Tag Archives: Վարդերի հեղափոխություն

Վրաստանի տիկին ընդդիմությունը

9 Հնս

Որքան էլ ջանանք Վրաստանի ընդդիմադիր «Ժողովրդական ժողով» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի քաղաքական գործունեությունը դիտարկել միայն ներկա զարգացումների ֆոնի վրա, դարձյալ անհրաժեշտություն է ծագելու հետադարձ հայացք նետել դեպի ոչ հեռու անցյալը, երբ Արևմուտքի սցենարի հնազանդ դերակատարը «Վարդերի հեղափոխության» ալիքների հետ վրացական իրականություն էր ներմուծում հասարակական գործչի նորագույն տիպարը` հիմնված այլ արժեհամակարգի և այլ պատկերացումների վրա: Սակայն ժամանակն անցավ, և իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարներից մեկը վերստին հայտնվեց ընդդիմության շարքերում` այս անգամ պայքարի մեջ մտնելով երեկվա իր դաշնակիցների ու համախոհների հետ: Պետք էր կարծել, որ նման անհատական շրջադարձը որոշակի շտկումներ կմտցներ ինչպես անձի աշխարհընկալման, այնպես էլ նրա հետագա գործողությունների որակական շերտերում: Բայց արի ու տես, որ հին սերմերն ամուր ծիլեր էին տվել, և այժմ էլ Բուրջանաձեն շարունակում է հավատարմություն պահպանել նախկին հավատամքին` դրանով իսկ լինելով կանխատեսելի և մնալով արտաքին ազդակների կախյալը:
Մայիսյան ընդվզումները, նախագահ Սահակաշվիլու վարչակազմի կողմից անհնազանդների ճնշումները բացահայտեցին ոչ միայն երկրում առկա հակասությունները, այլև ի հայտ բերեցին Բուրջանաձեի հեղափոխական պատկերացումների ճշմարիտ նկարագիրը: Ասվածի լավագույն ապացույցը դարձավ նրա սկանդալային հեռախոսազրույցը, որտեղ տիկին ընդդիմությունը որդու հետ խոսում էր պետական հեղաշրջման ծրագրի մասին: Ձայնագրությունից պարզ էր դառնում, որ Բուրջանաձեի համար ընդունելի էր իրադարձությունների եգիպտական տարբերակով զարգացումը` 400-500 զոհերի արյան գնով: Գունավոր հեղափոխությունների սիրահարն այս անգամ էլ իր նախընտրած երագն էր ցանկանում հավելել կայուն ներկապնակին:
Սակայն Սահակաշվիլու համար էականը դարձավ ոչ թե դա, այլ նույն հեռախոսազրույցի այն հատվածը, որտեղ ասվում էր Ռուսատանի հետ հարաբերությունների զարգացման մասին: «Բուրջանաձեի և նրա համակիրների թիկունքում կանգնած են կայսերական մեծ հավակնություններ ունեցող երկրի (Ռուսաստանի) մեծ բանակը, անվտանգության մեծ ծառայությունը, կաշառքի ու նավթի մեծ պաշարները, ինչից էլ նրանք կորցնում են գլուխները: Եթե իշխանափոխության պլանների հղացումը վերաբերեր միայն տեղական ոչնչություններին, ապա ես նրանց լուրջ չէի ընդունի: Բայց երբ մենք գիտենք, թե ովքեր են կանգնած այդ պլանների ետևում, լուրջ ենք ընդունում նահանջել չցանկացող այդ ուժերին»,- անմիջապես հակադարձեց նախագահը:
Լիովին դեպի Միացյալ Նահանգներ հակված Սահակաշվիլին պիտի հասկանար, որ իր հակակշիռը այլ կերպ լինել չէր կարող: Ընտրությունն ամեն դեպքում կանգ էր առնելու Մոսկվայի վրա, և սա վրացական կողմնորոշումների նոր` Բուրջանաձեի բևեռն է: Կոփված ընդդիմադիրը, որն արդեն մեկ անգամ հասել էր իշխանության դրսի ուժերի աջակցությամբ, երկրորդ փորձը իրականացնելիս վերստին պիտի դաշնակիցներ փնտրեր Վրաստանի սահմաններից դուրս: Իսկ Ռուսաստանն իր հերթին չէր հրաժարվի փաղաքշել նրան, ով պատրաստվում է երկրի ներսում հարվածել հակառուս ուժերի ողնաշարին: Միակ դժվարությունը կայանում էր նրանում, որ հասարակության հիշողության մեջ դեռ չէին սպիացել 2008-ի օգոստոսի վերքերը, և մեծ համարձակություն էր պահանջվելու նրանց հետ խոսել ռուսների հետ ձեռք-ձեռքի տալու հեռանկարի մասին: Սակայն Բուրջանաձեն գտավ նաև այդ ձևը: «Սահակաշվիլին միայն հակառուսական հիստերիայից է կառչում: Նա ստիպված կլիներ հորինել ռուս-վրացական կոնֆլիկտը, եթե այն իրականում չլիներ,- հայտարարում էր նա, իսկ ռուսների հետ իր սերտացած կապերի մասին հետևյալն էր ասում:- Վերջին տարվա ընթացքում ես Մոսկվայում եղել եմ ընդամենը երեք անգամ: Սահակաշվիլու էմիսարները շատ ավելի հաճախ են լինում ՌԴ-ում: Նրանք Ռուսաստանի իշխանություններին առաջարկում են ամեն ինչ, միայն թե իրենց իշխանությանը ոչինչ չսպառանա»:
Այս խոսքերն ակամա մատնում էին թե նրան, թե Սահակշվիլուն այն իմաստով, որ երկուսի պարագայում էլ երկրի ապագան պայմանավորվում էր հյուսիսային հարևանի կամեցողությամբ: Ի դեպ, ավելորդ չէ վերհիշել, որ մեկ տարի առաջ Բուջանաձեն նույնի առիթով ստիպված եղավ վերստին բացատրություն տալ, երբ հերթական անգամ ուղևորվում էր Մոսկվա: «Ռուսաստանն առաջին հերթին հարևան երկիր է, որի հետ պետք է հարաբերություններ հաստատել: Այն ժամանակ, երբ ընդդիմությունը զբաղվում է առաջիկա ընտրություններով, իսկ իշխանությունները զբաղվում են ընդդիմության դեմ «սև PR-ով», ես մեծ քաղաքականությամբ եմ զբաղվում»,- ասել էր նա: Մեծ թռիչքների ու մեծ անկումների սովոր տիկինը այսօր էլ շարունակում է պնդել, որ ինքն իրականում վրացամետ գործիչ է, ով կարծում է, որ Վրաստանի համար սկզբունքորեն կարևոր է ռազմավարական ու սերտ համագործակցություն ունենալ արևմտյան երկրների հետ, լրջորեն ինտերգվել արևմտյան կառույցներին, բայց միաժամանակ նորմալ կապեր պահպանել Ռուսաստանի հետ:
Հաշվի առնելով նրա ծավալած գործունեության ընդգրկման տարածքները, դժվար չէ կռահել, որ այն դեռ լինելու է շարունակական ու երկարատև: Բուրջանաձեն այսօր վստահ է, որ Վրաստանի իշխանությունները վախենում են իրեն կալանավորել: «Եթե ինձ ձերբակալեն, բանտից իբրև հերոս դուրս կգամ»,-ասել է նա, մինչդեռ հերոսականության լուսապսակը չէ դրա իրական շարժառիթը: Ի վերջո, Բուրջանաձեի պես քաղաքական ֆիգուրների ներկայությունը միշտ էլ ձեռնտու է եղել բոլոր կողմերի համար` լինի դա Արևմուտք թե Ռուսաստան: Սա շատ հարմար դագանակ է Սահակաշվիլուն մշտապես հնազանդ պահելու համար, և հավասարակշռման գործոն է ցանկացած բարդ իրավիճակում: Ու եթե հիմա նա մերթ Մոսկվայում է, մերթ Կիևում, իսկ վաղը պատրաստ է ուղևորվել Եվրոպայի խորքերը, իր բառերով ասած` Բրյուսել կամ մեկ այլ մայրաքաղաք, որպեսզի եվրոպացի քաղաքական գործիչներին «ճշմարտությունը պատմի Վրաստանում իրականացվող հալածանքների և մայիսի 26-ին Թբիլիսիում խաղաղ ակցիան ցրելու մասին», ապա լսարանի պակաս Բուրջանաձեն երբեք չի ունենա: Նրա խոսքերն այնտեղ կլսեն, կմտապահեն ու անհրաժեշտության դեպքում դրանք կօգտագործեն հենց Վրաստանի դեմ:
Մայիսյան իրադարձություններից հետո վերջնականապես հստակ է դարձել, որ այդ երկրում արագ բռնկվող և նույնքան էլ արագ մարող ընդդիմության կրակը վառ պահելու համար գլխավոր խաղադրույքը կատարվել է Նինո Բուրջանաձեի վրա: Մինչև մոտակա ընտրություններ նրան է վերապահվելու այդ ծանր բեռը կրելու իրավունքը: Իսկ նա իր հերթին հաճույքով է ստանձնել վեր նշված մտադրությունների իրագործումը` «վրաց ժողովրդի հետ միասին, այն մեթոդներով, որ ընդունված են քաղաքակիրթ երկրներում»: Վերջին շեշտադրումը խիստ էական է, քանի որ քաղաքակիրթ աշխարհը ուշի ուշով հետևելու է մեթոդների անսխալ գործադրմանը: Իսկ երբ այժմ Բուրջանաձեն ասում է, թե պայքարելու է մինչև վերջ, եթե անգամ միայնակ մնա այս պայքարում, ապա դա սոսկ գեղեցիկ հռետորաբանություն է: Բուրջանաձեն և նրա նմանները երբեք միայնակ չեն մնում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մարտեր առանց կանոնների

5 Ապր

Մեզ գերազանց հայտնի է, թե ինչ ասել է քարոզչական պատերազմ և թե այդ առճակատման ժամանակ ինչերի է ընդունակ պարտված կողմը: Սակայն այն, ինչ անում են վրացիները, միանգամայն նոր որակ է, երևակայության առավելագույն կենտրոնացում, որ կարելի է միայն պատկերացնել: Իբրև կարևոր նախապայման, դրանք ուղեկցվում են բացառապես սկանդալային իրավիճակների գործադրմամբ, հակառակ պարագայում, ըստ մտահղացման հեղինակների, չեն ունենա ցանկալի ներգործությունն ու հնչեղությունը: Եվ եթե դրանց մասին ոչ մի գնով չի կարելի ասել, թե խորքային ընդգրկումներ ունեն, ապա աղմկարարության առումով լիովին արդարացնում են սպասելիքները:
Միայն վերջին մի քանի օրերի ընթացքում հանրությունն ականատես դարձավ հակառուսական «սառը» պատերազմի մի քանի դրսևորումների, որոնք նույնիսկ կարելի է դասակարգել երեք հիմնական խմբերում` լրտեսական կրքեր, հետին ամսաթվով բացահայտումներ և միջազգային կառույցներում խափանարար գործունեություն:
Սկսենք նրանից, որ այս ամսվա սկզբին Վրաստանի իրավապահները հայտարարեցին, թե իրենց հաջողվել է Քութայիսիում ու Թբիլիսիում կանխել ռուսական հատուկ ծառայությունների հանձնարարականով իրականացվելիք մի քանի ահաբեկչական գործողություններ: Նույնիսկ ձերբակալություններ եղան` երեք վրացիներ, որոնք տեսախցիկների առաջ անհոդաբաշխ նախադասություններ էին արտաբերում` պատմելով չարամիտ ռուս սպաների և իրենց մոտ հայտնաբերված պայթուցիկների մասին: Սրան անմիջապես հաջորդեց պաշտոնական հայտարարությունն առ այն, թե «Ռուսաստանի այդ քաղաքականությունը միտված է իրավիճակի ապակայունացմանը, բնակչության շրջանում խուճապային տրամադրությունների առաջացմանը, ինչը կհանգեցնի իշխանությունների հանդեպ անվստահություն սերմանելուն»:
Այնուհետև Թբիլիսին որոշեց իր ուժերը փորձել Հաագայի միջազգային դատարանում` հայց ներկայացնելով ընդդեմ Ռուսաստանի: Հայցը վերաբերում էր 2008թ. օգոստոսյան դեպքերին: Վրացիները նշել էին, որ 1990-2008թ. Ռուսաստանը երեք անգամ խախտել է 1965թ. ընդունված «Ռասայական խտրականության վերացման» կոնվենցիան: ՄԱԿ-ի միջազգային դատարանն, իհարկե, մերժեց բողոքը և նույնիսկ չզլացավ խոստովանել, որ դրա քննարկումը չի մտնում իր լիազորությունների մեջ: Սակայն այսքանն էլ բավական էր, որպեսզի Թբիլիսին կարծիք հայտներ, թե Արևմուտքը վախենում է ռուսներից և հանուն վրացիների չի ցանկանում հարաբերություններ փչացնել:
Եղածն անբավարար համարելով, նախագահ Միխայիլ Սահակաշվիլին բարձրաձայնեց իր նոր մտադրության մասին: «Վրաստանին իսկապես անհրաժեշտ է ԱՄՆ-ից ձեռք բերել ծանր հակաօդային ու հակատանկային զենք, որպեսզի հետագայում Ռուսաստանի հետ հակամատության ժամանակ կարողանա պաշտպանվել»,- ասաց նա: Ապագա պատերազմի հնարավորությունը գնահատելով միանգմայն իրական` վրացիները շարունակեցին համառորեն ծեծել ՆԱՏՕ-ի դռները` վերջինիս առարկություններին պատասխանելով այն փաստարկով, թե տարածքների կորուստը դեռևս հիմնավորում չէ, գոյություն ունի Գերմանիայի նախադեպը, որի տարածքի 40 տոկոսը թեև օկուպացված էր ԽՍՀՄ-ի կողմից, սակայն դա չխանգարեց, որ նա դառնա ՆԱՏՕ-ի անդամ, և ուրեմն Վրաստանն էլ իրավունք ունի օգտվելու Հյուսիսատլանտյան դաշինքի բարիքներից: Իսկ երբ պարզ դարձավ, որ ՆԱՏՕ-ի աչքերը Թբիլիսիի համար առանձնապես չեն սառչում, վրացիները գանգատվեցին. «Եթե Ռուսաստանի նման երկիրը կարող է վետո դնել ժողովրդավարության ճանապարհին գտնվող երկրի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, էլ ի՞նչ իմաստ ունի ՆԱՏՕ-ի գոյությունը»:
Ամենուր Ռուսաստանի սպառնալից ստվերը տեսնելով Թբիլիսին այժմ էլ Մոսկվայի հետ սրեր է խաչում Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության բանակցություններում: Այդ առթիվ Սահակաշվիլին արդեն հայտարարել է, թե իր երկիրը ետ չի կանգնի իր սկզբունքներից: Նա նաև հեգնանքով նշել է, թե Ռուսաստանը հույս ուներ շրջանցել Վրաստանին ու պայմանավորվել միայն ԱՄՆ-ի հետ: «Ռուսները մտածում են. «Ձեզ հետ պայմանավորվենք, իսկ Վրաստանը փաթեթի մի մասն է»: Ես որոշ ռուսներից լսել եմ, որ բավական է Բայդենի մեկ զանգը, որ Սահակաշվիլին լռի»,- ասել է նա: Սակայն կարծես թե Վրաստանի նախագահն այս անգամ էլ է շտապում գերագնահատել իր անձն ու հնարավորությունը: Բանակցությունների հաջորդ փուլը կայանալու է մայիսին, և, ո՞վ գիտե, գուցե իսկապե՞ս չարաբաստիկ մի զանգ ստվեր նետի նրա համառության վրա…
Առայժմ ռուսական զավթողականության թեմատիկան օրակարգում պահելու ավելի արդյունավետ միջոց չկա, քան յուրաքանչյուր բացվող օր նրա մասին մի սահմռկեցուցիչ պատմության մատուցումը: Վերջին շրջանում դրանք երկուսն էին: Առաջինն այն մասին էր, թե ինչպես է Մոսկվան ցանկանում Աբխազիայից խլել հսկա մի հողակտոր`160 քառ.կմ տարածք: Այն գտնվում է Գագրայի շրջանում, Ռիցա լճի ափին, և Մոսկվայում կայացած ՌԴ-Աբխազիա սահմանազատման ու սահմանագծման պետական հանձնաժողովի վերջին նիստում ռուսներն աբխազներին են ներկայացրել իրենց հավակնությունները: Վրաստանն, ինչ խոսք, իսկույն ևեթ դատապարտեց Ռուսաստանին և այդ քայլը գնահատեց որպես Վրաստանի տարածքները յուրացնելու փորձ:
Հաջորդ պատմությունը մի քանի տարիների վաղեմության հիշողություն էր`«Վարդերի հեղափոխության» բարի ժամանակների մասին, որից հետո իբր Կրեմլը Վրաստանի նոր իշխանություններին է հանձնել մարդկանց ցանկ, որոնց պահանջել է նշանակել նախարարական պաշտոններում: Այսօր արդեն կարելի է պատմել դա և նաև ասել. «Մեր գլխավոր նպատակն է պահպանել ինքնիշխանությունը, և Ռուսաստանը սխալվում է, եթե կարծում է, որ կշեղվենք այդ ուղուց»:
Իսկ որպեսզի իրենց նախընտրած ուղու վրա Վրաստանը վստահ քայլի, Թբիլիսիիում որոշել են Ռուսաստանին 20 մլրդ դոլարի հաշիվ ներկայացնել՝ իրենց երկրի նկատմամբ ագրեսիայի համար: Մոտավորապես այդքան է գնահատվել 2008թ. օգոստոսին ռուս զինվորականների կողմից Վրաստանին հասցված վնասը: Այդ գումարին կավելանա ևս 15 միլիարդ, որքան գնահատվել է ռուսների գործողությունների արդյունքում Վրաստանի բնապահպանությանը հասցված վնասը:
Հազիվ թե ողջ վրացական հողի վրա գտնվի մեկը, ով կհավատա, թե երբևէ կտեսնի այդպիսի հատուցում: Սակայն մի՞թե դա կարևոր է: Կամ մի՞թե թվարկված մյուս դեպքերի համար ևս հավատ է պահանջվում: Վրաստանը հետզհետե ընկղմվում է մի ճահճուտի մեջ, որտեղ նրան լավագույն դեպքում կարող է համակել զուտ բարոյական հաղթանակներ տանելով ինքնաբավարարում ձեռք բերելու ժուժկալությունը: Եվ դա սպառնում է դառնալ երկրի քաղաքականության առանցքային հակումներից մեկը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: