Tag Archives: տատ

ՏԱՏԻՍ ԵՐԿՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

25 Օգս

Լուսահոգի տատս, որ ապրեց հարյուր տարուց ավելի, չտեսավ այն օրը, երբ մեր կենցաղ մտավ ու տիրաբար բազմեց նորին գերազանցութան պոպկորնը, որովհետև երբ տատս նկուղից դուրս էր բերում ամառը հավաքած, չորացրած ու ձմեռվա շիկացած վառարանի մոտ հատկահան արվող եգիպտացորենը, նրա հրաշագործ ձեռքերի տակ փքվող ձյունաճերմակ ամպին տատս անվանում էր ադիբուդի, իսկ մենք` երեխաներս դրան կոչում էինք պտպտիկ:
Դրա համար էլ երբ այսօր ոմանք սոփեստական քննարկումներ են ծավալում օտար բառերի և դրանց հայերեն համարժեքների շուրջ, այդ աղմուկը ինձ հիշեցնում է «առաջինը հավն է եղել, թե ձուն» հավերժական վեճը, իսկ տատիս արդեն ոչինչ հիշեցնել չի կարող, թեև սկզբնապես ադիբուդին էր:

* * *
Իմ ողորմած տատը կրկնակի երջանիկ էր, որովհետև չտեսավ նաև այն օրը, երբ երկու ոստիկան մեր բակ մտան ու պահանջեցին ոչնչացնել պատի տակ աճած կանեփի թփերը: Այս շրջադարձային պահին ոչ մեր տանը, ոչ բակում, ոչ էլ ամբողջ թաղում չգտնվեց գոնե մեկ պոտենցիալ թմրամոլ, որ հակադարձեր նրանց ու կանխեր կանաչ թփերի ջարդը: Փոխարենը եղբայրս արագ դուրս բերեց գերանդին, հորիզոնական դիրք տվեց վտանգավոր բուսատեսակին ու ոստիկանները գոհացած հեռացան:
Բայց մինչ այդ ժամը այլ ժամանակներ էին և այդ անցած ժամանակների մեջ էլի տատս էր, որ տոնական օրերին բոված կանեփը խառնում էր ցորենին ու մենք բռերով ուտում էինք նրա տված աղանձի խրթխրթան ջերմութունը`անգիտակից «կակաչ-կանեփ» հնարավոր օպերացիային և դրա կասկածելի անձանց «սև ցուցակում» հայտնվելու հետևանքներին:

Հ. ՉարխչյանPopcorn_Banner

ՏԱՏԻՍ ՊԱՏՄԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

26 Փտր

Տատս 100 տարուց ավել ապրեց: Ցեղասպանության վկան էր: Մի օր հեռուստատեսությունից եկան նրան նկարելու: Տեսախցիկը տեղադրեցին ու խնդրեցին տատիս, որ պատմի: Լավ հիշողություն ուներ, այնպիսի դրվագներ ու մանրամասներ էր մտաբերում, որ ապշելու բան էր: Բայց այս անգամ ինչ-որ բան իր հունով չհոսեց: Համենայն դեպս, լրագրողը դժգոհ էր: Տատս ասում էր. «Քրդերը մեզ կոտորեցին»: Լրագրողն ընդհատում էր նրան և ուղղում էր. «Թուրքերը, տատի, ոչ թե քրդերը»: Հետո պատմությունն առաջ էր հրվում ու տատս դարձյալ կրկնում էր. «Քրդերը տեղահանեցին… Քրդերը թալանեցին… Քրդերը սպանեցին…»:
Նկարահանողները հիասթափված գնացին: Իսկ տատս հանգիստ էր: Նա հրաշալի հիշողություն ուներ…

Հ. Չարխչյան111

%d bloggers like this: