Tag Archives: ՎԻԼՅԱՄ ՇԵՔՍՊԻՐ

ՎԻԼՅԱՄ ՇԵՔՍՊԻՐ

27 Հկտ

Արևի և Լուսնի վերջին խավարումները ոչ մի լավ բան չեն գուշակում մեզ համար։ Թող իմաստունները դատեն, ինչպես կուզեն, բայց բնության օրենքները խախտվում են ամենուրեք, սերը սառչում է, բարեկամությունը՝ թուլանում, եղբայրը եղբոր դեմ է ելնում, քաղաքներում՝ ապստամբություններ, գյուղերում՝ պառակտումներ, պալատներում՝ դավաճանություն, հոր և որդու միջև՝ կապի խորտակում։
Ահա որդին հոր դեմ, թագավորը շեղվում է բնական ընթացքից, ահա հայրը որդու դեմ։ Մեր լավ օրերն անցել են արդեն. մեքենայություններ, խարդախություն, մատնություն և ամեն տեսակի կործանիչ խռովություններ հալածում են մեզ անդադար, մինչև մեր գերեզմանը…

«Լիր արքա»King_Lear

ՎԻԼՅԱՄ ՇԵՔՍՊԻՐ

4 Հնվ

Ուրեմն՝ ատի՛ր, թե պիտի ատես, ատի՛ր հենց հիմա,
Հիմա, երբ աշխարհն հակառակվել է իմ արարքներին,
Ձեռք-ձեռքի տված հոռի բախտի հետ՝ ծնկի՛ր ինձ հիմա
Եվ մի՛ այցելիր՝ մխիթարելու իմ սիրտը կրկին:
Ա՜խ, պետք չէ՛, չգա՛ս, երբ անցած լինեն օրերս ցավոտ,
Ու չհայտնվես անցած-գնացած վշտի ետևից,
Իմ փոթորկաշունչ գիշերվան չտաս տամուկ առավոտ՝
Հետաձգելու իմ հոժարակամ վախճանը նորից:
Թե պիտի լքես, թո՛ղ որ չլինեմ երբեք վերջինը
Եվ չտառապեմ չնչին ցավերից ես գիշեր ու զօր.
Հենց հիմա՛ լքիր, որ չզգամ նրա ցավաբեր գինը,
Այլ միանգամի՛ց ճաշակեմ բախտի հարվածը հզոր,
Եվ այն վիշտը խոր, որ հիմա միայն ինձ թվում է վիշտ,
Քո կորստի հետ համեմատվելիս՝ կչքվի՜ ընդմիշտ:69063292_6

ՎԻԼՅԱՄ ՇԵՔՍՊԻՐ

21 Մրտ

ՍՈՆԵՏ 121

Նախընտրելի է անպատիվ լինել, քան ենթադրվել,
Երբ չլինելով մարդ անպատվության ամոթն է կրում,
Երբ հաճույքն արդար ոչ թե սեփական հույսերն են մարել,
Այլ աչք ուրիշի, որ ուր էլ լինես, քեզ են հետևում:
Եվ ինչո՞ւ նրանց կեղծ ու վավաշոտ աչքերը տեսնեն
Զգացմունքներիս ուրախ ու կայտառ խաղերն անդադար.
Իմ թուլություններն ինչու ունենան մեղսոտ լրտեսներ,
Որոնց կարծիքով նվաստ է այն, ինչ վեհ է ինձ համար:
Ես այն եմ, ինչ կամ, իսկ նրանք, ովքեր փորձում են եղծել
Ամեն քայլը իմ, հաշվում են անթիվ մեղքերը իրենց:
Ես ուղիղ եմ միշտ, իսկ նրանց աստված ծուռ է ստեղծել-
Օ, նրանց պագշոտ մեղքերի կողքին չլինել անկեղծ.
Չարը քանի դեռ ապրում է ազատ, և չկա բարին,
Չարագործ մարդիկ սոսկ կտիրանան այս խեղճ աշխարհին:

%d bloggers like this: