Tag Archives: Վարդգես Պետրոսյան

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2 Սպտ

Բարձր երկնքում թռչելիս, ասում են, կռունկները երբեմն թույլ են տալիս, որ ծիծեռնակները հանգստանան իրենց մեջքին: Հանգստանա՞ն… Կռունկներն այդպես ծիծեռնակներին վարժեցնում են արևի մոտիկությանը, հանդիպակաց քամուն, բարձունքի գլխապտույտին. նրանք ծիծեռնակներին թռչել են սովորեցնում:
Թռչել սովորեցնենք իրար: Երբեմն կռունկ լինենք, երբեմն ծիծեռնակ: Ոմանք կռունկ լինեն, ոմանք՝ ծիծեռնակ:d5afd5bcd5b8d682d5b6d5af

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

21 Մյս

Երևի Հայրենիքը հենց այն է, որ դու տեսնում ես, ուրիշը չի տեսնում: Երևի Հայրենիքը հենց այն է, որ կորցնելուց հետո, ինչպես բանաստեղծն է ասում, այլևս ոչինչ չես ունենա կորցնելու: Եվ կրկնենք բանաստեղծին, երևի հայրենիքը հենց այն է, որ անհնար է հասկանալ խելքով, չափել մետրերով, որին կարելի է և պետք է հավատալ միայն: Եվ վախեցիք անհայրենիք մարդուց: Եվ մի հավատացեք հավատարմության նրա երդումներին:

Vardges_Petrosyan

ՁՄՌԱՆ ՄԻ ԳԻՇԵՐ

16 Հլս

Պատմեմ Վարդգես Պետրոսյանի մասին:
1992 թվականի հունվարն էր: Ծանր տարի, ծանր ձմեռ: Մի օր Արարատի գործկոմի նախագահը զանգեց խմբագրություն, խնդրեց անցնել իր մոտ: Գնացի: Նրա աշխատասենյակում՝ գրասեղանի մոտ նստած էր Վարդգես Պետրոսյանը: Նախագահն ասաց, որ գրողը եկել է՝ Զանգակատուն մեկնելու համար, որտեղ պիտի նշվեր Պարույր Սևակի ծննդյան օրը: Անհրաժեշտ էր նրան մի մեքենայով գյուղ հասցնել ու ետ բերել:
Անկեղծ ասած, մի փոքր շփոթվեցի: Այդ պահի համար գրեթե խելահեղության հավասարազոր բան էր մենակ Երևանից գալն ու Սովետաշեն գնալը՝ գրական երեկույթի մասնակցելու համար: Մյուս կողմից էլ՝ մտածում էի, թե Սևակի գյուղը, որ այդ օրերին նույնպես հրակոծությունների թիրախ էր, հազիվ թե պատրաստ լիներ տարելից նշելու կամ հյուրեր ընդունելու: Բայց դեպքն առարկելի չէր, համաձայնեցի:
Մեր ունեցած մեքենան կիսաքանդ մի «Ռաֆ» էր: Դրանով էլ ճամփա ընկանք: Դրսում ձյունն անդադար տեղում էր: Սրահում սաստիկ ցուրտ էր: Ճանապարհի մի հատվածը, որ անցնում էր անմիջապես սահմանի երկայնքով, թշնամու նշանառության տակ էր, և այդպես՝ տագնապով, դողով, խոսքուզրույցով գնում էինք:
Տեղ հասանք, երբ արդեն մութ էր: Գյուղի փողոցներն ամայի էին: Խավարի մեջ ոչ մի շունչ չկար: Գնացինք դեպի ակումբի շենքը: Ներս մտանք, բացեցինք դահլիճի դուռն ու անշարժացանք շեմքին: Ամբողջ գյուղը՝ մեծից փոքր, այնտեղ էր: Լույսերը վառվում էին, անկյունում դրված վառարանն ուրախ ճարճատում էր, բեմին Սևակի հսկա դիմանկարն էր ու մինչև առաստաղ լցված սպասում կար: Պետրոսյանին տեսնելուն պես հավաքվածները ոտքի կանգնեցին, ծափերով ողջունեցին նրան և անմիջապես բեմ առաջնորդեցին:
Ու խոսեց Վարդգես Պետրոսյանը: Երբեք չեմ կարողանա գոնե մոտավոր վերարտադրել նրա արտասանած մտքերը: Բայց դա փայլուն խոսք էր, անկեղծ ու լուսավոր պոռթկում: Վերարկուով փաթաթված նրա փոքրիկ մարմինի մեջ թպրտում էր երկրի անհանգիստ ջիղը, ձայնի հնչերանգը պոետիկ մարտակոչ էր, շարժումների մեջ զորություն կա, որ պատրաստ էր տալ ընկճվածներին, բայց և գիտակցումը կար, որ ուժը միայն բառերի մեջ լինել չի կարող…
Խոսում էր նա, իսկ մենք բոլորս մի հրաշալի խաբկանքի մեջ էինք հայտնվել: Չկար ոչ պատերազմ, ոչ ձմեռ, ոչ տագնապ, ոչ հուսալքություն: Կար մի փոքրիկ, վառարանի պես շիկացած աշխարհ՝ լի բանաստեղծությամբ, հույզերի գերագույն թռիչքներով, մեծ արվեստի առաջ խոնարհումով, և այդ աշխարհն անհնար էր նվաճել:
Այդպես էլ նա մնաց իմ հիշողության մեջ:

Հովիկ Չարխչյան

?????????????????????????????????????????????????????????

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

15 Մրտ

Մարդու և աստղի քիմիական բաղադրությունը, գիտությունն է հաստատում, նույնն է: Երկու պարկ աստղանյութից տեսականորեն կարելի է, ուրեմն, մարդ ստանալ:
Չհավատանք, թե դա հնարավոր է իրականում և կասկածենք, մանավանդ, թե մեզ` հայերիս դեպքում, բնությանն իբր դա հաջողվել է, թե մեզնից ամեն մեկը պարզապես աստղ է ծնվել:0

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

14 Ապր

Այսօր, այո, մենք ավելին պիտի անենք: Դա պիտի լինի դժվարին, ցավատանջ գոտեմարտ, բայց մեկ է, հաղթելու ենք, ուրիշ ելք չկա:

Մեր պատմության ու բախտի համար երևի արդեն ճակատագրական է դառնում «վերածնունդ» ֆենոմենը: Մենք կարծես թե չենք կարող պարզապես ծնվել, ինչպես ուրիշները: Պիտի վերածնվենք: Մենք կարծես չենք կարող պարզապես կառուցել, ինչպես ուրիշները: Պիտի վերակառուցենք: Չենք կարող պարզապես ապրել, պիտի վերապրենք:

Պիտի վերականգնենք, վերաիմաստավորվենք, վերամիավորվենք…

Բացի ամեն ինչից, նաև նրա համար պիտի ապրենք, որովհետև… որովհետև ուրիշ ելք չկա:kyuPCtfnanQ1

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԿՏԱԿԸ

17 Սպտ

Komitas Pantheon in Yerevan, William Saroyan's tomb«23 հոկտեմբերի 1981 թ. Ֆրեզնո

Պարոնյաք,

Ես՝ «Վիլյամ Սարոյան հիմնարկության», ինչպես նաև Վիլյամ Սարոյանի (որն, ինչպես հայտնի է, մահացել է 1981 թ. մայիսի 18-ին) կալվածքի փաստաբան եմ:

Սարոյանն իր կտակի մեջ նշել է, որ եթե հնարավոր է, ըստ կամոք «Վիլյամ Սարոյան հիմնարկության» խնամակալների, իր աճյունի կեսը (1/2-ը) փոխադրվի Հայաստանում որևէ հարմար տեղ: Մենք այդ խնդիրը քննարկեցինք Հայաստանի գրողների միության նախագահ պրն. Վարդգես Պետրոսյանի հետ 1981-ի հուլիսի 26-ին, երբ նա գտնվում էր Ֆրեզնոյում՝ ներկա լինելու Վիլյամ Սարոյանի հիշատակին նվիրված արարողությանը: Այդ ժամանակ 2 խնամակալների՝ իմ և պրն Պետրոսյանի միջև կայացավ ընդհանուր համաձայնություն այն մասին (սա ենթակա էր մյուս խնամակալների համաձայնությանը), որ Սարոյանի աճյունի 1/2-ը փոխադրվի Երևան` Հայաստան, հանուն իր պատվի հատուկ հիշողության:

1981-ի հուլիսի 26-ին պրն Պետրոսյանի հետ ունեցած հանդիպումից հետո «Վիլյամ Սարոյան հիմնարկության» մյուս խնամակալները (որոնք ներկա չէին պրն Պետրոսյանի հետ հանդիպմանը) նույնպես որոշեցին, որ պրն Սարոյանի աճյունի 1/2-ը փոխադրվի Երևան: Այս լրացուցիչ համաձայնության հետ միասին «Վիլյամ Սարոյան հիմնարկության» բոլոր խնամակալների կողմից միաձայն որոշում ընդունվեց, որ Սարոյանի աճյունի 1/2-ը փոխադրվի Երևան` որպես մշտական հանգչելու վայր:

Այդ որոշման օրինակը ներփակ ուղարկվում է Ձեզ՝ ի գիտություն: Պրն Պետրոսյանին արդեն 1 օրինակ տրվել է այս որոշումից: Ներկայումս «Վիլյամ Սարոյան հիմնարկության» փափագն է ի կատար ածել

որոշումը և որքան հնարավոր է շուտ կազմակերպել աճյունի փոխադրման հետ կապված հարցերը: Մեր կարծիքով այս գործընթացը պիտի բաղկացած լինի 2 իրադարձությունից. առաջինը պետք է լինի աճյունի փոխադրումը, երկրորդը՝ դրա տեղադրումը Երևանի պանթեոնում՝ այն վայրում, ուր ներկայումս քանդակվում է հուշարձանը և ուր այն պետք է կանգնեցվի: Աճյունը պետք է ամփոփվի փոխադրումից 1 տարվա մեջ ընկած ժամանակաշրջանում: Հանուն մեր երկկողմանի պարտականությունների իրագործման՝ առանց ավելորդ ձգձգումների պետք է գնահատենք Ձեր շտապ պատասխանը հետևյալ խնդրանքներին և հարցումներին.

Առաջին՝ արագացվի և դյուրացվի Սարոյանի աճյունը Երևան փոխադրող «Վիլյամ Սարոյան հիմնարկության» պատվիրակության ճամփորդությունը, ինչպես նաև արագացվի աճյունի փոխադրման հետ կապված մաքսատնային թույլտվության ձեռքբերումը: «Վիլյամ Սարոյան հիմնարկության» խնամակալները կցանկանային Ձեր կոմիտեից հրավեր ստանալ՝ հասցեագրված «Վիլյամ Սարոյան հիմնարկության» խնամակալներին, որի մեջ ասվեր, որ պատվիրակություն է հրավիրվում «Վիլյամ Սարոյան հիմնարկությունից»՝ իր հետ Երևան բերելու Սարոյանի աճյունը՝ այն մշտական տեղադրելու նպատակով՝ համաձայն «Վիլյամ Սարոյան հիմնարկության» խնամակալության վարչության 1981  թ. հուլիսի 31-ին կայացրած որոշման, որի պատճենը ներփակ ուղարկվում է այս նամակի հետ: Խնդրո առարկա հրավիրագիրը պետք է ուղարկվի ներքոստորագրյալիս՝ վերոհիշյալ հասցեով:

Երկրորդ՝ կապված այս հրավիրագրի հետ, մեծապես գնահատելի պետք է լինի, եթե Դուք մեզ հայտնեք պատվիրակությանը մաս կազմող անդամների ցանկալի թվի մասին, որը պետք է փոխադրի Սարոյանի աճյունը:

Երրորդ՝ գնահատելի կլիներ իմանալ, թե «Վիլյամ Սարոյան հիմնարկության» համար գոյություն ունի որևէ ֆոնդ՝ հոգալու պատվիրակության ճամփորդության հետ կապված ամբողջական կամ մասնակի ծախսերը: Այս կապակցությամբ Ձեզ պետք է հայտնի լինի, որ թեպետ ժամանակի ընթացքում «Վիլյամ Սարոյան հիմնարկությունը» պետք է սեփականատերը դառնա Սարոյանի ողջ գրական և այլ ունեցվածքի ու պետք է ստանա այդ ունեցվածքի եկամուտ-հասույթը, ներկայումս հիմնարկությունը ֆինանսական աղբյուրներ չունի՝ հոգալու պատվիրակության Երևան այցելության հետ կապված ծախսերը:

Չորրորդ՝ կուզենայինք խորհրդի կարգով իմանալ պատվիրակության Երևան այցելության մասնավոր թվականի մասին: Խնամակալների համար կարևոր է այս մասին իմանալ որքան հնարավոր է շուտ, որպեսզի պատվիրակության անդամները իրենց օրացուցային պլանները կազմեն ըստ այդմ:

Մենք պատրաստ ենք Սարոյանի աճյունը փոխադրել՝ համաձայն նրա սեփական ցանկությունների և անհամբեր սպասում ենք Ձեր հրավիրագրին և վերը առաջ քաշած հարցերի Ձեր պատասխաններին:

Հարգանոք՝ Ռոբերտ Մ. Դեմիր»:

 

 

 «9 դեկտեմբերի 1981 թ. Երևան

Հարգելի պարոն Դեմիր,

Ամենից առաջ կուզենայի Ձեզ տեղեկացնել, որ մեր մեծ հայրենակիցը՝ Վիլյամ Սարոյանը, արժանացավ ՀԽՍՀ Գերագույն սովետի մրցանակին՝ խաղաղության և մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդման օգտին կատարած ակտիվ գործունեության համար: Այդ բարձր մրցանակի շնորհումը գոհունակությամբ ընդունվեց մեզանում՝ իբրև մեծ գրողի, հայրենասերի և խաղաղության նվիրյալի կյանքի և վաստակի արժանի գնահատանք: Վստահ ենք, որ սփյուռքահայության զանգվածները նույնպիսի զգացումով կընկալեն մրցանակի շնորհումը:

Ի պատասխան հոկտեմբերի 23-ի Ձեր նամակի (որ մենք ստացանք նոյեմբերի սկզբներին)` հայտնում ենք, որ Հայաստանի գրողների միությունը ուրախությամբ ի գիտություն է ընդունում Սարոյան ֆոնդի վերջնական որոշումը՝ մեծ գրողի աճյունի մի մասը (համաձայն կտակի) Մայր հայրենիք՝ Սովետական Հայաստան փոխադրելու մասին:

Ինչպես ես Ձեզ արդեն տեղեկացրել էի, Վ. Սարոյանի աճյունը հողին կհանձնենք Երևանում՝ Կոմիտասի պանթեոնում, որտեղ թաղված են մեր մշակույթի մեծերը: Մենք նպատակահարմար ենք համարում, որ աճյունի փոխադրությունն իրականացվի 1982 թ. գարնանը, ավելի ճշգրիտ՝ 1982 թ. մայիսի երկրորդ կեսին, որը զուգադիպում է գրողի մահվան առաջին տարելիցին:

Նպատակահարմար կլինի, որ Սարոյանի ֆոնդի ներկայացուցչի հետ աճյունն ուղեկցեն ամերիկյան մեկ և ամերիկահայ մեկ գրող, այսպիսով՝ երեք մարդ Սովետական Հայաստանում պատվիրակությունը կլինի Հայաստանի գրողների միության և Սփյուռքի կոմիտեի հյուրը, ուր անհրաժեշտության դեպքում

մենք միջոցներ կորոնենք նաև ճանապարհածախսը (առնվազն՝ մի մասը) վճարելու համար:

Գրողի մահարձանի հետ կապված հարցերը մենք կլուծենք իր ժամանակին, ինչպես վայել է մեծ գրողի և քաղաքացու անվանն ու հիշատակին:

Վերջում կուզենայի, որ Դուք իմ բարեկամական ողջույնները հաղորդեիք պարոն Պեաերսին և պարոն Սեդրակյանին, որոնց հետ ունեցած մեր հանդիպումը Ֆրեզնոյում ես հիշում եմ սիրով:

Թեպետ մենք բավական ժամանակ ունենք, բայց կուզենայինք Ձեզանից շուտափույթ պատասխան ստանալ՝ հարցերը վերջնականապես ճշգրտելու համար:

 

Հարգանքով՝ Հայաստանի գրողների միության վարչության նախագահ Վարդգես Պետրոսյան»:

 

Ծանոթագրություն.- Սարոյանի աճյունը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորվել է 1982 թ. հունիսի 1-ին: Կալիֆոռնիայից Սարոյանի աճյունը տեղափոխող պատվիրակությունը գլխավորել է «Վիլյամ Սարոյան հիմնարկության» փաստաբան Ռ. Դեմիրը: Պատվիրակության կազմում են եղել Ալան Ե. Ջանդյանը, Տիգրան Գույումճյանը, Օշին Քեշիշյանը:503049282_fef17372f2

%d bloggers like this: