Tag Archives: Վշտունի

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

30 Հկտ

ՉԱՐԵՆՑԻ «ՄՈՌԱՑՎԱԾ» ՀՈԴՎԱԾԸ

1928 թ. հունվարին Թիֆլիսում լույս տեսած «Պրոլետար» (նախկին «Մարտակոչ») թերթի համարներից մեկում տպագրվել է Ե. Չարենցի «Հարկադրված պատասխան» հոդվածը: Սակայն այն տեղ չի գտել ոչ գրողի երկերի վեցհատորյակում ու քառահատորում, ոչ անտիպների երկու ժողովածուներում (Ե. Չարենց «Անտիպ և չհավաքված երկեր», Երևան, 1983 թ., և Ե. Չարենց «Նորահայտ էջեր», Երևան, 1996 թ):
Նման դեպքերում կատարվածը սովորաբար մեկ բացատրություն է ունենում. նյութի բացակայությունը կարող է պայմանավորված լինել հրատարակիչների և խմբագիրների չիմացությամբ: Եվ այդ պարագայում որևէ արտառոց, առավել ևս՝ դատապարտելի երևույթի շուրջ մտքեր չեն ծնվում:
Բայց արի ու տես, որ Չարենցի հատկապես այս հոդվածի անտեսումն անիրազեկության կամ վրիպումի հետևանք լինել չէր կարող: Բանն այն է, որ նվազագույնը մի դեպքում ժողովածու կազմողները տեղյակ են եղել հոդվածի գոյության մասին: Խոսքը նախ և առաջ վերաբերում է Արփենիկ Չարենցի կազմած «Անտիպ…»-ներին, որի ծանոթագրությունների բաժնում «Հարկադրված պատասխանը» ոչ միայն հիշատակվել է, այլև նրանից նույնիսկ մեջբերվել է մի փոքրիկ հատված (էջ 685):
Ի՞նչ է ստացվում: Գիտեին այդ մասին և, այդուհանդերձ, նպատակահարմար են գտել չընդգրկել: Ինչո՞ւ: Ո՞րն է եղել այս աննախադեպ «խտրականության» պատճառը: Ի վերջո, ոչ Չարենցի հոդվածն էր անարժեք սևագրություն, և ոչ էլ գիրքն էր մի սեղմ հատընտիր, որ շատ դեպքերում լույս է ընծայվում ստեղծագործությունների կամայական ընտրությամբ:
Միանշանակ պատասխան տալը այնքան էլ հեշտ չէ: Սակայն քիչ թե շատ ընդունելի, տրամաբանական բացատրություն կարող է հուշել հենց տվյալ նյութը: Նախ, կասկածից վեր է, որ հոդվածը դուրս է մնացել խիստ որոշակի նկատառումներով: Նման «կանխարգելիչ» հանգամանքի դեր առաջին հերթին կարող էր խաղալ շարադրանքի բովանդակությունը, ուր արտահայտված են մեծ բանաստեղծի համոզմունքներին ոչ այնքան բնորոշ, ծայրահեղ գաղափարական-քաղաքական դիրքորոշումներ:
Բայց կա հոդվածը, որն արդեն գրականության պատմության փաստ է, ժամանակաշրջանի ոգին պատկերող վավերագիր, և ուրեմն հարկ չկա լռությամբ շրջանցել դա, «փրկել» Չարենցին իր իսկ տողերից՝ քողարկման գնով:
Սրանով հանդերձ, պետք է նկատել, որ «մոռացված» հոդվածն այն արգասինքն է, ինչին կարող էր հանգեցնել 1920-ականների երկրորդ կեսին ծավալված գրապայքարը: Նոր ժամանակների պահանջների շուրջ ընթացող բանավեճերը շատ արագ կորցրեցին իրենց զուտ գրական-մշակութային ատաղձը՝ վերածվելով դաժան, անհաշտ ու հիշաչար մի գոտեմարտի, որտեղ լիովին կիրառելի էր միջոցների անխտրական ընտրությունը: Այսուհետ պրոլետարական սկզբունքներից յուրաքանչյուր շեղում խարանվում էր ազգայնականության աններելի մեղքով, զգացմունքայնությունը քաղքենիություն էր, հիշողությունը՝ անցյալի իդեալականացում:
Այդ առումով Չարենցն ամենախոցելի հեղինակն էր: Նրա վաղ շրջանի ստեղծագործություններից յուրաքանչյուրը պատրաստի թիրախ էր հմուտ նետաձիգների համար: Իսկ դիպուկահարների պակաս չէր զգացվում: Եվ պիտի ասել, որ Չարենցը երբեմն ուղղակի հարկադրված էր լինում ընկրկել այդ մեղադրանքների ճնշումից: Ասվածի ամենաբնորոշ վկայություններից մեկն այն հանածանոթ փաստն է, որ նա իր ժողովածուներից դուրս էր թողնում նախկինում գրված նույնիսկ ամենահրաշալի գործերը: Ցավալիորեն իրավացի էր Եգիպտոսում լույս տեսնող դաշնակցական «Հուսաբեր» թերթը, որն այն օրերին արձանագրում էր. «…Հայաստանի մեջ, ինչպես հայտնի է, «հեղափոխության» դեմ մեղանչում կը նկատվի հայրենիքի սերն ու կարոտը երգելը: Եղիշե Չարենցը գեշ կացության մեջ կը գտներ ինքզինքը՝ մինչև իր «ալ-կարմիր» դառնալը «Ես իմ անուշ»-ը գրած ըլլալուն համար…»:
Ահա, այսպիսի մթնոլորտում, 1927 թ վերջին ահագնացող գրապայքարի մի առավել պղտոր ալիք բարձրացավ, որ սպառնում էր մեկընդմիշտ խորտակել ընդդիմության ուժասպառ պատնեշները: Այդ օրերին էր, որ մամուլում պարբերաբար հայտնվում էին Ն. Դաբաղյանի, Հ. Սուրխաթյանի, Գ. Վանանդեցու հրապարակումները, հակամետ թևերը մարտի էին դուրս բերել իրենց «ծանր հրետանին»: Չարենցը ստվերում մնալ չէր կարող: Խիստ ծայրահեղ իրավիճակում նրա համար այլ ելք չԷր մնում, քան հակառակորդին հարվածել սեփական զենքով: Դրանցից առավել նշանակալին դարձավ Բաքվի «Կոմունիստում» տպագրված Չարենցի «Օբյեկտիվ քննադատության մասին» հայտնի հոդվածը: Արձագանքը չուշացավ: «Խորհրդային Հայաստանում» հայտնվեց Ազատ Վշտունու «Նամակ խմբագրությանը»:
Իբրև փոխհրաձգության կանխատեսված շարունակություն, Չարենցը գրեց ևս մի հոդված, որն էլ «Հարկադրված պատասխանն» էր:
Ստորև ներկայացնում ենք այդ հոդվածն ամբողջությամբ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

«ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆ
«Կոմունիստում» տպված իմ նամակ խմբագրության («Օբյեկտիվ քննադատության մասին») մեջ Ազատ Վշտունու «Կամավորի հուշատետրից» գրքույկից բերված մեջբերումների առթիվ Վշտունին մի նամակ է տպագրել «Խորհրդային Հայաստանում», որի մեջ փորձում է, իրեն արդարացնելու նպատակով, թոզ փչել անտեղյակ ընթերցողի աչքին, հայտարարելով, թե իմ մեջբերած դաշնակցական քառյակը պատկանում է ոչ թե իրեն, Վշտունուն, այլ դա դաշնակցական երգ է, որ ասում է պատմվածքի հերոսը:- Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ «արդարացման» մանկական պրիոմ, մի՞թե պարզ չէ Վշտունու համար, որ դաշնակցական երգը իր հերոսի շրթունքները կարող է դնել միմիայն դաշնակցական հեղինակը, մանավանդ որ ամբողջ պատմվածքի ընթացքում հեղինակի սրբազան ակնածանքն ու հարգանքը այդ հերոսի կողմն է: Հարկավոր է լինել բարեխիղճ և տղայական փորձեր չանել հետին թվով արդարացում գտնել բաների, որոնք չունեն և չեն կարող ունենալ ոչ մի արդարացում: Դժբախտաբար, թերթի էջերը թույլ չեն տալիս Վշտունու այդ գրքից այլ մեջբերումներ անելու: Թողնենք ուրեմն այս պարզ հարցը մի կողմ և պատասխանենք մի այլ հարցի, որ նա բարձրացնում է իր նույն այդ նամակում: Նա պահանջում է, որպեսզի տողերիս գրողը ցույց տա նրան «մի շովինիստական կամ ազգայնական գրվածք 1917 թվից մինչև այսօր»: Եթե այսքան համառությամբ Վշտունին ուզում է, որպեսզի մենք ցույց տանք նրան իր ազգայնական գործունեության նմուշները և Հոկտեմբերից հետո – մեզ մնում է ցույց տալ, բերել փաստեր և ուրիշ ոչինչ:- Ահավասիկ մեր ձեռքի տակ է 1919 թվին (Հոկտեմբերից երկու տարի հետո) Թիֆլիսում հրատարակվող որբական «Փարոս» թերթը, որի հոգևոր առաջնորդն է եղել ինքը Վշտունին:- Դա նրա ստեղծած թերթն է, նրա ղեկավարության ու գուրգուրանքի առարկան, հանգամանք, որի մասին վկայում է «Փարոսի» N 10 (1919 թ. հունիս) տպված «Ազատ Վշտունին որբերի աշխարհում» հոդվածը:- Այստեղ գրված է.- «…նրա (այսինքն Վշտունու — Ե. Չ.) որբերի ինտելիգենտ որբությունն էր, որ ի հայտ բերեց «Փարոս» թերթը. նրա սիստեմատիկ դաստիարակության շնորհիվ էր, որ դուրս եկան ուժեր, որոնց վրա ծանրացել է «Փարոսի» հրատարակությունը»:- Գուցե Վշտունին հայտնի, թե հեղինակը «զրպարտո՞ւմ է»:- Այդ դեպքում բերենք իր, Վշտունու, դիմումը «Փարոսի» խմբագիրներին, որի մեջ ափաշկարա երևում է իր վերաբերմունքը դեպի այդ թերթը.-
«Իմ անուշիկ եղբայրներ,
Լույսի ու հավատքի մի հանգրվան է ձեր «Փարոսը». ձեր արյունոտած, բայց կենսունակ հոգու ավետարանը կարող է լինել այդ թերթը: Տարօրինակ և զարմանալի սերունդ է մեր սերունդը՝ արյան ու արցունքի անապատում իսկ կանգնեցնում է գեղեցկի և լույսի սրբազան մեհյան:
…Հաջողություն ձեր փայփայած թերթին:
Ազատ Վշտունի»
2 ապրիլի, 1919 թիվ:
Լսո՞ւմ եք, ընկ. Վշտունի, 19-ը թիվ…Սակայն տեսնենք, թե սա ի՞նչ թերթ է, որ ըստ Վշտունու՝ որբերի «հոգու ավետարանը» կարող է լինել և որը խմբագրվում է, ինչպես վերևում իմացանք, նրա «սիստեմատիկ դաստիարակության» զոհ դարձած որբերի կողմից և իր բարձր հովանավորությամբ: Թերթի հենց առաջին համարում Վշտունու դաստիարակած որբերից մեկը գրում է.
«Ծեսն թուրքերուն հայակեր քաղաքականությունը հսկա պանթեոն դարձրեց այն չքնաղ վայրեր, զոր բնությունն ընտրած էր հայոց նախահայրերուն»:
Տեսա՞ք «հոգու ավետարանը», որ Վշտունին 1919 թվին հանձնարարում է որբերին: Ապա այդ «հոգու ավետարանում» դուք կգտնեք և Դ. Վարուժանի «Հանճարդ հայկյան» բանաստեղծությունը, և առաջնորդողներ, ուր կան այսպիսի գոհարներ.
«Կեցցե Միացյալ և Անկախ Հայաստանի պաշտպան Ամերիկայի դեմոկրատիկ կառավարությունը»:
«Փարոս», 1919 թ. հունիսի 15.
Թերթի այս միևնույն համարում նկարագրված կա և մի հանդես, ուր հանդես է եկել իր սեփական պերսոնայով և ինքը Վշտունին, բայց խոսքը տանք հոդվածագրին. «նա շնորհակալություն հայտնեց Ամերիկայի հայասեր ազգին և իր ձեռքի ծաղկեփունջը նվիրեց միսս Ալլենին ի նշան սիրո և հարգանքի» և այլն… Էլ ավելորդ է, այս ամենից հետո, նշել, որ Վշտունու «դաստիարակած» որբ խմբագիրները Վշտունու վարած այդ «հոգու ավետարանում»- «իրենց սրտի անկեղծ հրճվանքն են հայտնում նորապսակ միսս Ալլենի և միստր Թատի պսակադրության առթիվ»- և այս ամենը տեղի է ունենում 1919 թվին, Հոկտեմբերյան հեղափոխությունից երկու տարի հետո մի որբանոցում, որի «դաստիարակիչն» է Վշտունին, մի թերթում, որը Վշտունին հանձնարարում է որբերին, որպես նրանց հոգու «ավետարանը»: Դաշնակցական զոոլոգիական նացիոնալիզմի և հանուն «Միացյալ ու Անկախ» Հայաստանի Ամերիկայի «դեմոկրատիկ կառավարության» ոտքերը լիզող մտայնության մի այլանդակ նմուշ է ամբողջ այս թերթը սկզբից մինչև վերջ- և այս ամենից հետո Վշտունին համարձակություն ունի գրելու, թե «խնդիրն այն չէ, թե ինչ է գրվել 1915 թվին, այլ այն՝ թե ի՞նչ է գրվել Հոկտ. հեղափոխությունից հետո»:
Ահա թե ինչ է գրվել, ընկ. Վշտունի, ձեր ձեռքով և ձեր բարձր հովանավորությամբ՝ ձեր խնամքին հանձնված որբ մանուկների ձեռքով 1919 թվին, Հոկտեմբերից երկու տարի հետո:
Ի միջի այլոց Վանանդեցին իր մի հոդվածում գրում է, թե ի՞նչ կարելի է պահանջել 15-16 տարեկան որբերից, որոնք շրջապատված են եղել վարժապետներով և ենթակա նրանց ազգայնական դաստիարակության:- Վշտունու կողմից այդ իսկ որբերին 1919 թվին որպես «հոգու ավետարան» հանձնարարվող «Փարոսը» թերթելուց հետո ես միանգամայն համաձայն եմ Վանանդեցու հետ, որ, իրոք, շատ բան պահանջել դժվար է որբերից, որոնք 1919 թվին ունեցել են… Վշտունու նման դաստիարակներ: Ցավալին էլ հենց այն է, որ Վշտունու «հոգու ավետարան» «Փարոս»-ում այն ժամանակ դաստիարակվել են հենց նրանք, որոնք այսօր առաջնորդներ են ուզում լինել Հայաստանի պրոլետարական գրականության… Եվ մենք շատ բան չենք էլ պահանջում նրանցից, ինչպես և նրանց դաստիարակ Վշտունուց, մենք միմիայն պահանջում ենք, որ նրանք հրաժարվեն «ժառանգական պրոլետիդեոլոգներ», 100 տոկոսային պրոլետգրողներ իրենց հռչակելու մտքից և հասկանան, որ իրենք չէ, որ պիտի իդեոլոգիական ղեկավար հանդիսանան Հայաստանի աճող պրոլետգրականության:
Միմիայն այսքան, ուրիշ ոչինչ:
Իսկ ինչ վերաբերում է 1922 թվին Մոսկվայում հրատարակված իմ հատորներին, նրանցում, ի հարկե, կան հայրենասիրական ռոմանտիզմի նմուշներ, բայց դրանք անմեղ բաներ են համեմատած Վշտունու զոոլոգիական, դաշնակցական ագրեսիվ նացիոնալիզմի հետ («Կամավորի Հուշատետրից» ¨ այլն): Կարծում եմ, որ սա անվիճելի բան է յուրաքանչյուր օբյեկտիվ ընթերցողի համար:
Այսքան:
Ե. Չարենց
Թիֆլիս, 1928 հունվ. 10-ին»:
«Պրոլետար», 13.1.1928 թ.:

%d bloggers like this: