Tag Archives: ՎՈՒԱՄ

Հայկական վետոն և «Եվրանեսթի» սխալը

19 Սպտ

«Եվրանեսթ» անունը կրող եվրոպական միջխորհրդարանական նորելուկ կառույցի՝ Ստրասբուրգում անցկացրած առաջին լիագումար նիստն ավարտվեց ֆիասկոյով: Նախատեսված էր ընդունել քաղաքական հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցը, որը ներկայացվելու էր սեպտեմբերի վերջին Վարշավայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին: Սակայն այդ փաստաթղթին վիճակված էր կատարյալ ձախողում, ինչը մեկ անգամ ևս ապացուցեց այն մռայլ կանխատեսումների իսկությունը, որ հերթական ինտեգրացիոն մարմինը կվերածվի անպտուղ բանավեճերի հարթակի` շեղելով «Եվրանեսթին» իր հիմնական նպատակից:
Այս տարվա մայիսին Բրյուսելում հիմնադրված կառույցը կոչված է միավորելու Եվրոպական խորհրդարանի և Արևելյան գործընկերության երկրների պատգամավորական պատվիրակությունները: Այս խորհրդարանական վեհաժողովը նպատակ ունի սերտացնել Եվրամիության և հետխորհրդային 6 երկրների շփումները: Ճիշտ է, վերջին պահին Բելառուսը հայտարարվեց «անցանկալի երկիր» և դուրս մնաց ընտրյալների խմբից, բայց և այնպես «Եվրանեսթի» նախաձեռնողները իրենց քայլերը պայմանավորում էին այն իրողությամբ, որ Արևելյան հարեւանության ծրագիրը դեռևս չի գործում և գործընթացին հավելյալ մի խթան է պետք, որտեղ կհստակեցվի, թե ինչ է պետք անել և որոնք ենք առկա խոչընդոտները: Բայց քանի որ «Եվրանեսթի» ընդունած որոշումները պարտադիր իրավական ուժ չեն ունենալու, այդ պատճառով էլ ի սկզբանե փորձագետները մտավախություն էին հայտնում, թե սա ևս կվերածվի քաղաքական բանավեճերի ակումբԻ: Մեծ հաշվով նրանք չսխալվեցին:
Առաջին նիստին հայկական պատվիրակությունը նախապատրաստվել էր՝ ինչպես կարող էր. շուրջ երկու տասնյակ առաջարկներ առկա քաղաքական խնդիրների մասին, պատրաստակամություն՝ ակտիվորեն ներգրավվելու կազմակերպության աշխատանքներին: Դրա հետ մեկտեղ կար այն բանի իրատեսական գիտակցումը, որ «Եվրանեսթը» բարդ հարթակ է լինելու՝ հաշվի առնելով, որ կառույցում ընդգրկված են նաև «ՎՈՒԱՄ» կազմակերպության անդամ պետությունները, իսկ Ադրբեջանն անպայման կփորձեր դա օգտագործել ընդդեմ Հայաստանի: Եվ այդ մտավախությունները շատ շուտով ներկայացան իրենց ողջ «հմայքով»:
Վարշավայի գագաթնաժողովին ներկայացվելիք ընդհանուր զեկույցը վերաբերում էր Արևելյան գործընկերության հեռանկարներին: Սակայն ստրասբուրգյան միջադեպի գայթակղության քարը դարձավ դրա 60-րդ դրույթը, որտեղ խոսվում էր հակամարտությունների և այն մասին, որ ԵՄ-ն պետք է կառուցողական դեր ունենա դրանց հանգուցալուծման հարցում: Հենց այդ դրույթում էլ մեր հարևան վրացիները ներառել էին միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, և այդ իսկ պատճառով էլ հայկական պատվիրակությունը պահանջեց, որպեսզի սահմանների անձեռնամխելիության հետ մեկտեղ ամրագրվեն ազգերի ինքնորոշման ու միջազգային հարաբերություններում ուժի չկիրառման սկզբունքները: Երբ խնդրի շուրջ ծագած վիճաբանությունը սկսեց մեծ ծավալներ ընդունել, եվրոպացի մի քանի պատգամավորներ առաջարկեցին վիճելի պարբերությունը ընդհանրապես դուրս հանել տեքստից: Միայն թե այդ առաջարկն արժանացավ ադրբեջանցիների ու վրացիների այն աստիճան բուռն դիմադրության, որ հայերը նույնիսկ փորձեցին գնալ զիջման՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի փոխարեն հիշատակելով ազատ կամարտահայտության իրավունքը: Սակայն նույնիսկ սա չբավարարեց հարևաններին: Եվ այդ ժամանակ հայաստանցիներին այլ ելք չէր մնում, քան հարցի հետագա քննարկումը տեղափոխել «Եվրանեսթի» Բյուրո, որտեղ էլ նրանք կոնսեսուս պահանջեցին, այսինքն կիրառեցին վետոյի իրենց իրավումքը։ Արդյունքը եղավ այն, որ ամբողջական զեկույցը չընդունվեց:
Վետոյի կիրառումն անհրաժեշտություն էր: Հայաստանի պատվիրակության մոտեցումները չէին ստացել մեծամասնության աջակցությունը: Դրա հետ մեկտեղ ստեղծվել էր քաոսային մի իրավիճակ, որտեղ գլխավորը դարձել էր մեղադրանքներ հնչեցնելը, այլ ոչ թե փոխհամաձայնության գալը: Այդ պայմաններում նույիսկ այնպիսի դրույթներ, որոնք իբրև միջազգային իրավունքի սկզբունք, վաղուց ի վեր ընդունված են ամբողջ աշխարհում, այդ սրահում մոռացության էին տրվել: Ներկաներից շատերի համար «անհասկանալի էր» ազգերի ինքնորոշման իրավունքը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը: Անհասկանալի էր, քանի որ դրանք խոչընդոտում էին այն նպատակներին, ինչի համար նրանք ժամանել էին Ստրասբուրգ: Այնտեղ Ադրբեջանի ու Վրաստանի հետ ներդաշնակ էր հնչում նաև Ուկրաինայի ձայնը, որը կարծես թե նույնպես կորուստներ կրելու լուրջ մտավախություններ ունի…
Ամեն դեպքում, կատարվածի մեղքը կամ սխալը հարկ է որոնել այլ հարթության վրա: Եվրոպացի քաղաքագետներն ու օրենսդիրները եթե առ այսօր չեն գիտակցել, որ չի կարելի յուրաքանչյուր կառույց վերածել չլուծված հակամարտությունների, տարածքային վեճերի կարգավորման վայրի, ապա ձախողման է դատապարտված լինելու ոչ միայն այս ՝«Եվրանեսթ» նախաձեռնությունը, այլև համանման բոլոր քայլերը: Եվ ըստ էության, միայն կովկասյան պատվիրակությունների մեղքով չէր, որ հանկարծ ետին պլան է մղվում հավաքի հիմնական նպատակն ու իմաստը՝ եվրոպական ինտեգրացիան՝ իր տեղը զիջելով ավելորդ էմոցիաներին, փոխադարձ վիրավորանքներին ու մեղադրանքները, ինչն էլ փաստորեն տեղի ունեցավ:
Այսօր ադրբեջանական մամուլում հնչում է այն տեսակետը, որ հայկական կողմը տապալեց «Եվրանեսթի» առաջին նիստը: Ճշմարտությունն այն է, որ բանաձևը հայկական կողմից չի արգելափակվել՝ «վերջին «ոչ»-ը ասել են ադրբեջանցիներն ու վրացիները: Բայց սա էլ այլևս էական չէ: Եթե նույնիսկ դա լիներ հայերի մեղքը, ապա այն միանգամայն արդարացված մեղք է: Որքան էլ մենք ասենք ու կրկնենք, թե խիստ կարևորում ենք եվրաինտեգրման անհրաժեշտությունը, սակայն դրա հետ մեկտեղ պիտի շեշտենք, որ հանուն ոչ մի ինտեգրացիայի պատրաստ չենք որևէ զիջման գնալ մեզ համար գերակա խնդիրներում: Իսկ եթե այս ամենից հետո այժմ հարցեր են հնչում, թե արդյո՞ք «Եվրանեսթը» կշարունակի իր գործունեությունը, ապա պետք է կարծել, որ կգտնվեն խելացի գլուխներ, ովքեր կտարված դեպքից հետևություններ կկատարեն ու ըստ այդմ կկշռադատեն առաջիկա գործողությունների քայլերը: Ասենք միայն, որ Արևելյան գործընկեր պետությունների առաջին արտագնա նիստը անցկացվելու է Երևանում եկող տարվա փետրվարին: Դա կլինի «Եվրանեսթի» մշակույթի, սոցիալական հարցերի ու քաղաքացիական հասարակության հանձնաժողովի նիստը: Իսկ «Եվրանեսթի» հաջորդ լիագումար նիստը ադրբեջանական կողմը առաջարկել է ապրիլ ամսին անցկացնել Բաքվում: Հայկական պատվիրակությունն իր հերթին հայտարարել է, որ եթե նախապես տրվեն անվտանգության երաշխիքներ, ապա իրենք չմասնակցելու պատճառներ չեն տեսնում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ուկրաինայի պահուստային տարբերակը

5 Հլս

Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը ոչ միշտ է հնարավորություն տալիս դրական վերաբերմունք արտահայտելու համար: Սակայն ճշմարտության դեմ մեղանչած կլինենք, եթե չխոստովանենք, որ նախագահ Ս. Սարգսյանի Ուկրաինա կատարած այցն ու դրա նախնական արդյունքները թույլ են տալիս խոսելու ձեռքբերումների մասին: Սա, իհարկե, այդ երկկրողմ շփումների հետահայաց գնահատման փորձ չէ, այլ ընդհանուր դիտարկում: Եվ այնուամենայնիվ, կա անհրաժեշտություն անդրադառնալու մի քանի հիմնական քայլերի, որոնց կիրառումը ստեղծում է որակապես նոր միջավայր ու նոր հարաբերություններ:
Առաջին հերթին հարկ է նշել, որ վերջին 9-10 տարիների ընթացքում հայ-ուկրաինական կապերն առանձնապես նախանձելի չէին, եթե չասենք, որ դրանք փաստացի հասել էին նվազագույնի: Սրա կապակցությամբ ռուս վերլուծաբանները նշում էին, թե այն պահից, երբ Բաքուն հետզհետե վերածվեց տարածաշրջանում նավթային լիդերի, դրա համատեքստում Երևան-Կիև շփումների պարբերականությունը կտրուկ անկում ապրեց: Սակայն այժմ էլ Ադրբեջանը շարունակում է մնալ իր դիրքերում: Այդ դեպքում ի՞նչ է կատարվում, ինչու՞ ուկրաինացիները հանկարծ որոշեցին միանգամից վերանայել իրենց վերաբերմունքը: Այս հարցի պատասխանը թերևս պետք է որոնել ինչպես արտաքին քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունների, այնպես էլ Ուկրաինայի ներքին կյանքում առկա վերադասավորումների մեջ: Նարնջագույն Կիևն այլևս պատմություն է դարձել, իսկ նորը անհրաժեշտություն է զգում ձեռք բերել առավել իրատեսական երանգներ, ճիշտ կշռադատել այն ուղղությունը, դեպի ուր պիտի հառի իր հայացքը: Իսկ դա արդեն սոսկ տնտեսական պոտենցյալով չի չափվում: Այդ իմաստով չափազանց կարևոր էր, որ Վ. Յանուկովիչը խոսեց թե երկու երկրների միջև մինչև վերջ չօգտագործված հնարավորությունների և թե միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցության մասին:
Բայց ամենահետաքրքրիրն, իհարկե, Կիևի պատրաստակամությունն էր` մասնակցություն բերել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում: Ուկրաինան հայտարարեց, որ ինքը 2013 թվականին կմիանա բանակցային գործընթացին, երբ դառնա ԵԱՀԿ նախագահող երկիր։ Այս առթիվ այդ երկրի նախագահն ասաց, որ իրենք լավ հարաբերություններ ունեն Հայաստանի ու Ադրբեջանի հետ: «Մեր շահերից է բխում, որ այդ հակամարտությունը կարգավորվի խաղաղ եղանակով: Մենք մաղթում ենք մեր բարեկամներին, որ նրանք ընդհանուր որոշում գտնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»: Սակայն շատ ավելի անսպասելի էր Յանուկովիչի մեկ այլ հայտարարությունը. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունեցող միջազգայնորեն ճանաչված միավոր է։ Այդ իրավունքը պետք է կյանքի կոչվի, լիարժեքորեն իրականացվի։ ԼՂ խնդիրն այլ լուծում չունի»,- շեշտեց նա։
Սա պետք է գնահատել իբրև արմատական փոփոխություն Կիևի պաշտոնական դիրքորոշման մեջ: Տարիներ շարունակ Ուկրաինան հայտարարում էր, որ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և միայն այդքանը: Այդ բոլոր տարիներին Բաքվում համոզված էին, թե Կիևի արտաքին քաղաքականության վեկտորը որևէ լուրջ ներգործության չի ենթարկվի, սակայն, ինչպես տեսնում ենք, նրանց հույսերը կարծես թե չեն արդարանում:
Ի դեպ, այստեղ հարկ է մի փոքր լրացում կատարել և հասկանալ, թե ինչով էր պայմանավորված Կիևի նախորդ դիրքորոշումը: Սրա առթիվ դեռ մեկ տարի առաջ հետաքրքիր բացատրություն տվեց այն ժամանակ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն` անուղղակիորեն փաստելով, որ յուրաքանչյուր երկիր որևէ քայլ կատարելիս նախ` մտածում է իր մաշկի մասին և ապա միայն` դրա հետևանքների: Այն ժամանակ Բոժկոն հետևյալն ասաց. «Տարածաշրջանային կամ գլոբալ այս կամ այն հարցի շուրջ որոշակի դիրքորոշում որդեգրելիս ամեն երկիր առաջնորդվում է սեփական պետական շահերով: Վերջերս մենք բոլորս ականատես եղանք Ռուսաստանի Սևծովյան նավատորմի 225-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքում Մոսկվայի քաղաքապետ պարոն Լուժկովի հայտարարությանը: Այդ հայտարարությունում, ինչպես նաև դրան հաջորդած մեկնաբանություններում և ռուս քաղաքական գործիչների հայտարարություններում ևս մեկ անգամ հարցականի տակ էր դրվում Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցը: Այնպես որ, տարածքային ամբողջականության հարցը Ուկրաինայի համար ոչ անիմաստ է, ոչ էլ ճարտասանական: Իսկ Կիևի դիրքորոշումն այս հարցում միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաեւ ՎՈՒԱՄ շրջանակներում, տրամաբանական է և հետևողական»:
Ահա այսպես: Ղարաբաղի մասին հոգացող Կիևը պիտի Ղրիմի հեռանկարը տեսնի և առաջնորդվի բացառապես այդ մտապատկերներով: Իսկ այժմ, պարզվում է, որ առաջիկայում ուկրաինացի դիվանագետների պատվիրակությունը պատրաստվում է այցելել Երևան, Ստեփանակերտ և Բաքու՝ տեղում պարզելու համար Ուկրաինայի հնարավոր մասնակցությունը խաղաղարար առաքելությանը: Այս կապակցությամբ ուկրաինական լրատվամիջոցները զանազան դատողություններ են անում` փորձելով կռահել դրա պատճառը: Հիմնականում խոսվում է այն մասին, թե ուկրաինական դիրքերի ակտիվացումը պայմանավորված է կազանյան հանդիպման ձախողմամբ։ «Ռուսական դիվանագիտությունը չկարողացավ ապացուցել իր հավասարակշիռ դիրքորոշումը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը հետաքրքրված են բանակցային գործընթացում միջնորդի փոփոխությամբ։ Կիևի թեկնածության ընտրությունը պայմանավորված է Ուկրաինայի չեզոք կարգավիճակով, ինչպես նաև Կիևի և Մոսկվայի միջև հարաբերությունների լուրջ սառեցմամբ»,– գրում է Версии պարբերականը։
Նկատենք, որ սա այնքան էլ արժանահավատ դատողություն չէ: Հազիվ թե Կիևը հավակնի ոտք մեկնել Մինսկի խմբի երկրների հետ, իսկ Բաքուն ու Երևանը դեռ չեն պատրաստվում հրաժարվել Մոսկվայի միջնորդությունից: Առավել տրամաբանված կլինի կարծել, որ հակամարտող կողմերը այժմ զբաղված են պահուստային տարբերակ ունենալու հոգսերով` բոլոր կարգի անսպասելի շրջադարձերի դեպքում դրանք հրապարակ բերելու հեռանկարով: Հիշենք, որ այս օրերին իբրև չեզոք միջնորդ իր թեկնածությունը մատուցեց նաև Իրանը: Այնպես որ, այս շարքը դեռ կարող է համալրվել նոր մասնակիցներով, իսկ դա առանձնապես չի խանգարում ընդհանուր գործընթացին: Այնպես որ Ուկրաինան հազիվ թե այդքան շուտ հայտնվի խաղի մեջ: Յանուկովիչը նույնպես այդպես է կարծում, երբ խոսում է 2013 թվականի մասին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: