Tag Archives: Վրթանես Փափազյան

Ե՞րբ է Հայաստանում առաջին անգամ ոգեկոչվել Եղեռնի զոհերի հիշատակը

22 Ապր

1920 թ. ապրիլի 11-ին Երևանի փողոցներում թռուցիկներ փակցվեցին, իսկ թերթերում տպագրվեց տեղեկություն այն մասին, որ Ամենայն Հայոց վեհափառ հայրապետի բարձր հովանով Զատիկ` կիրակի օրը քաղաքի և Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում կատարելու են հանդիսավոր հոգեհանգիստներ «1915 թվի մայիս ամսին Պոլսում և գավառներում նահատակված բոլոր հայ հոգևորականների և մտավորականների համար»:
Հոգեհանգիստը կայացավ ապրիլի 13-ին: Այդ օրը Էջմիածնի Մայր տաճարում մատուցվեց պատրագ: Արարողության ավարտից հետո արդեն դրսում` տաճարի մուտքի առջև էլ տեղի ունեցավ առաջին սգահանդեսը, որին մասնակցում էին մեծ թվով քաղաքացիներ, գիմնազիայի աշակերտներն ու հոգևոր դասը: Սգահանդեսը բացեց գրող, գիմնազիայի տեսուչ Վրթանես Փափազյանը: Նրա սրտառուչ, ազդեցիկ խոսքին հաջորդեցին ևս մի քանի ելույթներ: Հավաքվածներին տեղեկացվեց, որ Փափազյանն առաջարկությամբ դիմել է Հայաստանի խորհրդարանին` ապրիլի 24-ը համազգային սգո օր հայտարարելու համար:
Ցավոք, 1920 թ. ապրիլի 13-ից հետո Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչումը Հայաստանում արտոնվեց միայն… 45 տարի անց: Իսկ Վրթանես Փափազյանն իր նշանավոր ելույթից 13 օր հետո վախճանվեց…

Հովիկ Չարխչյան

13

ԴԱՌՆՈՒԹՅԱՆ ՆԱՄԱԿԸ

8 Մրտ

1920 թվականին «Հայաստանի կոոպերացիա» հանդեսի խմբագիր Դավիթ Անանունը մի նամակ է գրում նշանավոր գրող Վրթանեես Փափազյանին` առաջարկելով և հորդորելով նրան թղթակցել իրենց ամսագրին: Իր պատասխանում Փափազյանը մերժում է խմբագրին` միաժամանակ ներկայացնելով այն ծայրահեղ ծանր վիճակը, որում ապրել է հայ մտավորականն ու գրողը: Այդ նամակից մեկ ու կես ամիս անց Փափազյանը վախճանվում է: Ահա նրա նամակի վերջին հատվածը.
«… Ոչ, բարեկամ, մի խնդրիր այն, ինչ որ ջանասիրությամբ մեռցնում են մեր մեջ ամենքը և ամեն ինչ: Մի հանդիմանիր մեզ, որովհետև մեր զարհուրելի դառնությունը բավական է մեզ, երբ անդրադառնում ենք, թե ինչպես հետզհետե, աստիճանորեն գռեհկանում ենք գռեհիկների հետ գործ ունենալով, ինչպես ջնջում ենք մեր մեջ գեղագիտական, գեղարվեստական ամեն նշույլ և թե ինչպես մի առ մի կտրտում են մեր` ոստնելու ձգտումներ ցույց տվող թևերի բոլոր փետուրները: Եվ այդ գործով զբաղված են ամենքը, վերևից մինչև ներքև, գիտակցաբար կամ անմտորեն:
Մի խնդրիր այնտեղից ցորեն, ուր կոխկրտում են ամեն տեսակ ոտներ` գարշ ինստինկտների դրդումով, զզվելի անձնական շահերով: Մի հանդիմանիր, թող որ ինքներս լանք մեր ոստումների, երազների և այնքան քնքուշ միտումների ավերակների վրա: Մի վրդովվիր ու մի զայրանար, թող որ մեր զգացած խորունկ դառնությունը ուտե մեզ և մաշե այսպես խուլ ամայությունների մեջ:
Ներիր մեզ, որ չենք կարողանում անոթի մնալ, տառապել, գռեհկությունների մեջ ապրել, մեր զգացմունքների էն լավագույնները քրքիջների և լպիրշությունների առարկա թողնել… ու գրիչ ձեռք առնել ձեր հանդեսին գրվածք ուղարկելու:
Վ. Փափազյան
1920, մարտի 4, Էջմիածին»:get

«Ու մտաբերելով կսկիծը ձեր հոգիների մեջ…»

16 Մրտ

Հավանաբար շատերին է ժամանակ առ ժամանակ հետաքրքրել այն հարցը, թե ինչու՞ ենք մենք 1915 թվականի Ցեղասպանության օրը նշում հատկապես ապրիլի 24-ին: Եվ ոչ միայն այդ հարցը: Ի վերջո, ե՞րբ առաջին անգամ ապրիլի 24-ը սահմանվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր, ո՞վ էր այդ գաղափար- առաջարկի հեղինակը, ո՞ր ժամանակներից է այն սկսվել նշվել:
Այս հարցերի պատասխանը կարելի է գտնել մի նամակում, որ պահպանվում է Հայաստանի ազգային արխիվում: Դրա հեղինակն է նշանավոր գրող, հասարակական-քաղաքական գործիչ Վրթանես Փափազյանը: Իսկ հասցեատերն է Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը: Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:
Հ. Չարխչյան

«Չեմ կարծում, որ մոռացված լինեն 1915 թ. ապրիլ 11,12 և 13-ի* այն օրերը, երբ Կ. Պոլիս և Հայաստանի մյուս գավառներում, նախապես ծրագրված դիվային մի մտածությունով, թուրք կառավարությունը, հայ ազգի բնաջնջմանը իբր ազատարար, խմբովին ձերբակալեց հարյուրավոր հայ մտավորականների, տանջեց նրանց բանտից բանտ և աքսորների ճանապարհներին, հետո գազանորեն մորթոտել տվավ և անհայտության մատնեց նրանց գերեզմաններն անգամ:
Ովքեր ասես, որ չկային այդ նահատակների մեջ: Հայ բանաստեղծ ու լրագրող, բժիշկ ու փաստաբան, հայ ուսուցիչ, եպիսկոպոս, վարդապետ ու քահանա… ամենքին, ամենքին տարան. ոչինչ չէ խնայեցին. հայ միտքն ուզեցին մի հարվածով մեռցնել ու ոչնչացնել, ուզեցին ջնջել հայ գիրքը, հայ երգն ու հայ աղոթքը…
Գաղափար կազմելու համար կորուստի ահավորության մասին, բավական է հիշատակել, որ սպանեցին ու մորթոտեցին մոտ 760 մտավորականներ:
Յոթը հարյուր և վաթսուն կյանքեր, որոնք այնքան ոգևորությամբ մշակում էին հայ միտքը և որոնց ջնջելով` իրավամբ մտածում էին, թե հայ ազգը պիտի կորցնի իր ամենալավ մասը- իր սիրտը, իր կուլտուրան:
Յոթը հարյուր և վաթսուն նահատակներ, որոնք ընկան մեր ազատության արյունալից ուղիների վրա` պատվանդան դառնալով մեր այժմյան փոքրիկ, վտիտ անկախության համար, որ պիտի մեծանա, անշուշտ, և իր լավ օրերի մեջ հիացումով հիշե պիտի իր 760 լավագույն մտավոր ուժերին:
Մեր պատմությամ մեջ մենք չենք ունեցել նման նահատակներ` այդպես խմբովին սրի զոհ գնացած և վայրագորեն ոչնչացրած 1915, ապրիլ 11,12 և 13 թվեր` մեր անցյալի արյունոտ էջերը չունեն արձանագրած իրենց վրա: Յոթը հարյուր վաթսուն լուսավոր մտքեր միահամուռ ժողոված ու անապատների մեջ մորթոտած` լենկթեմուրյան շրջանումն անգամ տեղի չի ունեցել:
Մենք այդ աննախընթաց սոսկումի օրերը ապրեցինք և նրա կսկիծը դեռ մեր սրտերումն ունենք դառնորեն: Լայնատարած նախճիրների մեջ` խորունկ վշտով է, որ մտաբերում ենք 760 նահատակների անփոխարինելի կորուստը:
Այդ ամենը գիտեմ, որ Հայաստանի խորհրդարանի անդամների հոգու մեջն ևս հարուցանում է կսկծալի հուշեր և մորմոք: Դուք ևս, ամենքդ, մեզ` հայ գրողներիս պես զգում եք վշտի խորությունը, երբ պահ մի աչքի առջև եք բերում, թե ովքեր կորան այդ անիծյալ օրերում և ինչպիսի կյանքեր հանձնվեցին:
Դուք ևս, անշուշտ, կսկիծով համակվում եք, երբ ապրիլ 11-ի, 12-ի և 13-ի օրերին հիշում եք Զոհրապի, Վարուժանի, Սիամանթոյի, Զարդարյանի և այլոց դաժան մահը, երբ մտաբերում եք մեր լավագույն հեղափոխականներից- Վարդգեսի, Խաժակի, Շահրիկյանի և ուրիշների կորուստը:
Ու մտաբերելով կսկիծը ձեր հոգիների մեջ` անշուշտ, դուք, ես հույս ունեմ, չեք մոռանալ հիշեցնելու ամբողջ Հայաստանի ժողովրդին և ամեն տեղերի հայերին, թե ինչպիսի կսկծալից սգո օրեր են ապրիլ 11-ի, 12-ի, 13-ի օրերը և թե ինչպես այդ օրերից մեկ օրը գոնե, անհրաժեշտ է, որ սգո օր դառնա ամբողջ հայ ազգի համար այնպես, ինչպես դարերից ի վեր դարձել է Վարդանանց օրը:
Թույլ տվեք ինձ ուրեմն, հայ ազգի ներկայացուցիչներ, խոնարհաբար անել ձեզ հետևյալ առաջարկները` քաջ գիտենալով, որ դուք պիտի ըստ ամենայնի քաջալերեք նրանց և առաջադրեք գործադրելու.
1. Ապրիլ 12-ի կամ 13-ի օրը հռչակել համազգային սգի օր, կանգ առնել տալ ամեն հաստատության իր գործունեության մեջ, փակել բոլոր խանութները և կազմակերպել տալ ամեն տեղ, մանավանդ կրթական հաստատությունների մեջ` սգահանդեսներ, ուր մատաղ սերունդը լսի և իմանա, թե ինչպիսի զոհերի գնով է, որ վայելում է այժմյան իր ազատությունը և ովքեր են այն նահատակները, որոնք իրենց վարդագույն արյունովը պսակեցին մեր անկախությունը:
2. Օրինագիծ մտցնել Պառլամենտում` ամեն տարի որոշ օր տոնելու մեր այդ նահատակների հիշատակը և առաջարկել Վեհափառ կաթողիկոսին, որ այս տարի հայ բոլոր եկեղեցիներում հոգեհանգիստներ կատարվեն, իսկ տոնացույցի մեջ ապրիլ 12-ի օրը նշանակվի իբր մշտական սգո օր` «Հիշատակ հարյուրավոր հայ մտավորական նահատակների, որոնք ընկան համաշխարհային մեծ պատերազմի օրերին` թուրքական վայրագ սրից»:
Մեծահույս եմ, որ Հայաստանի Պառլամենտը կատարելապես իր սրտին ու զգացմունքներին համապատասխան գտնելով իմ այդ առաջարկները, կանի պատշաճ տնօրինությունը վաղօրոք` ի գիտություն ամենքի:

Ամենայն հարգանոք`
հայ գրող Վրթանես Փափազյան
1920. ապրիլ 3
Վաղարշապատ»:

* Փափազյանը գրում է հին տոմարով: Նոր տոմարով կլինի` ապրիլի 24, 25, 26: