Tag Archives: տեղաշարժ

Տեղաշարժ և ոչինչ ավելի

7 Մրտ

Բոլոր նրանք, ովքեր այժմ փորձում են որևէ բան ասել Սոչիում ՌԴ նախագահի հրավերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ անցկացված հերթական եռակողմ բանակցությունների արդյունքների մասին, առաջին հերթին ստիպված են արձանագրել այն, որ փոքրիկ առաջընթաց լինելով հանդերձ, դրանք այնուամենայնիվ այլ բան չէին, քան կես տարվա վաղեմություն ունեցող պայմանավորվածությունների վերահաստատում: Նախորդ տարվա հոկտեմբերին Աստրախանում ստանձնած պարտավորություններն այժմ համարյա անփոփոխ կերպով տեղ գրավեցին հայտարարության նոր տեքստում, որով Ադրբեջանն ու Հայաստանը դարձյալ խոստանում էին ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը, ինչպես նաև ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով: Շփման գծում կրակի դադարեցման, այնտեղ արձանագրված միջադեպերի շուրջ համատեղ ուժերով հետաքննություն անցկացնելու և այդ գործին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մասնակից դարձնելու հավաստիացումները առավել քան անիրգործելի և անպտուղ միջոցառումներ են, այդ իսկ պատճառով էլ հայտարարության այս կետը նվազ ուշադրության և վստահության պիտի արժանանա: Եվ ստացվում է, որ ծովափնյա քաղաքում տեղի ունեցած հանդիպման հիմնական ձեռքբերումը առայժմ մնում է հակամարտող կողմերի` բանակցային գործընթացը շարունակական դարձնելու ոչ այնքան ընդգծված, սակայն նախապատվելի հակումը:
Այդ ամենի փոխարեն Սոչիում հնարավորինս անկաշկանդ ու անմիջական մթնորորտի պահպանումը ռուսական կողմի կարևորագույն խնդիրներից մեկն էր: Ճիշտ է, բուն բանակցություններն ընթացան փակ դռների ռեժիմով, և կարևորագույն մանրամասների մասին այդպես էլ ոչինչ հայտնի չդարձավ, բայց այնուհետև լրագրողներին տեղեկացվեց, որ երեք նախագահների զրույցը շարունակվել է աշխատանքային ճաշի ժամանակ: Օրվա երկրորդ կեսն էլ ավելի հետաքրքիր և ինքնատիպ էր: Նախագահներն այցելեցին «Կրասնայա Պոլյանա» լեռնադահուկային հանգստավայր: Այնտեղ նրանք հանեցին իրենց փողկապները, հագան մարզական համազգեստ, միասին սրճեցին, Դմիտրի Մեդվեդևը մի քանի անգամ լուսանկարեց Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիեւին միասին, որից հետո նախագահական եռյակը ճոպանուղիով բարձրացավ Պսեխակո լեռը: Երեկոյան Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն առանձին-առանձին հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և նոր միայն հրաժեշտ տվեցին Սոչիին: Իսկ հաջորդ օրը համանախագահների հետ տեսակցեց նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ամփոփելով եռակողմ հանդիպման արդյունքները: Հատկանշական է, որ Մինսկի խմբի ներկայացուցիչներն այդպես էլ չպատասխանեցին լրագրողների հարցերին:
Ի՞նչ հետևություններ կարելի է անել այս ամենից: Առաջին հերթին այն, որ Ռուսաստանն ըստ ամենայնի փորձում է հավատարիմ մնալ ինքն իրեն: Մեդվեդևի միջնորդական նախաձեռնությունը վերջինիս համար ապահովում է երկու նպատակի կենսականությունը: Մի դեպքում նա շեշտում է, որ տարածաշրջանը շարունակում է մնալ իր վերահսկողության ներքո, մյուս կողմից էլ անուղղակիորեն ցուցադրում է, որ ղարաբաղյան հարցի լուծման բանալին պահում է իր ձեռքում:
Գալով այն խնդրին, թե Սոչիի բանակցությունները որքանո՞վ կնպաստեն սահմանային գոտում լարվածության լիցքաթափմանը, և արդյո՞ք իրատեսական է կարծել, թե սրանից հետո Ադրբեջանը շփման գծում այլևս չի դիմի սադրիչ գործողությունների, այս հարցին հազիվ թե հնարավոր լինի դրական պատասխան տալ: Հենց միայն այն փաստը, որ բանակցությունների նախօրեին ադրբեջանցիների դիպուկահարի կողմից հայ զինծառայող սպանվեց, իսկ վերջին մեկ շաբաթում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել էր շուրջ 240 անգամ, որի արդյունքում արձանագրվել էր ավելի քան 1200 կրակոց, լավագույն վկայությունն էին ապագայի մասին Բաքվի ոչ այնքան մխիթարական պատկերացումների: Ի վերջո, եթե ներկա պահը դիտարկենք այդ տեսանկյունից, ապա պիտի նկատենք, որ բանակցությունները այդպես էլ Ալիևին ոչինչ չխոստացան: Հետևաբար մնում է ենթադրել, որ այսպես կոչված դիվանագիտական ձեռքբերումների բացակայությունը նա պիտի փոխհատուցի նմանօրինակ սադրիչ գործողություններով և այդ ամենը իր երկրի քաղաքացիներին իբրև ռազմական գերազանցության ապացույց ներկայացնելով:
Ինչ վերաբերում է գործընթացի ընդհանուր պատկերին և դրա հեռանկարներին, ապա թերահավատության ոչ պակաս մեծ չափաբաժին է կուտակված նաև Հայաստանում: Մեզ մոտ առաջին հերթին գերիշխող է դառնում այն մտայնությունը, որ շոշափելի հաջողությունները շարունակելու են մնալ յոթ սարից այն կողմ: Իսկ որպեսզի տեղաշարժ լինի, դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին հայտարարել, թե հայկական կողմն այսուհետ առանց Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի հետ որևէ հարց չի պատրաստվում քննարկել: Հակառակ պարագայում թե միջնորդները, թե բանակցողները դատապարտված են անվերջ խոսելու հարցերի մի շրջանակի մասին, որոնց մեջ լուծման եզրեր չեն երևում:
Աննկատ անցնել չի կարող նաև միջնորդների կրավորական պահվածքը: Մեկ անգամ չէ, երբ հնարավոր բոլոր հնչերանգներով ասվել է այն մասին, թե քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններն ու հայտարարությունները չեն կրում կոնկրետ հասցեական բնույթ, քանի դեռ միջազգային հանրությունը հստակ արձագանք չի տվել Ադրբեջանի ապակառուցողական վարքագծին, շարունակություն է ունենալու ինչպես Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը, այնպես էլ շփման գծում դիպուկահարների, դիվերսանտների օգտագործման մարտավարությունը: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ այժմ նույնիսկ Երևանում են հնչում կասկածներ, թե բանակցությունների այս ձևաչափերն այնքան էլ արդյունավետ չեն ու կամա թե ակամա մղում են դեպի փակուղի:

Հովիկ Չարխչյան

%d bloggers like this: