Tag Archives: վիշտ

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԵԾ ՎԻՇՏԸ

20 Փտր

1918 թ. դեկտեմբերի 3-ի առավոտյան Թումանյանը սովորականի պես վերցրեց օրվա լրագրերը, բացեց «Հորիզոն» թերթի թարմ համարը, և այն, ինչ կարդաց այնտեղ, կայծակի պես շանթահարեց նրան. «Բեջարից դեպի Համադան տանող ճանապարհի վրա քյուրդերից սպանվել են դոկտոր Վարդանյան Միքայելը, Թումանյան Արտավազդն ու օրիորդ Սահակյանը` Քաղաքների միության ծառայող»:
Թերթը ձեռքին որդեկորույս հայրը հեկեկում էր, և աշխարհում ոչինչ, ոչինչ չկար, որ մխիթարեր նրան: Իր սիրելի որդին, դեռ 24 տարին նոր բոլորած Արտիկը, որ հոր օրինակով բանաստեղծում ու պիեսներ էր գրում, որ հրապուրված էր ճարտարապետությամբ ու գեղանկարչությամբ և երազում էր Եվրոպայում կրթություն ստանալու մասին, առաջին իսկ կանչով զինվորագրվեց, ու հիմա հավերժ փակել էր աչքերը` խոցված դարանակալ թշնամուց……
Օրերն անցնում էին, բայց վշտի թուխպը չէր լքում Թումանյանին: Առանձնանում էր սենյակում, ժամերով նայում էր որդու դիմանկարին կամ լուռ նստում էր սեղանի մոտ, շիշը դնում էր դիմացը ու սպասում էր Արտիկի վերադարձին:…
Կանցներ մի կարճ ժամանակ և նրա առանց այդ էլ կսկծացող սիրտը նորից կխարանվեր անկրելի ցավից: Ամառային մի օր նա պիտի ստանար երրորդ եղբոր` Արշավիրի մահվան բոթը: Որտե՞ղ էր ավարտը: Մի՞թե վերջ չէր ունենալու դժբախտությունների այդ շղթան, որ խեղդալար դարձած` սեղմում ու սեղմում էր կյանքի պարանոցը` ապրելը վերածելով դժոխային տառապանքի: «Հետզհետե մեր տունն ավերակ է դաոնում մեր հայրենիքում։ Իհարկե, խեղճ նանն էլ չի դիմանալու էսքան հարվածներին»,- գրում էր նա իր զավակներին:
Կյանքը գունաթափվել ու իմաստազրկվել էր: Անկումների ուղին տեսանելի էր առավել քան երբևէ: Ու եթե ժամանակ առ ժամանակ որևէ դեպք կամ իրադարձություն նրան շարժում-արթնացնում էր իր տխրության նիրհից, ապա սոսկ նրա համար, որ վերստին հաստատեր արդեն հաստատվածը:
Հենց այդ տարիներին էր, որ Թումանյանը սկսեց գրել իր նշանավոր քառյակները` իբրև հոգու կենսագրություն, իբրև վեհ իմաստնություն, իբրև կյանքի իրազեկման բանաձև:

Հ. ՉարխչյանDSC_0094

ԷԴԳԱՐ ԱԼԱՆ ՊՈ

6 Հլս

Լինում են վայրկյաններ, երբ նույնիսկ Գիտակցության անկիրք հայացքին մարդկային տխուր Կենցաղը ներկայանում է դժոխքի պես, սակայն մեր երևակայությանը տրված չէ անպատիժ մուտք գործել գաղտնածածուկ խորքերը: 
Դժբախտությունը բազմազան է: Մարդկային վիշտը անհամարների տեսակից է, որ ծիածանի պես գրկում է ընդարձակ հորիզոնը: Ինչպե՞ս ես կարող եմ գեղեցկությունը տգեղության չափման միավոր, խաղաղության դրոշակ դարձնել այսպիսի վշտի մեջ: Բայց ինչպես որ բարոյականության ոլորտում չարիքը հանդիսանում է բարության ծնունդը, այդպես էլ խնդությունից ծնվում է վիշտը: Ներկա օրերի վիշտը կամ հիշողությունն է մոտակա երանության մասին, կամ մահացու տանջանք` ծնված հիացմունքից, որ կարող է լինել:

1016716_539760629392607_557610094_n(1)

ՕՍԿԱՐ ՈՒԱԼԴ

16 Փտր

ԱՐՁԱՆԱԳՈՐԾԸ

Մի երեկո նրա հոգում պահանջ զգացվեց քանդակելու մի նոր արձան: Այդ արձանը պիտի կոչվեր «Երջանկություն, որ միայն մի ակնթարթ է տևում»:
Ու բրոնզ գտնելու համար նա գնաց աշխարհի զանազան կողմերը, որովհետև միայն բրոնզի միջոցով էր կարողանում երևան հանել իր հոգու ու մտքի ստեղծագործությունները:
Բայց ոչ մի տեղ չգտավ փնտրածը: Ամբողջ աշխարհում բրոնզ չկար:
Այդ ժամանակ նա հիշեց «Հավիտյան ապրող Վիշտ» արձանը, որն իր սեփական ձեռքերով էր արարել: Այդ արձանը նա կանգնեցրել էր իր սիրելի կնոջ դամբարանի վրա, որին նա այնքան էր սիրում, որ աշխարհում ամեն բանից թանկ էր: «Հավիտյան ապրող Վիշտ» արձանը նա քանդակել էր որպես նշանակ մարդկային չթառամող սիրո, որի կորուստը բերում է հավիտենական վիշտ ու թախիծ:
Արևի տակ նա շատ թափառեց, շատ որոնեց, բայց… իր արձանից զատ չգտավ ուրիշ բրոնզ:
Ու վերցնելով արձանը, հալեց մեծ վառարանի կրակի մեջ: «Հավիտյան ապրող Վիշտ» արձանի հալվածքից քանդակեց մի նորը և կոչեց`
— Երջանկություն, որ միայն մի ակնթարթ է տևում…

%d bloggers like this: