Tag Archives: վարդ

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼԻՈ

18 Մյս

ԲԱՑ ԵՂԻՐ ՍԻՐՈ ԱՌԱՋ

Լինում են պահեր, երբ դու մեծ ցանկություն ես ունենում օգնելու նրան, ում սիրում ես, բայց ինչ-որ բան անել անկարող ես լինում. կամ իրադրությունն այնպիսին է, որ քեզ հնարավորություն չի ընձեռում մոտենալ նրան, կամ էլ այդ մարդն ինքն իր մեջ ամփոփվել ու մերժում է քո կարեկցանքն ու աջակցությունը:
Նման դեպքերում մնում է ուղղակի սիրելը: Երբ ամեն ինչ թվում է անիմաստ, մենք դեռևս կարող ենք սիրել` չհուսալով փոխադարձ սեր, մեր նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, չակնկալելով երախտագիտություն: Եթե դա ստացվում է, ապա սիրո էներգիան մեր շուրջն ամեն ինչ փոխում է: Սկիզբ առնելով` նա անպայման ինչ-որ բանի է վերափոխվում: «Ժամանակը չի փոխում մարդկանց: Կամքի ուժը չի փոխում մարդկանց: Մարդկանց վերափոխում է սերը»,-ասում է Էնրի Դյումոնդը…
«Վարդը զօր ու գիշեր երազում էր ընկերանալ մեղուների հետ, բայց նրանք ոչ մի անգամ չէին իջում նրա ծաղկաթերթերի վրա: Սակայն, միևնույն է, վարդը շարունակում էր երազել: Երկար գիշերները նա անրջում էր երկնքի մասին, որտեղից մեղուները մեկը մյուսի հետևից շտապում էին քնքշորեն հպվել վարդի թերթիկներին: Նրա ծաղկաթերթերը վերստին կբացվեին արևի շողերի հետ, սակայն նա չկարողացավ ապրել մինչև առավոտ:
Գիշերը, լուսինը նկատելով միայնակ վարդին, հարցրեց.
— Չե՞ս ձանձրացել սպասելուց:
— Թերևս ձանձացել եմ: Բայց, չի կարելի, չէ,՞ հանձնվել:
— Ինչո՞ւ:
— Որովհետև եթե չբացվեմ, ապա կթոշնեմ»:
Երբ գեղեցկությանը միայնություն է սպառնում, դա պահպանելու միակ միջոցը սիրո առջև բաց մնալն է:

Թարգմ. Ն. Մովսիսյան

ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ

5 Նյմ

ՎԱՐԴԸ
Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կըպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կըծակեմ,
Որ չըմոռնաս փըշոտ վարդին.
Փըշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տըղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նըրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

%d bloggers like this: