էր, որ Թուրքիան, որին առանց նախապայմանների բանակցություններ են առաջարկվել, փոխզիջման գնալու ցանկություն չի ցուցաբերել:
Ինչպես ցույց կտա ապագան, նախագահ դառնալուց հետո նա ոչ միայն հավատարիմ էր մնալու, այլև շատ դեպքերում խորացնելու և ընդարձակելու էր իր կողմնորոշումների ասպեկտը` հետզհետե ծանրության կենտրոնը թեքելով դեպի հյուսիս:
2007-ի նոյեմբերին ՀՀԿ 11-րդ համագումարը որոշեց հաջորդ տարվա փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Սակայն ներքաղաքական հետագա զարգացումների ընթացքը գունազրկեց վեջինիս հաղթանակի արժեքը: Քաղաքական ընդդիմության և իշխանությունների առճակատումը հանգեցրեց ծանր հետևանքների` ստվեր նետելով Սարգսյանի անցած գործունեության վրա և խոչընդոտելով հետագայում իրականացնելիք բազմաթիվ ձեռնարկումների ընթացքը: Եվ թերևս պատահական չէր, որ այս հատվածն ավարտելուց առաջ ակամա վերհիշեցինք Վազգեն Մանուկյանի մի արտահայտությունը` ասված Ս. Սարգսյանի վարչապետ դառնալու առաջին օրերին: Երբ նրան հարցրել էին, թե ի՞նչ կարծիքի է նորանշանակ կառավարության ղեկավարի մասին, Վ. Մանուկյանը պատասխանել էր. «Խոսքը հետևյալ բանի մասին է՝ Հայաստանում դրանից որևէ բան փոխվո՞ւմ է, թե ոչ: Իհարկե, ոչ: Ոնց կար Հայաստանը, այդպես էլ գնալու է»:
Սակայն Հայաստանը կարծես թե պատրաստ չէր ընթանալ նախկինի պես:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

2008 թվականի նախագահական ընտրություններից և մարտի 1-ի դեպքերից հետո հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակի պայմաններում անհնար դարձավ կիրառումը մի սցենարի, ինչը ընդունած է անվանել «ռուսական տարբերակ»: Ենթադրվում էր, որ դեպքերի նպաստավոր զարգացման դեպքում հնարավոր կլիներ իրականացնել իշխանության փոխատեղման մոդելը` վարչապետ նշանակելով նախկին նախագահ Քոչարյանին: Սակայն հետընտրական թոհուբոհն ու արյունալի դեպքերը բացառեցին դա` պարտադրելով ավելի «համեստ» արդյունք: Մարտի կեսերին բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսն առաջիններից մեկը տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ Հայաստանի կառավարության նոր ղեկավար կնշանակվի շուկայական բարեփոխումների կողմնակից, 1998 թվականից Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, որը գործադիր կգա Արևմուտքում ուսում ստացած երիտասարդ տեխնոկրատների իր թիմի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանը ևս ներշնչվեց հեռանկարով: «Նրա ղեկավարությամբ կառավարությունը առաջիկա տարիներին, իրոք, կիրագործի հավակնոտ ծրագրեր,- ապրիլի 10-ին հայտարարեց նախագահը՝ պաշտոնապես ներկայացնելով նորանշանակ վարչապետին: Ես դրանում ուղղակի համոզված եմ»:
Նախագահը բացահայտորեն շտապում էր իր համոզմունքներում: Հավակնոտ ծրագրերի երեսը ոչ ոք չէր տեսնելու: Իսկ մինչ այդ Տիգրան Սարգսյանը, որ եկավ համալրելու ինտելեկտուալ-ռոմանտիկների սակավաթիվ կոհորտան, առաջին հերթին ձեռնամուխ եղավ ինքնագովազդին. «Ես կոշտ և խստապահանջ ղեկավար եմ եղել Կենտրոնական բանկում, և դա շարունակվելու է… Ես թիմային աշխատանքի կողմնակից եմ և համոզված եմ, որ մենք կկարողանանք կառավարությունում թիմային աշխատանքի այդ մթնոլորտը շարունակել»,- ասաց նա՝ ավելի ուշ հավելելով, թե բարեփոխումները լինելու են հեղափոխական, իսկ պաշտոնավարումը՝ երկար:
Հայաստանի հանրությունը փոքր-ինչ այլ տպավորություններ ուներ նոր վարչապետի մասին: Վերջինս ժողովրդին ավելի հայտնի էր իր զանազան դրամավարկային ձեռնածությունների շնորհիվ, նրա անվան հետ էին կապում դոլարի փոխարժեքի վայրիվերումները, որոնք ծառայեցվում էին իշխանություններին, իսկ դրանց հերոսը համարվում էր իշխանական կլանի անդամ:
Քաղաքական ուժերն արտաքուստ հանգիստ ընդունեցին Սարգսյանի նշանակման փաստը: Օրենսդիրը հաստատեց թեկնածությունը`նրան բնորոշելով իբրև պրոֆեսիոնալ, զուսպ և բանիմաց: Սակայն եղան նաև այլ կարծիքներ: Շեշտեցին, թե վարչապետ կարող է լինել այն հայրենասեր մարդը, որի ընտանիքը բնակվում է Հայաստանում, և որի երեխաները հայկական դպրոց են հաճախում՝ ակնարկելով այն փաստը, որ նորանշանակ վարչապետի կինն ու երկու երեխաները տարիներ շարունակ ապրել էին Եվրոպայում: Չմոռացան նաև նկատել, որ հայաստանյան չափանիշներով Տ. Սարգսյանն այնքան ուժեղ անձնավորություն չէ, որ կարողանա պարտադրել` հաշվետու լինել իրեն:
Եվ իսկապես, ինչու՞ նախապատվությունը կանգ առավ հենց այդ թեկնածուի վրա: Մի կողմից` դա կարելի էր դիտարկել իբրև փոխզիջումային տարբերակ, «ոսկե միջին»` իշխանական ակտիվ թևերից որևէ մեկին առավելություն չվերապահելու իմաստով: Մյուս կողմից` Տիգրան Սարգսյանը գրեթե զուրկ էր քաղաքական ազդեցությունից ու հետագայում ևս փորձ չարեց դրսևորել որևէ քաղաքական հավակնություն` թերևս գիտակցելով իր թռիչքի սահմանները: Բայց նա նաև այն անձնավորությունն էր, որը միջազգային տնտեսական, ֆինանսական կառույցների հետ սերտ կապեր ուներ և նրա նշանակումը որոշ առումով կարող էր նպաստել իրավիճակի մեղմացմանը: Մի խոսքով, երկրին պետք էր ոչ թե վարչապետ, այլ թոփմենեջեր: Այս իմաստով կարելի էր հասկանալ նույնիսկ Հանրապետական կուսակցությանը, որը մինչ նշանակումը պնդում էր, որ վարչապետը պետք է իրենց կուսակիցը լինի, սակայն զիջեց նախագահին, ով չցանկացավ ի դեմս վարչապետի ունենալ խորհրդարանական մեծամասնության վրա հենվող մրցակից:
Ճիշտ է, եղավ մի դեպք, երբ Տ. Սարգսյանը հայտնվեց այնտեղ, որտեղ պիտի չլիներ: 2008-ի հուլիսին կայացած «Ժառանգություն» կուսակցության համագումարը, և վարչապետը որոշեց ոչ միայն մասնակցել, այլև ելույթ ունենալ` փորձելով հաշտեցնել երկպառակված երկրի քաղաքական ուժերին: «Ես եկել եմ կամուրջներ կապելու։ Կամուրջ այրելը հեշտ է, կապելն է դժվար»,- ասաց նա։- «Ես եկել եմ ասելու, որ մեզ պետք է ուժեղ ընդդիմություն… Ջրբաժանների ժամանակը չէ, աշխատանքի ժամանակն է»: Գուցեև նրան հաջողվեր տպավորություն գործել, բայց այդ ժամանակ բեմ բարձրացավ Լևոն Տեր- Պետրոսյանը, ասաց, որ կարեկցում է վարչապետ Սարգսյանին, քանի որը վատ ժառանգություն է ստացել ու խորհուրդ տվեց. «Ձեր պարտքն է նախևառաջ մաքրել Ավգյան ախոռները»: Վարչապետը մինչեւ վերջ լուռ լսեց և ապա անմիջապես լքեց դահլիճը: «Խաղաղության աղավնու» առաքելությունը ձախողվել էր:
Նրա համար շատ ավելի հեշտ էր հռետորությամբ զբաղվել յուրայինների ներկայությամբ: Նա այժմ էլ չի զլանում Ներսես Շնորհալուց կամ Օգոստոս Երանելուց խելացի մտքեր ցիտելով բարոյախրատական երկար, ձանձրալի ճառեր արտասանել կառավարության նիստերի ժամանակ` համոզված, որ դրանով մեծ ծառայություն է մատուցում հանրությանը: Տուրք տալով ամեն կարգի շոու-ակցիաների, PR-սցենարների, նա ինտերնետում սեփական բլոգ է բացում, գնում է «Բազե»-ականների ու «Միասին»-ականների հավաքներին, այնտեղ պատմում է, թե որքան ուշիմ ու խելացի երեխա է եղել ինքը ժամանակին, հաճույքով լուսանկարվում է տրակտոր վարելիս, կիթառ նվագելիս, Հրազդանի ձորում աղբ հավաքելիս, մեռելոցները սահմանում է հանգստյան օրեր, պատրաստվում է սուսիկ-փուսիկ քանդել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, խոսում է ԱՊՀ երկրների համար միասնական տարադրամի ստեղծման անհրաժեշտության մասին և անմիջապես շեշտում, որ դա ինքն է առաջարկել դեռևս երեք տարի առաջ, գրոհում է ոսկու շուկայի վրա (որն ընկալվեց ոչ այլ կերպ, քան անձնական հաշվեհարդար), խոստանում է արձագանքել մամուլի բոլոր հրապարակումներին (սակայն պարզվեց` խոստումը միանգամյա օգտագործման էր` «Առավոտ» թերթի նյութի առթիվ), նախարարներին զինվորական համազգեստ հագցրած` տանում է սահմանամերձ գոտի, իսկ Deep Purple ռոք-խմբի մենակատար Գիլանի համերգի օրը հայտարարում է, որ դա իր կյանքի ամենաերջանիկ օրն էր: «Եթե մենք ուզում ենք ունենալ մեծ հաջողություններ, չպետք Է վախենալ երազելուց»,- անընդհատ կրկնում է Տիգրան Սարգսյանը, և առայժմ միայն երազում է` առանց մեծ հաջողության:
Իսկ ինչպիսի՞ն էր երկրի վիճակն այդ ընթացքում, մինչ վարչապետը տարված էր նարցիսյան հովերով:
Պետք է ասել, որ նրա բախտն ակնհայտորեն չէր բերում: Նշանակումից մի քանի ամիս անց բռնկված ռուս-վրացական յոթօրյա պատերազմը ի հայտ բերեց մեր տնտեսության բոլոր խոցելի տեղերը: Մինչ կառավարությունում հապճեպորեն հաշվում էին կրած վնասների չափը, վրա հասավ համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Այդ համընդհանուր խուճապի պայմաններում միայն մեր վարչապետի մտքով կարող էր անցնել այն միտքը, թե դա նույնիսկ շատ հրաշալի է, քանի որ ինքը մեզ համար զարգացման հնարավորություններ է տեսնում ու հիմա պետք է միայն օգտվել ճգնաժամի ընձեռած հնարավորություններից, քանի որ ներդրումները կհոսեն ավելի հանգիստ ու կայուն Հայաստան: Նույն կերպ մի քանի ամիս անց միայն այդ կառավարության խելքին կփչեր վեր կենալ ու հայտարարել, թե համաշխարհային ճգնաժամը Հայաստանում հաղթահարված է, և դա այն դեպքում, երբ ամբողջ մոլորակը դեռ նոր-նոր ուշքի էր գալիս ցնցումներից:
2009 –ի գարնանը առաջին անհրաժեշտության ապրանքների գները կտրուկ բարձրացան: Սկսեցին հնչել վարչապետի հրաժարականի առաջին պահանջները: Ընդ որում, նրանից արդեն բողոքում էր ոչ միայն ընդդիմությունը կամ, ասենք, Վարդան Օսկանյանը, այլև նախկին նախագահ Քոչարյանը:
Իսկ հուլիսին Տ. Սարգսյանը վերջապես քաջություն ունեցավ հայտարարելու, որ հաղթանակների մասին խոսք լինել չի կարող, և տնտեսության ոլորտում տարվա համար տեսնում է զարգացումների 3 սցենար, որոնցից ամենալավատեսականը ենթադրում է տնտեսության համախառն ներքին արդյունքի 9,5 տոկոսի անկում։ Վարչապետը չէր բացառում ՀՆԱ-ի 16 և նույնիսկ 20 տոկոս անկման հնարավորությունը։ Ստեղծված իրավիճակում կառավարությունը որոշեց բյուջեի ծախսային մասը կրճատելու փոխարեն ավելացնել բյուջեի պակասորդը մինչև 7,5 տոկոս: Բայց դա էլ փրկություն չդարձավ:
Այն կարծիքը, թե համաշխարհային ճգնաժամի պատճառով նրան պարզապես դարձրեցին քավության նոխազ` ներքին անհաջողություններն իր վրա կրելու իմաստով, այնքան էլ ճիշտ չէ: Բանն այն է, որ վարչապետն ինքն էլ մյուսներից ոչ պակաս եռանդով մեղավորներ էր փնտրում: Շուտով նա հեծանիվ հայտնագործողի ոգևորությամբ պիտի հայտարարեր. «Համար մեկ պրոբլեմը Հայաստանում` ժողովրդավարության պրոբլեմը չէ, ազատ խոսքի բացակայությունը չէ, դա` կաշառակերությունն է. համար մեկ պրոբլեմը, որը խոչընդոտում է մեր բոլոր բարեփոխումները»: Սակայն հազիվ թե կաշառակերներն էին միայն մեղավոր, որ, ըստ պաշտոնական տվյալների, 2009 թ. արդյունքում գրանցվեց ՀՆԱ 14,4 տոկոսանոց անկում (ոչ պաշտոնական աղբյուրներն ավելին էին ասում): Կառավարությունը գնաց նաև ՀՀ պետական պարտքի ավելացմանը, որի մասնաբաժինը ՀՆԱ-ում 2009թ.-ի արդյունքում կազմեց 36 տոկոս` 2008 թ.-ի 13,2 տոկոսի համեմատ: Մեկ տարվա մեջ բազմապատկվեց պետական պարտքը, վաճառվեց պահուստային ոսկին, բարձր հարկային դրույքաչափերը (մասնավորապես սոցվճարները և եկամտահարկը), հարկային և մաքսային ոլորտում իրականացված փոփոխությունները, գերիշխող դիրք ունեցող ընկերությունների անպատժելիությունը հարուցեցին բնակչության ու գործարարների դժգոհությունը: Ու եթե երկիրը դեռ կարողանում էր շնչել, ապա ոչ թե վարչապետի պայծառ գաղափարների, այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաև` Ռուսաստանի կողմից 500 մլն դոլարի վարկ տրամադրելու շնորհիվ:
Բայց սա որևէ կերպ չանդրադարձավ բարեփոխիչ Սարգսյանի աշխարհայեցողության վրա, ով դեռ ԿԲ նախագահ աշխատելիս գրել էր «Ինչպե՞ս իրականացնել հեղափոխություն» վերտառությամբ մի աշխատություն` պնդելով, թե հեղաշրջում պետք է կատարվի մարդկանց ուղեղներում, գաղափարներում և աշխարհընկալման մոտեցումներում: Հավանաբար այն ժամանակ նա չէր լսել, որ կեցությունն է որոշում գիտակցությունը, իսկ այժմ, երբ կառավարության ղեկավարն էր, առավել ևս լսել չէր ուզում այդ մասին: Նորահայտ հեղափոխականը հիմա էլ հայտարարում էր, որ սկսում է պետական կառավարման համակարգի կառուցվածքային և գործառութային բարեփոխումների երկրորդ փուլը, մասնավորապես նախարարությունների, գերատեսչությունների, գործակալությունների ֆունկցիաների հստակեցում ու տարանջատում։ «Սրանք հեղափոխական բնույթի բարեփոխումներ են»,- հիշեցրեց նա: Բայց հեղափոխություն տեղի չունեցավ: Ի դեպ, այս ոճը հատուկ է մեր վարչապետին: Նա սկզբում խոստանում է, իսկ հետո սկսում է բացատրել, թե ինչը խանգարեց իրականացնել իր խոստումը: Կա մեկ ոճ ևս` խոսքի ու գործի տարբերությունը: Վերհիշենք թեկուզ այն, որ վարչապետ դառնալուց հետո հայտարարեց, թե չի պատրաստվում անդամագրվել որևէ կուսակցության, քանի որ իր անկուսակցական լինելը հնարավորություն կտա բոլոր կուսակցությունների մասնագետներին համախմբել խնդիրների լուծման համար, և մասնագետները կաշկանդված չեն լինի կուսակցական պատկանելությամբ: Ասաց ու մեկ տարի անց դարձավ… հանրապետական… Վերհիշենք, որ հանդգնեց քաղծառայության ինստիտուտն ամբողջությամբ իր բուռը հավաքել, զբաղվել գերատեսչությունների կադրային զտումներով, ուռճացված աշխատակազմերը կրճատելով: Արդյունքում նրա ուժը պատեց երկար աղմուկ-աղաղակից հետո մի նախարարության աշխատակազմի ղեկավարի ազատել աշխատանքից ու այդքանով օպտիմալացումն ավարտվեց:
Անցած երկու տարիների ընթացքում նա անվերջ եռուզեռի մեջ է` ինչ- որ տեղեր է գնում, զանազան ֆորումների, գագաթաժողովների, գիտաժողովների, կոնֆերանսների ու ցուցահանդեսների է մասնակցում: Նրա ուղևորությունների հսկայածավալ աշխարհագրությունը, սակայ, ոչ մի կերպ չի ներդաշնակում նրա ձեռքբերումների ծավալների հետ: Բայց դարձյալ խոսում է թռիչքաձև անցումների, բարեփոխումների, ձեռքբերումների ու աճի մասին: Այս տարվա առաջին յոթ ամիսների ցուցանիշները ներկայացնելիս վարչապետն ասաց, որ արձանագրվել է 4 տոկոս տնտեսական աճ, շուրջ 20 տոկոսանոց աճի ցուցանիշ են արձանագրել հանքարդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը, մետաղագործությունը, ակնագործությունն ու ոսկերչությունը, հաստոցաշինությունը, սարքաշինությունն ու քիմիան։ Ծառայությունների ոլորտում նույնպես կա 6.1 տոկոս աճ: Իսկ այն, որ գյուղատնտեսության ոլորտում զգալի անկում կա, որ նոր կառուցվող շինարարական օբյեկտների վրա մասնավոր ներդրումներ չեն արվում, որ անկում ունենք թեթև արդյունաբերության մեջ, փայտաշինության և էլեկտրատեխնիկայի ոլորտներում, որ խիստ մտահոգիչ է «արտաքին պարտք – ՀՆԱ» ցուցանիշը ու դեռ կարող առավել վատթարանալ, որ նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ փաստացի ոչինչ չարվեց, այս ամենի մասին պետք է միայն կռահել: Ոչ մի էական տեղաշարժ, ոչ մի նշանակալի ձեռքբերում, ոչ մի հուսադրող միտում: Ահա այսպիսին է պատկերը և այսպիսին է Հայաստանի 12-րդ վարչապետը, ով դեռ հաճույքով պաշտոնավարում ու կերտում է իր կենսագրությունը:

ՎԵՐՋԱԲԱՆ

Ահավասիկ, մեր նորագույն պատմության 12 նշանավոր դեմքերի գործունեության սեղմ անդրադարձը, որը չի հավակնում լինել առավելագույնս տարողունակ ու անժխտելիորեն ճշգրիտ, բայց և իր ընդհանրական գծերով հանդերձ թույլ է տալիս մեզ կատարել որոշ եզրահանգումներ` կապված ինչպես նրանց դերակատարության, այնպես էլ դրանց հետևանքների հետ:
Մեկ անգամ ևս վերագնահատելով անցած ճանապարհը, մենք, ցավոք, այսօր կարող են միայն տխուր հետևությունների հանգել: Եվ դրանցից առավել խոցելին շարունակում է մնալ այն իրողությունը, որ 1990-ականների կեսերի դժվարին իրականությունից հետո այդպես էլ Հայաստանին ոչ մի գնով չվիճակվեց արժանանալու բեկումային փուլի, ունենալու այն սկզբունքային պետական գործչին, ով առավելագույն հետևողականություն և քաղաքական կամք կդրսևորեր` վերափոխելու իրավիճակը, գծագրելու ոչ թե այսրոպեական, այլ հեռանկարային երկիրը: Անցած քսան տարիների պատմությունը դարձավ սոսկ գոյատևման, ինչ-որ կերպ դիմակայելու և ինչ-որ գնով եղածն արդարացնելու ժամանակահատված: Մանուկյանի պլանային լիկվիդացիայից մինչև Բագրատյանի վարչապետության շրջանը, երբ կառավարության ղեկավարը գոնե համարձակություն ունեցավ փշրելու, վերաձևելու հին պատկերացումների ստերիոտիպերը, հասարակությունը դեռևս կարող էր որևէ կերպ հաշտվել դրանց օրինաչափ ու հրամայական հետևանքների հետ: Սակայն անցումային բեռի ծանրությունը կրելուց հետո էլ չկատարվեց այնպիսի մի բան, որ արդարացիորեն կկարողանար վաստակել բարեփոխում համարվելու իրավունքը, երաշխիք կհանդիսանար արժեհամակարգի և դրա կենսականությունն ապահովող մեխանիզմների լիարժեք գործունեության համար: Այսուհետ ձեռքբերում էր համարվելու սոսկ ճգնաժամի կանխարգելումը, այլ ոչ թե արմատական տեղաշարժը, գերնպատակ էր դիտվելու վարչարարությամբ բյուջեի մուտքերի ապահովումը, այլ ոչ թե կայուն եկամուտների համար խելամիտ ներդրումային քաղաքականության իրագործումը, հաջողություն էր կոչվելու արտաքին ռեսուրսների ներգրավումը, այլ ոչ թե առողջացումը ներքին պոտենցիալի հաշվին:
Ճշմարտության առաջ մեղանչած կլինենք, եթե պնդենք, թե գործադիր մարմինը միտումնաբար դեպի անկում էր հրում տնտեսությունը, իսկ վարչապետներն այս երկրի թշնամիներն էին: Սակայն ինչպես նախորդների օրոք, այնպես էլ այսօր ազգային հարստությունը փոշիանում է ոչ միայն այն պատճառով, որ գերակշռում են դրան նպաստող գործոնները, այլ որովհետև բացակայում է պահպանման ու բազմապատկման ընդունակությունը, համարժեք միջավայրը, դրա իրագործման խիզախությունը: Իսկ ձևավորված ճահիճն արդեն իր մեջ լուրջ սպառնալիքներ է պարունակում` մարտահրավերներ, որոնց տարածման սահմանները վաղուց են հատել նեղ-ոլորտային կղզիների ափերը, քանզի տնտեսության կենսագործունեությունը բոլորովին էլ միայն տնտեսական գործառույթ չէ, այլև խիստ քաղաքական նպատակադրություն, և նա, ով պարտվում է մեկում, տանուլ է տալիս նաև մյուսը:
Մենք առայժմ հաղթանակներ չունենք: Ինչպիսի օբյեկտիվ ու սուբյեկտիվ փաստարկներ էլ մատնանշենք, մի՞թե կարող ենք առանձնացնել մի կառավարություն, որ վաստակեց հասարակության ստվար հատվածի վստահությունն ու համակրանքը, մի ծրագիր, որ երկրի բնակչության համընդհանուր շահերից էր բխում, այլ ոչ թե մի խումբ օլիգարխների, մի լուծում, որն իր ներսում շարունակականության և արդյունավետության երաշխիքներ էր պարունակում և ոչ թե միանվագ շահ` հատուկ արտոնություններով օժտվածների համար: Այս պայմաններում նույնիսկ ավելորդ է խոսել մրցունակ ճյուղերի, համակարգն արդիականացնելու, միջազգային չափանիշներին համապատասխանելու և նման կարգի այլ որակներ մասին, որոնցով լի են եղել մեր վարչապետերի անսպառ խոստումները:
Ի վերջո, իշխանությունները պարզապես լվացին իրենց ձեռքերը, դադարեցրին ոչ միայն վաղվա օրվա հեռանկարային ելքերի փնտրտուքը, այլև ընթացիկ խնդիրներով զբաղվելու նվազագույն հանձնառությունը: Արդյունքում Հայաստանն այսօր չունի դասական իմաստով տնտեսական քաղաքականություն: Ավելին` Հայաստանը զուրկ է որևէ կարգի քաղաքականության իրականացման հնարավորությունից և հավակնությունից: Կա ընդամենը անցած 20 տարիների մեր վաստակը` կախյալ պետություն, քայքայված էկոնոմիկա, կասկածելի ֆինանսական դաշտ, երկփեղկված հասարակական հարաբերություններ, բիզնեսի ու իշխանության աղետալի սերտաճում, և Հայաստանի 12 վարչապետերից յուրաքանչյուրն, անկախ հանգամանքներից ու ժամանակահատվածից, մեծ կամ փոքր չափով պատասխանատվություն է կրում ներկա իրավիճակի համար: Երկիրը հայտնվել է փակ շրջանի մեջ: Երկիրը դեռ սպասում է նրան, ով կարող է բացել կասեցման պատնեշը և վերջապես դուրս բերել իրեն կործանարար շրջապտույտից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: