Tag Archives: Վիկտոր Համբարձումյան

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ

22 Ապր

1941 թվականին Վիկտոր Համբարձումյանը Լենինգրադում էր, երբ սկսվեց պատերազմը: Նա տեղի պետական համալսարանում էր աշխատում: Ցանկանում էր մեկնել գործող բանակ, բայց համալսարանն էվակուացվեց Թաթարստանի Ելաբուգա քաղաք, գիտնականն էլ՝ նրանց հետ: Ստեղծված կացությունը նրան հուսահատության հասցրեց: «Ախր ինչո՞վ կամ ինչպե՞ս կարող է աստղագիտությունն օգնել բանակին»,- սա դարձավ Համբարձումյանի ամենամեծ մտահոգությունը:
Եվ նա գտավ լուծումը:
Օրվա մեջ մի քանի անգամ սկսեցին ճիշտ ժամանակի ազդանշանը հաղորդել: Դա օդաչուներին օգնում էր կույր թռիչքի ժամանակ իմանալ իրենց կոորդինատները: Աստղագետը բացահայտեց նաև կապի անակնկալ ընդհատումների գաղտնիքը, որն այնքան անհրաժեշտ էր նավատորմի ու բանակի համար: Է՞լ ինչ կարելի էր անել:
Պղտոր միջավայրում լույսի ցրման նրա ուսումնասիրությունները նույնպես լուրջ նշանակություն ունեցան ռազմական բնագավառում՝ լուծելով տեսանելիության խնդիրը մթնոլորտում և ջրի տակ: Իսկ թե որքան էին կարևոր այդ աշխատանքները հաղթանակի համար, պատասխանը ստացվեց 1946-ին, երբ Վիկտոր Համբարձումյանն արժանացավ գիտության ասպարեզում առաջին Ստալինյան մրցանակին:
Ասելիքս այն է, որ եթե ցանկություն կա մասնակից դառնալ համընդհանուր գործին, ճանապարհներն ու ձևերը միշտ էլ կգտնվեն՝ անկախ ամեն ինչից:

Հովիկ Չարխչյանhamb

Հայ մտավորականները

4 Հնվ

Նորահայտ լուսանկար. հայ մտավորականները Բյուրականում: 1960 թվականի սեպտեմբեր: (Ձախից աջ՝ Անահիտ Սահինյան, Վիկտոր Համբարձումյան, Վիլյամ Սարոյան, Հրաչյա Հովհաննիսյան, Մարտիրոս Սարյան, Աշոտ Պապայան, Հրաչյա Քոչար, Մարո Մարգարյան):1960 սարոյան

ԻՆՉՈՒ ԷՐ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ՓՐԿԱՐԱՐՆԵՐ ԿԱՆՉԵԼ

27 Հկտ

1963 թվականին Հայաստանում փրկարարական ծառայություն չկար: Սակայն այդ տարի մի դեպք ստիպեց ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին արտակարգ կարգով որոնել ու գտնել համարձակ մարդկանց: Իսկ պատահել էր հետևյալը: Աստղադիտարան-ինստիտուտից երեք հոգի բարձրացել էին Արագած լեռն ու չէին վերադարձել: Ինստիտուտի աշխատակից Ի. Կարաչենցևը, պրակտիկանտներ՝ լենինգրադցի Մ. Սվեշնիկովը և սվերդլովսկցի Յուլիա Տոկարևան որոշել էին բաց չթողնել պատեհ առիթն ու մագլցել Արագածի գագաթը: Սակայն մեկ օր անց, երբ նրանք այդպես էլ Բյուրական չհասան, ակադեմիկոսը տագնապ հնչեցրեց:
Հենց այդ ժամանակ էլ նրան խորհուրդ տվեցին դիմել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Այնտեղ գործում էր ալպինիստների խումբ, որտեղ հավաքվել էին բավականին փորձառու և համարձակ երիտասարդներ: Եվ այդ խումբն էլ Համբարձումյանի կանչով մեկնեց Արագած:
Իսկ ի՞նչ էր պատահել մոլորվածներին: Այդ եռյակը բարձրացել էր լեռան գագաթը, իսկ վերելիքից հետո նրանք որոշել էին գիշերել խառնարանին հարող Գեղահովիտում: Բայց լույսը բացվելուն պես լեռը ծածկվել էր ձյունով ու թանձր մառախուղով: Մի քանի ժամ աննպատակ դեգերելուց և ետդարձի ճանապարհն այդպես էլ չգտնելուց հետո նրանք կրկին վրան էին խփել ու սպասել հաջորդ առավոտին: Սակայն լուսաբացը մշուշից բացի որևէ նոր բան չէր բերել: Եվ այդ ժամանակ որոշել էին ուժասպառ Յուլիային թողնել վրանում, նրան տալ սննդի ամբողջ պաշարն ու տաք հագուստները, իսկ Կարաչենցևն ու Սվեշնիկովը ճամփա էին ընկել՝ հուսալով հասնել որևէ բնակավայրի:
Պոլիտեխնիկցի ալպինիստները նախ գտան տղաներին և միայն երրորդ օրը հաջողվեց աղջկան դուրս բերել լեռան, մառախուղի և ձյունաբքի գերությունից: Պատմում են, որ ամենաշատն ուրախացել էր Վիկտոր Համբարձումյանը: Մի քանի օր անց նա հեռագիր ուղարկեց պոլիտեխնիկական ինաստիտուտի ռեկտոր Պ. Մելքոնյանին, ուր ասված էր. «Բյուրականի աստղադիտարանը խորին շնորհակալություն է հայտնում ինստիտուտի ալպինիստական խմբի անդամներին լեռներում կորած ուսանողուհի Յու. Տոկարևայի որոնումների ակտիվ մասնակցության համար»: Այնուհետև ակադեմիկոսը նշում էր, որ ալպինիստներն արժանացել են պատվոգրերի:
Ցավոք, ոչ այդ ու ոչ էլ դրան հաջորդած նմանատիպ դեպքերն այդպես էլ առիթ չդարձան փրկարարական խմբերի ստեղծման համար, և այդպես շարունակվեց մինչև 1988-ի երկրաշարժը…

Հովիկ Չարխչյանviktor-hambardzumyan-photo

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԿՏԱԿԸ

29 Հկտ

«Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:
Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու:Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:
Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ:
29.08.1994»:

%d bloggers like this: