Tag Archives: Տավուշ

Պայթող խաղալիք և ոչ մանկական խաղեր

18 Հլս

Պատմությունն այսպիսին է: Հայաստանին Տավուշի մարզին (Բերդի տարածքին) սահմանակից ադրբեջանական Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում փափուկ խաղալիքի պայթյունից ադրբեջանցի 13-ամյա երեխա է մահացել, նրա մայրը վիրավորվել է: Ասվում է, թե երեխան շնիկ հիշեցնող խաղալիքը գտել է գետափին խաղալիս, բերել է տուն ու երբ դրել է սեղանին, այն պայթել է: Թովուզչայ-Տավուշ գետը հոսում է մեր հանրապետության տարածքից դեպի Ադրբեջան: Այսքանը բավական էր, որ հարևան երկրում պնդեն, թե իբր դա հայկական կողմից իրականացված դիվերսիոն գործողություն է և պայթուցիկ շնիկը միտումնաբար բաց է թողնվել հայ բանակայինների կողմից:
Սա, ինչ խոսք, անհեթեթություն է: Եվ անհեթեթություն է ոչ միայն այն պատճառով, որ դա ասում են ադրբեջանցիները (թեև այդ մի հանգամանքը լիովին կարող էր փոխարինել մյուսներին), այլ որովհետև ցանկացած պնդում պետք է ունենա գոնե իր նվազագույն հավանականությունը և հավաստի լինելու հնարավորությունը: Իսկ այս դեպքում բացակայում է թե մեկը և թե մյուսը: Դա ըմբռնելու համար սկսենք ամենապարզից:
Այո, Ալիբեյլի գյուղն իսկապես մոտ է գտնվում հայկական սահմանին ու մարտական հենակետերին: Սակայն սա դեռ ոչ մի կերպ ապացույցը չէ այն բանի, թե հայերը կարող էին պայթուցիկ նետել ջուրը: Նույն տեղանքում գտնվում են նաև ադրբեջանական դիրքերն ու հենակետերը: Եվ ուրեմն ի՞նչը կարող է մեզ խանգարել պնդելու, թե դա արել են հենց ադրբեջանցիները: Տեսականորեն` ոչինչ, եթե առաջնորդվենք այն նույն կանխակալությամբ, ինչին տուրք են տալիս սահմանից այն կողմ: Իսկ այնտեղ դեռ լիովին չպարզաբանած դեպքի հանգամանքները և նույնիսկ նախնական հետաքննություն չանցկացրած անմիջապես հայտարարեցին` մեղքը հայերինն է: Ու դեռ փաստի կապակցությամբ էլ քրեական գործ հարուցեցին «կանխամտածված սպանություն ըստ ազգային, ռասսայական, կրոնական ատելության կամ թշնամության շարժառիթով» հոդվածով:
Այսքանը կարծես թե լիովին բավարար էր հայատյացությամբ վարակված ադրբեջանական հանրությանը` հերթական հիստերիան բարձրացնելու համար: Եվ զարմանալիորեն ոչ ոք փորձ անգամ չարեց գոնե մի պահ պատկերացնել իրենց հրամցված սրտաճմլիկ ու սարսափազդու պատմության դրվագները և մտածելու այն մասին, թե ինչպե՞ս կարող էր դա հնարավոր լինել: Ինչպե՞ս կարող էր խաղալիքը, որում պայթուցիկ սարք էր տեղադրված, գետով հասնել Ադրբեջան: Տավուշը փոքրիկ, լեռնային, տարվա այս ամիսներին սակավաջուր մի գետ է, և նրա ալիքներից մեծ ջանք պիտի պահանջվեր այդ առարկան իր նշանակետին հասցնելու համար: Ընդ որում, ուշադրություն դարձնենք, որ իր ներսում պայթուցիկ կրող իրը այդ մի քանի կիլոմետր տարածքը պիտի հաղթահարեր` առանց ցնցումների, քարերին կամ այլ կարծր մարմիներին բախվելու, մի բան, որ, ըստ ադրբեջանցիների, հայկական «դավադիր» ջրերին լիովին հաջողվել է: Էլ չենք խոսում այն մասին, որ ծանր առարկան ուղղակի կարող էր նստել գետի հատակին կամ պարզապես դառնալ ոչ պիտանի, քանի որ թրջված պայթուցիկը, հակառակ մեր հարևանների պատկերացումների, չի գործում:
Բայց` չէ, ադրբեջանական քարոզչությանը խիստ անհրաժեշտ էր, որ այն լողար, հասներ գյուղ, ընկներ երեխաների ձեռքը, համբերեր այնքան, մինչև տուն կտանեին, և երբ դրվեր սեղանին, խելացի մեքենան պիտի գիտակցեր, որ վրա է հասել իր պայթելու ժամը, որպեսզի խաղաղ բնակիչները դառնան հայերի կանխամտածված սպանության զոհերը: Ասվածին հավելենք, որ նման խաղալիքի մեջ համապատասխան սարքավորում ու պայթուցիկ տեղադրելուց հետո այդ առարկան այնքան կծանրանար, որ իր քաշի պատճառով ուղղակի չէր կարող կասկած չհարուցեր նույնիսկ մանկահասակների մոտ:
Իսկ այժմ տանք այն երկրորդ հարցը, որ պիտի մեր փոխարեն արտասանեին ադրբեջանցիները, սակայն լռում են: Հանուն ինչի՞: Ո՞ր նպատակի համար ինչ-որ մեկը կարող էր գնալ այդպիսի քայլի: Սովորաբար նման պայթուցիկ սարքեր պատրաստելը բավականին բարդ գործընթաց է և շատ թանկ: Դրանք կարող են կիրառվել բացառապես հատուկ գործողությունների ժամանակ: Եվ այս դեպքում հիմարն էլ կհասկանա, որ երեխաներին թիրախ ընտրելը ոչ միայն անմտություն է, այլև զուտ ռազմական տեսանկյունից չարդարացված քայլ: Էլ չենք խոսում այն մասին, որ այդօրինակ անպտուղ արարքով դրա հեղինակը զուր տեղը պիտի խոցելի դառնա թշնամու քարոզչության համար և քարկոծվի հանրության կողմից:
Սակայն պայթյունը որոտացել էր ճիշտ տեղում և ճիշտ այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ էր Ադրբեջանի իշխանություններին: Դեպքից անմիջապես հետո մեկը մյուսի ետևից հայտարարություններով հանդես եկան այդ երկրի նախագահի աշխատակազմի պատասխանատուները, ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը, ԱԳՆ չինովնիկները, կուսակցական դեմքեր, պատգամավորներ, վերլուծաբաններ… Մի խոսքով, բոլոր նրանք, ովքեր ցանկացան հայհոյել հայերին ու կոչ անել համաշխարհային հանրությանը`դատապարտել երեխայի մահվան փաստը։ Կատարվածը որակվեց ահաբեկչություն և անգամ հորինվեց մի պատմություն, թե իբր նույն վայրում 1994 թվականին տեղի է ունեցել համանման ևս մեկ դեպք և հայկական գետով ուղարկված խաղալիքից զոհվել էին 2 երեխաներ, մեկն էլ վիրավորվել էր։
Հազիվ թե նման դեպք որևէ մեկը վերհիշի: Փոխարենը շատ լավ մտապահվել է մեկ այլ պատահար, որ տեղի ունեցավ այս տարվա մարտին, երբ սահմանամերձ տարածքում սպանվեց մեկ այլ ադրբեջանցի երեխա: Սովորության համաձայն, Բաքուն այդ անգամ էլ մեղքը բարդեց հայերի վրա ու փորձեց կատարվածը շահարկել` քաղաքական ու բարոյական դիվիդենտներ կորզելու մտադրությամբ: Պատասխանը եղավ այն, որ դիտարկում անցկացնող ԵԱՀԿ պաշտոնյաները նույնիսկ հրաժարվեցին այցելել այդ ընտանիքին, ինչը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանին միայն մենք չէ, որ չենք վստահում:
Իրականում եղե՞լ է լողացող խաղալիք, թե՞ ոչ, որտեղի՞ց այն հայտնվեց, այդ մասին մենք երբեք չենք իմանա: Եվ նաև անարձագանք կմնա Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանատան առաջարկը` անկախ հետաքննություն անցկացնելու մասին: Անաչառ հետաքննությունը հայկական կողմի համար միանգամայն շահեկան տարբերակ կլիներ։ Սակայն Բաքվի ծրագրերի հետ այն ոչ մի կերպ չի ներդաշնակում: Պատահական չէ, որ նույն օրերին Ադրբեջանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն այս կապակցությամբ ասաց, թե պատահարը հերթական անգամ ապացուցում է որոշ ժամանակ առաջ իրենց կողմից ներկայացված նմանատիպ միջադեպերի հետաքննման մեխանիզմի վերաբերյալ առաջարկի օգտակարությունը: Ափսոս միայն, որ նա չասաց, թե այդ նախաձեռնությունն ում մեղքով ձախողվեց:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

18 Մրտ

Գրքի մարաթոն ինտերնետում. գրքահավաքը կհարստացնի Տավուշի մարզի գրադարանները

Աննա Մուրադյան | Մարտի 17, 2011 18:00

Մարտի 13-ին՝ Չարենցի ծննդյանը օրը, մեկնարկեց օնլայն տարածքում գրքի առաջին մարաթոնը:
Նախաձեռնության հեղինակը գրող Հովիկ Չարխչյանն է: «Հետսովետական շրջանից սկսած` մեր հեռավոր շրջաններում գրքի որևէ տեղաշարժ չկա, գիրքը հիմնականում կենտրոնացած է Երևանում,- «Անկախին» ասում է Չարխչյանը,- գյուղերում գրադարան չկա, եղածների վրա էլ կողպեք է դրված, գրքերն էլ մութ տարիներին վառել են: Մտածեցինք, որ ինտերնետային մարաթոն չի եղել, սա լավ միջոց է գիրք հավաքելու»:
Հավաքված գրքերը տրամադրվելու են Տավուշի մարզի համայնքային գրադարաններին կամ դպրոցներին:
Նախաձեռնությանը միանում են մի խումբ երիտասարդ էնտուզիաստներ, որոնք պատրաստակամություն են հայտնում աջակցել գրքահավաքին:
Մարաթոնի մեկնարկի օրը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «գրքային փոթորիկ էր». լրահոսն ամբողջությամբ լցված էր մարաթոնին միանալու և գիրք նվիրաբերելու մասին հայտարարություններով: Մարդիկ և կազմակերպությունները շատ արագ արձագանքում էին ու մարաթոնին նվիրում տարբեր քանակությամբ գրքեր:
Նախաձեռնության անդամներից Նշան Աբասյանն ասում է, որ չէր սպասում այդպիսի բուռն արձագանքի: «Ես շատ զարմացած եմ մարդկանց վերաբերմունքից, որ այդպիսի պատրաստակամությամբ ընդառաջ գնացին,- ասում է նա,- կարծում էի, որ սա առիթ էր լինելու, որ մարդիկ ազատվեին դարակներում փոշոտվող գրքերից. բայց՝ ոչ: Բոլորն ընդառաջ էին գալիս գրքի պակասը իրենց գրադարանների հաշվին լրացրած լինելու գիտակցությունից»:
Գրքի հավաքման հետ կապված բազմաթիվ դժվարություններ են եղել: Չարխչյանն ասում է, որ մարաթոնին այնպիսի մեծ թվով մարդիկ են արձագանքել, որ 10 մեքենան բավարար չէր լինի գնալ բոլոր հասցեներով:
«Բյուրոկրատ» գրախանութը նույնպես միացել է մարաթոնին ոչ միայն գրքեր նվիրելով, այլև առաջարկելով տարածքն օգտագործել որպես գրքի հավաքման կետ:
Այս պահի դրությամբ հավաքվել է մոտ 6000 կտոր գրականություն: «Սակայն մարաթոնի ավարտին շատ հնարավոր է, որ այդ թիվը կրկնապատկվի,- ասում է Չարխչյանը,- մեր համար անսպասելի էր, որ ձեռնարկը դուրս կգար Երևանի սահմաններից. մեզ արձագանքել են Արմավիրի ու Արարատի մարզի տարբեր համայքներից»:
Չարխչյանն ասում է, որ արձագանքներ են եղել նույնսիկ սփյուռքից, և առաջարկվել է դրամական օգնություն: «Սակայն մենք սկզբում սահմանել էինք, որ որևէ դրամական նվիրատվություն չենք ընդունելու, և նրանց ասել ենք, որ այդ գումարները փոխանցեն իրենց հայաստանաբնակ ազգականներին, որպեսզի նրանք այդ գումարով գրքեր գնեն և նվիրաբերեն»,- ասում է նա:
Գրքահավաքն ավարտվում է մարտի 18-ին, իսկ մարտի 19-ին մի խումբ մտավորականների ուղեկցությամբ նախաձեռնող խումբը կուղևորվի դեպի Տավուշի մարզ, որտեղ կանցկացվի գրքի տոն: Այնտեղից էլ գրքերը կբաշխվեն` ըստ դրա կարիքն ունեցող համայնքների:
«Անկախ» թերթը նույնպես միացել է մարաթոնին և նվիրաբերել մոտ 50 կտոր գիրք:

%d bloggers like this: