Tag Archives: տեղակայում

Կեսդարյա դաշինք, թե՞ ենթակայություն

12 Ապր

Երեկ Ազգային ժողովի նիստի ավարտին խորհրդարանը սկսեց 2010թ. օգոստոսի 20-ին Երևանում Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 արձանագրության քննարկումը: Խոսքն այն հանրահայտ համաձայնագրի մասին է, որ նախատեսում է մեր երկրում ՌԴ ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը: Մոտ ութ ամիս առաջ ձեռք բերված պայմանավորվածությանը միայն այժմ անդրադառնալը պիտի փոքր-ինչ անսովոր դիտվեր նախօրոք արված այն կանխատեսումների ֆոնի վրա, համաձայն որոնց այսպիսի գործարքը պահանջում էր շուտափույթ վավերացում: Սակայն, ինչպես պարզվեց, հանգամանքներն այդ դեպքում էլ ավելի զորեղ գտնվեցին, քան ցանկությունները: Ընդ որում, նկատենք, որ Հայաստանի օրենսդիրն այս խնդրին ձեռնամուխ եղավ միայն այն բանից հետո, երբ երկու շաբաթ առաջ ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ու այնուհետև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հաստատմանը ներկայացրեց Գյումրի քաղաքում գտնվող ռազմակայանի տեղակայման երկարացման մասին արձանագրությունը: Այս քայլը մի տեսակ ազդանշան-հրահանգի դեր կատարեց:
Վերոհիշյալ պայմանագիրը թե ամբողջությամբ, թե առանձին դրվագներով արդեն արժանացել էր մանրակրկիտ քննարկման: Նրա շուրջ ծավալված բուռն բանավեճերն ի հայտ էին բերել հասարակությանը հուզող այն բոլոր խնդիրները, որոնք կարող էր հետագայում հարուցել այսօրինակ որոշումը: Եվ այնուամենայնիվ, Ազգային ժողովի նիստը հերթական հնարավորությունը ստեղծեց մեկ անգամ ևս ծանրութեթև անելու փաստաթղթի իրական արժեքն ու նշանակությունը թե իբրև ռազմաքաղաքական դաշինքի իրավական հավաստիք, և թե որպես անվտանգության հայեցակարգային մոտեցումների համար սպառնալիք հանդիսացող կռվան:
Պետք է ասել, որ խորհրդարանում արդարացի դժգոհություն առաջացրեց այն փաստը, որ պայմանագիրը ներկայացնում էր ոչ թե արտգործնախարարը (ինչը միանգաման տրամաբանական պիտի լիներ), այլ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը: Ամեն դեպքում, վերջինս նույնպես ստիպված էր պատասխանել մի շարք դժվարին հարցերի, որոնք չէին կարող չհնչել: Նախ և առաջ մի քանի պատգամավորների զարմանքն էր հարուցել այն, թե ինչու են ռազմակայանի տեղակայումը երկարաձգում հիմա, երբ 1995-ին ընդունված պայմանագրի ժամկետի ավարտին մոտ 10 տարի կա: Ի դեպ, նկատենք, որ հատկապես այս հարցը ի սկզբանե եղավ և մնաց առանց որևէ հրապարակային հիմնավորման: Այնպես որ Ազգային ժողովի պատերի ներսում նույնպես վիճակված չէր լսել դրա լիարժեք փաստարկումը: Նման անորոշության պայմաններում մնում է այլ կարգի ենթադրություններ անել: Օրինակ, կարելի է մտածել, որ ժամանակից առաջ ընկնելով ու համաձայնությունը վերանայելով Ռուսաստանը կամա թե ակամա ակնարկեց այն մասին, որ ի դեմս Հայաստանի չի տեսնում հուսալի, երկարաժամկետ ու վստահելի գործընկերոջ, այդ իսկ պատճառով էլ փորձում է պակասը լրացնել հավելյալ իրավական երաշխիքներով: Կարելի է նաև կռահումներ անել այն մասին, որ Հայաստանը, առանց այդ էլ արտաքին հարաբերություններում չունենալով մեծ կշիռ ու ազդեցություն, այժմ հարկադրաբար էլ ավելի է նվազեցնում դա` փոխարենն ակնկալելով միակ ձեռքբերումը` տարածաշրջանում ուժային հավասարակշռության վերականգնումը, ինչը սեփական միջոցներով ու հնարավորություններով նա ի վիճակի չի պահպանել:
Փաստաթղթին կողմ արտահայտվողների հիմնավորումների հետ ևս պետք է հաշվի նստել: Չի կարելի անտեսել այն էական հանգամանքը, որ այսուհետ ՀՀ տարածքում գտնող ռուսական ռազմաբազան՝ բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթներից, պարտավորվում է Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ ապահովել մեր հանրապետության անվտանգությունը: Հիշեցման կարգով ասենք, որ պայմանագրի նախկին ձևակերպումը ենթադրում էր միայն նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմանների երկայնքով սահմանների պաշտպանություն: Դրանից բացի ներկայացված արձանագրությամբ նախատեսվում է, որ Հայաստանի անվտանգության ապահովան համար Ռուսաստանը պետք է Հայաստանին ապահովի ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով: Հանուն արդարության նկատենք, որ մեր երկիրն իր սահմնափակ հնարավորություններով հազիվ թե կարողանար այդ բանն իրագործել ինքնուրույնաբար: Եվ, իհարկե, արձանագրության գլխավոր փոփոխությունը` երկարացնել Հայաստանում գործող ռուսական ռազմակայանի գործունեության ժամկետը՝ 25 տարուց դարձնելով 49 տարի: Սա իր հերթին կարող է դիտվել փաստացի ապացույցն այն բանի, որ ռուսների հետ մեր ռազմական դաշինքը նվազագույնը կես դար գոյություն ունենալու երաշխիք է ստանում:
Ի դեպ, Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանը իրենից ներկայացնում է բավականին պատկառելի զորային միավոր և մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգի շրջանակներում` ենթարկվելով ՌԴ Հյուսիս-կովկասյան ռազմական տարածաշրջանի Անդկովկասի ռուսական զորքերի խմբին: Ռազմակայանը հագեցած է C-300 զենիթահրթիռային համակարգերով ու ՄիԳ-29 կործանիչներով: Անձնակազմը հասնում է 5 հազարի: Նաև այս հանգամանքը հաշվի առնելով մի շարք վերլուծաբաններ անմիջապես շտապեցին արձանագրել, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի մասին 1995 թ. պայմանագրում փոփոխությունների ստորագրումը և С-300 հրթիռային համակարգերի տրամադրումը արձանագրում է նոր աշխարհաքաղաքական իրողությունների հաստատումը տարածաշրջանում:
Ամենայն հավանականությամբ խորհրդարանն այսօր կշարունակի հարցի քննարկումը և արդյունքում կվավերացնի պայմանագիրը, որը ոմանց կարծիքով պատմական փաստաթուղթ է, իսկ ոմանց խորին համոզմամբ` վտանգավոր ծուղակ: Սակայն ինչպիսի որոշում էլ կայացնեն երկրի վաղվա օրվա պատասխանատվությունը ստանձնած քաղաքական այրերը, մի բան մշտապես մնալու է անառարկելի. յուրաքանչյուր երկիր ինքն է պարտավոր ապահովել սեփական ժողովրդի ու տարածքների առավելագույն անվտանգությունը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: