Tag Archives: Տաջիկստան

Հոբելյանական, թե՞ հրաժեշտի

1 Սպտ

Վաղը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կմեկնարկի ԱՊՀ երկրների ղեկավարների հոբելյանական գագաթաժողովը: Անկախ պետությունների միավորման 20-ամյակին նվիրված երկօրյա հանդիպումը կարող էր լիովին հագեցած լինել տոնական տրամադրություններով, միայն թե դաշնակից երկրների միջև կուտակված խնդիրների առատությունն այս անգամ ոչ միայն ջերմության հույսեր չի ներշնչում, այլև մղում է առավել մռայլ կանխատեսումների:
Նախ ասենք, որ մինչև այս պահը Բելառուսի և Ուկրաինայի նախագահները դեռևս չեն հաստատել իրենց մասնակցությունը։ Ներկա գտնվելու պատրաստակամություն են հայտնել Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի ու Թուրքմենստանի նախագահները և դա հաստատվել է տվյալ երկրների համապատասխան կառույցների կողմից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի գագաթաժողովին, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժինը և տեղեկացրել, որ Դուշանբեում Ադրբեջանը կներկայացնի վարչապետ Արթուր Ռասիզադեն: (Ի դեպ, նկատենք, որ այս հրաժարումից ընդամենը մեկ շաբաթ առաջ Ալիևը հաստատել էր իր մասնակցությունն այդ միջոցառմանը): Չի մասնակցի նաև Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը: Նրա դեպքում նույնպես երկիրը կներկայցվի վարչապետի մակարդակով:
Լռության ու բացակայության այս դեպքերից յուրաքանչյուրն իր հնարավոր պատճառաբանությունն ունի: Բելառուսի և Ուկրաինայի նախագահներն ամենայն հավանականությամբ ներկա կգտնվեն, պարզապես այժմ նրանց արհեստականորեն երկարաձգվող արձագանքի շարժառիթները հարկ է որոնել Լուկաշենկոյի և Յանուկովիչի՝ Մոսկվայի հետ ունեցած մի շարք անհամաձայնությունների ենթատեքստում: Քարիմովը չի գա, քանի որ նա դժգոհ է Մաքսային միության կողմից Ուզբեկստանի համար էական այնպիսի հարցերի անտեսման փաստից, ինչպիսիք են, ասենք, տարածաշրջանային անվտանգությունը, ջրային ռեսուրսների խնդիրը և այլն: Թե որքանով բոյկոտը կօգնի նրան՝ դուրս գալ ստեղծված դժվարին կացությունից, դժվար է ասել: Մյուս կողմից էլ կարելի է մտածել, որ եթե Տաջիկստանում կայանալիքը սոսկ հոբելյանական միջոցառում է և ունի ընդամենը սիմվոլիկ, պրոտոկոլային նշանակություն, ապա դրան կարելի է և առանձնակի ուշադրություն չհատկացնել, թեև մեծ հաշվով նման քայլը նախ և առաջ վերաբերմունք է ԱՊՀ-ի նկատմամբ:
Շատ ավելի հետաքրքրական է Իլհամ Ալիևի դեմարշը, ինչն անմիջապես տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց: Վերլուծաբանների ճնշող մեծամասնությունը իսկույն նկատեց, որ Ադրբեջանի նախագահը ստվեր է նետում ԱՊՀ 20-ամյակի տոնի վրա բացառապես այն պատճառով, որ չի կարողացել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ համաձայնության գալ ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ: Այս հանգամանքը գծագրվեց դեռ օգոստոսի 9-ին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստան- Ադրբեջան հանդիպումից անմիջապես հետո, որի ընթացքում Մեդվեդևը կոչ էր արել «հնարավորինս անկեղծ զրույց վարել»: Այդ անկեղծությունն ակնհայտորեն Ալիևի սրտով չէր, և ահա վերջինս որոշել է, որ Ռուսաստանի նկատմամբ շանտաժի քաղաքականությունը կարող է ստիպել պաշտոնական Մոսկվային Ղարաբաղի հարցում անվերապահորեն պաշտպանել ադրբեջանական տեսակետը: Այս իմաստով շատ դիպուկ է նկատել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Իգոր Շիշկինը՝ նշելով, որ «Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է՝ «Դուք մեզ սկուտեղի վրա մատուցեք Լեռնային Ղարաբաղը, իսկ դրանից հետո հնարավոր է, որ մենք դառնանք ձեր լավ բարեկամը»։
Սակայն Բաքվում պատրաստ են էլ ավելի հեռուն գնալ: Այս օրերին որոշ ադրբեջանամետ քաղաքական շրջանակներ ակտիվ քարոզչություն են սկսել այն մասին, որ իբր Մեդվեդևի քաղաքականությունը վերջին հաշվով բերելու է ոչ միայն Ռուսաստանի համար Ադրբեջանի կորստին, այլև ԱՊՀ կազմալուծմանն ու աշխարհում երկրի հեղինակության անկմանը: Վարկաբեկման մեխանիզմը խիստ պարզունակ է. ամենուր շեփորել, թե իբր Ռուսաստանը գործընկերների աչքում կորցնում է միջնորդի իր կերպարը և վերածվում է Հայաստանի շահերի լոբբիստի:
Չի կարելի չնկատել, որ ներկա իրավիճակում Ադրբեջանի պահվածքը ոչ միայն անհավասարակշիռ է, այլև դրան գումարվում է նրա՝ կողմնորոշված չլինելու հանգամանքը: ԱՊՀ և ՎՈՒԱՄ անդամ երկիրը վերջերս հայտարարեց, որ անդամակցում է «Չմիավորվածների շարժմանը», սակայն այդ բանը նրան դեռևս ոչ մի գնով չի հաջողվում: Մի դեպքում նա իրեն նետում է աշխարհաքաղաքական ամեն կարգի հոսանքների գիրկը, մյուս կողմից սեփական խնդիրները ստիպում են որոնել այլ ափեր, բայց արդյունքում հաջողությունը նրան չի ժպտում, և այլ բան չի մնում, քան սպառնալ, թե կհեռանա այս կամ այն կառույցից:
Նրանք, ովքեր կանխատեսում են, թե Ադրբեջանի վերջին քայլը կարող է լինել ԱՊՀ-ի կազմից դուրս գալը, այսպես կարծելու առիթ են ստացել նաև այն փաստից, որ օգոստոսի 19-ին Բաքուն հրաժարվեց մասնակից դառնալ Ղազախստանում խորհրդարանի վերին պալատի ընտրություններին հետևելու համար ձևավորված ԱՊՀ դիտորդական առաքելությանը: «ԱՊՀ-ն իր քսաներորդ տարեդարձի կապակցությամբ կարձանագրի հերթական կորուստ»,–գրում է «Նեզավիսիմայա գազետա» թերթը։ Բայց սա միայն Բաքվին չի վերաբերում: Որոշ փորձագետներ գնահատում են նշված քայլն իբրև ազդանշան այն բանի, որ Մոսկվան դադարում է գործընկերների աչքերում ընկալվել իբրև հակամարտության կարգավորման անաչառ միջնորդ։ Ավելին ասենք, շատերը ռուսներին մեղադրում են «առևտրային պատերազմների» սանձազերծման մեջ, որոնց նպատակն է ստիպել ԱՊՀ երկրներին ընտրել Կրեմլի շահերին համահունչ տնտեսական ու քաղաքական որոշումներ։
Հիշեցնենք, որ ԱՊՀ-ն հիմնադրվեց 1991 թվականի դեկտեմբերին և սկզբնական շրջանում ուներ 12 անդամ (հետխորհրդային բոլոր հանրապետությունները՝ բացառությամբ մերձբալթյան երկրների): 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանը լքեց այս կառույցը: Իսկ հիմա մշտապես ասվում է այն մասին, թե ԱՊՀ-ն ապագա չունի և իբր Դուշանբեում երկրների առաջնորդները կարող են որոշում կայացնել այն ցրելու վերաբերյալ:
Նման աղետալի հետևանիքի ականատես հազիվ թե դառնանք: Բայց իրականությունն այն է, որ կառույցը հրամայական անհրաժեշտություն ունի բարեփոխվել, դառնալ առավել օպերատիվ արձագանքող միություն, քան այժմ է: Առաջիկա երկու օրերը կարող են մեզ նաև այս մտահոգությունների պատասխանը տալ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: