Tag Archives: Վարդան Մամիկոնյան

ԵՂԻՇԵ

21 Հկտ

ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ԶՈՐՔԻՆ

Շատ պատերազմներ եմ մղել ես, և դուք էլ` ինձ հետ. տեղ կար, որ քաջաբար հաղթեցինք թշնամիներին, տեղ էլ կար, որ նրանք հաղթեցին մեզ, բայց ավելի շատն այն է, որ հաղթող ենք դուրս եկել, ոչ թե հաղթված: Բայց այդ բոլորը մարմնավոր պարծանք էր, որովհետև անցավոր թագավորի հրամանով էինք մարտնչում: Ով փախչում էր՝ վատ անուն էր երևում աշխարհում և նրանից անողորմ մահ էր ստանում, իսկ ով քաջությամբ առաջ էր ընկնում, քաջ անուն էր ժառանգում և մեծամեծ պարգևներ էր ստանում անցավոր ու մահկանացու թագավորից: Եվ մեզնից ամեն մեկս էլ ահավասիկ շատ վերքեր ու սպիներ ունենք մեր մարմինների վրա, և ուրիշ շատ քաջություններ էլ են եղել, որոնց համար էլ մեծամեծ պարգևներ են ստացվել: Անարգ ու անօգուտ եմ համարում այդ քաջությունները և ոչինչ բաներ` այդ բազմաթիվ արարքները, որովհետև բոլորն էլ ոչնչանալու են:
… Արդ աղաչում եմ ձեզ, ով իմ քաջ նիզակակիրներ, մանավանդ, որ ձեզանից շատերը քաջությամբ ինձնից ավելի լավն եք և հայրենական գահի պատվով` ավելի բարձր, բայց երբ ձեր հոժար կամքով ինձ կարգեցիք ձեր առաջնորդ և զորագլուխ, թող իմ խոսքերը ախորժալուր ու բարձրալի թվան մեծերիդ ու փոքրերիդ ականջներին: Չընկրկեք ու չվախենաք հեթանոսների բազմությունից և ոչ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ թիկունքներս դարձնենք, որպիսի եթե Տերը հաղթություն մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը, որպիսի բարձրանա ճշմարտության կողմը, իսկ եթե հասել է ժամանակը` մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության և քաջության մեջ վախկոտություն չխառնենք:
… Իսկ արդ երկու և երեք կռիվների մեջ Ինքը` Տերը, մեծ զորությամբ օգնեց մեզ, այնպես որ քաջության անուն ժառանգեցինք և արքունի զորքը չարաչար ջարդեցինք, մոգերին էլ անողորմ կերպով կոտորեցինք և կռապաշտության պղծությունը մի քանի տեղերից սրբեցինք, թագավորի անօրեն հրամանը ջնջեցինք-ոչնչացրինք, ծովի խռովությունը իջեցրինք, լեռնցած ալիքները դաշտացան, բարձրադեզ փրփուրն սպառվեց, գազանացած զայրույթը դադարեց: Նա, ով ամպերի վրայից էր որոտում, ընկճված իր սովորական բնույթից էլ ցած իջավ` մեզ հետ խոսելով: Նա, ով խոսքով ու հրամանով էր ուզում կատարել իր չարությունը սուրբ եկեղեցու վերաբերմամբ, այժմ աղեղով ու նիզակով ու սրով է կռվում: Նա, ով կարծում էր, թե մենք քրիստոնեությունն իբրև զգեստ ունենք հագած, այժմ չի կարողանում մեզ փոխել, ինչպես մարմնի գույնը չի կարելի փոխել, գուցե այլևս չկարողանա էլ մինչև վերջ: Եվ մենք էլ թեպետ մարմնով Երկրի վրա ենք, բայց հավատով երկնքում ենք հաստատված, որտեղ ոչ ոք չի կարող հասնել Քրիստոսի անձեռագործ շինվածքին:
… Հաստատ մնացեք մեր անդրդվելի զորագլխի վրա, որ երբեք չի մոռանա ձեր քաջությունները: Ով քաջեր, մեզ համար մեծ շնորհ է այս, որ Աստված կատարեց մեր բնության միջոցով, որի մեջ և մեծապես երևում է Աստծո զորությունը:
Եվ ահա եկել հասել է ժամանակը, որ ամեն մի կեղծ կոչված բան հեռացնենք մեզանից: Այն ժամանակ իբրև մի վշտալից սգավոր, հոգով ու մարմնով տրտմած էինք, այսօր երկուսով էլ զվարթացած ու զգաստացած, առհասարակ խելամիտ ենք դարձել, որովհետև բարերար Տիրոջն էլ տեսնում ենք մեզ հետ իբրև առաջնորդ: Մեր Զորավարը մարդ չէ, այլ բոլոր մարտիրոսների Զորագլուխը:

«Վարդանի և հայոց պատերազմի մասին»

ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԵՂԵԼ

11 Մյս

ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հայ ժողովրդի կյանքում սպարապետ Վարդան Մամիկոնյանը (388/91-451) բախտորոշ դեր է խաղացել: Նրա լուսավոր կերպարն ավելի քան մեկուկես հազարամյակ ուղեկցել է աշխարհասփյուռ հայորդիներին: Սակայն այսօր երևի շատերը չգիտեն , թե ինչպես է ստեղծվել մեր ազգային մեծ հերոսի առավել տարածված ու հայտնի դիմապատկերը: Այդ նկարի ստեղծման հակիրճ պատմությունն իր ժամանակին տվել է նշանավոր մանկավարժ, գրական- թատերական գործիչ Սեդրակ Մանդինյանը (1844-1915), որի «Վարդան Զորավարի պատկերը» վերտառությամբ հոդվածը, ցավոք, շուտով մոռացության է մատնվել:
Ս. Մանդինյանն իր հոդվածում նշում է, որ «գրչագիրներում Վարդանի պատկերը քիչ է պատահում, այնտեղ նա նկատվում է միշտ չալմայով, սոսկական ոչ զինվորական հագուստով, չոքած կամ ծալպատիկ նստած, կարծես թե որպես աղոթյալ-աղոթող: Իհարկե, ձեռագիր մատյաններում եղած մանրանկարների հիման վրա անիմաստ էր նշված տեսքով նկարել մեծ զորավարին:
Հաշվի առնելով այս ամենը` ազգային-պահպանողական անվանի գործիչ Կարապետ Եզյանը (1835, Մոսկվա-1905, Պետերբուրգ), որը չափազանց հայրենասեր անձնավորություն էր, 1850-ականների վերջերին Մոսկվա ժամանած մի ֆրանսիացի նկարչի ծանոթացնում է Վարդան Մամիկոնյանի գործունեության և 451 թ. մայիսի 26-ին տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտի մանրամասների հետ և խնդրում նրան` ստեղծել սպարապետի իդեալական դիմանկարը: Մեզ չհաջողվեց պարզել ֆրանսիացի նկարչի ինքնությունը, այդ մասին լռում է նաև Ս. Մանդինյանը: Մի բան, սակայն, ակնհայտ է, որ նկարիչը Կ. Եզյանին խոստացել է ստեղծել սպարապետի պատկերը, և շատ շուտով կատարել իր խոստումը: Նա վերոհիշյալ զրույցից հետո սկսում է ուսումնասիրել հայկական դիմագծերը և այդ նպատակով վերցնում է Նիկողայոս Ալադադյանի և Պետերբուրգի համալսարանի ուսանող, հետագայում` հասարակական գործիչ , թվաբանության ուսուցիչ և «Հյուսիսափայլ» ամսագրի աշխատակից Մարտիրոս Սիմոնյանի (1838-1883) լուսանկարները: Ի դեպ, վերջինիս մասին Կ. Թ.-ն «Հովիտ» հանդեսում գրել է. «Չնայելով իր ուսուցչական ծանր ու սրտամաշ պարապմունքներին` Մարտիրոս Սիմոնյանցը ազատ ժամերին պարապել է և գրականությամբ. նա դեռ ուսանող ժամանակ թարգմանեց աշխարհաբար քաղցրախոս Եղիշեի գրվածքը. այսուհետ նրա աշխատասիրությանն են պատկանում թվաբանության ձեռնարկը և դասագրքերը, որոնց այնքան մեծ կարիք էր զգացվում այն ժամանակ մեր ուսումնարաններում»:
Այսպիսով, Մ. Սիմոնյանի և Ն. Ալադադյանի լուսանկարները հիմք ընդունելով` ֆրանսիացի նկարիչը ստեղծում է Վարդան զորավարի պատկերը` «մի զինվոր հռովմեական տարազով, որպես իդեալական Վարդան, որ ձեռքին ունի ոչ թե մերկացրած սուր, այլ պատյանով մի դաշույն, որպես մի խորհրդանշան հավատով զինվորության»: Նկարիչն այս դիմանկարը հանձնում է Կ. Եզյանին, որը նորաստեղծ պատկերը փութով բազմացնում և ուղարկում է թեմակալ առաջնորդներին, որպեսզի նրանք տարածեն ժողովրդի մեջ:
Դրանից ավելի քան մեկ դար հետո, 1983-ին, Հայաստանի ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանը ստեղծել է «Վարդանանք» հանրահայտ և եզակի պատկերագորգը (գոբելեն): Սպարապետ Վարդան Մամիկոնյանի ցարդ ստեղծված լավագույն նկարների շարքը պիտի դասել նաև Մատենադարանի շենքի սրահի «Ավարայրի ճակատամարտը» (հեղինակ` Հովհ. Խաչատրյան) խճապատկեր որմնանկարը, որը նույնպես հոգեբանական խոր ընդհանրացումներով բացահայտում է մեր ազգային մեծ նահատակի հերոսական կերպարը:
Վարդան Մամիկոնյանի հերոսական կերպարն է հավերժացնում նաև Երվանդ Քոչարի (1899-1979) կերտած վեհաշուք արձանը` կանգնեցված Երևանի Օղակաձև զբոսայգում: Նրա կերպարին անդրադարձել են նաև շատ այլ գեղանկարիչներ ու քանդակագործներ, սակայն պետք է նկատել, որ այդ բոլոր ստեղծագործությունները իրենց վրա ինչ-որ չափով կրում են օտարազգի անհայտ գեղանկարչի ձեռքով ստեղծված կտավի ազդեցությունը:

Արտակ ՄԱՂԱԼՅԱՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՇԻՐԱԶԸ ԳՅՈՒՂ ԱՆՎԱՆԱՓՈԽԵՑ

29 Հնվ

Հովհաննես Շիրազի գրչին պատկանող յուրաքանչյուր վավերագիր ամբողջացնում է բանաստեղծի ու հայրենասերի կերպարը, և դրանց շարքում իր ուրույն տեղը կարող է ունենա նաև այս անտիպ նամակը, որի մասին էլ ուզում ենք պատմել ընթերցողին:
70-ականների կեսերին Արարատի շրջանի Թայթան (այժմ` Վանաշեն) գյուղում, որտեղ գերազանցապես վանեցիներ են ապրում, նախատեսված էր հիմնել Ավարայրի հերոսամարտին նվիրված հսկա մի հուշահամալիր: Եվ ահա այդ օրերին գյուղ է այցելում Հովհաննես Շիրազը, հանդիպում իր երկրպագուներին, ծանոթանում գյուղի կոլտնտեսության նախագահ Հարություն Խաչատրյանի հետ, որն էլ բանաստեղծին ներկայացնում է կառույցի մտահղացումը: Հրապուրված այդ գաղափարով, վերադառնալուց օրեր անց Շիրազը Հ. Խաչատրյանին է հասցեագրում հետևյալ նամակը: Աշակերտական տետրի էջին կարմիր թանաքով արված գրությունը տարեթիվ չունի, սակայն բովանդակությունից ելնելով` դժվար չէ կռահել, որ այն գրված պետք է լինի 1978 թ. նախօրեին, քանի որ այս թվին Թայթանը վերանվանվեց Վանաշեն:
«Սիրելի իմ նորածանոթ Հարություն: Ուրախ եմ, որ այժմ գիտեմ քեզ, ձեռնարկածդ գործը վկայողն է հոգուդ հայեցի ազնվության… Եվ հուսով եմ, որ անշտապ կերպով գլուխ կբերեք մեծ ու քաջն Վարդանին, սուրբ Ավարայրին նվիրված (քո գլխավորած գյուղի մոտերքում) արդեն հիմնվող հուշարձանը, բայց կրկին ահա խնդրում եմ, որ անպայման, նորից անպայման քանդակել տաս անմահ Վարդան Մամիկոնյան սպարապետի գլոիխը պարսպին կամ կամարագլխին… անպայման:
…Առանց դրան ուխտատեղի չի դառնա այդ Կառույցը: Այսպես եմ գրում, վասնզի ճարտարապետը մեծ սրտով չընդունեց առաջարկությունս: Կգամ, հենց որ խնդրածս վարդանակերտվի պատին- ճակատին մեծ ու հայափրկիչ ճակատամարտի ոսկեհուշով… Իսկ գյուղի հին ու եղկելի օտարածին անունը փոխել տուր ու դիր, ասենք, Վանատուն կամ Վանանուշ, կամ Վանակերտ, կամ Վանավարդ, կամ Վանահուշ, կամ Վանաբերդ, կամ Վանահույս, քանի որ բնակիչները Վանից են գաղթել: Այսպես, ուրեմն, ողջույն ողջ հայությանը…
Հ.Շիրազ »:
Ճիշտ է, գյուղը վերանվանելիս, չգիտես ինչու, բանաստեղծի հիշատակած յոթ անուններից միայն առաջին արմատը հիշեցին, բայց եղածը եղած է: Իսկ ահա Ավարայրի ճակատամարտին նվիրված հուշարձանը դեռ մնում է որպես Շիրազի չիրականացած իղձ ու ցանկություն:

Հ. ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: