Tag Archives: Տեր

ՋՈՐՋՈ ԳԱԲԵՐ

30 Մրտ

ԱՂՈԹՔ

Տեր կիրակիների, փորձիր Տերը լինել նաև երկուշաբթիների և բոլոր այն տխուր օրերի, որ պատահում են Երկրագնդի վրա:
Տեր հարուստների և բախտավորների, փորձիր, թե կարող ես, լինել նաև Տերը նրանց, ովքեր չունեն ոչինչ, նաև նրանց, ովքեր վախենում ու տառապում են, նաև նրանց, ովքեր չարչարվում ու տառապում են, նաև նրանց, ովքեր աշխատում են, աշխատում են ու աշխատում… ու տառապում են, տառապում են ու տառապում:
Տեր սիրալիրների և բարիների, փորձիր, թե ուզում ես, Տերը լինել նաև նրանց, ովքեր չար են ու դաժան, քանզի չգիտեն` ինչպես պաշտպանվեն մեր այս աշխարհում:
Տեր եկեղեցիների և սրբերի, Տեր միանձնուհիների ու քահանաների, փորձիր, թե հավատում ես, Տերը լինել նաև բակերի, գործարանների, պոռնիկների ու գողերի:
Տեր, Տեր հաղթանակածների, փորձիր, եթե կաս, Տերը լինել նաև պարտվածների:
Ամեն:

Թարգմ. Գ. Բաղդասարյան

ՊԵՏՐԱՐԿԱ

22 Օգս

ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ- Ես մի լավ տեր ունեմ:
ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ- Ուրեմն կորցրել ես ազատությունդ, որովհետև չի կարելի միաժամանակ երկուսն էլ ունենալ: Այժմ վտանգի տակ են և քույրերդ, և դուստրերդ, և հարսներդ, և նույնիսկ կինդ, ինչպես նաև ունեցվածքդ ու կյանքդ:
ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ- Ճակատագիրը ինձ և հայրենիքին տվել է բարի տեր:
ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ- Դրանք անհամատեղելի և նույնիսկ հակադիր բաներ են: Եթե նա բարի է, ապա տեր չէ, եթե տեր է, ապա բարի չէ, մանավանդ, եթե նա ցանկանում է տեր կոչվել: Բարի են ծնողները, բարի կարող են լինել եղբայրները, բայց բարի ասել տիրոջը,- հաճելի կեղծիք է և ակնհայտ շողոքորթություն է…

(Ըստ «Լավ տերերի մասին» դիալոգի)

ՌԱՅՆԵՐ ՄԱՐԻԱ ՌԻԼԿԵ

8 Մրտ

ԱՇՆԱՆ ՕՐ

Տեր, ժամանակն է արդեն: Ամառը շատ երկարեց:
Ստվերներով քո ծածկիր ժամացույցներն արևի
Եվ քամիներ արձակիր դաշտերի մեջ տապահեղձ:
Հրամայիր, որ վեջին պտուղները ուռճանան
Եվ, Տեր, բաշխիր դու նրանց երկու տաք օր հարավի
Եվ, Տեր, քամիր մինչև վերջ թանձրության մեջ տաք գինու
Նրանց հասուն միջուկի հուսկ կաթիլը քաղցրության:

Նա, ով չունի տուն հիմա, էլ ուրիշը չի շինի,
Նա, ով մենակ է հիմա, այդպես մենակ կմնա.
Կզարթնի ու կկարդա և նամակներ կգրի
Եվ ծառուղով անհանգիստ ետ ու առաջ կքայլի,
Երբ տերևները դանդաղ նրա շուրջը մահանան:

Թարգմ. Ս. Հովհաննիսյան

%d bloggers like this: